HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնային վայրիվերումներ հավկիթի շուկայում. ոմանց կարծիքով՝ դեմպինգ, ոմանց համար՝ շուկայական կարգավորում

Սառա Պետրոսյան

Սեդա Հերգնյան

Հունիս ամսին Երևանի սուպերմարկետներում 30 դրամով հավկիթ էր վաճառվում: Սա վերջին 5 տարիներին վաճառքում եղած հավկիթի նվազագույն արժեքը չէ, բայց ինքնարժեքից շատ ցածր է (2010 թ. վաճառքի գինը 15 դրամի էր հասել): Հավկիթի ինքնարժեքը ներկայումս խոշոր արտադրողները գնահատում են 39 դրամ, իսկ միջին արտադրողները` 41-42 դրամ: Այս պայմաններում «Արզնի»-ի հավկիթի վաճառքի գինը 30 դրամ էր, «Լուսակերտ»-ինը` 40 դրամ, «Գնթունիկ»-ը` 39 դրամ, «Արաքս»-ը` 47 դրամ, «Աշտարակ ձու»-ն` 44 դրամ:

Այսինքն`առնվազն 3 արտադրող՝ «Արզնի»-ն, «Լուսակերտ»-ը եւ «Գնթունիկ»-ը, հավկիթը վաճառում էին ինքնարժեքից ցածր գնով:

Թռչնաբույծները կանխատեսում էին, որ այդ գները կպահանվեն առնվազն երկու ամիս, գնաճը կսկսվի սեպտեմբերից: Սակայն վերջին 5 օրերին հավկիթի վաճառքի արժեքը զգալիորեն բարձրացավ: Հուլիսի 20-ին «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառքի գներն այսպիսին էին` «Արզնի»-ն վաճառվում էր 59 դրամով, «Լուսակերտ»-ը` 62 դրամով, «Արաքս»-ը` 59 դրամով, «Աշտարակ ձու»-ն` 60 դրամով, «ԵԹՖ»-ն՝ 60, «Գնթունիկ»-ը` 47 դրամով:

Վերջին մեկ շաբաթում գրեթե կրկնակի գնաճ տեղի ունեցավ հունիս ամսվա գների համեմատությամբ, որը նույնքան հանկարծակի էր ու անտրամաբանական տարվա այս եղանակին, որքան հունիսի սկզբի գնանկումը: Արտադրողները նշում են, որ ամռանը միշտ էլ գնանկում է գրանցվում, բայց ոչ ինքնարժեքից ցածր: Ուստի այս երեւույթի բացատրությունը նույնպես պետք է տա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ):

Հուլիսի 7-ին հարցումով դիմել էինք հանձնաժողովին՝ հավկիթի շուկայում տիրող գների անկման պատճառների վերաբերյալ բացատրություն ստանալու համար: Հուլիսի 19-ին մեզ պատասխանում են. «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ի հուլիսի 4-ի գրության հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում քննարկվելու են նաեւ գրությամբ բարձրացված հարցերը: Ներկայումս ուսումնասիրությունը գտնվում է ընթացիկ փուլում»։

Այդուհանդերձ, ընթերցողներին ներկայացնենք գների անկման շրջանում մեր կատարած ուսումնասիրությունը եւ այդ հարցի վերաբերյալ որոշ արտադրողների տեսակետը: Թռչնաբույծների միության տվյալներով՝ այս տարվա մարտ ամսին Հայաստանում ձվի մանրածախ գինը կազմել է 60-70 դրամ։ Այս գնային արժեքի դեպքում, արտադրողները ձուն վաճառքի են հանձնում 48-50 դրամով։ Հետեւաբար, այս համեմատականով, այսօր 30 դրամով վաճառվող ձուն վաճառողին տրվում է 18-20 դրամով:

Խոշոր արտադրողների համար գուցե այս արժեքը շատ սարսափելի չէ, քանի որ տարվա կտրվածքով, նրանց հաջողվում է եկամուտը բալանսավորել, բայց միջին եւ փոքր արտադրողները ժամանակ առ ժամանակ, հատկապես ամռան ամիսներին, դադարեցնում են արտադրությունը:  

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալներով՝ 2015-ին Հայաստանն այլ երկրներից հավկիթ չի ներկրել, որովհետեւ հանրապետությունում արտադրված հավկիթը բավարարում է բնակչության պահանջարկն ու գրեթե ամբողջությամբ սպառվում է։ Ըստ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի՝ գրեթե ամբողջ արտադրանքը սպառվում է։ Ընդ որում, գնորդը միայն քաղաքացիները չեն։ Խոշոր գնորդներ են արտադրության մեջ հավկիթ օգտագործողները` «Գրանդ Քենդի», «Բեկոն պրոդուկտ», «Էլիտ Շանթ», «Թամարա» եւ այլ ընկերություններ, նաեւ` բանակը։

Արտադրողներն ասում են, որ ձմռանն սպառվում է, բայց ամռանը բավականին մեծ քանակի ավելցուկ են ունենում: Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ Հայաստանում տարեկան ավելի քան 600 մլն հատ ձու է արտադրվում։ Արտադրողների կարծիքով՝ պաշտոնական տվյալներն անգամ մոտավոր են, իրականում ոչ ոք չգիտի, թե ինչքան հավկիթ է արտադրվում հանրապետությունում:

Հայաստանի թռչնաբույծների միությունում այսօր հավկիթ արտադրող 13 ընկերություն է հաշվառված: Նրանցից 4-ը համարվում են խոշոր արտադրողներ, 2-ը՝ միջին, եւ 4-ը՝ փոքր։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ հավկիթի արտադրությունում գերիշխող դիրք ունեցողներն են` «Արաքս թռչնաֆաբրիկան», «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան», «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան», «Արզնու տոհմային ԹՏԽ»-ն։ Նրանք իրացման ծավալներով միասին գրավում են շուկայի 86%-ը։ Մասնավորապես՝ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն եւ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն միասին՝ 30%-ը, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ն՝ 29%-ը եւ «Արզնու տոհմային ԹՏԽ»-ն՝ 27%-ը։

Հունիս ամսին սուպերմարկետներում հավկիթի արժեքներն այսպիսին էին (1 արկղում 30 հատ հավկիթի հաշվարկով)

Արաքս- 1410

Լուսակերտ 1200

Գնթունիկ 1170 Գնթունիկը`

Արզնի 900

Աշտարակ ձու- 1320

Արտադրողներից ոմանք սա դեմպինգ (dumping-դատարկում) են որակում, մյուսները համամիտ չեն այս ձեւակերպման հետ:

Հավկիթը թանկացել է 2013 թ·-ից

 2011 եւ 2012 թվականների տարեկան միջինացված տվյալներով` Հայաստանում ձվի մանրածախ միջին գինը 1 հատի դիմաց չի գերազանցել 60 դրամը։ Ըստ ՀՀ ԱՎԾ հաշվարկների՝ 2013-ին այն հասել է մոտ 70 դրամի։ Հաջորդ տարում բարձ գինը պահպանվել է։

Տեղական արտադրողները 2013 թ·-ին հավկիթը թանկացնելու պատճառ մատնանշեցին հիմնականում կերի թանկացումը։ Հավերի համար նախատեսված համակցված կերը ներկրվում է։ Մեր նախորդ հարցազրույցներից մեկում Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը հայտնել էր, որ կերի թանկացման հետեւանքով, խոշոր տնտեսությունները, եթե չեն էլ փակվել, ապա ծավալների ռեալ նվազում է տեղի ունեցել: «··· օրինակ, «Արզնի» եւ «Արաքս» թռչնաֆաբրիկաները հավկիթի արտադրության ծավալները նվազեցրել են: 2012 թ.-ի ամռանը «Արաքս» թռչնաֆաբրիկան օրական արտադրում էր 1100-1150 արկղ ձու, հիմա` 700-750 արկղ: Համենայնդեպս, կերի գնի թանկացման, շուկայում գնի վերին սանդղակի արհեստական սահմանափակման, ֆինանսական ռեսուրսների բացակայության պայմաններում, երբ կազմակերպությունները վերջին երկու տարում չեն կարողանում բանկային վարկերը սպասարկել, տնտեսապես շահավետ չէ հավկիթ ու միս արտադրելը»:


Create column charts

Արտադրողները նշում են, որ թռչնի կերն այսօր էլ ամենաթանկն է ինքնարժեքի մեջ, հետեւաբար, անհասկանալի է, թե ինչո՞ւ էր այդչափ էժանացել հավկիթը:

«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերության տնօրեն Մանասե Եփրեմյանը մեզ հետ զրույցում անհանգստացած չէր հավկիթի ցածր արժեքից եւ ասաց, որ սեպտեմբերին փոխվում է վիճակը: Հայտնեց, որ հավկիթը բնականոն արտադրություն է, որին միջամտել չեն կարող, բայց քանակը նվազեցնելու մեխանիզմներ, այնուամենայնիվ, գոյություն ունեն՝ «հավին քնացնում են»: «Հիմա քչացնում ենք կերը, պակասեցնում ենք լուսավորությունը, որպեսզի ավելի քիչ արտադրանք ստանանք, որովհետեւ ինչքան շատ արտադրանք, այնքան շատ վնաս: Մեր դեպքում ճիշտ է՝ «ճտերն աշնան են հաշվվում» ասացվածքը, որովհետեւ սեպտեմբերից սպառումը կավելանա»,- ասում է նա:

Մեր հարցին՝ ինքնարժեքից ցածր գնով հավկիթը վաճառելը դեմպինգ չի՞ որակվի, նա պատասխանեց· «Դեմպինգը ոչ պրոֆեսիոնալ սահմանում է, նման հասկացություն ներքին շուկայում չի կարող լինել, դա միջպետական հարաբերություններում է կիրառելի: Այստեղ գործում է միայն առաջարկի եւ պահանջարկի օրենքը»: Նրա ասելով՝ տնտեսական մրցակցությունը երբ սկսվում է՝ փոքր արտադրողները չեն կարողանում դիմանալ: Գնի եւ գնողականության համար կարեւոր է ապրանքի բրենդը՝ որակը, եւ ընտրությունը պետք է կատարվի ըստ դրա, սակայն մեր ժողովուրդը սննդային նախընտրություն կատարելու կուլտուրա չունի»,- հայտնեց տնօրենը:

Ըստ «Արզնի» թռչնաֆաբրիկայի տնօրեն Գեղամ Ջանվելյանի՝ հավկիթի գնանկումը պայմանավորված է այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին սպառման նվազմամբ, ինչի հետեւանքով շուկայում ավելցուկ է առաջացել։ «Հետք»-ի հետ զրույցում նա նշեց, որ իր ուսումնասիրության համաձայն` նշված ամիսներին սպառման ծավալների վրա «ապրիլյան թոհուբոհն է» ազդել եւ «ձվի այն խմբաքանակի մի մասը, որը պիտի հետագայում ճուտ դառնար, չի սպառվել»։ «Բնականաբար, մարդիկ էլ գները նվազեցրին, որ վաճառեն։ Ժողովրդի համար լավ եղավ՝ էժան ձու կար խանութներում, մեր պահեստներն էլ մաքրվեցին»,- ասաց Գ. Ջանվելյանը։ Թռչնաֆաբրիկայի տնօրենը, սակայն, դժվարացավ ասել՝ գների մասով առաջիկայում ի՞նչ է սպասվում շուկայում, «պահեստները մաքրելուց» հետո։

Գ. Ջանվելյանը հերքեց տեղեկությունները, թե ձվի շուկայում խոշոր արտադրողները փորձել են դեմպինգ իրականացնել փոքր արտադրողներին շուկայից հեռացնելու եւ իրենց ունեցած ծավալներն ընդլայնելու նպատակով։ Նա համարում է, որ այս շուկայում խոշոր արտադրողների ծախսերը մեծ են, ինչը չի կարող նրանց թույլ տալ դեմպինգ իրականացնել։

«Սեւանի թռչնաֆաբրիկան» արտադրանքի ծավալներով միջին արտադրող է համարվում: Ընկերության սեփականատեր Արթուր Սմբատյանը հայտնեց, որ մեկ տարուց ավելի է, ինչ դադարեցրել է թռչնաֆաբրիկայի գործունեությունը: «Մեր արտադրանքի ինքնարժեքը 42 դրամ է կազմում, ես չեմ կարող 25 դրամով վաճառել այն: Բոլորի մոտ է նվազել քանակները, ես գիտեմ խոշոր արտադրողների, որոնք օրական 1200 արկղ հավկիթ էին արտադրում, այսօր իջեցրել են 100 արկղի եւ չեն կարողանում սպառել: Դրա համար էլ ինքնարժեքից ցածր են վաճառում: Սա մի արտադրություն է, որ կանգնեցնելու մեխանիզմ չունի, եթե սկսում ես՝ պիտի շարունակես: «Հավն ածում է, պիտի կարողանաս իրացնել, բայց իրացնել չենք կարողանում: 2010 թ·-ին, երբ այնքան էինք արտադրել, որ 5-7 դրամով ձու էինք տալիս խանութին, ես 200·000 դոլարի վնաս կրեցի, հիմա չեմ ուզում կրկին հայտնվել այդ իրավիճակում»,- հայտնեց Ա· Սմբատյանը:

«Հավկիթը, եթե ինքնարժեքից ցածր է վաճառվում, արդեն տուժում ենք: Նման դեպքերում թռչնաֆաբրիկան փակում ենք, ինչպես դա եղավ 2010 թ.-ին, այդ տարի շատերը փակվեցին»,- ասաց «Մասիս թռչնաֆաբրիկա» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մաթեւոսյանը:

Մեր հարցին, թե գնանկումը ի՞նչ գործոնների ազդեցությամբ է լինում, նա պատասխանեց· «Գարնանը տնային տնտեսությունները ձու են ունենում եւ պահանջարկը քչանում է, բայց մենք գյուղացու վրա ազդել չենք կարող: Նաեւ՝ սա շուկայից փոքրերին դուրս մղելու քայլերից մեկն է: Հիմա մինուսով ենք աշխատում, իսկ ձմռանը պետք է ծախսեր կատարենք` ջերմություն ապահովենք, որ արտադրանք տանք»:

Թռչնաբույծների միության նախագահը հիշեցրեց, որ այսօրվա վիճակը կրկնվել է 2010 թ· եւ 2013 թ.-ին: Պատճառն այն է, որ խոշոր արտադրողները, բացի «Արաքս թռչնաֆաբրիկա»-ից, պահեստային սառնարաններ չունեն: 2010 թ·-ից հավկիթի համար մտցվեց ԱԱՀ եւ թռչնաֆաբրիկաները շրջանառու միջոց չունեն, որպեսզի զարգացման վրա ներդնեն: Այդ թվին այնքան էին արտադրել, որ ամռանը մինչեւ 15 դրամ հասցվեց վաճառքի գինը:

Սառնարանում հավկիթը կարող են պահել 90 օր, բայց ամռան ամիսներին, եթե չկարողանան կարգավորել այս հարցը, գարնանը՝ ապրիլ ամսին, հավերի քանակը քչացնում են, սեպտեմբերի վերջին պետք է ավելացնեն, որ կարողանան պահանջարկը բավարարել: Ձմռանն էլ ծախսերն են շատանում, ստացվում է, որ նրանք եկամուտ չեն կարողանում ապահովել: Ոմանք ամռանն ընդհանրապես դադարեցնում են արտադրությունը: «Տարեկան 2 անգամ այսպիսի դեպք լինում է, բայց ես չեմ կարող սա դեմպինգ որակել: 2011 թ· եւ 2013 թ·-ին դեմպինգ արվեց, բայց պարզվեց՝ ով սկսում, նա էլ տուժվում է»,- ասաց պրն Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2011 թ.-ին «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին տուգանեց մոտ 100 մլն դրամով: Ապրանքները պահելու միջոցով «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում պակասորդի ստեղծումը հանձնաժողովը որակեց որպես գերիշխող դիրքի չարաշահում։

Կար ժամանակ, երբ թռչնաբույծները դժգոհում էին հավկիթ ներկրողների հետ ունեցած անհավասար մրցակցային պայմաններից: Այնուհետեւ պիտանելիության ժամկետների մեջ մանիպուլյացիայի միջոցով անբարեխիղճ մրցակցություն իրականացնողներից, ապա հավկիթի պահանջված շրջանում արհեստական դեֆիցիտ ստեղծողներից: Ի՞նչ գնահատական կտա հանձնաժողովն այս ամռանը տեղի ունեցած գնային վայրիվերումներին, սպասենք ուսումնասիրության ավարտին:

Պրն Ստեփանյանի կարծիքով՝ հանձնաժողովն այնպես պետք է կարգավորի հարցը, որպեսզի ավելցուկ ձուն չթափեն: Նա պնդում է, որ այս հարցի լուծումը կտա ձվի վերամշակման գործարան կառուցելը, որպեսզի ավելցուկ հավկիթը փոշու ձեւով պահեստավորվի, բայց այն չի արվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter