Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Դսեղի համայնքապետարանը մերժել է բազմազավակ միայնակ մոր դիմումը



Դսեղի ավագանին և գյուղապետը պարբերաբար օգնություն են տալիս որոշ մարդկանց, սակայն մերժում են բազմազավակ միայնակ մոր դիմումը

Դսեղ համայնքի 58 մլն. դրամ բյուջեից որպես սոցալական օգնություն համայնքապետ Նորիկ Քոչարյանը 2015թ.-ին նախատեսել է 3 մլն., 2016 թվականին՝ 1,5 մլն. դրամ:

Հատկացված գումարը մեծ չէ, սակայն գյուղապետի և Դսեղի ավագանու որդեգրած ծախսային մոտեցումները լուրջ սպառնալիքներ են ներկայացնում համայնքի բյուջեի արդյունավետ ծախսերի համար: Նորիկ Քոչարյանի ասելով՝ դեռ 2015թ.-ից համայնքի բյուջեից խնայողություններ է անում ԻՖԱԴ-ի ծրագրով Դսեղում կառուցվող խմելու ջրագծի ներդրումը վճարելու համար: Համայնքի ներդրումը կազմում է ջրագծի նախահաշվային արժեքի 10 տոկոսը՝ 45 մլն. դրամ, որից անցած տարի գյուղապետը բյուջեից վճարել է 29 մլն. դրամը, 2016թ.-ին վճարելու է 16 մլն. դրամ:

«Ես դրա համար բյուջեի ցանկացած ծախսերից, այդ թվում՝ նաև սոցիալական օգնության համար 2015թ.-ին նախատեսված 3 մլն. և 2016թ.-ին նախատեսված 1,5 մլն. դրամից կատարել եմ խնայողություններ»,-բացատրեց Ն.Քոչարյանը:

Վերջինս 2015թ.-ի բյուջեով նախատեսել էր նաև 5 մլն. դրամ ներկայացուցչական ծախսեր, որը Դսեղ համայնքի համար մեծ գումար է: Գյուղապետն ասաց, որ ներկայացուցչական ծախսերից խնայողություն կատարել է, սակայն չի կարող ճշգրիտ գումարն ասել:

Սոցիալական օգնության համար բյուջեից հատկացված 3 մլն. դրամից գյուղապետը 2015թ.-ին տնտեսել է 500 հազար դրամ: Այս տարվա բյուջեով հատկացված 1,5 մլն. դրամից դեռևս պարզ չէ տնտեսվածի չափը: «Ամեն մի օգնություն էլ ես դնում եմ քննարկման, եթե ավագանին որոշում է, որ պետք է ինչ-որ մի գումար տրվի օգնություն, ես կատարում եմ այդ որոշումը»,- ասաց Ն. Քոչարյանը:

Սոցիալական օգնության մասին Դսեղի բնակիչների դիմումների և ավագանու որոշումների մեր ուսումնասիրություններից, սակայն, պարզվեց, որ Նորիկ Քոչարյանը այնքան էլ անկեղծ չէր մեզ հետ: Պարզվեց՝ նրա կողմից բնակիչների ոչ բոլոր դիմումներն են մակագրվում գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Մարգարիտա Չատինյանին՝ ավագանու քննարկմանը ներկայացնելու համար:

Գրետա Վանյանը 2015թ.-ի հուլիսի 20-ի դիմումով Ն. Քոչարյանին հայտնել է, որ ունի 6 երեխա, որոնցից 4-ը անչափահաս են: Ամուսինը նոր է մահացել, երեխաները մնացել են միայն իր խնամքին. «Շուտով դասերը կսկսվեն և նրանց ծախսերը ավելի կշատանան»,- հայտնել է բազմազավակ մայրը և գյուղապետից խնդրել սոցիալական օգնություն: «Գյուղի ջրագծերի վերակառուցման նպատակով ժ/պ բոլոր ֆինանսական միջոցները տրամադրվում են այդ կարևոր հարցի լուծմանը: Ձեր հարցը կվերանայվի ջրագծերի ավարտից հետո»,- պատասխանել է Ն. Քոչարյանը:

Դիմումների ցանկում իր նախատեսած խնայողության համար Նորիկ Քոչարյանի կողմից սոցիալական օգնություն խնդրող բնակիչների այլ մերժված դիմումի չհանդիպեցի, սակայն ավագանու որոշումների մեջ նկատեցի, որ Դսեղում սոցիալական օգնություն են ստանում գրեթե նույն մարդիկ: Գագիկ Անտոնյանին ավագանու 2015թ.-ի փետրվարի 4-ի որոշմամբ հատկացվել է 50 հազար դրամ, օգոստոսի 25-ի որոշմամբ` 30 հազար դրամ, 2016թ.-ին հունվարի 18-ի որոշմամբ՝ 90 հազար դրամ օգնություն:

Գագիկ Անտոնյանի որդուն՝ Արտուշ Անտոնյանին, ավագանու 2015թ.-ի մայիսի 26-ի որոշմամբ հատկացվել է 50 հազար դրամ, հոկտեմբերի 15-ի որոշումով՝ կրկին 50 հազար դրամ սոցիալական օգնություններ: Արտուշ Անտոնյանը ամուսնացած չէ, ապրում է հոր՝ Գագիկ Անտոնյանի հետ համատեղ:

«Ես՞: Չեմ հիշում: Չեմ հիշում, չէ: Ես տեղյակ չեմ: Չգիտեմ, իմը չգիտեմ, բայց հայրս իրենը վայթե ստացել է: Օգնություններին... ես չեմ խառնվում էտենց փողային հարցերում»,- բացատրեց Արտուշը: Գագիկ Անտոնյանն էլ մեզ հեռախոսով ասաց, որ 2015թ.-ին 300 հազար դրամ օգնություն է ստացել գյուղապետարանից: Իրականում Գագիկ Անտոնյանը 2015թ-ին և 2016 թ. փետրվարին ավագանու որոշումներով որդու՝ Արտուշի անունով հատկացված 100 հազար դրամի հետ ստացել է 270 հազար դրամ օգնություն:

Երվանդ Պատվականի Մուրադյանը ավագանու մարտի 31-ի որոշմամբ, որպես կարիքավոր բնակիչ, ֆինանսական օգնություն է ստացել 50 հազար դրամ, ավագանու նոյեմբերի 25-ի որոշմամբ ստացել է ևս 50 հազար դրամ օգնություն:

Դսեղում սոցիալական օգնության հարցում ռեկորդակիր է գյուղապետարանի մաքրուհի Արմիկի մայրը՝ Մարուս Առաքելյանը: Ավագանու 2015թ.-ի մարտի 31-ի որոշումով Մարուս Առաքելյանին հատկացվել է  50 հազար դրամ, օգոստոսի 15-ին՝ ևս 50 հազար դրամ, իսկ 2016թ.-ի ապրիլի 11-ին՝ 90 հազար դրամ սոցիալական օգնություններ:

«Մարուս Առաքելյանի ո՞ր արտոնության համար է հատկացվել 190 հազար դրամ օգնություն, իսկ, ասենք, Վարսիկ Գալուստի Խառատյանին՝ 30 հազար դրամ օգնություն: Ո՞վ է Մարուս Առաքելյանը»,- հարցրի համայնքապետին: «Դե, ուրեմն, Մարուս Առաքելյանը հիվանդ է եղել: Էսօրվա բժշկի մոտ գնալու համար դա ի՞նչ գումար է: Երբ մարդը ոտքի վրա չի կարողանում կանգնի, տեղից վեր է կենում, աթոռը քաշում ես նստացնում»,- պատճառաբանեց  գյուղապետը:

Նորիկ Քոչարյանի նկարագրականից հետո որոշեցի այցելել իմ պատկերացմամբ՝ անկողնային հիվանդ Մարուս Առաքելյանին: Վերջինիս տան դուռը փակ էր. «Վայ, վայ, վայ: Ոչ մի բուժման: Դե որ աղջիկը էնտեղ՝ գյուղապետարանում աշխատում ա, կարացել ա ստանալ: Մարուսը էսքան դռլիգը մենակ աղջկա հետ ա մշակել: Մարուսը տարիքով մեծ ա, բայց առողջ ա»,- ասաց Մարուսի հարևանուհին:

Ավագանու որոշումներով  2015թ.-ին կրկնակի օգնություններ են ստացել նաև դսեղցիներ Ալվարդ Գարասի Գրիգորյանը՝ 90 հազար դրամ, Սոխակ Սահակի Աղաբեկյանը՝ 90 հազար դրամ, Երվանդ Պատվականի Մուրադյանը՝ 100 հազար դրամ, և էլի ուրիշներ: «Ինչո՞ւ Ձեր  խնայողությունը, այնուամենայնիվ, կիրառել եք հենց բազմազավակ մայր Գրետա Վանյանի նկատմամբ»,- հարցրի գյուղապետին: «Էդ ո՞վ է, ես դրան չեմ ճանաչում, է»,- պատասխանեց Ն. Քոչարյանը:

Դիմումների գերակշիռ մասում դսեղցիները մեծ մասամբ դրամական օգնություն են խնդրել իրենց առողջական վիճակից ելնելով: Նրանց առողջական վիճակը հիմնավորելու համար դիմումին կից գյուղապետարանում բժշկական փաստաթուղթ չեն պահանջում: «Ի՞նչ է նշանակում, ես պետք է  ուղարկեմ՝ գնա բժշկակական փաստաթուղ բերի: Գյուղացին մեր աչքի առաջ, ոտքի վրա հազիվ կանգնում է: Ես ասեմ, դու թող գնա, չգիտեմ որտեղից թղթե՞ր բեր, ես նման բան ասել չեմ կարող»,-պատասխանեց գյուղապետը:

Իսկ երբ հարցրի, թե արդյոք Անտոնյան Գագիկը գյուղի միակ ծանր հիվանդն է, և ինչու մյուսներին էլ 270  հազար դրամ օգնություն չեն տվել, Նորիկ Քոչարյանը պատասխանեց՝ «Դե, հիմա տարիներով խնդրել է: Այցելեցինք Գագիկ Անտոնյանի տուն: Նա տանը չէր, որդին՝ Արտուշը, ասաց, որ հայրը գյուղում է, այդ պահին տանը չէ:

Գյուղապետին հարցրի նաև Ալվարդ Գարասի Գրիգորյանի հիվանդության մասին. նա 2015թ.-ին 2 անգամ օգնություն է ստացել՝ 50 հազար և 40 հազար դրամների: «Ես անկեղծ ասած չեմ հիշում: Բայց որ տրվել է, ուրեմն նշանակում է՝ հիվանդ է, կարիքավոր է, ավագանին որոշել է»,- այս անգամ էլ պատասխանեց Ն.Քոչարյանը:

Վերջինիս հարցրի նաև, թե ինչու բյուջեից բնակիչներին նաև 5 կամ 10 հազար դրամ օգնություններ չի տրամադրվում. «Հինգ հազարով օգնություն կլինի՞: Չեմ հասկանում՝ 5 հազարով օգնությո՞ւն է լինում:  300 հազարը դա շատ չի օգնության համար: Էսօրվա բուժման համար դա մեծ գումար չի: Ես ոչ թե շռայլել եմ, այլ ելել եմ մարդու անապահով վիճակից: Ես այդ ամենը կատարել եմ ավագանու որոշումով: Ես ո՞վ եմ դարձել, որ ավագանու որոշումը չկատարեմ, մեր սահմանադրական վերափոխման մեջ սպիտակի վրա սևով գրված է. «Համայնքի ղեկավարը պարտավոր է կատարել ավագանու որոշումները»: Գրված է, ես Ձեզ ցույց տվեցի»,- ասաց գյուղապետը:

Նորիկ Քոչարյանը 4 տարի Դսեղի համայնքապետ աշխատելուց հետո դեռ տեղյակ չէ, որ պարտավոր է տնօրինել համայնքի բյուջեի միջոցները և ապահովել դրանց նպատակային և արդյունավետ օգտագործումը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Սիրանուշ16:20 - 13 հուլիսի, 2016
Բազմազավակ մոր կարիքները պետք է պետությունը հոգա և խիստ հասցեական: Ամեն ինչը չի կարելի թողնել համայնքի վրա:Մյուս կողմից էլ մարդիկ այնքան աղքատ են, որ 1 մլն. դոլար էլ բաժանեն, միևնույն է աղքատից ավելի աղքատ, անճարից ավելի անճարն էլ է լինելու ու արդար չի բաժանվելու: Դրա համար են ասում՝ միջին խավը պիտի շատանա, փոքր բիզնեսը պիտի զարգանա, որ մեկը մյուսին ձեռք մեկնի ու պահի: Իսկ մեր երկրում համոզված եմ վարչապետից սկսած մինչև համայնքապետը չեն հասկանում և չեն էլ ուզում հասկանան այդ պարզ ճշմարտությունը: , լրիվ ուրագի քաղաքականություն….
2. Դսեղցի22:19 - 13 հուլիսի, 2016
Նորիկ պապիկը մոռացել է՝ ավագանին ամիսներով համայնքապետարան չի մտնում։ Թե մտնում էլ է, ապա՝ թղթերի տակ ստորագրելու միայն։ Սրտացավ պապիկ։ Նա մտածում է դսեղցիների՝ իր 2000-ից ավելի զավակների մասին։ Գյուղը քանդել թողել են, եթե ձայնդ զիլ չէ, փողոցդ քարոտ կմնա, հեղեղը դուռդ կլցվի։ Եթե խելոք ես, մարտ ամսվա հարկը տարին հինգ անգամ ես տալու։ Թե որ մարդ էլ գալիս է թանգարան, զուգարան չկա։ Խլել են։ Հա, ասացին՝ ուզում է գալիք ընտրություններին էլ համայնքապետի տեղակալ դառնալ։ Մի չորս տարով, շատ չէ։ Շուրջօրյա ջրամատակարարումն էլ երազանք մնաց, մեծ գյուղում մեկ-երկու փողոցային լույսն էլ։ Էլ ո՞րն ասեմ, էլ ո՜րը։ Գրո՜ղը տանի։ Մեծ Գրողի գյուղում ինչեր են լինում։
3. ՀԱՅ10:24 - 15 հուլիսի, 2016
Հարգելի Դսեղցիներ ինչպես տեսնում եք, սովետական միության մնացուկ, Դսեղի համայնքապետը ընտրվելուց հետո, որոշ մարդկանց հետ, որոնց լավ ենք ճանաչում ձեռնամուխ է եղել քանդելու մեծն Լոռեցու հայրենի գյուղը: Ժամանակն է ազատել գյուղը թափթփուկներից և համայնքապետին ցույց տալ իր իրական տեղը: Առողջ մարդիկ գումարներ են կորզում իսկ համայնքապետը տեղյակ չէ: Չէ որ համայնքի բյուջեն ինքը պիտի բախշի: Կամ ինչ է նշանակում գյուղում կարիքավոր բազմազավակ, առանց ընտանիքը կերակրողի մնացած կնոջը օգնություն են մերժում, առավել ևս համայնքապետը չի ճանաչում այդ կնոջը: Ուղղակի ամոթ է դա այն մեղմ բառն է որ կարող եմ ասել: Ժամանակն է ազատվել սովետի վերջին քայլող մնացորդից և իր շրջապատից դսեղցիները տանջվում են նրանց ձեռքում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ