HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ստվերային տնտեսության կնքահայրերը մտան խորհրդարան

Մայիսի 25-ին Հայաստանում կայացավ խորհրդարանական ընտրություններ եւ սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որին մասնակցեց 1,234,546 ընտրող: Ընտրապայքարն ընթանում էր 75 համամասնական եւ 56 մեծամասնական տեղերի համար։

Մայիսի 26-ին ուշ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց ընտրությունների եւ հանրաքվեի արդյունքները: ՀՀ Սահմանադրության փոփոխությունները չարժանացան ընտրողների հավանությանը, իսկ ընտրությունների արդյունքը եղավ սպասվածից ավելի վատ: Հայաստանում հաղթեցին ստվերային տնտեսության կնքահայրերը։

Համամասնական ընտրակարգով 5 տոկոսի սահմանը հատեցին «Ազգային միաբանություն» կուսակցությունը (8,36 %), «Արդարություն» դաշինքը (12,93 %), Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (22,36 %),Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը (10,87%), Միավորված աշխատանքային կուսակցությունը (5,46 %), «Օրինաց երկիր» կուսակցությունը (11,75 %)։

Բոլորի համար անսպասելի էր 3 ամիս առաջ ստեղծված «Միացյալ աշխատավորական կուսակցության» հաղթանակը, որովհետեւ անգամ հպանցիկ հարցումից (23 մարդ փողոցում) ակնհայտ էր, որ ոչ ոք տեղյակ չէ այդ կուսակցության մասին։ ՄԱԿ-ի ղեկավարը գործարար Գուրգեն Արսենյանն է: Նա զբաղվում է բենզինի եւ ծխախոտի առեւտրով, ունի բազում այլ գործեր: Երկու ամիս առաջ Արսենյանը դարձավ նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատերը:

 Կոմունիստական կուսակցությունը չմտավ խորհրդարան: Չնայած հզոր քարոզարշավին եւ ծախսված հսկայական գումարներին Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը նույնպես չհատեց 5 տոկոսի սահմանը: Հիշեցնենք, որ այս կուսակցությանը սատարում էր ռուսասատանցի հայտնի գործարար Արա Աբրահամյանը, իսկ նրա եղբայրը` նույնպես գործարար Գագիկ Աբրահամյանը, կուսակցության ցուցակում երրորդն էր:

Մեծամասնական ընտրակարգով, ինչպես ենթադրվում էր, խորհրդարան մտան փող ունեցողները, նրանց հիմնական մասը ստվերային տնտեսության ներկայացուցիչներ են:

Անունով եւ մականունով գործարարները հաղթանակ տարան, որովհետեւ իրենց համառ եւ հետեւողական ջանքերով ընտրություններն Հայաստանում վերածվել են յուրօրինակ բիզնեսի, որտեղ հարց լուծողը ընտրակաշառքն է։

Փող ունեցողներից շատերը գլխացավանքից խուսափելու համար մեկուսացրել էին իրենց մրցակիցներին եւ մնացել միայնակ, ինչպես խորհրդային տարիներին։ Մրցակիցները պարզապես կանխատեսելով արդյունքը, հրաժարվել էին հարուստների հետ ոտք գցելուց: Կան տվյալներ, որ նրանք ընտրապայքարից հրաժարվելու համար ստացել են պարգեւավճարներ, իսկ որոշ դեպքերում ծանրակշիռ խոստումներ։ Միայնակ թեկնածուներ էին Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով), Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո, Փնթի Սամո, Պեսոկ Սամո), Վոլոդյա Բադալյանը (Նախագահ Ռ. Քոչարյանի խնամին), Հրանտ Գրիգորյանը (ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի եղբորորդին)։

Լեւոն Սարգսյանն ունի ալրաղացներ եւ մի շարք խանութներ։ Սամվել Ալեքսանյանը շաքարի ներկրման մենատերն է, ունի մի շարք խանութներ, ձեթի, օղու արտադրություն եւ այլ շահութաբեր գործեր։ Վոլոդյա Բադալյանը (նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին) սեփականատերն է «Քիմռեակտիվ» գործարանի, «Օլիմպիա» հյուրանոցային համալիրի, զբաղվում է սերմերի բիզնեսով: Հրանտ Գրիգորյանը՝ ՊՆ փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, Էջմիածին եւ Արմավիր քաղաքների երթուղային տաքսիների գծերի տերն է, զբաղվում է այլ շահութաբեր գործերով:

Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր են դարձել.

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը (մականունը` Նեմեց Ռուբո)։

«Ագրոբանկի» խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը (մականունը` Ճոյտ) ունի ռեստորաններ, խանութներ, հյուրանոց:

Խոշոր գործարար, «Մաքս Գրուփ» ընկերության նախագահ Հարություն Փամբուկյանը։ Նա ունի թռչնաբուծական ֆաբրիկա, ռեստորաններ եւ այլ գործեր: Փամբուկյանը Հայաստան ներմուծեց օֆշորային գոտում գրանցված «Միդլենդ Ռեսուրզիս» ընկերությունը, որը դարձավ «Հայկական էլեկտրացանցերի» սեփականատերերը: Հարություն Փամբուկյանն այդ ընկերության փայատերերից է։

Հենրիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայրն է: Ունի երթուղային տաքսիների գծեր, բենզալցակայաններ, գինու գործարան, ալրաղաց, ռեստորաններ, մեծ հողատարածքներ Արարատյան դաշտավայրում:

Աշոտ Աղաբաբյանը (մականունը՝ Բուռնաշ) «Հրազդան» մարզահամալիրի եւ տոնավաճառների տնօրենների խորհրդի նախագահն է:

Խաչատուր Սուքիասյանը (մականունը` Գռզո) «Սիլ» կոնցեռնի նախագահն է։ Նրա բիզնեսի ոլորտները սահման չունեն: Զբաղվում է ամեն ինչով` բանկ, հյուրանոցներ, փայտի արտահանում, զանազան արտադրություններ, խանութներ, սրճարանների ցանց։

«Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի ջանքերով պատգամավոր են դարձել Հայ աշխատավորական կուսակցության անդամ՝ «Մասիս Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Սամվել Սահակյանը (մականունը` Թութուն): ՀՅԴ-ի ցուցակում ընդգրկված 13 գործարարներից խորհրդարան են մտնում «Գրանդ Քենդի» ընկերության տնօրեն Արմենուհի Հովհաննիսյանը, Հրանտ Վարդանյանի որդին՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակոյի» տնօրեն Միքայել Վարդանյանը, Ավշարի գինու գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արայիկ Գրիգորյանը:

Պատգամավոր են ընտրվել «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը, «Մուլտի Գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանը (մականունը` Դոդի Գագո), Մկրտիչ Մինասյանը (մականունը` Քոթուկ)։ Վերջինս Նոր-Նորք համայնքում ունի բենզալցակայններ եւ խանութներ: Արմեն Մխիթարյանը (մականունը` Մխիկ) Արաբկիր համայնքում ունի հանրախանութ, մակարոնի արտադրություն: Մանվել Նազարյանը (Գել Հակոբի եղբայր) բիզնեսով է զբաղվում Մոսկվայում: Հակոբ Հակոբյանը (մականունը` Լեդի Հակոբ) Մալաթիա-Սեբաստիա համայնքում ունի տոնավաճառ, խանութներ:

Վերսանդ Հակոբյանը Շամպայն-գինիների գործարանի փայատերերից է, ունի ռեստորաններ, «Հունդայի» մակնիշի մեքենաների սերվիս (նաեւ՝ ֆիրմայի ներկայացուցիչն է Հայաստանում) եւ զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ:

«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Մարգարյանը (մականունը` Բելաջիո Գրիշ) Երեանում բազում ռեստորանների սեփականատեր է, այժմ կառուցում է հյուրանոցային համալիր Երեւանի Կենդանաբանական այգու հարեւանությամբ: «Օրինաց երկրի» մեկ այլ ներկայացուցիչ Վռամ Գյուլզադյանը (մականունը` Կարտոլ) զբաղվում է կարտոֆիլի բիզնեսով: Գեւորգ Հակոբյանը (մականունը` Կոմբիկերի Վլադ) ունի անասնակերի, օղու արտադրություններ, ռեստորաններ, պահեստավորման բազաներ: Սուրեն Խաչատրյանը (մականունը` Լիցկա) վերահսկում է Գորիսի բոլոր առեւտրային կետերը, ռեստորանները, «æերմուկ սուպեր» գործարանի փայատեր է, ունի պանրի գործարան, բենզալցակայաններ: Վահրամ Բաղդասարյանը (մականունը` Գորտ) ունի գործարաններ եւ խանութներ: Սամվել Բալասանյանը Երեւանի «Պոլոզ Մուկուչ» ռեստորանի սեփականատերն է, Գյումրիում ունի գարեջրի գործարան: Նահապետ Գեւորգյանը Արմավիրի մարզում քարի մի քանի հանքերի սեփականատեր է: Արտյուշա Գասպարյանը (մականունը` Տուշ) հոլանդական ծաղիկներ է ներմուծում Հայաստան:

Սա գործարար-պատգամավորների ամբողջական ցուցակը չէ։ Առաջիկայում կշարունակենք ներկայացնել «ընտրյալ օրենսդիրներին» եւ նրանց զբաղմունքը։

Իշխող Հանրապետական կուսակցությունն ամենաշատ տեղերն է ստացել խորհրդարանում: Եւ ամենայն հավանականությամբ կառավարության կազմը կձեւավորվի այս կուսակցության ցուցակի առաջին երկու տասնյակ անուններից։ Իսկ խորհրդարան կմտնեն կուսակցության ցուցակի երկրորդ-երրորդ տասնյակներում գտնվող անունները։ Այնտեղ նույնպես մեծ թիվ են կազմում գործարարները:

Նույն պատկերն է նաեւ երկրոդ տեղը գրաված «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակում, որտեղ եւս հիմնականում գործարարներ են:

Կարելի է ասել, որ հայկական բիզնեսի բոլոր ներկայացուցիչները մտնում են խորհրդարան: Իսկ Հայաստանի տնտեսության ամենաքիչը 60 տոկոսը, ըստ միջազգային փորձագետների, ստվերային է: Պետք է արձանագրել, որ այս կազմն ունեցող խորհրդարանը չի ընդունի որեւէ օրինագիծ, որը կվնասի իրենց իսկ եկամուտներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter