HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքապետերը հաստատում են, պատկան մարմինները՝ լռում. Գեղարքունիքում դաբաղ հիվանդության դեպքեր կան

Գեղարքունիքի մարզի Արտանիշ, Ջիլ, Աղբերք, Շորժա, Դրախտիկ, Ճամբարակ համայնքների բնակիչները ահազանգում են, որ իրենց անասունները ցուցադրում են դաբաղ հիվանդությունը: Փոխարենը որոշ համայնքապետեր զգուշանում են ասել, որ հիվանդության դեպքեր կան: Իսկ պատկան մարմիններն էլ նշում են, թե տեղեկություններ չունեն նշված համայնքներում դաբաղ հիվանդության վերաբերյալ:  

Աղբերք համայնքի ղեկավար Վասիլ Աղասարյան «Հետքի» հետ զրույցում հերքեց, որ այս պահին համայնքում դաբաղ հիվանդություն է տարածված: «Չէ, չէ: Եղել է վերևի թաղը մի 2 հատ, բուժումն արել են, վերացել է: Դա շուտ է եղել, մի ամիս առաջ: Մեր մոտ հիմա չկա, լրիվ մաքուր ա: Եթե ուզում եք կարաք գաք ստուգեք: Հարևան համայնքներում կարող ա լինի, ես չգիտեմ»,- ասում է Աղբերքի համայնքապետը:

Մինչ Վասիլ Աղասարյանը հերքում է, որ իրենց համայնքում դաբաղ է տարածված, հարևան համայնքի ղեկավարները փաստում են, որ հիվանդությունը հենց այդ համայնքից է տարածվել:

Շորժա համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանն ասաց, որ հիվանդությունը գլուխ է բարձրացրել մեկ ամիս առաջ, սակայն գնալով մարում է:

«Մեկ ամիս առաջ բավականին սուր է եղել, կողքի համայնքում է եղել: Որոշ անասունների դեպքում հարկադիր մորթ է եղել, որոշներին բուժել են հիմա հիվանդությունը նվազում է: Այս պահին կան դեպքեր, բուժման պրոցեսում են»,- ասում է Ս. Շուշանյանը:

Շորժայի համայնքապետը նշեց, որ այս պահին 3-4 տնտեսության անասուններ են վարակված դաբաղ հիվանդությունով՝ մոտ 18 անասուն:

«Մեծ անկում չի եղել, բայց դե անասուն են, հիվանդանում են, էլի: Ասում են կողքի Աղբերք համայնքից է եղել, 3 կմ է մեր համայնքից հեռու, արոտավայրերն էլ կպած են իրար»,- ավելացրեց Սուլիկո Շուշանյանը:

Ճամբարակի համայնքապետ Յուրա Ավալյանն էլ ասաց, որ անասուններից մի քանիսի մոտ նկատվում է դաբաղ հիվանդության նշաններ: «Ոնց հասկանում եմ մեր սահմանակից համայնքներից է փորձում մեր համայնք մտնել: Հիմա փորձում ենք կանխարգելել, որ չշարունակվի: Հիմնականում Աղբերքից է գալիս մեր համայնք»,- ասում է Յուրա Ավալյանը:

Ճամբարակի համայնքապետը նշեց, որ այս պահին հիվանդ անասունները շատ չեն, բայց պետք է կանխարգելել: Նրա ասելով՝ անասնաբույժներն աշխատանքներ են տանում, որպեսզի հիվանդությունը չտարածվի և վարակի նոր դեպքեր չգրանցվեն:

Ջիլի համայնքապետ Միքայել Ղարիբյանը, լսելով դաբաղ հիվանդության մասին, «չոր» հերքեց՝ ասելով, որ համայնքում հիվանդություն չկա: Նրա խոսքերով՝ Աղբերք և Շորժա համայնքներում է տարածված, բայց ոչ իրենց համայնքում:

Մինչդեռ Արտանիշ համայնքի ղեկավար Կարեն Շուշանյանը հակառակն է պնդում: Ասում է, որ իրենց համայնքում գեթ մեկ դեպք չի արձանագրվել, սակայն դաբաղ հիվանդության դեպքեր կան հարևան Ջիլ, Դրախտիկ, Աղբերք, Շորժա համայնքներում:

Դրախտիկի համայնքապետարանից չկարողացանք պարզաբանում ստանալ: Հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Նշենք, որ դաբաղը տավարիխոզերիայծերիոչխարների և երկսմբակավոր այլ կենդանիների՝ սուր ընթացող ու բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է։ Բնորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթի, միջկճղակային և երբեմն էլ մաշկի վրա յուրահատուկ բշտերի առաջացմամբ։

Դաբաղի նկատմամբ զգայունակ են նաև մարդիկ։ Վերջիններս դաբաղով վարակվում են հիվանդ կենդանիների չվարակազերծված կաթի օգտագործումից, մսի հետ շփումից կամ հիվանդ կենդանիներ խնամելիս։ Դաբաղով վարակված մարդիկ ցուցադրում են տենդ, գլխացավ, ընդհանուր թուլություն և ստամոքսաղիքային ուղիների խանգարումներ։

Եթե վարակի դեպքերը հաստատվեն, ապա չի բացառվում, որ այս օրերին վարակված կենդանիների միսը վաճառվում է շուկաներում: Նման դեպքերում օգտվում են մսավաճառները, գյուղացիներից էժան գնում են միսը և վաճառում՝ ապահովելով մեծ շահույթներ:

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Հետքին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզից որևէ ահազանգ կամ հաստատված դաբաղ հիվանդության դեպք չունեն:

«Դաբաղ հիվանդությունը պաշտոնապես հաստատելու համար պետք է լաբորատոր փորձաքննություն կատարվի: Նախանշաները դեռ հիմք չեն, կարող է ուրիշ հիվանդություն լինի: Բայց ձեր տեղեկությունն ընդունում ենք որպես հիմք, «ահազանգ» ուսումնասիրություն կատարելու համար: Տեսուչները կգործուղվեն նշված համայնքներ և ավելի ուշ կներկայացնենք, թե պատլկերն ինչպիսին է»,-ասում է Նվարդ Առաքելյանը:

«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանն էլ ասաց, որ ժամանակին կենդանիները պատվաստվել են և Գեղարքունիքի մարզում տարածված դաբաղ հիվանդության վերաբերյալ այս պահին որևէ տեղեկություն չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter