HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորածնին մորը չեն վերադարձնում և թույլ չեն տալիս կրծքով կերակրել նրան

25-ամյա Լենա Հարությունյանը 27 օր առաջ լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Սակայն փոքրիկ Սամվելին նրանից վերցրել և այժմ էլ թույլ չեն տալիս նույնիսկ կրծքով կերակրել:

Պատմությունը, որի մեջ Լենան հայտնվել է, այժմ դատարանում է և սպասում է քննության, սակայն մինչ այդ դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, կողմին պարտադրել է, որպեսզի չխոչընդոտի Լենային երեխային կրծքով կերակրելուն:  

Լենան պատմում է, որ Ամերիկայում բնակվող Կարեն Հարությունյանը խնդրել է իրեն սուրոգատ մայր դառնալ և երեխա ունենալ իր համար: Լենան էլ համաձայնել է: Սակայն հղիության ընթացքում պարզել է, որ իր ձվաբջիջն է օգտագործվել, և ոչ թե այլ անձի, ինչպես նախապես պայմանավորվել են: Իմանալով, որ երեխան իրենն է, Լենան որոշել է երեխային այլևս չտալ Կարեն Հարությունյանին: Վաղաժամ ծննդաբերությունից հետո Կարեն Հարությունյանն, այդուհանդերձ, կարողացել է համոզել Լենային, ով գտնվել է հետծննդաբերական ծանր վիճակում, և խոստացել է խնամել երեխային մինչև Լենան ապաքինվի ու դուրս գրվի հիվանդանոցից:

Լենան խուսափել է իր ընտանիքի հետ բախումներից և հասարակական արձագանքից, այդ պատճառով համաձայնել է, որ երեխային որոշ ժամանակ Կարեն Հարությունյանը խնամի: Սակայն Կարենն այդուհետ Լենային ոչ թույլ է տվել տեսնել երեխային, ոչ էլ հանձնել է նրա խնամքին:  

Երեխայի նկատմամբ որևէ իրավունք Կարեն Հարությունյանը չունի: Լենայի մոտ է երեխայի ծննդականը, որտեղ որպես հայր նշվում է ոմն Հովսեփը: Կարենի արաքը, երեխային պահել և թաքցնել իրենից, Լենան որակում է որպես իր երեխայի առևանգում:

Լենա Հարությունյանը դիմել է Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների դատախազ Ա.Աղայանին: Հայտնել է, որ արհեստական սերմնավորման հետ կապված բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնում են բժշկական այն կազմակերպությունները, որոնք պահպանում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պայմանները և ունեն օրենքով սահմանված կարգով ստացված բժշկական օգնության և սպասարկման «վերարտադրողաբանական» («ռեպրոդուկտոլոգիական») տեսակով զբաղվելու լիցենզիա: Սակայն իրեն նկատմամբ արհեստական սերմնավորման փորձերը կատարվել են տնային պայամններում, Կարեն Հարությունյանի փաստացի կինը հանդիսացող Աննետ Զաքարյանի կողմից: Ընդ որում՝ տնային պայմաններում արհեստական սերմնավորման փորձերը, որպես բժշկական հատուկ գործողություն, կատարվել են երեք անգամ: Նման եղանակով հղիացումից հետո Աննետ Զաքարյանը սկսել է վարել հղիության ընթացքը, կատարել է իրենց կողմից ԱՄՆ-ից բերված վիտամինների նշանակումներ, տվել է սխալ ցուցումներ, ինչի հետևանքով հղիության վերջին շրջանում խնդիրների են առաջացել Լենայի մոտ: Նա գեր քաշ է ստացել և առաջ են եկել երիկամային խնդիրներ: Արդյունքում ստիպված ժամանակից մեկ ամիս շուտ բարդ վիրահատությամբ նա ծննդաբերել է, տևական ժամանակ եղել է անկողնային ռեժիմում՝ երիկամների դեմ բուժում ստանալով:

«Նման պայմաններում, եթե քննություն կատարվի և հաստատվի նշված փաստերի առկայությունը, ապա Աննետ Զաքարյանի և Կարեն Հարությունյանի գործողություններն ենթակա են քրեաիրավական գնահատականի, քանի որ մի դեպքում առանց իմ վստահորդի իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության տնային պայմաններում նա բժշկական փորձերի է ենթարկել, որից երկուսը չի ստացվել, իսկ երրորդը ստացվել է՝ տեղի է ունեցել հղիացում, մյուս դեպքում՝ դրանք իրենց մեջ պարունակում են մասնավոր բժշկական գործունեության ապօրինի զբաղվելու արարքներ»,-հայտնում է Լենայի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մուրադյանը: Ընդ որում՝ ըստ նրա, իր վստահորդին Կարեն Հարությունյանը և Աննետ Զաքարյանը փոխադարձ համաձայնությամբ սխալ տեղեկություններ և կեղծ խոստումներ տալով դրել են նյութական կախվածության մեջ:

«Այս պայմաններում Աննետ Զաքարյանը և Կարոն Հարությունյանն իմ վստահորդի հետծննդյան ծանր վիճակն օգտագործելով, կարողացել են նրա խաբել և ծննդատնից վերցնել երեխային: Այժմ, երբ իմ վստահորդը պահանջում է իր երեխային, ցանկանում է մայրական կաթով կերակրել, հոգ տանել նրա մասին և զբաղվել նրա խնամքով, Աննետ Զաքարյանը և Կարոն Հարությունյանն իմ վստահորդից թաքցրել են երեխային»,-շարունակում է փաստաբանը:

Միևնույն ժամանակ դատարան հայց է ներկայացվել՝ երեխային մայրական կաթով կերակրելու խոչընդոտները վերացնելու և երեխային մորը հանձնելուն պարտավորեցնելու պահանջով: Դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել և պարտավորեցրել Կարեն Հարությունյանին մորը՝ Լենային թույլ տալ կերակրել երեխային: Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ալիմենտի բռնագանձման Երևանի քաղաքի բաժնի հարկադիր կատարող Վարդան Շահվերդյանը որոշել է հայցի ապահովման նպատակով արգելել  Կարեն Հարությունանին երեխա Սամվել Հարությունյանին մայրական կաթով կերակրելուն խոչընդոտելը: «Որոշման պահանաջն ենթակա է անհապաղ կատարման»,-նշվում է հարկադիր կատարող Վարդան Շահվերդյանի որոշման մեջ:

Այսօր «Հետքի» խմբագրություն է դիմել Լենան և նրա փաստաբան Տիգրան Մուրադյանը՝ խնդրելով իրենց հետ այցելել Սայաթ-Նովա 12 հասցե, որտեղ բնակվում են Կարեն Հարությունյանն ու իր կինը և ներկա գտնվել կերակրման ընթացքին, որպեսի չխոչընդոտվի Լենայի իրավունքը:

Նշված հասցեում դուռը ոչ ոք չբացեց: Զանգերին Կարեն Հարությունյանը չէր պատասխանում: Վարդան Շահվերդյանի հետ մեր զրույցի ժամանակ, երբ պատմեցինք, որ Լենա Հարությունը եկել է կերակրելու երեխային, սակայն դուռը չեն բացում, վերջինս նշեց, որ կխոսի պետի հետ: Քիչ անց Կարեն Հարությունյանը զանգահարեց Լենային և առաջարկեց նրան իր կաթը սրվակով փոխանցել իրեն, որով ինքը կատարած կլինի դատարանի և ԴԱՀԿ-ի պահանջը: Սակայն Լենան այդ մասին լսել անգամ չէր ուզում, քանզի երեխայի կերակրման պրոցեսը պետք է բնականոն լինի, այլ ոչ թե արհեստական:

Փաստաբան Տիգրան Մուրադյանի ահազանգով Սայաթ-Նովա 12 հասցե ժամանած ոստիկանը ևս ոչինչ անել չկարողացավ: Վերջինս Լենային և մորը հրավիրեց բաժին՝ բացատրության համար: Զանգահարեց նաև Կարեն Հարությունյանին, ով ասաց, որ տանը չի և կգնա բացատրություն տալու առավոտյան: Երեխայի գտնվելու վայրը թաքուն է պահվում, իսկ ԴԱՀԿ աշխատակիցներն այդ ամենին չեն միջամտում:

Տիգրան Մուրադյանն ասում է, որ ԴԱՀԿԾ-ն դրսևորում է բացարձակ անգործություն, դատական ակտը չի կատարվում, իսկ ԴԱՀԿԾ Ալիմենտի բռնագանձման բաժնի պետ Հայկ Գասպարյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության՝ դատական ակտի պահանջը չարամտորեն չկատարելու և խեղաթյուրելու համար: «Պարտապանը պարտավորեցվել է, բայց դուռը չեն բացում: Դատարան դիմելու մեր իրավունքը լրիվ զրոյացել է: Հարկադիր կատարման ծառայությունը օրենքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորում»,- նշում է փաստաբան Տիգրան Մուրադյանը և այս ամենը ցինիզմ որակում:

Կարեն Հարությունյանը զրույցից հետո Լենային sms հաղորդագրություն ուղարկեց՝ նույն բովանդակությամբ:

Նա, սակայն, նույն համարին կատարած մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Գործի վերաբերյալ պարզաբանումներ Կարեն Հարությունյանից ստանալ այդպես էլ չկարողացանք:

ԴԱՀԿԾ հարկադիր կատարող Վարդան Շահվերդյանն էլ մեզ հետ զրուցելուց հրաժարվեց՝ նշելով, որ մենք վարույթի կողմ չենք:

Փաստաբան Տիգրան Մուրադյանը վաղը նորից դատարան միջնորդություն է ներկայացնելու: Փաստաբանը խնդրելու է ձեռնարկել հայցի ապահովման միջոց' արգելել պատասխանող Կարեն Կառլենի Հարությունյանին 23.06.2016թ. ծնված Սամվել Հովսեփի Հարությունյանին կրծքով կերակրելու համար Լենա Կարենի Հարությունյան հանձնելու վերաբերյալ գործողություններին խոչընդոտելը և ապահովել երեխայի կրծքով կերակրվելու հնարավորությունը, նկատի ունենալով, որ այդպիսի միջոց չկիրառելը' հայցի բավարարման դեպքում, կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել վճռի կատարումը' տևական ժամանակ կրծքով չկերակրվելու դեպքում կարող է դադարել Լենա Կարենի Հարությունյանի մոտ կաթը, միաժամանակ նվազեցնելով երեխայի առողջ աճը և զարգացումը, նպաստելով շնչառական, փորլուծային և մի շարք այլ հիվանդությունների առաջացմանը, ինչպես որ ասված է ՀՀ կառավարության որոշմամբ:

Մեկնաբանություններ (5)

Վարդան
էրեխա ծախելու համար բանտ չեն գնում?
ռաֆ
երկիրը երկիր չի։ էսի ուզելա ամերիկա թռնի ձև չի ճարել որոշելա երեխա բերի ամերիկացիների համար, ծախի հետո ել օգտվի նրանցից։ ինչիցա բողոքու՞մ
Նարինե Հակոբյան
այս կինը պատմում է ինչ-որ ստեր հղիանալու մասին, բայց ինչ վերաբերում է լրագրողին, ակնհայտորեն նա չունի պատկերացում, թե ինչ է գրում
Անահիտ Մուրադյան
Ակնհայտ է, որ սա միակողմանի պատմություն է, որտեղ այդ կինը ցանկանում է, որպեսզի գումար վաստակի վաճառելով իր երեխային հարուստ ամերիկացիներին
վահե կարապետյան
երեվումա երեխայա ծախել փօղը չեն տվել շուխուռա.բացել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter