Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ընկերական հաշվապահություն․ ինչու է ՊԵԿ-ի նախագահի տեղակալը «սիրում» օրենքներ փոխել


Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հարկային ոլորտին վերաբերող օրենքների նախագծերը Ազգային ժողովում ներկայացնելու առաջամարտիկ է: Կառավարությունը հենց նրան է վստահում այդ պարտականությունը: Վախթանգ Միրումյանը հունիս ամսին նույն ջանասիրությամբ և ոգևորությամբ խորհրդարանում ներկայացրեց նաև քննադատության թիրախ դարձած հարկային նոր օրենսգիրքը, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Իսկ ՊԵԿ նախագահի տեղակալը ոչ միայն նախագծերն ակտիվ ներկայացնող է, այլև անմիջական մասնակցություն է ունենում դրանց մշակմանը:

Ինչո՞ւ են Միրումյանին ոգևորում հարկային փոփոխությունները

Բացի այն, որ Միրումյանը նախագծեր մշակելով, ներկայացնելով, քննարկումներին ակտիվ մասնակցելով կատարում է իր պարտականությունները, նրան «առաջնորդում» է նաև անձնական կամ մերձավորի շահը: Հայտնի է, որ հարկային օրենսդրության մեջ առանձին դերակատարում ունեն հաշվապահական և հարկային հաշվառումը:

Հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է՝ տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:

Բոլոր կազմակերպությունները պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում: Իսկ ֆինանսական հաշվետվությունների տարրերն են կազմակերպության ակտիվները, սեփական կապիտալը, պարտավորությունները, եկամուտները և ծախսերը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի կինը՝ Լիլիթ Շափաղաթյանը, «ԷՄ-ԷՅՉ-ՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի 50%-ի բաժնետերն է: Ընկերությունը զբաղվում է հաշվապահական հաշվառման, հաշվապահական հաշվառման խորհրդատվության, ուսուցման, դասընթացների անցկացման և նմանատիպ այլ գործունեությամբ:

«ԷՄ-ԷՅՉ-ՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005-ին: Այդ ժամանակ Վախթանգ Միրումյանը զբաղեցնում էր ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետի պաշտոնը:

Պարզվում է՝ այս տարիներին Միրումյանի կնոջ ընկերության գործերն այնքան էլ վատ չեն եղել: Լիլիթ Շափաղաթյանը, ըստ իր ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրի, շահաբաժնից տարեկան ստացել է մինչև 20 միլիոն դրամ եկամուտ:


Create column charts

Վախթանգ Միրումյանի կնոջը պատկանող ընկերության հետ համագործակցում և խորհրդատվություն են ստանում հիմնականում խոշոր ընկերությունները, ասել է, թե՝ խոշոր հարկ վճարողները: Այս փաստը կասկածի տակ է դնում հարկային մարմինների անաչառ գործունեությունը հատկապես «ԷՄ-ԷՅՉ-ՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի հետ համագործակցող ընկերությունների մասով: Հավանաբար, այդ համագործակցությունն էլ պատահական չէ. Ո՞վ կհամարձակվի «լուրջ սխալ» գտնել այն կազմակերպությունում, ձեռնարկությունում, ով հարկային կամ ֆինանսական խորհրդատվություն է ստացել ՊԵԿ նախագահի տեղակալի ընտանիքին պատկանող ընկերությունից: Իսկ նման խորհրդատվություն ստացող ընկերությունների թիվը քիչ է:

Հարկային և ֆինանսական ոլորտին վերաբերող օրենսդրության փոփոխությունը նպաստում է ՊԵԿ նախագահի տեղակալ Միրումյանի ընտանեկան բիզնեսի «ծաղկմանը»: Ավելանում է խորհրդատվության կարիք ունեցողների, դասընթացներին մասնակցել ցանկացողների թիվը, իսկ այս ամենը վճարովի է: Այս ոլորտում բոլորը գիտեն, որ «ԷՄ-ԷՅՉ-ՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն Միրումյանի ընտանիքինն է և հետագա «ռիսկերից» խուսափելու նպատակով ձգտում են հենց այս ընկերության հետ գործ ունենալ:

ՊԵԿ նախագահի տեղակալի ընկերը «նվաճել» է հաշվապահական շուկան

Այս տարիների ընթացքում Վախթանգ Միրումյանը «հոգացել» է ոչ միայն իր ընտանեկան, այլև ընկերոջ բիզնեսի մասին: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում գործում են հաշվապահական հաշվառման գրասենյակներ (ՀՀԳ): Այդ բոլոր գրասենյակների առնվազն 50%-ի բաժնետերը կապանցի Վահագն Համբարձումյանն է: Նա ծնունդով գորիսցի, ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի մտերիմ ընկերն է:

ՀՀԳ-ների մյուս 50%-ի սեփականատերերը պատահական մարդիկ չեն, որոնց միջոցով էլ Միրումյանի ընկերոջ գրասենյակները գրավել են հաշվապահական շուկայի զգալի հատվածը: Համբարձումյանի հաշվապահական հաշվառման գրասենյակների որոշ մասը գործում է այն նույն շենքերում, որտեղ տեղակայված են նաև մարզերի հարկային մարմինները, կամ՝ վերջիններիս հարևանությամբ:

«ԷՋՄԻԱԾՆԻ ՀՀԳ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013թ.: Ընկերության բաժնեմասերը 50/50 կիսում են Վահանգն Համբարձումյանը և Էջմիածնի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը: Նրանք միասին` տոնական տորթի սեղանի շուրջ և հարկային մարմինների աշխատակիցների մասնակցությամբ այս տարվա փետրվարին տոնել են գրասենյակի հիմնադրման 3-ամյակը:

Նշենք, որ Կարեն Գրիգորյանը ընկերության գործունեության օրվանից մինչ հիմա իր գույքի ու եկամուտների հայտարարագրում չի նշել «ԷՋՄԻԱԾՆԻ ՀՀԳ» ՍՊԸ-ի շահաբաժնից ստացած եկամուտը: Մեղմ ասած՝ թաքցրել է:

Ինչ վերաբերում է գործունեության վայրին, ապա «ԷՋՄԻԱԾՆԻ ՀՀԳ» ՍՊԸ-ն տեղակայվել է հարկային մարմնի անմիջական հարևանությամբ: Հարկատուներից ոմանք նշում են, որ հաճախ են հարկային մարմնի աշխատակիցներն իրենց ուղղորդում այդ գրասենյակ:

Նույնն է նաև «ԱԲՈՎՅԱՆԻ ՀՀԳ» ՍՊԸ-ի դեպքում: Այն հիմնադրվել է 2012-ին՝ դարձյալ Վահանգն Համբարձումյանի և Աբովյանի քաղաքապետի տեղակալ Լեռնիկ Նալբանդյանի կողմից: Ընկերության տնօրենը Նալբանդյանի ընտանիքի անդամ է՝ Լուսինե Նալբանդյանը:

«ԿԱՊԱՆԻ ՀՀԳ» ՍՊԸ-ում Վահագն Համբարձումյանի գործընկերը հայրն է՝ Սիրվեն Համբարձումյանը: Մինչ վերջերս այս ընկերությունը տեղակայվել է նույն շենքում, որտեղ եղել է Կապանի հարկային մարմինը: Սակայն ամիսներ առաջ հարկայինը տեղափոխվել է այլ շենք, իսկ «ԿԱՊԱՆԻ ՀՀԳ» ՍՊԸ-ն տեղափոխվել և այժմ գործունեություն է ծավալում հարկայինի հարևանությամբ:

 «ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀՀԳ» ՍՊԸ-ում Վահագն Համբարձումյանի գործընկերը Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի Ձեռնարկատիրական իրավունք առարկայի դասախոս Անահիտ Մաշինյանն է:

Մարզերի մյուս ՀՀԳ-ներում էլ Վախթանգ Միրումյանի ընկերոջ գործընկերները հարկային մարմինների, մարզպետների ու այլ պաշտոնյաների ազգականներն են:

Մարզերից մեկում գործունեություն ծավալող հաշվապահներից մեկը, որի անունը վերջինիս խնդրանքով չենք հրապարակում, նշեց, որ ՀՀԳ-ները մարզերում «սպանում» են մարզային հաշվապահներին: Տարբեր լծակներով ներգրավում են տնտեսվարողներին, իսկ «տանիք» չունեցող հաշվապահները մնում են անգործ:

Նշենք, որ Վահագն Համբարձումյանին է պատկանում նաև «Աուդիտ Սըփորթ Արմենիա» ՓԲԸ-ն: Ընկերությունը տեղակայված է նույն հասցեում, ինչ Միրումյանի կնոջ «ԷՄ-ԷՅՉ-ՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն:

«Աուդիտ Սըփորթ Արմենիա» ՓԲԸ-ի աուդիտորական ծառայություններից են օգտվել (կամ շարունակում են օգտվել) ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի «Սիսիանի ԲՈՒԱՏ», «Վալլեքս Մայնինգ», «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ները և այլն:

Իսկ ընկերոջ ՓԲԸ-ում վերապատրաստման (ուսուցման) դասընթացներ է վարում նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Պատահական չէ, որ այդ դասընթացներին վճարովի հիմունքներով մասնակցում են «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի, «Արտաշատ» ՋՕԸ-ի, «Զարգացման հայկական գործակալություն», «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ների և այլ ընկերությունների ֆինանսական ստորաբաժանումների աշխատակիցները:

Երևան քաղաքում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերից մեկն էլ պատմեց, որ վերջերս պետական ռեգիստրում գրանցել է իր ՍՊԸ-ն: Մինչև հասել է բանկ, որպեսզի բացի իր ընկերության անունով հաշվեհամար, իր բջջային հեռախոսահամարին զանգահարել են և, ներկայանալով Համբարձումյանին պատկանող հաշվապահական հաշվառման գրասենյակի աշխատակիցներ, առաջարկել են հաշվապահական ծառայություններ: Մեր զրուցակիցը զարմացել էր, որ րոպեների ընթացքում պետական մարմնից իր կոնտակտային տվյալները փոխանցվել են հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությանը: Նրա կարծիքով` ՀՀԳ-ների հետ համագործակցում են նաև պետռեգիստրի աշխատակիցները և անմիջապես մարդու տվյալները փոխանցում են:

Վահագն Համբարձումյանը 2014թ. հիմնադրել է նաև «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա» ՀԿ-ն: Նա հարկային նոր օրենսգրքի քննարկումներին ներգրավվել է հենց այս ՀԿ-ով և ընդհանուր առմամբ նախագծի վերաբերյալ ունի դրական կարծիք` որոշ բացառություններով: Օրինակ՝ դեմ են հարկերի բարձրացմանը:

Ընկերը չի՞ օգնում ընկերոջը

Վահագն Համբարձումյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Վախթանգ Միրումյանն իր մտերիմ ընկերն է, սակայն նշեց, որ իր բիզնեսի, գրասենյակների զարգացման հետ Միրումյանը որևէ առնչություն չունի: Ըստ Համբարձումյանի` երբևէ Միրումյանի հետ չի էլ քննարկվել այդ հարցը: «Միրումյանն ինչո՞վ պետք է ինձ օգնի: Օգնելու բան էլ չկա: Ես իմ աշխատանքով հասել եմ այդ ամենին: Նույնիսկ չենք էլ քննարկել նման հարցեր»,-ասում է Վ. Համբարձումյանը:

Նա լսել էր, որ հաշվապահական գրասենյակներից անմիջապես զանգահարում են նոր բացված ընկերությունների հիմնադիրներին և առաջարկում հաշվապահական ծառայություններ, սակայն հերքեց, որ զանգահարողներն իր գրասենյակի աշխատակիցներն են. «Նման բան չկա և չի կարող լինել»:

Ինչ վերաբերում է ՀՀԳ-ների` հարկային մարմինների շենքում գործունեություն ծավալելուն, Վահագն Համբարձումյանը նշեց, որ այդ շենքերը հարկայինի շենքերը չեն, պարզապես նույն տարածքում են գործունեություն ծավալում` ընդհանուր շենքում:

«Մեզ թույլ էլ չեն տա, որ հարկայինի շենքում աշխատենք: Պարզապես մեր գրասենյակները գտնվում են այնտեղ, որտեղ հարկային մարմիններն են, երբեմն դրանց հարևանությամբ: Մեր ծառայություններն այնպիսին են, որ անընդհատ բանկերի ու հարկայինի հետ ենք գործ ունենում: Եթե տեսնեք, ապա բանկերին էլ ենք մոտ լինում: Շուտով, երբ ներդրվի էլեկտրոնային համակարգ, անհրաժեշտություն չի լինի հարկային մարմիններին մոտ գտնվելը: Արդեն կձգտենք մոտ լինել բանկերին»,-ավելացրեց Համբարձումյանը:

Նա նաև նորմալ է համարում, որ իր բիզնես գործընկերների մեջ կան պաշտոնյաներ, թեև բացի Էջմիածնի քաղաքապետից այլ անուններ չհիշեց:


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (9)
1. Գ. Խաչատրյան11:00 - 19 հուլիսի, 2016
Վ. Միրումյանը ՀՀ հարկային օրենսդրության նվիրյալներից է, ակադեմիական գիտելիքների ու բացառիկ հմտության տեր մասնագետ, միջազգային հեղինակություն, ում աշխատությունները հարաճանաչ են հարկային քաղաքականության հարցերում: Նա անաչառ պետական ծառայող է, սկզբունքային, օրենքի և օրինականության հետևաողական պաշտպան: Երբեք իր սկզբունքային տեսակետը չի փոխի վարչական ու բյուրոկրատական ճնշումների ազդեցության տակ: ՀՀ տնտեսության զարգացման գրավականն ուղղակրորեն այս անձի հետ է կապված:
2. Գ. Պողոսյան15:27 - 19 հուլիսի, 2016
Բոլորն էլ գիտեն Միրումյանի կողմից նման հաճախ իրականացվող փոփոխությունների իրական պատճառը, բոլորը, անգամ իր հետ չնչին ժամանակ աշխատած մարդիկ գիտեն իր ունեցվածքի, բիզնեսների և վարած ռենջ ռովեռի մասին: Իսկ ինչու չեք մանրամասնել որ որոշ հարկային տեսչություններում, եթե հարկատուն հրաժարվում է վերոնշյալ կազմակերպության ծառայություններից օգտվելուց, ընկնում է այսպես կոչված սև ցուցակ, որտեղ գտնվող կազմակերպությունները հարկային տեսչության կողմից ճնշումների տակ են գտվում: Առնչվել եմ նման երևույթի հետ ինքս և կարող եմ մանրամասնել:
3. Ավետիսյան15:54 - 19 հուլիսի, 2016
ես որպես հարկայինի նախկին աշխատող հաստատում եմ այս ամենը, բավականին երկար աշխատել եմ պեկում հետո ֆիննախում, և այս վերջի պարոն հովսեփյանի կադրային ջարդերց հետո ազատվել եմ աշխատանքից անհիմն. միրումյանը իրեն մատուցում է թրպես անմեղ և անշահախնդիր մարդ բայց իրա հոգին շատ խորնա, կոնկրետ բան չեմ ասում քանի որ կարող են իմանալ թէ ով եմ, բայց պարզապես տեսեք իրա քշած մեքենան և նկարները գուգլ արեք ու տեսեք ձեռքի կապած ժամերը, դժվար չէ հասկանալ որտեղից են այդ ամենը.
4. Սիրանուշ16:49 - 19 հուլիսի, 2016
Լավ կենաց ասեցիր, խմի
5. Գրիշա Բալասանյան01:22 - 20 հուլիսի, 2016
Հարգելի ընթերցողներ, եթե գիտեք հավելյալ տեղեկություններ կամ ձեր ձեռքի տակ կան փաստեր, խնդրում եմ տեղեկացրեք այդ մասին՝ grisha.balasanyan@hetq.am էլեկտրոնային հասցեով: Ձեր իսկ ցանկությամբ կարող ենք չհրապարակել տեղեկատվության աղբյուրը: Շնորհակալություն
6. Պողոս12:07 - 20 հուլիսի, 2016
դե հա, այլապես ոնց կբացատրեք որ ընդամենը մեկ տարի աշխատելով ՊԵԿում պրն Միրումյանը շքեղ 3-սենյականոց բնակարան է գնել նորակառույց էլիտար շենքում...
7. Վարդան12:12 - 20 հուլիսի, 2016
իմիջայլոց բացի անձնական իրա կուտակածից առաջարկում եմ նաև ուսումնասիրել պարոն միրումյանի կողմից անցկացված ատեստացիաներում կատարվածը,,,,,,,,,,,,, ինքը հանդիսանալով հանձնժողովի բախագահ ունի մեծ հնարավորություններ և հարկային և մաքսային աշխատակիցները բոլորնել տեղյակ են որ որպեսզի անցնեն այդ ատեղստացիաները, պետք է միրումյանին փող տան
8. Սիրանուշ13:22 - 20 հուլիսի, 2016
Միրումյանը որպես մասնագետ և իր գործի գիտակ բավականաչափ լավն է, ես ճանաչում եմ նրան վաղուց և տեսել եմ մասնագիտական աճը երիտասարդի: Բայց ժամանակին կարողացավ հայտնվել ճիշտ տեղում, բարեկամություն հաստատել ճիշտ մարդկանց հետ ու …. Կարծում եմ կա ճշմարտություն հոդվածի մեջ, հասկանում եք դժվար է -ը….
9. Հայկ17:24 - 21 հուլիսի, 2016
Վ. Միրումյանը թեկուզև լավ մասնագիտական գիտելիքներ ունի, բայց շատ ագահ և շահամոլ է: Նա ի պաշտոնե պատասխանատու է շատ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ շփման համար և չի վախենում օգտագործել կապը ի շահ իրեն, սկսած այսպես կոչված օտկատներից որպեսզի իր ցանկացած կազմակերպությունը զբաղվի միջազգային պրոեկտների իրականացմամբ, վերջացած ավելի լուրջ կաշառակերությունից: Քանի դեռ ինքը և իր նման պաշտոնյաները զբաղեցնում են բարձր պաշտոններ կառավարությունում միշտ այդ կոռուպցիան շարունակվելու է և Հայաստանը միջազգային կազմակերպությունների աչքերում ունենալու է նման վատ համբավ:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։