HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզի Աղավնատուն և այլ համայնքներում կարկուտի վնասները հաշվում են միլիոններով

Այսօր՝ վաղ առավոտից ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ շրջում էին Արմավիրի մարզի կարկտահարված համայնքներում: Երեկ երեկոյան և այսօր առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում: Ամբողջությամբ վնասվել են ցանքատարածությունները, լուրջ վնասներ են կրել ջերմոցային տնտեսությունները, խաղողի այգիները: Կարկուտը կոտրել է ջերմոցների ապակիները: 12 ժամից ավելի հոսանքազրկված էր նաև համայնքների մեծ մասը:

Երեկ բնական աղետից տուժած Արմավիրի համայնքներ է այցելել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մարզի Աղավնատուն գյուղի տարածքում Աշոտ Ղահրամանյանը, պատասխանելով «Հետքի» հարցերին, նշեց, որ կարկտահարությունից լուրջ վնասվել է 22 համայնք՝ հիմնականում Արմավիրի և Էջմիածնի տարածքում:

«Կարկտահարությունից ցանքատարածությունները վնասվել են 50-100 տոկոսով: Նույնիսկ 100 տոկոսից ավելին, ինչ առումով, որ խաղողի այգիները եկող տարի էլ բերք չեն տա: Եթե բախտներս բերի, շիվը հասունանա ու եկող տարի բերք տա, վնասները մի քիչ կմեղմվեն»,-ասում է Աշոտ Ղահրամանյանը: Մարզպետը նշում է, որ առաջիկա օրերին խորհրդատուները կաշխատեն գյուղացիների հետ, որպեսզի հետագա աշխատանքները ճիշտ կազմակերպվեն:

Պաշտոնյաները գյուղացիներին և համայնքապետերին հորդորում էին լուսանկարներով արձանագրել կարկուտի ու քամու վնասները, համայնքապետարաններում գույքագրել վնասի չափը, յուրաքանչյուր տնտեսության ունեցած վարկերի չափը, ցանքատարածությունները և այլն, որպեսզի կառավարության աջակցությամբ կարողանան հասցեական օգնություն ցուցաբերել:

Գյուղացիներին հիմնականում մտահոգում էր վարկերի մարման գործընթացը: Գյուղնախարարին և մարզպետին խնդրում էին սառեցնել վարկերը, քանի որ իրենց միակ եկամուտի աղբյուրը բնական աղետի պատճառով ոչնչացել է, իրենք նպաստով ու թոշակով չեն կարող ապրել և վարկ մարել:

«Արդեն ուշ է, հնարավոր չէ երկրորդ բերք ցանել և եկամուտ ստանալ: Գյուղացին այս տարի մնաց առանց եկամուտ և սոված»,-ասում է Աղավնատուն գյուղի բնակիչ Ռուբիկ Հովսեփյանը, ում թարխունի, ելակի, լոբու ցանքատարածություններն ու պտղատու այգիներն ամբողջությամբ ոչնչացրել է կարկուտը:

Կարկուտը վնասել է նաև Աղավնատուն համայնքի ջերմոցները: Կարկտի մեծությանն ու հարվածին չդիմանալով ապակիները կոտրվել և թափվել են ներս: Բնակիչներից Ռազմիկ Նահապետյանը դեռ չի հասցրել հաշվել ջերմոցին հասցված վնասի չափը, սակայն մտքում արդեն գիտի, որ թիվը «կլորիկ» է լինելու:

Նմանատիպ վնաս էլ կրել է Սարգիս Վահանյանի ջերմոցային տնտեսությունը: Նրանք միակը չեն, որ վնաս են կրել բնության «անակնկալից»:

Գյուղացիները չէին թաքցնում, որ կառավարությունից ակնկալիքներ չունեն: Նշում էին, որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ օգնությունը ձևական բնույթ է կրում: Օրինակ՝ զիջում են հողի 5-10 հազար դրամի հասնող հարկը, մինչդեռ իրենք այսօր հացի հարց պետք է լուծեն:

Աղավնատան համայնքապետ Գնել Մաթևոսյանի որոշմամբ ձևավորվել է մի քանի հանձնաժողով: Հանձնաժողովի անդամները տնետուն ընկած ստուգում և հաշվում են կարկտի և քամու պատճառած վնասները:

Մարզի Ակնալիճ համայնքը ևս լուրջ վնասներ է կրել:  Տեղատարափ անձրևի ու կարկտի հետևանքով Մեծամորի սելավատարի պաշտպանիչ պատնեշի 50 մետրի հասնող հատվածը, չդիմանալով ջրի ուժեղ հոսքին, փլուզվել է: Ջուրը լցվել է համայնքի մշակովի հողատարածքները` կրկնապատկելով կարկտից ու անձրևից կրած վնասները:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը տեղեկացրեց, որ մարզում առկա է 178 հակակարկտային կայան: Նրա խոսքերով՝ հակակարկտային կայանները երեկ գործել են ողջ ուժգնությամբ, սակայն աղետալի ամպերով պայմանավորված` դրանց արդյունավետությունը եղել է 0%:

Ուժեղ քամին ու կարկուտը կոտրել են տների ապակիներն ու տանիքները՝ զգալի վնաս պատճառելով գյուղացիներին: Օրինակ՝ Աղավնատուն գյուղում ընտանիքների մի մասը երեկ գիշերել է հարևանների, ազգականների տներում, քանի որ տանիքի վնասման պատճառով անձրևաջրերը ամբողջությամբ լցվել են ներս:

Մեկնաբանություններ (1)

Անահիտ Շիրինյան
Ահա ինչպես պաշտպանվել կարկուտից: Իսկ անձրևից պետք է պաշտպանվել անձրևաջուրը պահեստավորելով՝ փոքր ջրամբարներում կամ պահեստի այլ միջոցներով: https://www.google.com/search?q=anti+hail+netting&biw=1366&bih=663&tbm=isch&tbo=u&source=univ&sa=X&ved=0ahUKEwjLqqrjk-zNAhUDdT4KHVVwCEAQsAQILQ#imgrc=_ Հաջողություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter