HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Արմավիրի մարզ. աղբանոցում աշխատողները և աղբատար ջրագիծը

Նարեկ Ալեքսանյան

Ամառվա շոգին Էջմիածնի աղբանոցի գարշահոտը զգացվում է հեռվից հեռու։ Մոտենալուն պես՝ բազմաթիվ գունավոր պոլիէթիլենային տոպրակների միջից տեսանելի են  դառնում կռացած մարդկանց շարժումները, ովքեր ամեն օր աղբի միջից առանձնացնում են պլաստիկե և ապակե շշերը։ Այս կանայք և տղամարդիկ սովորել են կիզիչ արևի տակ և գարշահոտի մեջ աշխատելուն։

Էջմիածնի հիմնական աղբավայրը գտնվում է քաղաքից մոտ 5 կմ դեպի հյուսիս։ Աղբանոցում աշխատողները երբևէ չեն ցանկանում հայտնվել լրագրողական տեսախցիկի առաջ։ Կանանցից մեկը, որ որդու հետ էր աշխատում, ասաց՝ ինքը չի ամաչում, բայց տղան ամաչում է իր աշխատանքից։ Նրանք բոլորը փոքր-ինչ զայրացած են ամեն ինչի վրա, ասում են, որ բազմաթիվ լրագրողներ են այցելել, փորձել լուսաբանել իրենց խնդիրները, բայց դրանից ոչինչ չի փոխվել նրանց կյանքում։

Աղբանոցի մեջ դասավորված կապույտ պարկերն այս մարդկանց աշխատանքի արդյունքն են։ Պարկերից յուրաքանչյուրը 50-60 կգ պլաստիկե շիշ է պարունակում։ Մեկ պարկ շշի դիմաց աղբահավաքները վճարվում են 1500 դրամ։ Նրանք բոլորը շշերը հանձնում են միջնորդ անհատի, ով էլ պարկերը տեղափոխում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող պլաստիկի վերամշակման կենտրոն։

Պլաստիկե շշերի միակ վերամշակողը «Քլինլենդ» ՍՊԸ-ն է, որը մեկ կիլոգրամ պլաստիկի դիմաց վճարում է 100 դրամ։

Արմավիրի մարզը, գտնվելով Երևանին մոտ, ավելի շատ է աղտոտված, քան ավելի հեռավոր բնակավայրերը: Աղբաշատ լինելն է պատճառը, որ այս մարզին կանդրադառնանք երկու մասով. Վաղարշապատ և Արմավիր քաղաքների տարածաշրջանները` առանձին-առանձին:

Էջմիածնի կենտրոնում անթույլատրելի վայրում թափված աղբ գրեթե անհնար է նկատել: Ի տարբերություն կենտրոնի` քաղաքի ծայրամասային թաղամասերում և կից գյուղերում ամեն քայլափոխի աղբակույտեր կան:

Ստորև ծանոթացեք Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում «Հետքի» կողմից արձանագրված աղբանոցներին։ Համակարգչի կուրսորը մոտեցրեք սև կետերին՝ տեսնելու տվյալ աղբանոցի լուսանկարը։ Կետերի վրա սեղմելու դեպքում՝ կարդացեք տեղեկատվություն այդ աղբանոցի մասին։

Զվարթնոց թաղամաս. քաղաքապետարանում «տեղյակ չեն» աղբի մասին

«Զվարթնոց» թաղամասը Արմավիրի մարզի ամենաանտեսված և աղտոտված բնակավայրերից մեկն է: Այս թաղամասի աղբահանությունն իրականացնում է Վաղարշապատի քաղաքապետարանը: Կիսակառույց շենքերը, մեծ ու փոքր փոսերն ամբողջովին լցված են կենցաղային աղբով: Մեր նկարահանումների ժամանակ բնակիչներից ոմանք աղբը հերթական անգամ շպրտում էին առաջին պատահած կիսակառույցից ներս: Միևնույն ժամանակ, նրանք դժգոհում էին աղբահանության որակից և պարբերականությունից` նշելով, թե կոմունալ ծառայություններն իրականացնողներն աղբն ուշ-ուշ են տանում, իսկ արդեն իսկ գոյացած աղբակույտերը երբևէ չեն վերացնում: «Զվարթնոց» թաղամասում մի քանի աղբամաններ կային տեղադրված, որոնք վաղուց արդեն լցվել էին:

Վաղարշապատի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության փոխտնօրեն Մարտուն Դիլանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց. «Կիսակառույցներում տարիներով հավաքված աղբը մաքրել չենք կարող, քանի որ շենքից ներս տեխնիկա չի մտնի, իսկ ձեռքով այդ ծավալի աղբ ոչ ոք չի կարող մաքրել»: 

Պնդմանը, որ Զվարթնոց թաղամասում աղբը ոչ միայն կիսակառույցներում է լցված, այլ նաև շենքերի արանքում ու փոսերի մեջ, Դիլանյանը պատասխանեց. «Փոսը ուրիշ բան: Մենք հեսա էսօր-վաղը տեխնիկա ենք ձեռք բերելու, կմաքրենք»:

Հարցին, թե ինչու մինչ այդ փոսերի և հարակից տարածքների աղբը չի հավաքվել, բնակարանային կոմունալ վարչության փոխտնօրենը պատասխանեց, որ իրենք տեղյակ չեն եղել, որ այդտեղ աղբ կա: Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ վարչությունը չէր կարող չտեսնել ամբողջ թաղամասով սավառնող աղբը:

Նման վիճակի մեղավորը, ըստ Մարտուն Դիլանյանի, «հիմար» բնակիչն է, որ ամեն տեղ աղբ է լցնում. «Եթե ամեն բնակիչ որտեղ հասնի, գցի, մենք պիտի ընկնենք հետևից, որ հավաքենք: Հիմար բնակիչներ են, մեկը մյուսին չեն զգուշացնում, որ աղբը չի կարելի այդտեղ գցել»,- ասում է Մարտուն Դիլանյանը: Նա պնդում է նաև, որ այս թաղամասում ամեն օր աղբահանություն է իրականացվում, այնինչ մեր այցելության օրը, առավոտյան ժամին աղբամանները լիքն էին, իսկ աղբը թափված էր դրանց կողքին:

Բնակարանային կոմունալ վարչության փոխտնօրենը խոստացավ, որ Զվարթնոց թաղամասի աղբակույտերի մասին տեղյակ կպահի քաղաքապետին, որ հարցին լուծում տրվի:

Պտղունք և Նորակերտ. գյուղապետերը փոխադարձ մեղադրանք են հնչեցնում

Այս գյուղում աղբահանությունը նույնպես իրականացնում է Էջմիածնի քաղաքապետարանը: Գյուղապետ Կարապետ Արթենյանը «Հետքին» տեղեկացրեց, որ իրենց գյուղից աղբը տարվում է շաբաթ և կիրակի օրերին: Ըստ համայնքապետի` բնակիչներն աղբը հավաքում են իրենց բակերում, իսկ հանգստյան օրերին աղբի մեքենան հերթով հավաքում է այն յուրաքանչյուր տնից: Հարցին, թե այդ դեպքում ով է աղբ լցնում գյուղի կողքով անցնող ջրագիծը, Կարապետ Արթենյանը պատասխանեց, թե այդ հատվածը Նորակերտի վարչական տարածքն է, ուրեմն նրանք են լցնում։

Նորակերտի գյուղապետ Շահեն Կարապետյանը, սակայն, ջրագծում թափված աղբի համար մեղադրում է պտղունքցիներին: Նա նշում է, որ բազմաթիվ անգամներ զգուշացրել են, որ այդտեղ աղբ չլցնեն, «բարի» ավանդույթները շարունակվում են: Իրականում` ջրագծի մեջ մի երկու հատվածում է աղբ կուտակված, որից մեկի կողքին ցուցանակ կա` «Աղբ չթափել»: Իսկ ջրագծից մի փոքր դեպի արևմուտք կրկին աղբի պակաս չկա:

Նորակերտի համայնքապետարանը ամսական 120-125 հազար դրամ է հատկացնում աղբահանությանը: Պայմանագիր են կնքել «Աղասի Թորոսյան» Ա/Ձ-ի հետ. մեքենան աղբը հավաքում է յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Ի դեպ` «Աղասի Թորոսյան» Ա/Ձ-ի հետ պայմանագիր են կնքել Վաղարշապատի տարածաշրջանի գյուղերի մեծ մասը:

Այգեշատ գյուղն, օրինակ, ջրագծին մոտ չէ, բայց այստեղի բնակիչները զրկված չեն բնությունն աղտոտելու «հնարավորությունից»։ Այգեշատի կողքով հոսում է Քասախ գետը, որն էլ դարձել է գյուղի միակ աղբատարը։ Ավելին՝ գյուղապետ Ռոբերտ Հովսեփյանին երբ խնդրեցինք տեղեկացնել, թե որքան գումար են ամսական հատկացնում աղբահանությանը, վերջինս պատասխանեց. «Դա ի՞նչ կարևոր ա, ես հո խաբարբզիկ չեմ, որ խաբար տամ»։ Նա նաև խոստովանեց, որ գետի մեջ գոյացած աղբն արդեն 15 տարվա վաղեմություն ունի։ Հարցին, թե ինչու այդքան տարիների ընթացքում չեն փորձել գետը մաքրել, Ռոբերտ Հովսեփյանն ասաց. «Անհնար ա»։ Այգեշատի գյուղապետի հետ ամբողջական զրույցին ծանոթացեք այստեղ։

Ջրագիծը` որպես լավագույն աղբատար Էջմիածնի գյուղերում

Էջմիածնին կից գյուղերի միջով երկու ջրագիծ է անցնում, որոնք ոչ այնքան ծառայում են ոռոգման նպատակով, որքան որպես աղբատար։ Ջրագծերով հոսող աղբի համար հարևան գյուղերը միմյանց են մեղադրում։

Արագած, Ծաղկալանջ, Հայթաղ, Արշալույս, Տարոնիկ, Առատաշեն, Խորոնք, Արտիմետ համայնքներում այդպես էլ դեռ չեն պարզել, թե ինչպես է աղբը հայտնվում գյուղի մեջտեղով անցնող ջրագծում։

Արագած գյուղն, օրինակ, տարածք է հատկացրել աղբանոցի համար, բայց մի մեծ քանակությամբ աղբ մշտապես հայտնվում է ջրագծի մեջ, որն անցնում է գյուղի երկայնքով՝ գլխավոր ճանապարհին զուգահեռ։ Գյուղամիջում տեղ-տեղ աղբն այնքան է կուտակվել, որ ջրագիծն ամբողջովին փակել է։ Գյուղապետ Աշոտ Կամավոսյանը վստահեցնում է, որ ամեն ամիս մաքրում են ջրագծի կողքերը, իսկ գարնանային անձրևաջրերը կրկին աղբով են լցնում այն։ Այս գյուղը տարեկան մոտ 1,5 մլն դրամ է հատկացնում աղբահանությանը, որի արդյունքը, սակայն, չի երևում։

Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանն ասում է, որ ջրագիծը Ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության տակ է. «Գարնանն իրենք եկել են, չափագրումներ են արել, ասացին, որ պիտի մաքրման աշխատանքներ անեն, բայց դեռ չեն կատարել»,- ասում է գյուղապետը։

Գեղակերտի գյուղապետ Սերյոժա Առաքելյանի կարծիքով՝ ջրատարն աղբից ազատելն անլուծելի հարց է. «Մեր գյուղում շաբաթը 2 անգամ աղբահանություն անում ենք, բայց ջրագիծն են լցնում էլի։ Դա անլուծելի հարց է, չի լուծվում այդ հարցը։ Տարեկան մեկ-երկու անգամ, երբ տեսնում ենք շատ է կուտակվել, ինչն աչքի է ընկնում, հավաքում ենք, բայց այդպես հարցը չի լուծվում»,- ասում է Սերյոժա Առաքելյանը։

Ակնալիճը ջրագծում գոյացող աղբից ամենաշատն է տուժում, քանի որ, ըստ գյուղապետ Գևորգ Միսակյանի, բոլոր գյուղերից ջուրն աղբը բերում, լցնում է իրենց գյուղ։ Ակնալիճը ջրագծերի հատման կետում է։ Գյուղապետ Միսակյանն ասում է, որ իրենց գյուղում ամռանն աղբի պատճառով գարշահոտ է տարածվում, բայց իրենք էլ չեն կարողանում մաքրել ջրատարը։ Ջրային տնտեսության պետական կոմիտեն խոստացել է լուծել հարցը, սակայն որևէ առաջընթաց չկա։

Արտիմետում ջրատարի աղբի պատճառով նույնիսկ վեճեր են լինում։ Գյուղապետ Զավեն Միրզախանյանի պնդմամբ՝ 3-4 տարին մեկ շաբաթօրյակ են անց կացնում՝ ջրագիծը մաքրելու: «Բայց խնդիրն այն է, որ մաքրում լցնում ենք ջրագծի կողքերը, որը էլի լցվում է ներս ժամանակի ընթացքում»,- ասում է համայնքապետը։

Էջմիածնի գյուղերին կից դաշտերում նույնպես բազմաթիվ աղբակույտեր կան, որոնք առաջացել են ոռոգման ջրի կեղտոտ լինելու հետևանքով։ Չնայած ջրագծի աղտոտվածությունը կարծես թե մտահոգում է բոլորին, բայց այդտեղ թափվող աղբն օրեցօր շատանում է և տարածվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter