HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եթովպիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրում Աբայ Թեշոմեն (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ս. Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր մասնագիտական գիտելիքներն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի և Եթովպիայի միջև կապերի խորացման ու ամրապնդման գործին:

Անդրադառնալով հայ և եթովպացի ժողովուրդների պատմական առնչություններին՝  Ս. Սարգսյանն ընդգծել է, որ դեռևս 7-րդ դարում կազմավորված Եթովպիայի հայ համայնքն իր նշանակալի ավանդն է ունեցել երկրի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում, և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմք է մեր օրերում միջպետական հարաբերությունները զարգացնելու համար:

Դեսպան Թեշոմեն նշել է, որ Եթովպիայում, իսկապես, շատ հպարտ են այն ներդրումով, որ դարեր շարունակ հայերն ունեցել են երկրում: Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններ զարգացնելուց բացի, երկու երկրները հաջողությամբ համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում:

Եթովպիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել  Ս. Սարգսյանին՝ Աֆրիկյան տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և համագործակցության զարգացման հարցերում իր երկրի ներդրումը բարձր գնահատելու համար և գոհունակությամբ նշել, որ Եթովպիան ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և միջազգային այլ խաղաղապահ առաքելություններում:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանի և Եթովպիայի միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման, արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացման մեխանիզմի ներդրման հարցերը: Ս. Սարգսյանը հաջողություններ է մաղթել դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter