Շաբաթ, 22 սեպտեմբերի

Գառնիի ծննադատունը փակվել է, առողջության կենտրոնը վերածվել է ամբուլատորիայի



Գողթ գյուղից «Գառնիի առողջության կենտրոն» տեղափոխված միջին տարիքի տղամարդուն շտապօգնության մեքենայից չեն իջեցնում: Նա ծառից վայր ընկնելով՝ կոտրել էր ոտքը, իսկ այստեղ նրան չեն կարող դարմանել: Բժիշկը Երեւան տեղափոխելու համար պահանջված փաստաթուղթը մեկնում է բուժքրոջը: Առողջության կենտրոնի միակ շտապօգնության մեքենան հիվանդին մայրաքաղաք հասցնելու ու վերադառնալու համար առնվազն 1 ժամ 15 րոպե կծախսի:

«Այդ ընթացքում, եթե կանչեր լինեն, ինչպե՞ս եք սպասարկելու»-, հարցնում եմ բժշկուհի Լուիզա Սիմոնյանին՝ տեսականորեն չբացառելով, որ այդ ընթացքում կարող է ավտովթար լինել, կաթված կամ էլի կոտրվածք, և պետք է պատգարակով տեղափոխել: «Պիտի հիվանդի մոտ հասնենք՝ ինչով պատահի, այսպիսին են մեր պայմանները, այդպես ենք աշխատում»,- ասում է նա:

Հուլիսի 6-ի առավոտյան 11:30 էր, եւ «Գառնիի առողջության կենտրոնի» (ԱԿ) շտապօգնության ծառայությունում արդեն 4 կանչ էր գրանցվել: Երկուսը ծառից ընկել եւ կոտրվածք էին ստացել, մեկին ցուլն էր մարմնական վնասվածքներ պատճառել, մյուսի մատն էր վնասված: Թեւը կոտրածին հարազատներն իրենց մեքենայով էին Երեւան տեղափոխել:

Թերթում եմ շտապօգնության մատյանը. միայն հունիսի 3-ին, երբ հազարավոր քաղաքացիներ Գառնիի հեթանոսական տաճարում եւ Գեղարդ վանական համալիրում Վարդավառն էին տոնում, 8 կանչ էր գրանցվել: Դրանցից մեկն ավտովթար էր, իսկ երկու մանկահասակ երեխաներ հիվանդանոց էին բերվել բարձր ջերմությամբ: Ցանկացած դեպքում, հիվանդանոցում միայն առաջին բուժօգնություն կարող են ցուցաբերել, որից հետո նրանք պետք է տեղափոխվեն կա՛մ մայրաքաղաքի, կա՛մ Աբովյան քաղաքի հիվանդանոցներ:

 

Բժշկուհի Քրիստինե Սարգսյանն ասում է, որ շտապօգնության ծառայությունում օրական միջինը 6 կանչ է գրանցվում, իսկ առանձին օրերի՝ մինչեւ 12-13 կանչ: Շտապօգնության ծառայությունում բժիշկներ չեն հերթապահում: Բոլոր կանչերն սպասարկում են շտապօգնության միակ մեքենայով, որն իր շահագործման հնավորությունները լիովին սպառել է: Մեքենան անվարձահատույց օգտագործման է տրամադրել «Արզնիի բժշկական ամբուլատորիան»` նորը ձեռք բերելուց հետո: Բժիշկներն ասում են, որ վարորդին անընդհատ զգուշացնում են, որ կանչերից դադար լինելու ընթացքում զբաղվի մեքենայի տեխզննումով, որպեսզի ճանապարհին կանգ չառնի:

Կոտայքի մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուներին, սակայն, զայրացնում է «ամեն կանչին արձագանքելու» բուժաշխատողների պատրաստակամությունը: Նրանք ամսական 60 կանչ են նախատեսել, բայց ծառայությունում մինչեւ 150 կանչ է գրանցվում: Շտապօգնության ծառայությունը գերազանցում է բյուջեով հատկացված գումարային սահմանները, որի պատճառով վերջին մեկ եւ կես տարվա ընթացքում 4 մլն դրամի պարտք է կուտակել: Կոտայքի մարզպետարանը հրաժարվել է Կենտրոնին փոխհատուցել փաստացի կատարված ծառայության դիմաց:

«Շտապօգնության մեքենան տաքսու տեղ եք քշում»,- մեղադրում է մարզպետարանը: Բուժաշխատողներն ասում են, որ շտապօգնության զանգերը 2015 թ.-ից գրանցվում են, բայց դրանից կանչերի թիվը չի նվազել եւ հնարավոր չէ խաբել:

«Գառնի ԱԿ»-ի հաշվապահ Լիա Ղազարյանն ասում է, որ Կենտրոնը 2015 թ.-ին ֆինանսական տարին սկսել է առանց պարտքերի, բայց հետո սկսել են պարտքեր կուտակել: 2015 թ.-ից մինչեւ 01.06.2016 թ.-ը 6 մլն 888 հազար դրամի պարտք է կուտակվել: Շտապօգնության ծառայության համար տարեկան բյուջեով հատկացվել է 15.746.6 հազար դրամ, իսկ ծախսերը կազմել են 17. 508.5 հազար դրամ, որից 14.358.5 հազար դրամը շտապօգնության ծառայության աշխատողների աշխատավարձն է:

Լաբորատոր հետազոտության ծառայության մասով չի փոխհատուցվել 743.3 հազար դրամ:

Ծննդօգնության հոդվածով չի ընդունվել 218.8 հազ  դրամ:

Առողջապահության նախարարությունը մեր գրությանն ի պատասխան հայտնում է, որ տարեցտարի կենտրոնի ֆիանանսավորումն ավելացել է: Բայց առանձին տողերով, օրինակ, շտապօգնության ծառայությանը հատկացված գումարը նվազեցվել է: 2014 թ.-ին 19 մլն դրամ է հատկացվել, 2015թ.-ին` 15 մլն դրամ, 2016թ.-ին՝ 13 մլն դրամ, այն դեպքում, երբ կենտրոնը սպասարկում է 5 համայնքների` Գառնիի եւ շրջակա 4 գյուղերի (Գեղադիր, Հացավան, Գողթ եւ Գեղարդ) 20 000-ից ավել բնակչության: Այս թվի մեջ ներառված չեն ամառանոցաբնակները, Գառնի-Գեղարդ այցելող զբոսաշրջիկները, ամռանը յայլաներում գտնվողները:

Իհարկե, կարելի էր որոշ բժշկական ծառայություններ տեղում կազմակերպել՝ ե՛ւ շտապօգնության մեքենայի ավելորդ վազքը կրճատելու, ե՛ւ բնակիչներին ժամանակին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու և որոշակի հիվանդություններ չխորացնելու, ե՛ւ, առհասարակ, բոլոր հիվանդներին Երեւանի ճանապարհը մատնացույց չանելու համար:

Բայց բավական չէ, որ վերջին 4 տարիներին առողջության կենտրոնը վերածվել է ամբուլատորիայի, շտապօգնության եւ լաբորատոր ծառայություններն անգամ չեն հզորացվել:

Կոտայքի մարզպետարանում դա էլ են շատ համարում: Տնօրենի պաշտոնակատար Լուիզա Սիմոնյանին մարզպետարանն առաջարկել էր կրճատումներ կատարել՝ պարտքեր չկուտակելու համար: Վերջինս հրաժարվեց տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից: Տնօրենի պաշտոնակատար նշանակվեց հիվանդանոցի երկարամյա բժիշկներից Մելանյա Մովսիսյանը, բայց նա էլ սպասում է հիմնական պաշտոնավարողի նշանակմանը, որպեսզի նրան փոխանցի կնիքը:

Հունիսի սկզբին մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանը գնացել էր «Գառնի ԱԿ» եւ պնդել` կրճատել աշխատակազմը: Այդ մասին իմանալով՝ գառնեցիները շտապել են հիվանդանոց՝ նրանից լսելու բացատրությունը, թե ինչ նպատակ են հետապնդում կրճատումները եւ ինչու պետք է կրճատվեն հենց ծննդատան աշխատակիցները: Նրանք բացատրություն չեն լսել, բացի նրանից, որ կենտրոնը պարտքեր ունի:

Մենք նույնպես մարզպետարանից չստացանք մեր հարցի պատասխանը` ի՞նչ նպատակ ունեն կրճատումները, ի՞նչ խնդիր է լուծելու այն:

«Ծննդատունը չի փակվել, наоборот ...»

Վարչության պետը հիվանդանոցում հավաքված գառնեցիներին փորձում էր բացատրել, որ մարզպետարանը ԱԿ-ի վիճակը բարելավելու ջանքեր է գործադրում, անցյալ տարի ծննդատան հարկաբաժինը մասնակի վերանորոգվել է:

«Իրականացվել է 20 մլն դրամի վերանորոգման աշխատանք, որի ընթացքում ամբողջությամբ փոխվել է շենքի տանիքը, պատուհանները, վերանորոգվել է երկու հիվանդասենյակ, կառուցվել է վիրահատարան, որը նախատեսվում է հագեցնել բժշկական սարքավորումներով»,- պատասխանել են մեզ մարզպետարանից:

Վիրահատարան ասվածը նախկին ծնարանն է: Բնակչության զայրույթն էլ դրան էր ուղղված` ինչո՞ւ է փակվում ծննադատունը:

Առողջապահության նախարարությունից մեզ պատասխանում են. «Կենտրոնում ծնունդների թվաքանակը տարեցտարի նվազում է. 2011 թ.-ին՝ 14, 2012 թ.-ին ծնունդներ չեն եղել, 2013 թ.-ին՝ 6 ծնունդ, 2014 թ.-ին՝ 3 ծնունդ, 2015 թ.-ին՝ 2 ծնունդ (կատարողականը կազմել է 218,8 հազար դրամ)»: Այդ գումարը չի փոխհատուցվել: Կոտայքի մարզպետարանը պատճառաբանում է, որ «ծնունդների թվաքանակի տարեցտարի նվազումով պայմանավորված ծննդօգնության համար պետական պատվեր չի հատկացվել», ուստի չեն փոխհատուցում 2016 թ.-ին ունեցած երկու ծնունդների պետպատվերի վճարումը:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ծնունդների նման թվաքանակը չի ապահովում ծառայությունը մատուցող անձնակազմի պահպանման ծախսերը եւ նպաստում է պարտքերի կուտակմանը: 

Ինչո՞ւ «Գառնի ԱԿ»-ում տարեցտարի նվազեցին ծնունդները: Մանկաբարձ-գինեկոլոգ Ելիզավետա Ղազարյանն ասում է, որ կենտրոնի նախկին տնօրեն Լիլիթ Կարապետյանը թույլ չէր տալիս ծնունդ ընդունել: «Մենք ընդհանրապես այստեղ պահում էինք նրանց, որոնք ռիսկային չէին ծննդաբարության համար, սակայն նա կտրականապես արգելում էր ծնունդներ ընդունել՝ չցանկանալով պատասխանատվություն ստանձնել որեւէ բանի համար»,- ասում է նա:

«Կ. Խաչատրյանի անվան Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի եռահարկ շինության 3-րդ հարկը ծննդատունն էր զբաղեցնում եւ մշտապես լեցուն էր: Գառնիի եւ շրջակա 4 գյուղերի կանայք նախածննդյան հսկողությունն այստեղ էին անցում եւ այստեղ ծննդաբերում: Չնայած շենքային վատ պայմաններին, տեղացի կանայք հիմնականում նախապատվությունը տվել են հիվանդանոցի փորձառու աշխատակիցներին եւ դժվարությամբ են համակերպվել Երեւան ուղեգրվելու փաստի հետ: Ծննդատան բաժանմունքի 4 հիվանդասենյակների բոլոր 4 մահճակալները գրեթե մշտապես զբաղված էին: Անգամ Երեւան հարս գնացածներն էին նախընտրում այստեղ ծննդաբերել եւ տարեկան մինչեւ 200 ծնունդ են ընդունել:

«Կոնսուլտացիան բոլորը մեզ մոտ էին անցնում: Երեւանից շաբաթը երկու անգամ բժիշկ էր գալիս իր սարքավորումով, ուլտրաձայնային հետազոտություն էր իրականացնում: Հիմա դա չկա, անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններն այստեղ չենք կարող կատարել, նրանք էլ հարկադրված գնում են Երեւան»,- ասում է բժշկուհին:

Դրանով պայմանավորված՝ նվազել է նաեւ կոնսուլտացիայի դիմող հղիների թիվը: «Նախկինում ամսական 60 կոնսուլտացիա ունեինք, հիմա 35-ն են մեզ մոտ հաշվառված»,- ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Ելիզավետա Ղազարյանը:

Ծննդատունը փակելու հիմքը դրվել էր դեռեւս 5 տարի առաջ: Դա Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի նախաձեռնությունն էր, որն իրականացնում էր նրա հրամանով «Գառնիի ԱԿ»-ի տնօրեն նշանակված Լիլիթ Կարապետյանը: Մեր հարցազրույցներից մեկում նա ասում է, որ շահագրգռվածությունը լավ պայմաններում սպասարկվելն է, ծննդկանին Գառնիից Աբովյան հասցնելն ընդամենը 30 րոպե է: Տաքսին կարժենա երեւի 1000-1500 դրամ: Բնակիչները, այլ ելք չունենալով, ենթարկվեցին պարտադրանքին, բայց չհամակերպվեցին: Հաճախ հղիներին հաշվառում են Երեւանում բնակվող հարազատների հասցեներում, որպեսզի կոնսուլտացիան եւ ծննդաբերությունը նույն հիվանդանոցում կատարեն:

2015 թ. դեկտեմբերին մարզպետի հրամանով Լ. Կարապետյանն ազատվել է աշխատանքից, բայց մարզպետարանը չի վերանայել իր քաղաքականությունը: «Մենք թույլ ենք տալիս, բայց դուք իրավունք չունեք ծնունդ ընդունելու»,- բուժաշխատողներին հրահանգել է առողջապահության վարչության պետ Վահագն Ոսկանյանը: Դա է պատճառը, որ չեն փոխհատուցում 2 ծնունդների գումարը:

Առհասարակ, նախկին տնօրենը վարչական ղեկավարումն ստանձնել էր ոչ նրա համար, որ բարելավեր առողջության կենտրոնի վիճակը: 2013 թ.-ին 20 հոգի կրճատվեցին, այդ թվում՝ նաեւ գինեկոլոգիական բաժանմունքի աշխատողներից: 2011թ.-ին կրճատվել էին կես դրույքով աշխատող բժիշկները: Նրանք մայրաքաղաքում աշխատող մասնագետներն էին` աչքի, քիթ-կոկորդի, վիրաբույժ եւ այլն, որոնք շաբաթական 1-2 անգամ բնակչության բուժզննումն իրականացնում էին տեղում, նշանակումներ էին արվում, իսկ ընտանեկան բժիշկները հետեւում էին ապաքինմանը:

Այդ ծառայությունները նաեւ եկամուտներ էին ապահովում, եւ Կենտրոնը կարողանում էր կատարել իր հիմնական առաքելությունը՝ բուժծառայությունները հասանելի դարձնելով բնակչությանը:

Կավալենկո Շահգալդյանի գործուղած տնօրենի մենենջմենթի շնորհիվ հիվանդանոցը զրկվեց նաեւ վճարովի ծառայություններից եւ ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից: Դա նշանակում է, որ պարտքերը մարելու հնարավորությունից էլ են զրկված: Բուժաշխատողները նախկին տնօրենին հիշում են որպես ՀՀԿ-ի ու Երկրապահի շարքերն համալրելու համար հավաքագրումներ կատարող կուսակցական ակտիվիստի:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ