HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսեց գլորվել 21-րդը...

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից

Հուլիսի 13-ին լրացավ ուղիղ 20 տարին, որ բանտված եմ: 20 տարի… մի ամբողջ կյանք…

20 տարեկան էի, երբ բերեցին այստեղ՝ կլոր գերեզմանոց, որտեղից հիմա գրում եմ:

40 տարեկան եմ. կյանքիս ուղիղ կեսը`գիտակից կյանքս ապրեցի բանտում: 

Սկսեց գլորվել 21-րդը...

Չգիտեմ, թե ոնց է կարողանում հանգիստ, իսկ միգուցե`ոչ, ապրել Արամը ազատության մեջ…

Աստված Իոսիֆի հոգուն հանգստություն տա...

Շարունակում եմ պայքարել, որ վերաբացվի չարաբաստիկ, անօրեն քրեական գործը, բեկանվի մահապատժի դատավճիռը: Շարունակում եմ պայքարել գրչով, իրավագիտություն սովորելով, ինքնակրթվելով, իրավական դաշտում գործը վիճարկելով: Չնայած 20 տարեկանից չեմ հավատում հայաստանյան «արդարադատությանը»: Իսկ երբ սպառվում են իրավական ճանապարհները...

Այս ընթացքում երկու անգամ ինքս ինձ «արձակուրդ» տվեցի…փախա այստեղ իմ միակ ընկերը դարձած Սողոմոն Քոչարյանի հետ: Հիմա նա չկա, 20 տարվա տանջանքներից հետո տարան Եռաբլուր...

Ամեն տարի այս օրերին հիշողություններով տեղափոխվում եմ 1996 թվական…

 20 տարի առաջ հենց այս օրերն էին, երբ կարանտին կոչվածից բարձրացրեցին 3-րդ հարկ`52 խուց: 15-20 կալանավոր կար. փաստացի ամեն մարդուն պետությունն ընդամենը 1 քառակուսի մետր է տրամադրում: Ժամանակակից  համակենտրոնացման ճամբարներ: Բայց քանի որ օպտիմիստ եմ`լավն է մնացել հիշողությանս մեջ: Հենց այդ ժամանակ ծանոթացա մաթեմատիկոս Գուրգեն Մարտիրոսյանի հետ, ով, ըստ էության, քաղաքական բանտարկյալ էր: Հենց նրա շնորհիվ տպագրվեց իմ կողմից ռուսերեն թարգմանված Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վեպը: Գուրգենն էր, որ զգուշացնում էր՝ առավոտյան «պրավերկային» հեռու կանգնեմ, քանի որ նորեկներին միշտ ծեծում էին. սովորությունն էր այդպիսին: Գուրգենը մինչ օրս կհիշի, թե ինչպես էին 1996-ի այս օրերին ինձ գիշերով հանում խցից ու տանում «մշակելու», ասում էին.

-Մհե՛ր, չխոսես, ընտանիքիդ համար վատ կլինի...

...Երբ 4 ամսում (2 ամսվա նախաքննությամբ ու 2 ամսվա  դատաքննությամբ), արագ-արագ, առանց որևէ ուղղակի ապացույցի ինձ մահապատժի դատապարտեցին, 52 խցից բարձրացրեցին մահապատժի դատապարտվածների հարկ: Ծանր, մահապատժականների բաժնի հինգ սև դռներից մեկը բացվեց իմացա, որ «մահացածներից» մեկն արդեն 4 տարի գոյատևում է, չհավատացի: Ո՞նց կարող էր մարդ 4 տարի փակված լինել երկաթբետոնյա նեղ դագաղում ու ողջ մնալ: Ոչ մեկը չէր հավատում, բայց երբ ձայնը լսում էին միջանցքում, հասկանում էին՝ դեռ ողջ է… այսօր հներից քչերն են մնացել:

Մահապատժի տարիների դժոխքի մասին գրել եմ իմ «Դեպի ցմահ Ազատություն» պատմվածքում:

Չլիներ Եվրոպայի պարտադրանքը`մինչ օրս բանտերում մահապատիժները ի կատար էին ածելու ծեծի, սովի, մաքուր օդից զրկելու և այլ անմարդկային տանջանքների միջոցով: Ընդհանրապես բանտ մտնողին՝ մեղավոր, թե անմեղ, որպես կանոն, ծեծում էին, նույնն էր ոստիկանությունում, որ ինքնախոստովանական ցուցմունք գրես, իրենք էլ գործը համարեն փակված ու նոր ուսադիր ստանան: Ցավալին այն է, որ դատաիրավական, քրեակատարողական, իրավապահ համակարգի աշխատակիցների գիտակցության մեջ փոփոխությունները շատ դանդաղ են տեղի ունենում: Եվրոպան ձեռքը քաշի`հաստատ նորից կգլորվենք սովետական պատժողական դարաշրջան…

Մինչ այս բանտային նամակն եմ գրում, հերթական փաթեթն եմ ստանում ազատությունից: Ամերիկաներում նորից մարդիկ են արդարացվել, մի շաբաթում երկու գործ է վերաբացվել 23 և 27 տարի անց: Պետությունը ճանաչել է իր սխալը: Իսկ մենք շարունակում ենք ապրել Լեռ կամսարի մոտ 100 տարի առաջվա Հայաստանում:

Արդեն խմբագրում եմ Լեռ Կամսարի «Բանտիս օրագրի» ռուսերեն թարգմանությունը՝ նորից կարդալով: Գրեթե ոչինչ չի փոխվել, սովետական շունչն ու ոգին «սահմանին» կանգնած՝ կազմ ու պատրաստ անընդհատ փորձում են վերականգնել իրենց կարգերը: Տեսեք` ինչ է գրում Լեռ Կամսարը հեռավոր թվացող 1930-ականներին:

«Եվ ահա դու, կանգնած երեք կատաղած զինվորականների առաջ, դռնփակ դատվում ես: Այնտեղ այդ երեք հրեշներն են, դու ու քո Աստվածը: Մեջտեղի նստողը հանում է ատրճանակը պատյանից, դնում սեղանին ու դառնալով քեզ`ասում.

-Խոստովանի՛ր հանցանքդ:

-Ես հանցանք չունեմ…

-Չունե՞ս, - բղավում ու վերցնում է ատրճանակը…

-Ունեմ, ունեմ…

Դու երկար մտածում ու ոչ մի հանցանք չես ճարում: Հետո ասում ես.

-Ես չգիտեի`հանցանք գտնելն էլ մեր պարտականությունն էր. կարծում էի դուք կմեղադրեք ու կպատժեք:

Այդ միջոցին քննիչի աջ կողմ նստողը, տեսնելով քո հուսահատ անմեղությունը, խղճում է քեզ և դառնալով գլխավոր քննիչին`ասում.

-Ինչպես երևում է իրոք հանցանք չունի, մի պատրաստի հանցանք տանք թող ընդունի, դատենք, գործը վերջացնենք:

Ապա դառնալով քեզ հարցնում է.

-Գնդակահարվե՞լ ես ուզում, թե՞ քսան տարով աքսորվել:

-Քսան տարով աքսորվել:

-Լա՛վ, այն ժամանակ քեզ կհամարես ֆաշիստ: Ու որպեսզի չմոռանաս այդ բանը, լավ կանես մի տեղ նշես: Եթե ոչ, կարող է հանկարծ հանցանքդ մոռանաս`ստիպված լինենք նորից կանչենք դատենք: Ուրեմն, դատը վերջացավ, մնաց ծեծը: Այս րոպեիս վախտյորը (պահակ) կկանչենք`քեզ մի քիչ ծեծի. այն ժամանակ ազատ ես աքսորվելու»: 

Հ.Գ. Բայց այս ամենը չի նշանակում, թե կարգին մարդիկ չեն ծառայել կամ չեն ծառայում բանտում: Ճիշտ հակառակը՝ հանդիպել եմ կարգին մարդ-բժիշկների, մարդ-պետերի, մարդ- հսկիչների, մարդ-աշխատակիցների, որոնք տվել են հնարավորություն դժոխքում անգամ լուսավոր կետեր տեսնելու ու առաջ գնալու:   

Մեկնաբանություններ (2)

Գագիկ
21-ը աչկոյա Մհեր ջանէս քո վերջին տարին կլինի եթ կլոր գերեզմանոցում։ Բարի վերադարձ կիսամեռների աշխարհ...
Մարտիկ
Իսկ մենք շարունակում ենք ապրել Լեռ կամսարի մոտ 100 տարի առաջվա Հայաստանում: - ամոթ ՀՀ իշխանություններին, որ ոչ մի բարեփոխում չարեցին արդադադատության մեջ։ Տիկին Արփինե, լսում՞ ես, թե՞ լսելու հատկությունից զուրկ ես քո նախորդների նման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter