HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սիմոնյան

Ժողովուրդը գտնում է, որ ինքը հաղթել է

Լոռու մարզում 1995 թ. ի վեր ընտրություններում առաջին անգամ հաղթանակող կողմը իշխանությունը չէ։ Շուրջ 3000 ձայնի տարբերությամբ մեծամասնական ընտրակարգով հաղթել է ԱԺ պատգամավորության թեկնածու Համլետ Թամազյանը։

Հիշեցնենք, որ նա անկուսակցական է, Ալավերդի քաղաքի պատվավոր քաղաքացի, Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի տնօրենը։ Մյուս հիմնական թեկնածուն՝ Հովհաննես Քոչինյանը ՀՀԿ անդամ է։ Նրան պաշտպանում էին բոլոր իշխանամետ կուսակցությունները, թեկնածուի եղբայրը՝ Լոռու մարզպետը, Ալավերդու քաղաքապետն ու գրեթե մյուս բոլոր համայնքապետերը։ Հիմնական ընտրազանգվածը Հ. Թամազյանի կողմնակիցն էր, բայց մտավախություն կար, որ իշխանությունների կողմից կիրառվող լծակները կրկին իրենց սեւ գործը կանեն։

Քվեաթերթիկների հաշվման ժամանակ արդեն, երբ պատկերը որոշակիորեն պարզ էր, մի քանի ընտրական տեղամասերում լարվածություն առաջացավ։ Ընդհուպ ժամանակավորապես դադարեցվեց մի քանի հանձնաժողովների աշխատանքը։ Թիվ 40 ընտրատարածքի 1179 ընտրական տեղամասում հանձնաժողովի նախագահը խռովեց հանձնաժողովից, լքել քվեասենյակը։ Նա հանձնաժողովի անդամներից պահանջում էր անվավեր համարել 66 քվեաթերթիկ։ Ըստ հանձնաժողովի մեծամասնության՝ պատճառաբանությունն անհիմն էր։ Ի վերջո, հանձնաժողովի քվեարկության արդյունքներով 19-ը վավեր համարվեց։ Անվավեր քվեաթերթիկների հիմնական մասը քվեատուփ էր գցվել՝ առանց կնիքի։

Ընտրությունների արդյունքները

Թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները։ 42228 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 24146-ը։

Մեծամասնական ընտրակարգով գրանցված 4 թեկնածուների միջեւ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Սեյրան Անթանեսյանն ստացել է 371, Համլետ Թամազյանը՝ 12979, Լարիսա Փարեմուզյանը՝ 324 եւ Հովհաննես Քոչինյանը 9599 ձայն։ Անվավեր է համարվել 658 քվեաթերթիկ։ Բոլոր թեկնածուներին դեմ է քվեարկել 215 ընտրող։

Համամասնական ընտրակարգով ամենաշատ թվով քվե ստացել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 3896, այնուհետեւ «Արդարություն» դաշինքը՝ 3843։ 3460 ձայն է ստացել «Օրինաց երկիր», 2781 ձայն՝ ՀՅԴ կուսակցությունը։ Զգալի թվով՝ 1930 ձայն է հավաքել Միավորված աշխատանքային կուսակցությունը։ «Հզոր հայրենիք» կուսակցության օգտին թիվ 40 ընտրատարածքում քվեարկել է 1500 ընտրող։ 1111 քվե է ստացել «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» կուսակցությունը։ ՀՌԱԿ-ի օգտին քվեարկել է 921 մարդ։ Մնացած կուսակցություններն ստացել են մինչեւ 500 ձայն։ Ամենաքիչ թվով ձայն՝ 60, ստացել է «Հայ արիների բռունցք» կուսակցությունը։

ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն, թիվ 40 ընտրատարածքում փոփոխություններին կողմ է քվեարկել 11382, դեմ՝ 9964 մարդ։ Անվավեր է ճանաչվել 2150 հանրաքվեի քվեաթերթիկ։

Բողոք-դիմումներ թիվ 40 ԸԸՀ-ին

Թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սահմանված ժամկետում 2 դիմում-բողոք է ստացել ընտրությունների վերաբերյալ։ «Արդարություն» դաշինքի — ՀՀՇ կուսակցության վստահված անձինք իրենց դիմումի մեջ նշել են, որ մայիսի 25-ի ժամը 20։00-ից մինչեւ մայիսի 26-ի ժամը 10։50-ը ԸԸՀ նախագահ Գագիկ Շահնազարյանն անհայտ պատճառներով բացակայել է ընտրական հանձնաժողովից։ Ընտրական փաստաթղթերն ընդունել են նախագահի տեղակալն ու քարտուղարը։ Մայիսի 26-ի ժամը 11-ի դրությամբ ԸԸՀ չէր ներկայացվել Ախթալայի թիվ 1184 ընտրական տեղամասի արդյունեքների մասին արձանագրությունը։ Նշված տեղամասի նախագահը Ախթալայի քաղաքապետ Սուրեն Թամազյանն էր։ Իմ այն հարցին, թե ինչու սահմանված ժամկետում՝ ընտրություններից հետո 14 ժամվա ընթացքում ԸԸՀ չեն բերվել քվեաթերթիկներն ու արձանագրությունը, քաղաքապետ եւ հանձնաժողովի նախագահ Ս. Թամազյանը նշեց, որ ինքը չգիտեր ԸՕ-ով իրեն վերապահված ժամկետային սահմանափակման մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter