HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան

Ո՞րն է հակամարտության գիծը. Ապստամբներ և իշխողներ

«Սասնա ծռեր» ապստամբների որևէ միակողմանի դատապարտում արձակում է իշխանության ձեռքերը և բացում արյունահեղության ճամփան:

Հուլիսի 17-ի առավոտյան Հիմնադիր Խորհրդարան կազմակերպության «Սասնա ծռեր» ջոկատը գրավել է Ոստիկանության Էրեբունու պահակապարեկային ծառայության գունդը: Փոխհրաձգության արդյունքում մահացել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, երեք ոստիկան և երկու ապաստամբ վիրավորվել են: Ապստամբները վերցրել են վեց պատանդ, որոնցից երկուսին ազատ են արձակել:

«Սասնա ծռեր»-ը ներկայացրել է պահանջ՝ ազատել իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, չզիջել տարածքներ Արցախում և Սերժ Սարգսյանի հրաժարականը: Վերջին պահանջը նրանք կարծես այլևս չեն շեշտում:

Ոստիկանությունը շրջափակել է տարածքը և սպառնում է գրոհով:

Ասում են՝ ապստամբները մոտ 25 հոգի են, 18-ի մասին տեղեկություն է տվել «Հայկական ժամանակ»:

Բոլորը հասկանում են, որ «Սասնա ծռեր»-ը զիջող չէ, որ գրոհը մեծ արյունահեղության է հանգեցնելու:

Ապստամբների դեմ գրոհից խուսափելու միակ ձևն այսօր նրանց հասարակական համերաշխություն հայտնելն է, կշեռքի ապստամբների նժարը ծանրացնելը:

Այո, ինչքան ծանր լինի ապստամբների նժարը, այնքան իշխանությունը կզսպի իրեն և փոխզիջման կգնա: Իսկ փոխզիջումների հնարավորություն կա, օրինակ՝ այն, որ իշխանությունը հայտարարի ապստամբների համաներում կամ  ազատի Ժիրայր Սեֆիլյանին:

Սակայն, մի շարք մտավորականներ իշխանությանը դուր գալու համար կրակի վրա յուղ են լցնում ու միակողմանիորեն մեղադրելով ապստամբներին՝ նպաստում արյունահեղությանը՝ եթե հանցագործ են ուրեմն, գրոհ:

Ոչ միայն ֆիզիկական սահման է գծված ապստամբների և ոստիկանների, ոստիկանների և ապստամբներին աջակցողների միջև, այլև մի այլ գիծ, որ գոյություն ունի բոլոր ժամանակներում և միայն սուր առճակատման ժամանակ է երևակվում՝ սահմանագիծը իշխանության ծառաների և անհանգիստ հոգիների, մշտապես հարմարվողների և նրանց, ովքեր չեն հանդուրժում անարդարությունը:

Տարբեր կողմերում կանգնածներից երկուսի նկարագիրը:

«Սասնա ծռեր» ջոկատի անդամ Արամ Հակոբյանը 58 տարեկան է, ծնվել է Գյումրիում:

Լուսանկարը՝ «Հայկական ժամանակի»

Նրա հարազատները պատմում են, որ Արամը դպրոցում մշտապես կոնֆլիկտի մեջ էր ուսուցիչների հետ, պատմության դասին կանգնում ասում էր՝ Ղարաբաղը ու Նախիջևանը Հայաստան են, դուք սուտ եք ասում, Արամին դուրս էին անում ու մորը դպրոց էին կանչում:

«Մենք փոքր աղջիկներ էինք, հայրս անընդհատ մեզ համար արտասանում էր Սասունցի Դավիթը, էնքան, որ անգիր էինք արել»,- պատմում է դուստրը՝ Եվան:

Հայաստանի առաջին դաշնակցականներից է, 1990-ին ընդունվում է Դաշնակցության շարքերը: Հենց սկսվում է Արցախյան պատերազմը, մեկնում է ռազմաճակատ, Ժիրայր Սեֆիլյանի զինակիցն է եղել: Մի շարք պարգևներ է ստացել:

Հակոբյանի պարգեւները

1992-1993 թվականներին կռվել է Քելբաջարում, Լիսագորում և հիմնականում Մարտակերտում:

Պատերազմի հետևանքով արյունահոսություններ է ունեցել, վիրահատել են և միզապարկում ուռուցք հայտնաբերել:

Հակոբյանը կանգնած ազատամարտիկների շարքում է՝ ձախից երրորդը

1996թ. մասնակցում է ընտրությունների կեղծիքների դեմ ցույցերին, ոստիկանության հետապնդումից խուսափելու համար մեկնում է Հունգարիա:

Այսօր նա՝ Վազգեն Մանուկյանը, ում նախագահ դառնալու համար պայքարում էր, մի այլ ընտրակեղծարարի կողմից պաշտոն է ստացել՝ Հանրային խորհրդի նախագահն է և ապստամբներին տեռորիստ է անվանում:

Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո՝ 1998-ին, վերադառնում է և դառնում Դաշնակցության Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ:

2005-ից Գյումրիի ծանրամարտի դպրոցի փոխտնօրենն է:

Մի հարցազրույցում Դաշնակցության քաղաքական կուրսը քննադատելու համար, որ հարմարվողական է և մշտապես կոալիցիաներ է կազմում իշխող ռեժիմի հետ, հեռացվում է Դաշնակցությունից. «Ես այժմ էլ Դաշնակցության գաղափարախոսության կրողն եմ, բայց այսօրվա Դաշնակցությունը ոչ մի կապ չունի այդ գաղափարախոսության հետ»:

Դառնում է Ժիրայր Սեֆիլյանի ստեղծած Հիմնադիր Խորհրդարանի (նախկինում՝ Նախախորհրդարան) անդամ. «Վստահում եմ Ժիրայրին որպես ազնիվ, անխարդախ մարդու և բարձր եմ գնահատում նախախորհդարանի գաղափարախոսությունը՝ արդարության ձգտումը, Հայաստանի ու Արցախի միասնության գաղափարը»:

Անցյալ ապրիլին Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ ձերբակալվում է, գրավի դիմաց ազատվում: Գործը մինչև հիմա չի փակվել:

Վերջին չորս տարում երկու անգամ վիրահատել են գանգուղեղն ու միզապարկը:

Հաշմանդամությունը արգելք չեղավ ապստամբության մասնակցելու համար:

Երկու օր ընտանիքը տեղեկություն չուներ Արամից, զանգում էին, հեռախոսը անջատված էր, անհանգիստ իրար էին զանգում, բայց ոչ մի տեղեկություն: Մեկ էլ հուլիսի 17-ին առավոտյան «Գալա» հեռուստաընկերությամբ Արամի հարցազրույցն են կարդում, որտեղ ասում է, թե գրավել են Էրեբունու ոստիկանության ՊՊԾ-ն:

Մայրը, կինը, որդին, երկու դուստրերը և մի ամբողջ գերդաստան ամեն վայրկյան տագնապի մեջ են, որ հանկարծ հարձակում չլինի:

Հուլիսի 19-ին դստեր՝ Եվայի ծննդյան օրն էր: Նա անցկացրեց Խորենացու փողոցում՝ դստեր ու հոր արանքում ոստիկանների շղթան է, քանի՞ մետր է շղթայից մինչև գունդ: Ասում են՝ մի քանի հարյուր մետր, գուցե կիլոմետր: Մեկ էլ  կրակոցներ են լսվում, Եվայի սիրտը վեր է թռչում, հետո պարզվելու էր, որ Սարի թաղի բնակիչների և ոստիկանների միջեւ բախում է եղել, և ի նշան բնակիչներին աջակցության՝ ապստամբները օդ են կրակել:

Հետո մի տղա բարձրախոսով հայտնեց, թե Ռուսաստանից «Ալֆա» ջոկատն են բերել, բարձրախոսով տղան հուզվեց, ձայնը երերաց: Ո՞վ է նա, երևի ապստամբներից մեկի ազգականը: Եվան գունատվեց:

Երեկոյան 11-ի մոտ Եվան հեռախոսով կապվեց հոր հետ. «Պապա, էսօր ծնունդս է, գոնե հիշո՞ւմ ես»: Արամը չէր հիշում. «Վայ աղջիկ ջան, շնորհավոր, տես ինչ պատմական օր ես ծնվել»: Իսկ Եվայի արցունքները սկսում են հոսել. «Պապա, էս ի՞նչ նվեր արեցիր ծնունդիս»: Բայց հայրը վստահ էն կողմից ասում է՝ պատմական նվեր արեցի, Եվան լաց է լինում, Արամը շարունակում է՝  էլ ոնց անես, էլ ուրիշ ձև չգիտի էս ժողովուրդը, էլ ուրիշ եղանակ չի մնացել, սա է միակ ելքը:

Եվան ֆրանսերենի մասնագետ է, «Ինքնագիր» գրական կայքում հրատարակվել են նրա թարգմանությամբ Կրիստևայի «Բուլղարիա, իմ ցավ» և «Գրականությունը որպես ցլամարտ» էսսեները:

«Ամբողջ կյանքներս հայրս մեզ անհանգստության մեջ է պահել, պատերազմ էր գնում, տանը չէր զգուշացնում, խաբում ասում էր, թե ինչ-որ գործով մի քանի ամսով գնում է, մեկ էլ ընկերներից էինք իմանում, որ Ղարաբաղում է: Հետո ցույցեր, փախուստ, առողջությունը փչացրեց, վիրահատություններ, էլի կալանավորում, հիմա էլ սենց նվեր: Երբեք նրա համար ընտանիքը առաջնային չի եղել»,- ասում է Եվան:

Առճակատման մյուս կողմում Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն է, ում ընտանիքը երբեք չի իմացել, թե ինչ է անհանգստությունը:

Միլիտոնյանը պատերազմի վետերան ապստամբներին դատապարտում է, հայտարարում է. «Գնացել էին զոհվելու, թող գնային Ադրբեջանի սահմանին զոհվեին, ոչ թե հայ մարդ սպանեին»:

Նա այդ հայտարարությունը անում է այն բանից հետո, երբ հուլիսի 18-ին ոստիկանները խաղաղ ցուցարարներին ծեծելով տանում լցնում են մարզադաշտ, նվաստացնում, թքում վրաները ու ստիպում կոշիկները լիզել: Ինչո՞ւ է միակողմանի մեղադրում Միլիտոնյանը, ինչո՞ւ նրա համար նորմալ է ոստիկանության բռնությունը, իսկ նրա դեմ ապստամբությունը «հայը հայի դեմ» կռվել:

Պատասխանը թաքնված է Միլիտոնյանի կենսագրության մեջ:

64-ամյա Էդուարդ Միլիտոնյանը սովետական տարիներին Կոմսոմոլի կենտկոմում է աշխատել, Կոմունիստական կուսակցության անդամ էր,  այն կուսակցության, որը տասնյակ հազարավոր «հայ մարդիկ» է սպանել, որոնց մեջ Բակունցը, Չարենցը, Թոթովենցը, Զապել Եսայանը և այլն,  տասնյակ հազարավորների էլ աքսորել է: Սովետի փլուզումից հետո նա սահուն մտավ նոր իշխանությունների մեջ: Նա այն հազվագյուտ մարդկանցից է, որ սովետական տարիներից մինչև այժմ պաշտոնների է:

Անկախ Հայաստանում էլ 25 տարի բոլոր նախագահների ժամանակ պաշտոնը չի կորցրել՝ եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության նախագահի առաջին տեղակալ և նախագահ, Հայաստանի ռադիոյի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության պետ։ Տարիներ շարունակ Մշակույթի նախարարության Հրատարակչական գործի գործակալության պետն է,  2013 թվականին դառնում է Հայաստանի գրողների միության նախագահ, բայց միաժամանակ չի կորցնում  պաշտոնը (հիշենք, որ Գրողների միության նախորդ նախագահը՝ Լևոն Անանյանը, երբ ընտրվեց, հրաժարվեց «Գարուն» ամսագրի խմբագրի պաշտոնից)։

Նա այն  իշխանության հետ է եղել, որը բազմաթիվ հայեր է սպանել՝ Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանին և նրա վարորդ Վարուժան Աբրահամյանին, Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանին, նրա վարորդ Հակոբ Ունիկյանին, գեներալ Ժորա Իսահակյանին, Արթուր Հովհաննիսյանին և Կարեն Ռաֆայելյանին, ապա նաև Պողոս Պողոսյանին: Բազմաթիվ չբացահայտված ու չդատապարտված սպանություններ, որոնց մասին քաղաքական վերնախավը գիտի, բայց լռում է, նաև սպանությունները բանակում, ոստիկանություններում, նաև 2008-ի բախումների զոհերը: Չենք հաշվում անուղղակի սպանությունները, աղքատության արդյունքում այն հազարավոր մարդկանց մահը, ովքեր չունեին գումար դեղ գնելու կամ բժշկության ծառայության համար:

Այժմ էլ իշխանությանը ծառայելով՝ նոր հանցանքի է մասնակցում՝ մեղադրելով ապստամբներին, իշխանությանը օգնում է, նրա ձեռքերը ազատում է,  որ գրոհի և այդպիսով նպաստում է արյունահեղությանը:

Նույն խավի իշխանությանը ծառայող երկու մտավորական՝ Մերուժան Տեր-Գուլանյանը (կրկին նախկինում կոմկուսի անդամ, ապա՝ ՀՀՇ-ական, ապա՝ Հանրապետական) և Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նույն պոպուլիզմն են խաղացնում՝ ասելով. «Հայը հայի դեմ պիտի զենք չվերցնի», այսպիսով միակողմանի մեղադրելով ապստամբներին:

Նրանք երկուսն էլ «խիզախ» են խաղում՝ հայտարարելով, թե պատրաստ են պատանդ ոստիկանների փոխարեն իրենք պատանդ հանձնվել:

Նրանց այս առաջարկն էլ անուղղակի նպաստում է արյունահեղությանը, եթե նրանք իրոք անհանգստացած լինեին կոնֆլիկտի խաղաղ կարգավորմամբ, առաջարկ կանեին իշխանություններին, որ Ժիրայր Սեֆիլյանին ազատեն և իրենց վերցնեն պատանդ, նրա տեղը իրենց կալանավորեն: Եթե իրականանար այսպիսի կոմբինացիա, ապա իրոք ապստամբները զենքը վայր կդնեին, ու արյուն չէր թափվի:

Ասում են՝ «Սասնա ծռեր» ջոկատը ծայրահեղ քայլի է դիմել: Երբ ծայր չունեցող անձնական շահն ու ագահությունն է իշխում, երբ գնված են մտավորականներ ու քաղաքական գործիչներ, հայտնվում են մարդիկ, որ ծայրը ուզում են կտրել, ուղղակի ագահության  ծայրը այնքան հեռուն է գնացել, որ այնտեղ հասնելը ծայրահեղություն է դառնում:  

Մեկնաբանություններ (3)

Վարդուհի
1996թ.ընտրակեղծիքների դեմ պայքարողներից շատ շատերը, որոնք նաև նստեցին մի քանի ամիս ու ծեծվեցին,2008թ Լևոն ընտրեցին ու գոռում էին Վազգեն դավաճան, որ լևոնին չմիացավ: Սրա մասին ձեռ չի տալիս չէ գրել?
հայկ
Ինչու ենք ամեն ինչ վերագրում հայ լինելու հանգամանքին։ Այն ինչ կատարվել է և շարունակվում է ոչ մի կապ չունի հայի կերպարի հետ,։ Դա մի ակցիա է, որը կարող էր տեղի ունենալ ցանկացած երկրում։ Մենք պետք է խոսենք մի երևույթի մասին, որը իր բնույթով խիստ հայկական է։ Այն է ամենաայլանդակ սեռական բնույթի հայհոյաննչների մասսայական տեղատարափը , ինչպես որոշ ավարտված երիտասարդների, այնպես էլ իրավապահ մարմիններում հայտնված կենդանիների կողմից։Ինչպես կարող է իրեն հարգող մարդը, առավել ևս աղջիկը կամ կինը ներկա գտնվել կամ մասնակցել նմանատիպ ցույցի կամ հավաքի։ Գուցե դա ուղղորդվում է ինչ֊որ կենտրոնից հենց այդ նպատակով։ Դիտելով կամ լսելով այս ամենը որևէ այլազգի ներկայացուցիչ կարող է եզրակացնել միայն մի բան, որ մենք իրավունք չունենք մեզ համարել քաղաքակիրթ ազգ և մենք դատապարտված են քարշ գալու միջնադարյան խավարի մեջ իր բոլոր դրսևորումներով։ Մեր իշխանությունները լիովին համապատասխանում են մեր էությանը և սա կշարունակվի այնքան ժամանակ երբ կամ էշը կսատկի կամ էլ էշատերը։ Սովորաբար նման առիթներն օգտագործվում են ինքնամաքրվելու, ազգի լավագույն հատկանիշները դրսևորելու և սեփական տունը աղբից մաքրելու համար , իսկ մենք անում ենք ճիշտ հակառակը, էլ ավելի ենք արատավորում մեր բարի համբավը, թույլ տալով հասարակական կարծիքը ուղղորդեն «մարդիք» որոնց չի կարելի վստահել նույնիսկ էշը ջրելու տանել։
Սիրանուշ
Դաաաա, այ քեզ դիլեմա…. Չգիտես որն է ճիշտ, որը սխալ: Բնության մեջ սև ու սպիտակ չկա, էդ մարդիկ են հորինել, որ պիտակավորեն իրար: Ասածս ինչ է՝ երկու կողմում էլ հայ մարդն է կանգնած՝ իր շահերով, նպատակներով, իղձերով… Չեմ կարծում, որ գրողների միության նախագահը հայրենիքը չի սիրում, ուղղակի վախկոտ մարդ է, իր պաշտոնն ավելի է սիրում… էդ ծռերն էլ արդարությունն են ավելի սիրում, ու մի մարդու էլ մատաղ արեցին էդ արդարության համար: Այդպես է, արդարության գինը միշտ բարձր է, դրա համար էլ մարդիկ էժանին են ձգտում, քծնելուն, լպստելուն … Բայց մեր ոստիկանները ստորություն են արել, չէր կարելի ջահելներին նվաստացնել, իրականում իրենք են ամեն օր լպստում կոշիկները… իրենց վերադասների: Էդ էլ հո երկրի ղեկավարը չէր հրամայել, արջի ծառայություն են մատուցում, իրենք իրենց ստորացնելով առաջին հերթին: Չեմ ընդունում, չի կարելի… մարդկային դեմքը ոչ մի պարագայում չի կարելի կորցնել, մարդկությունը կորցրածներին մենք՝ հայերս թուրք ենք անվանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter