HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Հարցրեցի՝ ինչի համար եք բերման ենթարկում, ոչ մի բացատրություն չտվեցին»

Վաղ առավոտից Երևանի փողոցներից և բնակարաններից ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիների։ Միայն Ազատության հրապարակից բերման ենթարկված մի քանի տասնյակ քաղաքացիներ են եղել։ Նրանցից շատերին չի պարզաբանվում՝ ինչ հիմքով կամ որ օրենքի պահանջով են ոստիկանական բաժանմունք ներկայանալու։

Արև Մելքոնյանը ևս յոթ ժամից ավելի լուր չուներ ընկերոջից՝ Մնացական Ալեքսանյանից․ «Առավոտ 10-ին էր, Էրեբունու ոստկանության մոտակայքի «Ծիրան» սուպերմարկետի մոտ էինք, ուզում էինք տեսնել՝ ինչի համար է ճանապարհը փակ։ Մեր կողքին կանգնած էին երկու կանայք, ովքեր բարձրաձայն ինչ-որ բան էին խոսում, այնուհետ, նրանց լռեցնելու համար ոստիկաններ մոտեցան։ Վայրկյաններ անց ոստիկաններից մեկը ասեց՝ մեքենան մոտեցրեք ու առանց որևէ բան ասելու, պարզաբանելու Մնացին մտցրեցին մեքենան։ Հարցրեցի՝ ինչի համար եք բերման ենթարկում, բայց ոչ մի բացատրություն չտվեցին, կոպիտ կերպով ինձ հրեցին, որպեսզի չկարողանամ բռնել Մնացին»,- պատմում է Արևը

Մնացականից լուր չունենալով՝ Արևը կապվել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, սակայն այնտեղից տեղեկացրել են, որ նման անուն-ազգանունով անձից տեղեկատվություն չունեն, և անհայտ կորած բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնցից նույնպես որևէ լուր չունեն։

Բերման ենթարկելուց յոթ ժամ անց Արևին զանգահարում է Մնացականը և տեղեկացնում, որ գտնվում է ոստիկանության ներքին զորքերի շենքում․ «Ասաց՝ ամեն բան լավ է։ Բայց ես գիտեմ՝ 11 ժամ սոված վիճակում գտնվում է այնտեղ։ Անորոշ է՝ երբ ազատ կարձակեն, կարծում եմ, որքան կտևի այս իրավիճակը, այդքան էլ նրան կպահեն»։

Արևն ասաց, որ այդ բաժանմունքում գտնվող այլ քաղաքացիներ ևս կան, սակայն ոստիկանները նրանց ընկերներին և հարազատներին տեղեկացնում են՝ նրանց մոտ բերման ենթարկվածներ չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter