HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ի՞նչ է թաքնված ՀՀ ԿԲ-ի թվերի հետեւում

ՀՀ կենտրոնական բանկի եկամուտների եւ ծախսերի 2001թ հաշվետվությունում Կենտրոնական բանկի շահույթը կազմել է 8 մլրդ 125 մլն 717 հազ. դրամ: Ստացված շահույթից պետբյուջե է փոխանցվել 4 մլրդ 786 մլն 234 հազ. դրամ (2000թ. 7.266.372 հազ դրամ):

Առաջին հայացքից թվում է` որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: ԿԲ-ն շահույթ հետապնդող կազմակերպություն չէ եւ պետբյուջե է փոխանցում շահույթի ազատ մնացորդը:

ԿԲ-ի տարեկան հաշվետվության ֆինանսական հաշվետվությունների` «Վարկերի արժեզրկում» վերնագրված թիվ 14 ծանոթագրությամբ (էջ 93) 2001թ-ի սկզբին արժեզրկված վարկերի գծով պահուստաֆոնդի մնացորդը եղել է 115 մլն 739 հազ. դրամ: Տարվա ընթացքում այդ ֆոնդը համալրվել է 984 մլն 414 հազ. դրամով: Նույն տարվա ընթացքում օգտագործվել է 844 մլն 996 հազ. դրամ: Ի՞նչ է թաքնված այս թվերի տակ:

«Վարկերի արժեզրկում» վերնագրից հստակ է, որ ԿԲ-ն վարկեր է տրամադրել: Ինչպիսի՞ վարկեր եւ ու՞մ է ԿԲ-ն տրամադրել դրանք, որոնց դիմաց կատարվել է մոտ 845 մլն դրամի(1,5 մլն դոլար) դուրս գրում կամ ծախս:

Մենք կարողացել ենք պարզել, որ այդ կազմակերպություններից մեկը «Հայկապբանկն» է: ԿԲ-ն 1 մլն դոլար վարկ է հատկացրել արդեն սնանկության վարույթում գտնվող «Հայկապբանկին»: Իսկ վերջինս այդ փողը տվել է «Կոնվերս»բանկին:

Միանշանակ է, որ ԿԲ-ի վարկը նախատեսված էր «Կոնվերս» բանկի համար: Հիշեցնենք, որ 2000թ. «Նաիրիտը» ամբողջովին անցավ «Հայկապբանկին»: Վերջինս իր ամբողջ միջոցները ներդրել էր «Նաիրիտում», սկսվել էր կաուչուկի արտադրությունը: «Հայկապբանկի» ակտիվներն աճել էին 2,5 անգամ:

Եւ շատ կազմակերպություններ շտապեցին իրենց մասնաբաժինն ունենալ այնտեղ եւ ներդրումներ անել: ՙԿոնվերս՚ բանկը 1 մլն դոլար ներդրեց: Սակայն «Հայկապբանկի» գործերը շուտով վատացան եւ բանկը սնանկ ճանաչվեց:

Փաստորեն ԿԲ-ն «Կոնվերսին» հետ տվեց ահա այդ 1 մլն. դոլարը: Դրանով ԿԲ-ն այդքանով պակասեցրել է սեփական շահույթն ու պետբյուջե փոխանցվելիք գումարը: Դա պետության փողերն էին, որ պետք մտներ բյուջե ու դառնար ասենք թոշակ կամ բժիշկների, ուսուցիչների աշխատավարձ:

Ո՞ր օրենքով կամ կարգով է ԿԲ-ն վարկեր տրամադրել առեւտրային ինչ-որ կառույցի կամ բանկի: Ընդ որում, տրամադրվել է «չվերադարձվող» վարկ: Դրա ապացույցը հենց վերը նշված կորուստն է ու շահույթի նվազեցումը:

«ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը սահմանում է բացառիկ դեպքերում այդպիսի վարկերի տրամադրում: Միաժամանակ դրանք պետք է ունենան պատշաճ ապահովություն:

Վերջին տարիների պրակտիկան եւ ԿԲ-ի սահմանած կարգը, ինչքանով հայտնի է հանրությանը, նախատեսված է վարկեր տրամադրել միայն բանկերի միաձուլման դեպքում:

Վերոնշյալ հաշվետվության մեջ ընդգրկված ժամանակահատվածում (2001-2002թթ.) Հայաստանի բանկային համակարգում բանկերի միաձուլումներ չեն եղել: Մենք առայժմ չենք կարողանում պարզել, թե ԿԲ-ն ու՞մ է հատկացրել մնացած կես մլն դոլարը: Ով կամ ովքեր են եղել ԿԲ-ի ցուցակում հայտնված այդ երջանիկները: «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է տալիս ամեն ինչ գաղտնի պահել: Հենց այս օրենքը թույլ չի տալիս, որպեսզի պետությանը պատճառած վնասի համար պատասխանատվության ենթարկվեն գործարքի մեջ մտած պաշտոնյաները:

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter