HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

ԼՂ հարցում միակողմանի զիջման ուրվականը

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին, ասել է. «...Խաղաղ գործընթացը, որպես այդպիսին, եթե մեկնարկել է, ապա և՛ 90-ականների իշխանությունը, և՛ 2000-ականների իշխանությունը, և՛ այսօրվա իշխանությունը բանակցային գործընթացում գնում են բանական փոխզիջումների, որոնք չեն կարող հարցականի տակ դնել և չեն դնելու հարցականի տակ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքը: Ինչպես օրերս շատ բաց տեքստով ասաց երկրի նախագահը, եթե անգամ ամբողջ աշխարհը միավորվի, չի կարող ստիպել ԼՂՀ ժողովրդին ապրել Ադրբեջանի կազմում»:

Աշոտյանը նաև հիշեցրել է ԼՂՀ-ի Սահմանադրության այն կետը, ըստ որի՝ մինչև ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումը, սահմանների ճշգրտումը և ամբողջական վերականգնումը ԼՂՀ իշխանությունը տարածվում է այն տարածքների վրա, որոնք փաստացի գտնվում են ԼՂՀ վերահսկողության ներքո: Այսպիսով Աշոտյանը տողատակով հասկացրել է, որ կան ներկայիս ԼՂՀ-ի տարածքները զիջելու իրավական հիմքեր: Ըստ էության՝ Աշոտյանի պատկերացրած «բանական փոխզիջումը» հիմնված է Ադրբեջանին տարածքային զիջումների վրա: Եվ քանի որ Աշոտյանը ՀՀԿ-ի փոխնախագահն է, ապա ակնհայտ է, որ նա իր վրա է վերցրել իշխանության կողմից հասարակությանը տարածքային զիջումների նախապատրաստելու, այդ հեռանկարին ադապտացնելու և պարզապես այդ ուղղությամբ հանրային գիտակցությունը զոնդաժի ենթարկելու անշնորհակալ պարտականությունը:

Ընդհանրապես փոխզիջումը ենթադրում է զիջումներ երկու կողմերից: Ընդ որում՝ դրանք պետք է որքան հնարավոր է հավասարակշռված զիջումներ լինեն: Թե ինչ է ընթացող ինտենսիվ բանակցություններում զիջում հայկական կողմը, պարզ է դառնում Աշոտյանի և, իհարկե, ոչ միայն նրա պարզաբանումներից: Սա նորություն չէ: Տարածքների զիջման գաղափարն առկա է եղել 1994թ.-ից ի վեր սեղանին դրված կարգավորման՝ առանց բացառության բոլոր տարբերակներում ու սխեմաներում և հնարավորինս ամբողջական ձևակերպում է ստացել 2007թ․-ից ի վեր բանակցվող այսպես կոչված մադրիդյան սկզբունքներում: Այս իմաստով Աշոտյանն, իհարկե ճիշտ է. Հայաստանի նախկին ու ներկա բոլոր իշխանությունները, բոլոր երեք նախագահները բանակցություններում առաջնորդվել են տարածքային զիջման կոնցեպտով: Տարածքներ, որոնք ձեռք են բերվել հազարավոր նվիրյալների արյան ու կյանքի զոհաբերման գնով, որոնք կազմում էին ԼՂ բնակչության անվտանգության պարեգոտը և որոնք բանակացային ողջ պատմության ընթացքում հանդիսացել են հայկական կողմին ամուր բանակցային դիրքեր տվող գործոն:

Սակայն բանական փոխզիջումների մասին խոսողները չեն բացատրում կամ պարզաբանում, թե եթե խոսքը իսկապես փոխզիջումների մասին է, ապա ի՞նչ է իր կողմից զիջում Ադրբեջանը, ի՞նչ են Հայաստանը և Արցախը ստանում զիջվող տարածքների դիմաց: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հայտարարել, որ ԼՂ-ն պետք է լինի բացառապես Ադրբեջանի կազմում, որ վերջինիս տարածքի վրա չի կարող երկրորդ հայկական պետություն ստեղծվել: Սա նշանակում է, որ Ադրբեջանի համար միակ ընդունելի «զիջումն» այն է, որ ԼՂ-ն, լավագույն դեպքում ընդամենը նախկին ԼՂԻՄ-ի մակերեսով, եթե ոչ փաստացի, ապա դե յուրե պարտադիր լինի Ադրբեջանի կազմում: «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին հաստատում է, որ Երևանը 2011թ., ըստ էության, տված է եղել համաձայնությունը դրան, քանի որ համաձայնել է, որ ԼՂ-ում ինքնորոշման (ենթադրաբար անկախություն ձեռք բերելու) հանրաքվեի կամ պլեբիսցիտի անցկացման կոնկրետ ժամկետներ չնախատեսվեն: Պարզ է՝ եթե ոչ այդ ժամկետներն են նախապես համաձայնեցվում, ոչ էլ անցկացման պայմանները, ապա այդ հարցը պարզապես անորոշ ժամանակով օրակարգից դուրս է մղվում: Պաշտոնական Երևանը երբեք չի հայտարարել, որ փոխել է մոտեցումն այս հարցում, ինչը նշանակում է, որ այն մնում է ուժի մեջ, և որ Երևանը շարունակում է ներգրավված մնալ հենց այդպիսի լուծումներ ենթադրող բանակցություններում: Բայց եթե այդպես է, ապա ինչպե՞ս են, ըստ իշխանությունների, արցախցիներն իրացնելու ինքնորոշման իրենց իրավունքը, ո՞րն է երաշխիքը, որ առհասարակ կարողանալու են օգտվել այդ իրավունքից և որ Ադրբեջանը երբևէ համաձայնելու է բանակցել այս հարցի շուրջ, առավելևս՝ համաձայնել հանրաքվեի անցկացման ԼՂ-ի դեմոգրաֆիական ներկայիս իրավիճակի պահպանման պարագայում: Եթե անգամ ԼՂ-ին տրվելու է ինչ-որ միջանկյալ կարգավիճակ, ապա ո՞ր երկրի քաղաքացիներ են լինելու արցախցիները... Ադրբեջանի՞, եթե ոչ՝ ապա ո՞ր: Ոչ ոք Հայաստանի իշխանական իսթեբլիշմենտից չի տալիս այս հարցերի պատասխանը, չնայած ամենօրյա ռեժիմով շարունակում են պնդել, թե արցախցիների ինքնորոշման իրավունքը և այդ իրավունքից օգտվելու հեռանկարի ապահովումը քննարկման ենթակա չէ: Գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. տեսականորեն սահմանվում է հանրաքվեի միոցով ինքնորոշվելու արցախցիների իրավունքը (ընդ որում՝ զրոյացնելով 1991թ. անկախության հարաքվեն), բայց գործնականում չկան և չեն տրվում դրա իրացման իրական երաշխիքներ, չեն ստեղծվում իրական նապայմաններ: Ընդ որում՝ հիմա արդե ոչ ոք չի խոսում ԼՂՀ-ի անկախության մասին: Իշխանությունը հիմա բացառապես կիրառում է ինքնորոշման իրավունքի իրացման մասին: Իս սա նշանակակում է, որ Ադրբեջանը ոչինչ պարզապես չի զիջում կամ չի զիջում ամենագլխավոր՝ ԼՂ-ի կարգավիճակի հարցում:

Փաստորեն որ կողմից էլ հարցին նայում ես, ստացվում է, որ գոնե հրապարակայնորեն ՀՀ նախագահի ներկայացրած կարգավորման տրամաբանությունից ելնելով՝ «բանական փոխզիջումը» միակողմանի զիջումն է: Անգամ խաղաղությունը հայկական կողմի համար չի կարող որպես հնարավոր ձեռբերում լինել այն պարզ պատճառով, որ Արցախին ուզում են լավագույն դեպքում միջանկյալ կարգավիճակ տալ, իսկ միջանկյալ՝ նշանակում է վիճելի: Այն ինչ վիճելի է, միշտ լինելու նոր բախումների, նոր պատերազմների առարկա, ինչը նշանակում է, որ այդպիսի կարգավորումը չի բերելու տարածաշրջանային տևական խաղաղության և կայունության: Այն տարբերությամբ միայն, որ հանձնած լինելով արցախցիների անվտանգության գոտին կազմող տարածքները, հայկական կողմը փատսացի ամեն ինչ պետք է սկսի զրոյից՝ շատ ավելի վատ ստարտային պայմաններում՝ զրկված լինելով բանակցային իր հիմնական առավելությունից կամ հենման կետից:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Բաքու կատարած այցից և նախագահ Ալիևի ու արտգործնախարար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո հայտարարեց, թե հակամարտությունն առավել քան երբևէ մոտ է կարգավորման: Կրեմլամերձ ռուս քաղաքագետ, ՌԴ հանրային պալատի անդամ Սերգեյ Մարկովը նույնիսկ արդեն խոսում է այն մասին, որ շուտով խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և Հայաստանը կազատի «ԼՂ-ի շրջակա»  տարածքները: Իսկապես հարց է առաջանում՝ թե ինչպե՞ս կարող է հակամարտության կարգավորման հարցում միջնորդի կարգավիճակ ունեցող երկրի արտգործնախարարը, ընդամենը հակամարտող մեկ կողմի հետ հանդիպման հիման վրա, վստահ հայտարարել մոտակա կարգավորման մասին: Այդ ո՞ր  օրվանից է Լավրովը լիազորված Հայաստանի, առավելևս Արցախի անունից նման պատասխանատու հավաստիացումներ անելու. նա Հայաստանի կամ ԼՂՀ-ի արտգործնախարա՞րն է, լիզորված ա՞նձը: Եթե Լավրովը վստահ է կարգավորման մոտ լինելու հարցում, նշանակում է՝ կամ ունի Երևանի համաձայնությունը և այդ «պաշարով» էր մեկնել Բաքու, կամ պարզապես  հենց տեղում որոշումներ է կայացրել Հայաստանի փոխարեն՝ կասկած չունենալով, որ Երևանը դրանց չի առարկելու: Եթե այդպես չէ, ինչո՞ւ Լավրովի այդ հայտարարությանը Հայաստանից պաշտոնական որևէ արձագանք չի հնչում:

Այս առկախված հարցերին պատասխանելու փոխարեն հայկական դիվանագիտությունը հիմա տենդագին փորձում է ձախողել «բանական փոխզիջման»՝ իրականում իրեն պարտադրվող ռուս-ադրբեջանական սցենարի իրականացումը, որի թակարդը Երևանն ընկել է կամավոր, սեփական «դիվանագիտության» շնորհիվ: Հայաստանը կարծես թե որոշել է հակառակվելու փոխերն պարզապես հնարավորինս հետաձգել այդ չարագուշակ «բանական փոխզիջման» տակ ստորագրություն դնելու պահը: Կիևում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է կատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորելու, զինադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմն ընդլայնելու հետ կապված: Այդ պայմանավորվածությունների կայացումից անցել է մոտ երկու ամիս, սակայն դրանց իրականացման ուղղությամբ ոչինչ չի արվել: Այս հանգամանքը չխանգարեց, որպեսզի Սերժ Սարգսյանը հունիսին ոչ միայն Սանկտ-Պետերբուրգում ԼՂ հարցով բովանդակային բանակցություններ ունենա, այլև ստորագրի միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման պայմանը օրակարգից հանող հայտարարության տակ: Հիմա այդ կետերը կարծես թե կրկին առաջ են քաշվում որպես նոր, ենթադրաբար Փարիզում կայանալիք նախագահների բանակացություններին հայկական կողմի մասնակցության նախապայման: Թեև կասկած չկա, որ դրա վրայով ևս Երևանն անցելու է, բայց ինքնին այս նախապայմանների առաջադրումը վկայում է, որ Երևանն ուզում է հետաձգել նախագահների նոր հանդիպումը: Դա կարող է ունենալ մեկ պատճառ. խուսափել բեկումնային քայլի գնալուց: Եթե Երևանն ի սկզբանե այս մարտավարությունը կիրառեր՝ ԼՂՀ-ին բանակցային ֆորմատ վերադարձնելու կամ այդ պայմաններն Ադրբեջանի կողմից կատարելուց հրաժարվելու դեպքում ԼՂ-ի ներկայիս կարգավիճակը միջազգայնորեն ճանաչելու գործընթացի հիմք դարձնելու համար, կարելի էր ոչ միայն հասկանալ, այլև ողջունել: Բայց նման որևէ նպատակ իր առջև հայաստանյան դինավագիտությունը չի դրել: Անցած երկու ամսվա ընթացքում այս ուղղությամբ որևէ ուղերձ Երևանից չի հնչել: Այս մարտավարությունն ընտրվել է՝ բացառապես ժամանակը ձգելու, ժամանակ վրա խաղալու նպատակով՝ թերևս հուսալով, որ ընթացքում իրավիճակ կփոխվի և հնարավոր կլինի խուսափել «բանական փոխզիջման» գնալուց: Բայց դա պարզունակ խաբկանք է: Հայաստանին «բռնել» են ԼՂ կարգավիճակի և ինքնորոշման հանրաքվեի հարցում զիջելու վրա, և Հայաստանի կոկորդը երբեք բաց չեն թողնելու՝ անկախ նրանից՝ կկատարվե՞ն Վիեննայի պայմանավորվաությունները, թե՞ ոչ: Պայմանավորվածությունների կատարումն ընդամենը նշանակելու է, որ այդ զիջմանը փորձելու են Երևանին դրդել հրադադարի և հարաբերական խաղաղության պայմաններում, չկատարումը՝ պատերազմի կամ պատերազմի սպառնալիքի: Այնպես որ հայկական դիվանագիտությունն ինքն իր համար ելք չի թողել: Մնում է հուսալ, որ այդ ելքը կապահովի հայկական բանակը: Եթե, իհարկե, նրա թիկունքից չգործեն: 

Մեկնաբանություններ (2)

եթե իրոք նման բան, ապա հայի վերջին պատմության էջն է
Կարդդում ես ու նորից համոզվում, որ սրանցից այլ բան չէինք էլ սպասի:
armen
Самый разумный выход подсказали демонстранты, на Баграмяна прошлым летом. Ашотяну и его полуграмотному начальству следует немедленно приступить к выполнению этого народного наказа.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter