HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանքերի, խմիչքի ու ծխախոտի հույսին

Այս տարվա հունվար-մայիսին 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանի արդյունաբերության ոլորտում, ըստ վիճծառայության (ՀՀ ԱՎԾ), 8,8% աճ է գրանցվել։ Այդպիսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է մոտ 533,5 մլրդ դրամ։

Ինչի հաշվին  է աճ գրանցվել

Ըստ տեսակարար կշռի՝ ներկա դրությամբ Հայաստանի արդյունաբերության ոլորտում ամենամեծ տեղը զբաղեցնում է մշակող արդյունաբերությունը (ընդհանուրի 58,3%-ը), հաջորդում է էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը (21,6%-ը), հետո՝ հանքարդյունաբերությունը (18,5%-ը)։ Իսկ  ջրամատակարարման ծավալները շատ ավելի փոքր են (1,6%)։

Ինչպես հիշում ենք, 2015 թվականին Հայաստանի ամբողջ արդյունաբերության ոլորտում վիճակագրությունը 5,2%  աճ էր արձանագրել, սակայն այդ աճն ապահովվել էր  հանքարդյունաբերության ոլորտում գրանցված 50,4% աճի շնորհիվ, իսկ մշակող արդյունաբերությունում գրանցվել էր  5,6% անկում։

Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով՝ հանքարդյունաբերության աճը շարունակվել է և որոշ առաջընթաց կա մշակող արդյունաբերության ցուցանիշում, սակայն դա էլ չի կարելի համարել աճ ամբողջ մշակող արդյունաբերության համար։

Այսպիսով, հանքարդյունաբերության ոլորտում արտադրանքի ծավալը հունվար-մայիսին կազմել է մոտ 99 մլրդ դրամ, աճը՝ 19,6%:

Մշակող արդյունաբերության արտադրանքը մոտ 311 մլրդ դրամ է,  բայց աճը շատ ավելի համեստ է՝ 3,8%: Այն էլ ապահովվել է գլխավորապես ծխախոտի և խմիչքի արտադրության աճի շնորհիվ, քանի որ դրանց կշիռը մշակող արդյունաբերության կազմում մեծ է, իսկ աճը՝ նկատելի։ Սննդի արտադրության կշիռը ևս մեծ է, բայց աճի տեմպերը՝ շատ ավելի փոքր։ 

Առաջընթաց կա ոսկերչական արտադրատեսակների արտադրության հարցում։ Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ամիսներ առաջ հայտարարել է, որ այս տարի Հայաստանի ոսկեգործության և ադամանդագործության ոլորտում սպասվում է առնվազն 30% աճ։  

Մշակող արդյունաբերության մյուս ոլորտներում տխուր պատկերը շարունակվում է։ Օրինակ՝ հիմնային մետաղների արտադրությունը, որի կշիտը ևս մեծ է, 18% անկում է գրանցել։ Իսկ մնացած ոլորտների արտադրության ծավալները փոքր են։

Իսկ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում գրանցվել է 13,7%` շնորհիվ էլ. էներգիայի արտադրության և բաշխման ենթաոլորտի 19,8% աճի։

Ջրամատակարարումն էլ ապահովել է 9,3% աճ։ Բայց ինչպես նշեցինք, այս ոլորտը համեստ ծավալներ ունի, և աճը մեծ նշանակություն չի ունեցել ընդհանուր արդյունաբերության վրա։ 

Այսպիսով, հունվար-մայիսին Հայաստանի արդյունաբերության ոլորտում գրանցված աճին հիմնականում նպաստել են հանքարդյունաբերությունը, խմիչքի ու ծխախոտի, մասամբ էլ՝ սննդի,  ինչպես նաև՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter