HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Թիվ մեկ նախարարը խառնեց խաղաքարտերը

ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը սպասում է, սպասում է ընտրությունների արդյունքներին: Այս ընտրությունները նոր գլխացավանք են դառնալու Նախագահի համար: Գործընթացները կարծես անվերահսկելի են դառնում: Նրան սատարող ուժերին այսօր այլեւս ոչ մի բան չի միավորում:

Առաջինը բոլորի խաղաքարտերը խառնեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` երկրորդ դեմքը Հայաստանում: Գործադիր իշխանության բոլոր մարմիններն աշխատելու են հենց հանրապետականների համար, որի ցուցակում երկրորդ տեղը գրավում է տասը տարի ուժային կառույցներ ղեկավարող Սերժ Սարգսյանը: Միանշանակ է, որ Նախագահը նրանից չի կարող ազատվել: Որոշ դեպքերում նախարարի լծակներն ավելին են, քան Նախագահինը:

Այս երկու գործիչների միջեւ հակասությունները սկսվել են երկու տարի առաջ. պատճառն ամենայն հավանականությամբ, եղել է բենզինի մենաշնորհը, որը պատկանում էր պաշտպանության նախարարի մտերիմ ընկերոջ` Միքայել Բաղդասարովին:

Քոչարյանը փորձեց վերացնել մենաշնորհը, եւ դա ինչ որ չափով հաջողվեց: Ս. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի հակասությունները գնալով ավելի ակնհայտ են դառնում: Այսօր կարծես հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն արեց ամեն ինչ, որ ունենանք թույլ նախագահ: Նշանակվելով Ռ.Քոչարյանի նախընտրական շտաբի պետ` Ս. Սարգսյանն այլեւս չկարողացավ «խաղեր տալ», Քոչարյանը կանխեց նրան:

Հակառակ դեպքում հնարավոր էր Ս.Սարգսյանի ալյանսը նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի հետ: Այժմ նախարարին հստակ երաշխիքներ են պետք, որ ինքը մնալու է երկրի երկրորդ դեմքը: Եվ այս դեպքում միակ երաշխիքը խորհրդարանական մեծամասնությունն է: Բայց դա էլ միանշանակ չէ, ամեն ինչ կարող է մի վայրկյանում հօդս ցնդել: Ամենայն հավանականությամբ վճռորոշ դեր է խաղալու Ստեփան Դեմիրճյանը:

Որքան էլ շատերի համար տարօրինակ թվա, նրա եւ Քոչարյանի համագործակցության տարբերակներ կան: Ադրբեջանի ներքաղաքական վիճակը վատթարանում է: Ալիեւի մահը, պատերազմի վերսկսման վտանգը հնարավոր է Հայաստանում ուժերի համախմբում առաջացնի:

Քոչարյան-Դեմիրճյան համագործակցությունը հնարավոր է, ասենք, նման դեպքում: Մյուս կողմից թե Ս.Դեմիրճյան քաղաքական գործիչը համագործակցության ինչպիսի առաջարկներ կարող է ընդունել, հայտնի չէ: Ինչպիսի հաշվարկ էլ անեն քաղաքական ուժերը, այն երբեք հարյուր տոկոսանոց չի լինելու:

Միշտ էլ հնարավոր է սկսվի մեր խորհրդարանին բնորոշ առնետավազքը: Խորհրդարանում ընտրվողների մեծամասնությունն ընդունակ է դրան եւ ունի դրա փորձը:

Սերժ Սարգսյանը մի քանի հերթապահ տարբերակներ եւս ունի: Չմոռանանք, որ «Օրինաց երկրի» «արարողը» եւ Ա.Գեղամյանի գործողությունները զուգորդողը հենց նա:

Այսպիսով, մայիսի 25-ին կունենանք նոր Ազգային ժողով: Միանշանակ է, որ նոր խորհրդարանում մեծ թիվ են կազմելու մականունավոր օլիգարխները եւ այս խորհրդարանը կրթական ցենզով լինելու վատթարագույնը:

Նրանց դեմ խաղ չկա, նրանք փող ունեն, վատնում են այն փողերը, որոնք նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլորի կողմից անընդհատ թմբկահարվող ստվերային գումարների չնչին մասն են:

Հենց այդ օրը` 2003ն թ. մայիսի 25-ին արձանագրելու ենք, որ մենք ունեցանք անկախ Հայաստանի պատմության ընթացքում ամենավատ խորհրդարանը: Այսպիսով` խորհրդարանում ամենաշատ տեղերն ունենալու է հանրապետական կուսակցությունը:

Նա օգտագործելու է բոլոր լծակները` ուժային կառույցները, տեղական ինքնակառավարման մարմինները, իրենց հովանավորության տակ գտնվող օլիգարխներին, թաղային հեղինակություններին եւ այսպես շարունակ: Հանրապետականներից հետո խորհրդարանում երկրորդ տեղում կլինի Սերժ Սարգսյանի ստեղծած «Օրինաց երկիրը»:

Չնայած սպասվող ընտրախախտումներին` խորհրդարանում շատ ձայներ է ստանալու նաեւ «Արդարություն» դաշինքը: Ըստ երեւույթին, մնացած կուսակցություններից հինգ տոկոսի արգելքը կհաղթահարեն նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հզոր հայրենիքը, ՀԺԱՄ-ը, ՀՌԱԿ-ը:

Դատելով Ա.Գեղամյանի նախընտրական ընդունելություններից` կարելի է ենթադրել, որ նրա ղեկավարած ուժը հինգ տոկոսի սահմանը չի հաղթահարելու: Մի օրինակ բերեմ. Մասիս քաղաքում նրա հանդիպմանը ոչ ոք չէր եկել: Ժողովուրդը նրան չի ներելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում իր պահվածքի համար:

Նա փաստորեն միացավ Ռոբերտ Քոչարյանին: Խոսրով Հարությունյանը որքան էլ բոլոր հեռուստաալիքներով կոչեր հնչեցնի, միեւնույն է` ձայն չի հավաքի: Նրա կատարած հսկայական ծախսերն իզուր են լինելու:

«Արժանապատիվ ապագան» խորհրդարան մտնելու շանս նույնպես չունի. մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, դարձյալ չորս տարով կգնա հանգստի: Սա ամենեւին էլ չի նշանակում, որ ասենք Արմեն Դարբինյանը պաշտոն չի ստանա:

Հեռուստաընկերություն ձեռք բերած Միացյալ աշխատավորական կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը միայնակ կներկայացնի իր կազմակերպությունը խորհրդարանում: Ամենայն հավանականությամբ, Կոմկուսն այս խորհրդարանում ներկայացուցիչ չի ունենա:

Ռոբերտ Քոչարյանն այս անգամ էլ ստիպված է լինելու հաշվի նստել հանրապետականների հետ: Այդ իմաստով այնքան էլ պատահական չեն շրջանառվող այն լուրերը, թե ստեղծվելու է պետքարտուղարի պաշտոն եւ բոլոր ուժային կառույցները ենթարկվելու են պետքարտուղարին:

Այս պաշտոնն, ըստ երեւույթին, նախատեսվել է Սերժ Սարգսյանի համար: Եվ այս տարբերակով էլ են թուլանալու Նախագահ Քոչարյանի դիրքերը: Միակ քաղաքական ուժը, որը բացահայտ պայքարում եւ պայքարելու է Սերժ Սարգսյանի դեմ, Հայ հեղափոխական դաշնակցությունն է:

Ռ.Քոչարյանը եւ ՀՅԴ-ն, սակայն, ոչինչ չեն կարող անել այսքան լծակներ ունեցող Ս. Սարգսյանի դեմ: Խորհրդարան մտած բոլոր ուժերը, բացառությամբ ՀՅԴ եւ «Արդարություն» դաշինքի, աշխատելու են նրա «ենթակայության» տակ:

Անհրաժեշտության դեպքում խորհրդարանում պարբերաբար կբարձրացվի Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի հարցը, որը «վստահության քվե» ստանալու պահանջ ունի: Սա լավ գիտի նաեւ Նախագահ Քոչարյանը:

Այնպես որ կտրուկ քայլերը, որոնց մասին կուլիսներում խոսում էին Քոչարյանի թիմակիցները, անհնար են դառնալու: Քոչարյանը չի կարողանալու ազատվել նաեւ որոշ նախարարներից ու մարզպետներից:

Չնայած պահի տակ թիմից թիմ վազող պատգամավորների պատճառով չեն բացառվում նաեւ այդ կտրուկ քայլերը: Նման քայլեր անելու համար Նախագահը խորհրդարանում պետք է ունենա իրեն սատարող ուժեր:

ՀՅԴ-ն, բնականաբար, թույլ է լինելու, իսկ ընդդիմության հետ բանակցել Նախագահը չի պատրաստվում: Իսկ մինչ այդ ընտրություններից երեք օր առաջ պաշտպանության նախարարն իր համախողներին դիմեց նման կոչով. «ընտրությունների օրը բոլորս լինենք շատ ակտիվ, մենք պարտավոր ենք մթնոլորտի տերը լինելու, մենք ամեն ինչ պետք է անենք օրենքի սահմաններում, առաջինը մենք ենք դեմ, որպեսզի ընտրախախտումներ լինեն, առաջինը մենք ենք դեմ, որպեսզի ընտրակեղծիքներ լինեն, բայց ես նաեւ դեմ եմ, որպեսզի մենք մեզ ոչ լիարժեք չզգանք, մենք պիտի տերը լինենք, ամբողջ քաղաքում մենք պիտի մթնոլորտի տերը լինենք, առանց օրենքը խախտելու, առանց կոպտությունների»։ Թե ինչ է նշանակում այս դիմումը կպարզվի մայիսի 25-ին:

Այս ամենին զուգահեռ ավելի են սաստկանալու միջազգային կառույցների ճնշումները: Որքան էլ չքմեղանան տարբեր տրամաչափի մեր պաշտոնյաները եւ որքան էլ ընդդիմանա ԿԸՀ նախագահ Ա.Սահրադյանը, միեւնույնն է, մենք պետք է հատուցենք մեր պարտավորությունները չկատարելու համար:

Եթե կրկնվեն նախագահական ընտրությունների ընթացքում թույլ տրված ընրախախտումները, բոլորի բոլոր հաշվարկները 180 աստիճանով շրջվելու են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter