«Կարկուտից հետո որ գնացի այգիս տեսա, մտածեցի՝ ստեղ կմեռնեմ». Պռոշյանի բնակիչ
Գագիկ Աղբալյան
Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքը հուլիսի 10-ին տեղի ունեցած կարկուտի հետեւանքով միլիոնավոր դոլարների վնաս է կրել: Միայն ելակի դաշտերին հասցված վնասը կազմել է 600 միլիոն դրամ կամ ավելի քան 1,2 միլիոն ամերիկյան դոլար:
Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ոսկեվազի գյուղապետի տեղակալ Սիմոն Սիմոնյանը: Ոսկեվազի տարածքում 8 հակակարկտային կայան է գործում, որոնք այդ օրը, Սիմոնյանի խոսքով, հազարավոր կրակոց են արձակել: Արդյունքը եղել է զրոյական: Գյուղապետի տեղակալն ինքը խաղողի այգի ունի կայաններից մեկի անմիջապես հարեւանությամբ: Խաղողի թփերը կարկուտը ոչնչացրել է:
Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանն ասում է, որ համայնքի 940 հեկտար մակերեսով այգիներն ամբողջությամբ կարկտահարվել են: Հարցին՝ վնասի ամբողջական փոխհատուցում կառավարությունից ակնկալու՞մ եք, գյուղապետը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ մեր պետության վիճակն էնպիսին է, որ հնարավոր լինի էսքան վնասները փոխհատուցել: Մեզ ուրիշ բան է մտահոգում. համայնքում բոլորը վարկով են մշակում այգիները: Այգի են գցել, ջերմատներ են կառուցել: Էդ ամբողջը գետնին է հավասարեցված: 30 հա ելակի տարածք է ոչնչացել, որն արդեն բերքի տակ էր: Բերքը պիտի հավաքեին»:
Ոսկեվազցի Արամայիս Սահակյանի տան տանիքը քամին պոկել ու շպրտել է: Զոդված երկաթյա կոնստրուկցիաները չեն դիմացել քամու ուժին: «Միաժամանակյա նման ուժեղ քամի եւ կարկուտ չեմ տեսել իմ գիտակցական կյանքում»,-ասում է 59-ամյա Սահակյանը: Տան տանիքը վերանորոգելու համար նա պատրաստվում է 500 հազար դրամի չափով վարկ վերցնել:
Արեւից չհալվող կարկուտ
Հուլիսի 12-ին՝ կարկուտից երկու օր անց, Օշական գյուղի որոշ բակերում կարկուտը չէր հալվել, կույտերով մնացել էր:
Օշականցի Սամվել Զարգարյանը մի քանի տարվա խնայողություններով, ինչպես համագյուղացիները ձեւակերպեցին, «կոպեկ-կոպեկ» լոլիկի եւ ծաղիկների ջերմոց է հիմնել: 1300 քմ մակերեսով ջերմոցի ապակիները մի քանի րոպեում փշուր-փշուր են եղել՝ փչացնելով թե՛ բույսերը, թե՛ ոռոգման կաթիլային համակարգի խողովակները: Զարգարյանը նաեւ ելակի այգի էր հիմնել, որից այս տարի 3 միլիոն դրամի բերք էր ակնկալում: Ելակի թփի տեսքից դժվար է պատկերացում կազմել, թե ինչ բույս է:
Օշականցի Գեղամ Կոստանյանը մի քանի րոպեի մեջ զրկվել է ամբողջ տարվա եկամտից: Հոր ու կնոջ հետ մարտ ամսից այս կողմ ջանք են թափել 7000 քմ մակերեսով այգում, ծախսել մի քանի հարյուր հազար դրամ ու մնացել շիվար:
Կան անհատ մարդիկ եւ ընկերություններ, որոնք այս գյուղում տասնյակ հեկտարներով այգիներ են հիմնել: «Էմ-Գալյա» ընկերությունը՝ 30 հեկտար, ձեռներեց Գագիկ Կարապետյանը՝ 60 հեկտար՝ 80 հազար ծառերով, այգիներ են հիմնել քարքարոտ տեղերում եւ մեկ օրվա մեջ կրել հարյուրավոր միլիոն դրամների կորուստ: Այգետերերի մի մասը, հաշվի առնելով ծառերի վիճակը, ոռոգման ջրի այս տարվա ծառայությունից հրաժարվել է:
Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանից տեղեկացանք, որ համայնքի 861,6 հեկտար գյուղատնտեսական դաշտերում բերքը հարյուր տոկոսով փչացել է: Հիմա աշխատանքներ են ընթանում պարզելու համար, թե անհատապես ով որքան վնաս է կրել: «Էս տարի բերքի առումով հաջողակ տարի էր: Գյուղացիները ակնկալում էին բարձր բերք ստանալ: Օրինակ, խաղողի 1 հեկտարից 5-6 տոննա բերք էինք սպասում: Կարկուտի հետեւանքով 1200 տոննա խաղողի կորուստ ունեցանք»,-նշում է Օշականի գյուղապետը:
Ասում են՝ Օշականում, կարկուտից հետո, երբ մարդիկ սեղան են նստում մի-մի բաժակ խմելու, բաժակներն իրար չեն խփում, չեն չխկացնում: Ինչպես հոգեհացի ժամանակ է՝ բռունցքներն են իրար խփում: Օշականցիները կեսկատակ-կեսլուրջ, էսպես են սգում բերքի կորուստը:
«Զարմանում եմ, որ չմեռա»
Արագածոտնի մարզում ամենամեծ վնասները կրել են թերեւս Կարբի եւ Օհանավան համայնքները: «Դեմեր» կոչվող հանդամասում հարյուրավոր հեկտարով խնձոր, դեղձի, ծիրանի, սալորի այգիներում առողջ բերք չի մնացել:
Կարբեցի Մարտին Պողոսյանը ընկերոջ՝ Գագիկ Խաչատրյանի հետ 2007 թվականից այս կողմ 10 հեկտար այգի է հիմնել, ներդրել են մոտ 200 հազար դոլար, եւ առաջին տարին է, որ պատրաստվել էին խոշոր բերքահավաքի: «Կարկուտից երկու օր առաջ վրացիներ եկան, պայմանավորվեցինք, որ կեռասի ծառերը մի երեք օր էլ ջրեմ, քաղենք, գան տանեն: Եզան աչք սորտի կեռաս է, որը շուկայում թանկ է, իսկ տեղում վաճառելու էի 800 դրամով: Էնա տեսաք ինչ եղավ: Շաբաթը ուրբաթից շուտ եկավ»,-պատմում է Մարտինը:
Նա ասում է, որ կարկուտից առաջ եւ ընթացքում՝ ընդհանուր մոտ կես ժամ, հակակարկտային կայանները կրակել են կարկտաբեր ամպերի ուղղությամբ: Բայց՝ զրոյական արդյունք: Կարկուտը 100 տոննա խնձորը, կեռասը, ծիրանն ու սեւ սալորը ծառերի վրա փչացրել է:
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, Արտակ եւ Գագիկ Ավետիսյան եղբայրների այգիներում կիսահաս խնձորն ու ծիրանը քանի օր է՝ փտում են ծառերի վրա: Ծիրանի մի մասը, որ թափվել է կարկուտից, լցրել են տակառների մեջ, բայց հույս չկա, որ գոնե օղի հնարավոր կլինի թորել: Կիսախակ ծիրանից օղի չի ստացվում:
Արտակ Ավետիսյանը պատմում է. «10 տոննա խնձոր ունեմ, տեսնես՝ սիրտդ կկանգնի: 85 տարեկան հորեղբայրս երեկ հոնգուր-հոնգուր լացում էր: Հերս գնա այգին տեսնի՝ ինֆարկտ կստանա: Սա վերջն ա: Գարնանից էդ խնձորի այգին չոքեչոք մշակում եմ: Կարկուտից հետո որ գնացի այգիս տեսա, մտածեցի՝ ստեղ կմեռնեմ: Զարմանում եմ, որ չմեռա»:
Արտակի եղբայրը՝ Գագիկ Ավետիսյանը, ասում է, որ խնձորների մի մասն արդեն հուլիսի վերջին պետք է շուկա հանվեր:
Նշենք, որ թե՛ համայնքներում, թե՛ մարզպետարանի աշխատակազմի կողմից վնասի չափի հաշվարկի աշխատանքները շարունակվում են:
Մեկնաբանել