HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին 12 ժամ ոստիկանության բաժանմունքում է. փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել նրան

Փաստաբանների պալատի անդամ Հայարփի Սարգսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ քաղաքացի Միքայել Նազարյանն արդեն 12 ժամ է՝ գտնվում է ոստիկանության Աշտարակի բաժանմունքում՝ առանց կարգավիճակի:

Փաստաբանի խոսքերով, Միքայել Նազարյանին առավոտյան հոր և եղբոր հետ բերման են ենթարկել: Փաստաբանն այս պահին գտնվում է բաժանմունքի շենքի դիմաց, սակայն ժամը 13:00-ից նրան թույլ չեն տալիս մտնել և տեսակցել քաղաքացուն: Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն պատասխանել են, որ բաժանմունքի պետը կտրականապես արգելել է փաստաբանին ներս թողնել: Պատճառաբանությունը՝ «ինչ-ինչ միջոցառումներն են»: Պաշտպանի գրասենյակից քիչ անց ասել են, որ շուտով ներս կթողնեն, սակայն մինչ այժմ այդպես էլ ներս չեն թողել:

Փաստաբանը հաղորդեց, որ սկզբում պետը դուրս է եկել շենքից, ներկայացել է որպես բաժանմունքի պետ, սակայն չի ասել անուն-ազգանունը, հրավիրել է զրույցի:

Քիչ հետո բաժանմունքից փաստաբանին հայտնել են, որ շուտով Միքայել Նազարյանը դուրս կգա, մի քանի հարց են ճշտում, սակայն Միքայելն այդպես էլ դուրս չի եկել: Նույն պահին Նազարյանը փաստաբանին տեղեկացրել է, որ իրենց բռնի ուժով թույլ չեն տալիս դուրս գալ բաժանմունքից:  

Հայարփի Սարգսյանն ասաց, որ դա բացառապես անօրինական և քրեորեն պատժելի արարք է ՝ քաղաքացու հրավերով ժամանած փաստաբանին ներս չթողնել:

Եթե Հայարփի Սարգսյանին թույլ չտան ներս մտել բաժանմունք, նա վաղը դատախազությանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկելու՝ նշելով, որ ոստիկանության Աշտարակի պետն անձամբ խոչընդոտել է իր հանդիպմանը քաղաքացի Միքայել Նազարյանի հետ: 

Լուսանկարում՝ փաստաբան Հայարփի Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter