HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԱՊՊԱ-ի հատուցման միջին չափը՝ մոտ 200 հազար դրամ

Ամենաթարմ տվյալներով՝ այս տարվա հունիսի վերջի դրությամբ, Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոմեքենաների քանակը կազմել է 440 579։ Ինչպես վկայում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները, մեկ տարում (2015 թվականի հունիսի համեմատ) ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների քանակը հանրապետությունում ավելացել է 4994-ով, իսկ այս տարվա մայիսի համեմատ` 2159-ով։

Ավտոմեքենաների ապահովագրության շուկայում, ըստ ԱՊՊԱ պայմանագրերի, առաջատարը շարունակում է մնալ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն, որին բաժին է հասել պայմանագրերի 30%-ը։ Հաջորդում են «Ինգո Արմենիա»-ն (20%-ը) ու «Նաիրի ինշուրանս»-ը (18%-ը)։ Միայն այս տարվա հունվար-հունիսին վարորդներն ԱՊՊԱ պայմանագրի համար վճարել են ընդհանուր առմամբ ավելի քան 9,46 մլրդ դրամ, որը 2015-ի հունվար-հունիսի համեմատ նվազել է 129,5 մլն դրամով։ Շեշտենք, որ սրանք միայն հունվար-հունիսի ցուցանիշներն են։ Իսկ թե միայն այդ ժամանակահատվածում քանի ավտոմեքենա է ապահովագրվել Հայաստանում, Բյուրոյից տեղեկացանք, որ նման ցուցանիշ այս պահի դրությամբ չունեն։

 Տվյալներն՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի Հատուցման միջին չափը՝ շուրջ 200 հազ. դրամ Հունիս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 677 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 77 մլն դրամով։ Ըստ Բյուրոյի հաշվարկների՝ ԱՊՊԱ ոլորտի հատուցման միջին չափը հունիսին կազմել է 199 932 ՀՀ դրամ: Մայիսին այն կազմել էր 199 486 դրամ, 2015-ի հունիսին՝ 209 186։ Խոսքը ապահովագրական ընկերությունների կողմից վարորդներին հատուցվող գումարների մասին է։

Նախորդող տարիներին ևս հատուցման միջինը չափը մոտ 200 հազ. դրամ է եղել։ Օրինակ, ըստ Բյուրոյի տարեկան հաշվետվության, 2014 թվականին այն կազմել է 195 921 դրամ։ Վնասաբերության ցուցանիշը՝ 48% Այս տարվա հունիսի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 48%, որը նախորդ ամսվա համեմատ նույնն է մնացել, իսկ 2015 նույն ամսվա համեմատ 3%-ով նվազել է։

Տվյալներն՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի Հիշեցնենք, որ ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը հիմնականում ցույց է տալիս հաճախորդներին տրված փոխհատուցումների կշիռը հավաքագրված ապահովագրական վճարների կազմում: Դրա հաշվարկում Բյուրոն հաշվի է առնում նաև այլ տվյաներ։ Ըստ Բյուրոյի՝ ՀՀ ԱՊՊԱ համակարգում սակագնի հաշվարկման հիմքում դրված է բեռնվածության 22-25% մակարդակը (կախված հիմնական ապահովագրավճարի նվազագույն կամ առավելագույն չափերից)։

Բեռնվածության տվյալ մակարդակի պայմաններում համակարգի վնասաբերության ցուցանիշը համարվում է ընդունելի, եթե այն գտնվում է 75-78% միջակայքում։ Սա  նշանակում է, որ ներկա դրությամբ համակարգի վնասաբերության ցուցանիշը թույլատրելի մակարդակում է։ 2015-ի վերջի դրությամբ այն կազմել է  53%։ Ինչպես տեղեկանում ենք Բյուրոյի հաշվետվություններից, նախորդող տարիներին այն ավելի բարձր է եղել։ Ամբողջ 2014 թվականի համար կազմել է 62%, 2013-ին՝ մոտ 77%։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter