Շաբաթ, 22 սեպտեմբերի

Կապանի խնամքի կենտրոնի երեխաները թիվը նվազել է. պատճառը գիշերակացն է



«Ես իրենց շատ լավ եմ հասկանում՝ երեխան ուզում է մնալ ծնողի մոտ, իրենց ցանկությունն է: Մեկ է՝ ես ինչ էլ անեմ, ինչքան էլ հոգատար լինեմ, երեխայի ամենավատ ծնողից էլ վատն եմ»,- ասում է Կապանի երեխաների խնամքի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարատ Վարդանյանը: Նա 1 տարուց քիչ ավելի է, ինչ նշանակվել է այդ պաշտոնում: Կենտրոնի ամբողջական անվանումը «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ է, սակայն տեղացիները կարճ ասում են խնամքի կենտրոն:

Նախկին տնօրեն Դավիթ Համբարձումյանի դեմ հարուցվել է քրեական գործ պաշտոնեական դիրքի չարաշահման հիմքով՝ 3 մլն 200 հազար դրամի հափշտակության առթիվ: Այս մասին ժամանակավոր պաշտոնակատարը նախընտրում է չխոսել, ասում է՝ դեռևս չի ավարտվել գործը: Մեկ տարի առաջ աղմկահարույց այդ դեպքը վնասել է նաև գիշերօթիկ հաստատության համբավը: Մ. Վարդանյանի կարծիքով՝ ինչքան արագ վատ համբավ ձեռք բերեց կենտրոնը, նույնքան արագ էլ ազատվեց այդ պիտակից:

2007-ին Կապանի թիվ 1 հատուկ դպրոցը վերակազմավորվել է Կապանի թիվ 1 կրթահամալիրի (այժմ՝ թիվ 5 հիմնական դպրոց) և «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի: Կենտրոնը գործում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո:

Մարատ Վարդանյանն ասում է՝ չնայած մարզում աղքատության թիվն աճում է, կենտրոն հաճախող երեխաների թիվը նվազում է: Այս ուսումնական տարվա ավարտին երեխաները եղել են 63-ը: Մինչդեռ, օրինակ, 2009-10 թթ. կենտրոն է հաճախել 114 երեխա: Սա պայմանավորված է գիշերակացի խնդրով:

Տնօրենի ժամանակակից պաշտոնակատարի խոսքով՝ նախկին տնօրեն Դ. Համբարձումյանը երեխաներին թույլատրել էր չգիշերել կենտրոնում, սակայն գիշերակացը կենտրոնում պարտադիր պայման է, և ինքն այդ հարցը խիստ է դրել, շեշտում է, որ բոլոր երեխաները  պետք է գիշերեն այստեղ: Այդ պայմանի պատճառով անցյալ տարվա սեպտեմբերին 12-13 երեխա հրաժարվեց հաճախել կենտրոն:

Հետո ավելացնում է, որ Երևանում խնամքի կենտրոններից մեկում փորձ է արվել՝ գիշերակացը հանվել է: Հիմա իրենք էլ սպասում են այդ փորձի արդյունքին:

Հաստատության երեխաների մեծ մասը սովորում է մոտակա թիվ 5 հիմնական դպրոցում: Երեխաները պետք է լինեն «Փարոսի» շահառուներ անապահով ընտանիքներից: Եթե նպաստառու ընտանիքում կան մի քանի դպրոցահասակ երեխաներ, բոլորն էլ հաճախում են կենտրոն:

Դպրոցի դասերից հետո երեխաները գնում են խնամքի կենտրոն, որտեղ ճաշում են, դասերը պատրաստում, ազատ ժամանցն անցկացնում: Մ. Վարդանյանի խոսքով՝ հաստատությունը տրամադրում է հագուստ, գրենական պիտույքներ: Ֆինանսավորվումը կատարվում է պետբյուջեից:

Կենտրոնի շենքը կառուցվել է 1962 թ-ին ու մինչ օրս չի հիմնանորոգվել: Տանիքն արդեն մաշվել է, ինչի հետևանքով անձրևաջրերը լցվում են ներս: Սա, ըստ Մ. Վարդանյանի, ամենահրատապ խնդիրն է, որ պիտի լուծվի:

Առաջիկայում լուծելու են լվացքատան տեղի խնդիրը: Հիմնադրման օրվանից կենտրոնի լվացքատունը գտնվում էր նախկին գիշերօթիկի, այսօր արդեն թիվ 5 հիմնական դպրոցի տնտեսական մասնաշենքում: Այն պատկանում է դպրոցին: Մ. Վարդանյանն ասում է՝ լվացքատունն իրենց շենքից հեռու է, բացի դրանից, դպրոցի գույք է հանդիսանում, հետևաբար, կենտրոնի շենքի առաջին հարկում տեղ են հատկացնելու լվացքատան համար: Լվացքի մեքենաներ ունեն, բայց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը խոստացել է նվիրել 15-կիլոգրամանոց լվացքի մեքենա:

Տեխնիկական խնդիրները  լուծելի են, կարևորը՝ երեխաներն իրենց լավ զգան կենտրոնում: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշում է, որ երեխաները պետք է զգան ծնողների հոգատարությունը: Ճիշտ է, նրանք շաբաթվա 5 օրերին մնում են կենտրոնում և միայն շաբաթ-կիրակի են գնում իրենց տուն, բայց այդ 5 օրերին էլ երեխաները, ըստ տնօրենի, պետք է զգան, որ ընտանիքն իրենցով հետաքրքրվում է: Ծնողներ կան, որ ընդհանրապես չեն այցելում երեխաներին, բայց կան նաև այնպիսիք, ովքեր ամեն օր նույն ժամին գնում են տեսակցելու երեխաներին: «Առարկայական խմբակներ ունենք, ձգտում ենք, որ պայմանները մոտեցնենք ընտանիքի պայմաններին, որ երեխան շատ չզգա տարբերությունն իր ընտանիքի և այստեղի միջև, բայց նորից եմ ասում՝ ինչքան էլ ուզենք, չենք հասցնի: Իրականությունն եմ ասում՝ երեխան դեպի ծնողն է ձգտում»,- ասում է Մարատ Վարդանյանը:

Գիշերակացը հանելու դեպքում նա վստահ է, որ կենտրոնում երեխաների թիվը կավելանա, սակայն ցանկանում է, որ մարդիկ այնքան լավ ապրեն, որ ստիպված չլինեն իրենց երեխաներին ուղարկել նման կենտրոններ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ