Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Մայքրոսոֆթ» ընկերությունն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի «Նատալի Ֆարմ»-ի



ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող հերթական ընկերությունն է հայտնվել դատական գործընթացներում: «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն հերթական կազմակերպությունն է, որի հետ «Մայքրոսոֆթ» ընկերությունը տարիներ շարունակ փորձել է համակարգչային ծրագրերի օրինականացման հարցերը կարգավորել: Մայքրոսոֆթ Կորպորացիայի երևանյան գրասենյակի դատական գործով ներկայացուցիչ,  իրավաբան Նարինե Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ 9 տարի առաջ Մայքրոսոֆթ կորպորացիան գրավոր ծանուցել է «Նատալի Ֆարմին» և խնդրել` եթե ունեք չարտոնագրված ծրագրեր, համատեղ լուծումներ գտնենք: Ծանուցումը ստանալուց հետո 9 տարի շարունակ կողմերը չեն կարողացել լուծել չարտոնագրված ծրագրերի օգտագործման հարցը: Եղել են նաև հանդիպումներ, սակայն լուծում չգտնելով` դիմել են դատական պաշտպանությանը:

Մայքրոսոֆթ Կորպորացիան (երևանյան գրասենյակը՝ «Մայքրոսոֆթ Արեյ» ՍՊԸ), ընդդեմ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի այս տարվա հունիսի 24-ին դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Պահանջը երկուսն է՝ հեղինակային իրավունքի խախտումը դադարեցնելու և հեղինակային իրավունքի խախտման դիմաց փոխհատուցում ստանալու մասին:

Նարինե Մկրտչյանը պարզաբանեց, որ հայցը վերաբերում է «Նատալի Ֆարմ» ընկերության կողմից չարտոնագրված ծրագրերի օգտագործմանը: Վնասի հաշվարկը կատարվել է խիստ նախնական և ամբողջական չափ կունենան դատավարական միջոցների ձեռնարկումից հետո: Սակայն հայցադիմումը հանձնելու պահին վնասի չափը կազմել է մոտ 14 մլն դրամ:

Ներկայացուցչի խոսքերով՝ «Մայքրոսոֆթ» ընկերությունը առևտրային կազմակերպություններին սկզբնական շրջանում տեղեկացնում է, որ եթե ունեք չարտոնագրված ծրագրեր, կապ հաստատեք ընկերության հետ:

«9 տարի առաջ «Մայքրոսոֆթի» կողմից սկսվել է Հայաստանի տարածքում տնտեսական գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների ծանուցման գործընթացը: Դա մեկ նամակի տեսքով չի եղել, 9 տարիների ընթացքում եղել է պարբերաբար: Իմ տեղեկություններով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ևս ուղարկվել է նմանատիպ նամակներ: «Մայքրոսոֆթ» ընկերության որդեգրած քաղաքականությունն է, հատկապես զարգացող երկրներում, ինչպիսին նաև Հայաստանն է, նախապես ծանուցել հնարավոր իրավախախտ կողմին, որպեսզի վերջինս հետևություններ անի»,-ասում է Նարինե Մկրտչյանը:

Ներկայացուցիչն ասաց, որ այս տարիների ընթացքում «Նատալի Ֆարմը» ոչ միայն չի դադարել օգտագործել «Մայքրոսոֆթի» չարտոնված ծրագրերը, նույնիսկ ավելին՝ իր պաշտոնական կայքում տեղադրվել է «Մայքրոսոֆթին» պատկանող «Excel» ծրագրով հայտարարություն գների, ակցիաների վերաբերյալ:

Նարինե Մկրտչյանի խոսքերով՝ ստացվում է, որ «Նատալի Ֆարմը» իր տնտեսական գործունեությունն իրականացնում է չարտոնագրված ծրագրերով, ինչը հակաօրինական է: Դրան էլ հետևել է «Մայքրոսոֆթի»՝ դատարանի միջոցով իր խախտված իրավունքների պաշտպանության ուղղված քայլերը:

Այս գործով առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 20-ին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ