HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ձեռք է բերել Օլիմպիական խաղերի ուղեգիր

Ռիոյում օգոստոսին կայանալիք Օլիմպիական խաղերին հանրապետությունից առայժմ մասնակցելու է 32 մարզիկ: Շիրակի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանն ասում է, որ մասնակիցների թիվը վերջնական չէ: Շիրակի մարզը ներկայացնելու են գյումրեցի մարզիկներ Ամալյա Շառոյանը՝ թեթեւ ատլետիկա, Արթուր Ալեքսանյանը՝ հունահռոմեական ըմբշամարտ, Հովհաննես Դավթյանը՝ ձյուդո, բռնցքամարտիկներ Հովհաննես Բոչկովն և Արթուր Հովհաննիսյանը, ծանրամարտիկներ Նազիկ Ավդալյանը և Գոռ Մինասյանը:

«Ինչպես գիտեք դոպինգ ստուգման արդյունքում Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվեց և չի մասնակցելու Օլիմպիադային: 8-րդ մասնակիցը եւս ծանրամարտիկ է լինելու եւ վերջին ուսումնամարզական հավաքի ժամանակ, որ այս պահին անցկացվում է Կազանում, որոշվելու է նրա անունը: Հավանաբար կընտրվի մեր ծանրորդը՝ Քրիստինե Պետրոսյանը, որ շատ լավ արդյունքներ է ցույց տալիս»,- հայտնեց Շիրակի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը:

Մեդալներ ակնկալում են բոլորից, սակայն որպես փորձառուների, Վաչիկ Վարդանյանը շեշտում է հատկապես Արթուր Ալեքսանյանին, ով արդեն երկրորդ անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերին և Հովհաննես Դավթյանին, ում համար Ռիոն կլինի երրորդ օլիմպիադան: Մեծ հույսեր են կապում նաեւ ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի հետ: Ինչ վերաբերում է գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին, ապա նրան Թուրքիայի Սասուն քաղաքում կայացած վարկանիշային մրցումների ժամանակ անարդարացիորեն օլիմպիական ուղեգրից զրկելը սկզբում անակնկալի էր բերել ֆեդերացիային:

«Երբ Հայաստանը դեռ չուներ ոչ մի ուղեգիր, սպորտային ամենաբարձր ղեկավարից վերջացրած բռնցքամարտի մասնագետներով համոզված էինք, որ եթե լինի ուղեգիր, դրան տիրանալու է Հովհաննես Բաչկովը: Ցավոք սրտի Թուրքիայի Սամսուն քաղաքում, երբ մրցումներն ավարտվեցին, բոլորն ուղեգիր ստացան՝ բացի Բաչկովից: Բայց պիտի ասեմ, որ էլի փառք էն մարդկանց, որ աջակցեցին, Բաչկովը մասնակցեց Վենեսուելայի Վարկաս քաղաքում հուլիսի 3-8 կայացած վարկանիշային մրցումներին ու հաղթելով երեք մրցակիցներին՝ ձեռք բերեց ուղեգիր»:

Վենեսուելայում տեղի ունեցած APB-ի և WSB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների վարկանիշային մրցաշարում օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը հրաժարվեց նախօրոք կանխատեսումներ անելուց եւ խոստումներ տալուց՝ նշելով, որ աշխատելու է բարձր պահել հանրապետության պատիվը:

Հովհաննես Բաչկովին հուլիսի 12-ին ընդունել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանն, ով մարզիկի փոխարեն վստահություն հայտնեց նրա Օլիմպիական խաղերից հաղթական մրցանակով վերադարձի կապակցությամբ:

Լուսանկարում` Հովհաննես Բաչկովը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter