HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում պահանջում են ստեղծված իրավիճակի առանց արյան և խաղաղ լուծում

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից Երեւանի Էրեբունու շրջանում տեղակայված ՊՊԾ գնդի տարածքը գրավելու հետեւանքով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման նպատակով հանրային քննարկման հրավերին Գյումրիում սակավաթիվ մարդիկ էին արձագանքել: Թատերական հրապարակում խնդրով մտահոգ քաղաքացիների թիվը չէր գերազանցում երկու տասնյակը: Նախաձեռնության անդամները նշեցին, որ այս դեպքում էականը թվաքանակը չէ, որովհետեւ քննարկումներ լինում են նաեւ ֆեյսբուքյան տիրույթում, սակայն շատ կարեւոր են հատկապես վիրտուալ տիրույթից դուրս հանդիպումները:

Հանրային քննարկման մասնակիցներից Ղարիբ Հարությունյանը հայտարարեց, թե տարատեսակ քննարկումներից պարզ է դարձել, որ մարդկանց մեծ մասի համար անակնկալ չի եղել կատարվածը: Խոսքը ակցիայի ձեւի ու բովանդակության մասին չէ, այլ բուն էության՝ պիտի անպայման ինչ-որ մի բան տեղի ունենար, որովհետեւ ստեղծվել էր պայթյունավտանգ իրավիճակ, եւ իշխանություններն էլ կարծես թե ամեն ինչ անում էին այդ ամենը սրելու համար:

«Հասել էր մի կետի էդ ամենը, հասունացել այնքան, որ անպայման պիտի մի բան տեղի ունենար ու տեղի ունեցավ,-նկատեց բանախոսը,-հիմա ուզում ենք հասկանալ՝ սա քրեական հանցագործություն է, քաղաքական գործընթացի մաս է, ահաբեկչություն է, թե գտնվում է իրավական հարթությունում, թեպետ որքան գիտեմ կոնկրետ հանցագործության մասին դեռեւս հաղորդում չի եղել»:

«Արյուն չպիտի թափվի, իսկ դրա համար պետք է, որպեսզի իշխանությունն իմանա, որ այդ մարդիկ մենակ չեն, ուրիշ հարց է, թե մենք իրենց ներկայացրած պահանջների հետ համաձայն ենք, թե չէ,-նկատեց Հայկ Բարսեղյանը,-մարդիկ պետք է ոտքի կանգնեն, ու օրենքի սահմաններում հարցը լուծվի: Ու պիտի վերջնագիր ներկայացվի իշխանությանը, որ եթե զենք կիրառվի՝ մենք էլ կդիմենք տարատեսակ այլ ակցիաների»:

«Մենք հանդես կգանք նաեւ հայտարարությամբ, որն անպայման կհրապարակվի,-նշեց Եղիշե Շարյանը,-կոնկրետ ես համոզված եմ, որ զենք չի կիրառի ոստիկանությունը, այլ փորձելու են ժամանակը ձգձգելու միջոցով թուլացնել տղաների դիմադրությունը՝ հաց ու ջուր չհասցնելով, որ ինքնակամ զինաթափում լինի: Պիտի էս խնդիրը լուծել, թույլ չտալ, որ կամքը կոտրվի տղաների»:

Ներկաները խոսեցին նաեւ ոստիկանների կողմից առանց որեւէ պատճառաբանության ոստիկանություն հրավիրվող քաղաքացիների իրավունքների խախտման մասին: Նրանք կոչ արեցին ոստիկաններին այլեւս նման հրավերներով չանհանգստացնել մարդկանց, քանի որ իրենք ավելի ախորժակով ճաշելու հնարավորություն ունեն սեփական տանն ու անիմաստ հրավերների վրա չեն ցանկանում ժամանակ կորցնել:

Հանրային քննարկման մասնակիցներից Տիգրան Պետրոսյանի կարծիքով փոքր զոռբայությունից ծնված մեծ զոռբայության, ամենաթողության եւ օրենքների չգործելու հետեւանք է այն, ինչ հիմա փաստացի կատարվում է: «Սա օրինաչափություն էր ու չզարմացանք, որովհետեւ ճաշը սկսել էր եփվել վաղուց: Ուղղակի պիտի աշխատենք՝ լինելով պատերազմող երկիր՝ խնդիրներ չստեղծենք սահմանը պահող մեր զինվորների համար: Ու էս իրավիճակն ինձ համար սկզբունքային ունի միայն մի ելք՝ պիտի ստեղծված իրավիճակից դուրս գանք առանց արյունի»:

Ստորեւ ներկայացնում ենք Երևանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 
Գյումրիում կազմակերպված հանրային քննարկման մասնակիցների հայտարարություն.

Մենք՝ Գյումրիում բնակվող ՀՀ քաղաքացիներս՝
1. Հայտնում ենք մեր ցավակցությունը զինված բախման արդյունքում զոհված ոստիկան Արթուր Վանոյանի ընտանիքին և հարազատներին:
2. Կոչ ենք անում իրավապահ մարմիններին եւ «Սասնա ծռեր» խմբին իրավիճակի խաղաղ հանգուցալուծման տանող և արյունահեղությունը բացառող ելքեր գտնել:

Պահանջում ենք
3. Անհապաղ ազատ արձակել ապօրինի բերման ենթարկված և ձերբակալված ՀՀ բոլոր քաղաքացիներին, դադարեցնել ՀՀ ոստիկանության ապօրինի գործողությունները և չչարաշահել «օրինական պահանջ», «հրավիրում ենք բաժին» և այլ նման արտահայտություններ, չխախտել օրենսդրության պահանջները:
4. ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողություններ իրականացրած ոստիկաններին ենթարկել պատասխանատվության: 
5. Չկրկնել ՀՀ-ում համացանցային տեղեկատվության հասանելիության սահմանափակման փորձերը:
6. Անհապաղ հրապարակել պաշտոնական դիրքորոշում իրավիճակի վերաբերյալ ՀՀ նախագահի մակարդակով: 
7. Ապահովել տեղեկատվություն հաղորդելու «Սասնա ծռեր» խմբի հնարավորությունը բոլոր լրատվամիջոցներով: 
8. Իրականացվող փոխզիջումների մասին տրամադրել հստակ տեղեկատվություն, այդ թվում բաց թողնված պատանդների և ՀՀ ոստիկանության համարժեք քայլերի մասին: 
9. Վերահաստատում ենք մեր կողմից բազմիցս հնչած պահանջը՝ ազատ արձակել ՀՀ բոլոր քաղ.բանտարկյալներին: բացառել քաղաքական դրդապատճառներով ՀՀ քաղաքացիների քրեական պատասխանատվության ենթարկելու գործողությունները և վերաքննել նմանատիպ ռիսկայնություն ունեցող բոլոր գործերը:
Մեր պահանջների չիրականացման դեպքում մենք՝ ՀՀ քաղաքացիներս մեզ ազատ ենք համարում օրենքով չարգելված միջոցներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter