HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Կեղծված սննդամթերք»՝ սխալ հայերեն մակնշմամբ

Ապրանքի ճիշտ ընտրություն կատարելու համար սպառողը պետք է ստանա  հավաստի, հասկանալի և ամբողջական  տեղեկատվություն: Գոյություն ունեն օրենքներ և համապատասխան որոշումներ, որոնց նպատակն է՝ ապահովել այդ տեղեկատվության ստացումը։

«Հետք»-ն ուսումնասիրել է ներկրվող մի քանի սննդամթերքի հայերեն մակնշումները և պարզել, որ դրանք ոչ միայն չեն  համապատասխանում արտադրողի կողմից ներկայացվածին, այլև որոշ ապրանքատեսակներում կան ավելորդ կամ փոփոխված բաղադրատարրեր։

Այդպիսի սննդամթերքը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում բնորոշվում է իբրև կեղծված։

Կառավարության  2002թ. նոյեմբերի 7-ի 1923-Ն որոշումը սահմանում է , որ «Հայաստանում  և  օտարերկրյա պետություններում արտադրվող ապրանքների հետ սպառողին տրամադրվող տեղեկատվությունը կազմվում է հայերեն»:

Գոյություն ունի նաև պարտադիր հայերեն մակնշման ենթակա սննդամթերքի ցանկ:

Հայերենով մակնշումը պետք է ներառի՝

* Անվանումը, զտաքաշը և ծավալը:

* Հիմնական բաղադրիչների ցանկը

* Սննդային և կենսաբանական հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան)

* Արտադրման տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, ցուցումներ: պահպանման ժամկետների մասին, եթե այդպիսիք կան։

* Պիտանիության ժամկետը:

Սա սահմանված է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով: Մակնշման մեջ պետք է պահպանվեն նաև բաղադրատարրերի հերթականությունը, քանի որ դրանք նշվում են  ապրանքում դրանց նվազման սկզբունքով:

Եթե մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության, ապա այդպիսի սննդամթերքը համարվում է կեղծված սննդամթերք:

Բացի այդ, ներկրողն իրավունք չունի արտադրողի մակնշման վրա փակցնել իր ՝ հայերեն մակնշումը։   

Սրանք բոլորը օրենքի խախտումներ են, որոնց դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվության միջոց, տվյալ դեպքում՝ տուգանք` 100 000-200 000 ՀՀ դրամի չափով։



         Ritter Sport շոկոլադի հայերեն մակնշումը փակցված է արտադրողի մակնշման վրա
Ներմուծող՝ «Պոլիտան»  ՍՊԸ

Փոփոխված մակնշում  և ավելորդ բաղադրատարրեր

Ուկրաինական «Roshen» ընկերության «Эсмеральда» թխվածքաբլիթների օրիգինալ մակնշման մեջ արտադրողը հիմնական բաղադրատարրերի ցանկում նշում է, որ այն պարունակում է «31% շոկոլադե ջնարակ, արմավենու, շի յուղեր, ցորենի ալյուր, մարգարին» և թվով 8 սննդային հավելում (E 471, E 330, E160a, E450, E500, E 503 )

Հայերեն մակնշման մեջ բացակայում է շոկոլադե ջնարակի տոկոսը, արմավենու և շի յուղերը ներկայացված են ընդհանուր «բուսական յուղեր» բաղադրատարրի մեջ, իսկ սննդային հավելումները ոչ միայն կրկնակի քիչ են՝ 4-ը, այլև տարբերվում են արտադրողի կողմից ներկայացված հավելումներից. (E 322, E 27, E 500, E503):

Ակնհայտ է, որ խոսքը տարբեր տեսակի հավելումների մասին է, այսինքն՝ հայերեն պարտադիր մակնշումը  սխալ է: Սխալ մակնշմամբ ապրանքն էլ, ինչպես նշեցինք, կեղծ է:

Թխվածքաբլիթի հայերեն մակնշման մեջ ներկայացված սննդային արժեքը, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քանակը չեն համապատասխանում արտադրողի կողմից ներկայացված տարբերակին: Նմանօրինակ մի քանի դեպք մենք հայտնաբերել էինք շուկայում վաճառվող շոկոլադներն ուսումնասիրելիս:

 «Մաստեր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկրվող «Kухмастер» ընկերության «Վարսակի թխվածքաբլիթներ»-ի հայերեն մակնշումը ևս կեղծ է:

Մասնավորապես՝ արտադրողը  բաղադրության մեջ նշում է, որ թխվածքաբլիթները պատրաստված են 1-ին տեսակի ցորենի սպիտակ ալյուրից։ Հայերեն մակնշման մեջ հիմնական բաղադրատարրը դարձել է «2-րդ տեսակի բարձր որակի ցորենի ալյուր»: Բացի այդ՝ հայերեն մակնշողը նշել է, որ ապրանքը պարունակում է արմավենու և կոկոսի յուղեր, այնինչ այդ մասին բնօրինակի մեջ որևէ նշում չկա. պարզապես նշված է՝ «բուսական յուղեր» (растительные масла):

Թխվածքաբլիթների սննդային արժեքը 350 կկալ է, սակայն հայերեն մակնշման մեջ այն, չգիտես ինչու, դարձել է 351.54 կկալ:
Քանի որ սննդային արժեքը հաշվում են սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի պարունակությամբ, տարբեր է նաև դրանց քանակը:

Գերմանական «Toffifee»  կոնֆետների ներկրողը՝ «Կոնվեկտ» ՓԲԸ-ն, հայերեն մակնշման մեջ նշում է միայն «բուսական յուղեր» բաղադրիչը, մինչդեռ արտադրողն օրիգինալ մակնշման մեջ մանրամասնում է, որ բուսական յուղերն են արմավենու և շի յուղերը: Բացակայում է նաև արտադրողի կողմից նշված տարբեր բաղադրատարրերի տոկոսային արժեքը:

 Ներկրողը չի պահպանել հիմնական բաղադրատարրերի հերթականությունը, «whey powder (milk)» (չոր կաթի շիճուկ) թարգմանված է «քաղցր կաթնային թան»:

Թվարկված խախտումներից բացի, չեն համապատասխանում արտադրողի և հայերեն մակնշողի կողմից ներկայացված սննդային արժեքը  (համապատասխանաբար 516 կկալ / 535 կկալ), սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակը:

 «Անդակո» ՍՊԸ-ի կողմից ներկրվող գերմանական «LEIBNIZ» թխվածքաբլիթների մակնշումը զննելիս տեսնում ենք, որ հիմնական բաղադրատարրերը չեն համապատասխանում, խախտված է նաև դրանց հերթականությունը։

Օրիգինալ մակնշման բաղադրատարրերն են՝ ցորենի ալյուր, շաքար, արմավենու յուղ, գլյուկոզայի օշարակ, կակաո փոշի 3.8 %:

Հայերեն մակնշումը հետեւյալն է՝ կակաո, ցորենի ալյուր, բուսական յուղ, շաքարի ճակնդեղի անուշահյութ, կարագ 5.2%:

Եթե նույնիսկ ընդունենք, որ «գլյուկոզայի օշարակ»-ը  թարգմանված է որպես «շաքարի ճակնդեղի անուշահյութ», ապա անհասկանալի է, թե որտեղից է վերցված 5.2% կարագը և անտեսված 3.8% կակաոյի փոշին:

Հայերեն մակնշման մեջ ներկայացված չէ ապրանքի սննդային արժեքը, և համապատասխանաբար՝ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քանակը:

 «Դիետիկ» սնունդ` «ոչ դիետիկ» բաղադրությամբ

Նույն «Անդակո» ՍՊԸ-ն ներկրում է գերմանական «LEIBNIZ»-ի մեկ այլ՝ դիաբետիկ թխվածքաբլիթներ. դրանք սովորաբար վաճառվում են հատուկ՝ դիետիկ սննդամթերքի բաժնում:

Արտադրողը որպես 3-րդ բաղադրատարր նշում է՝ «կարագ 5.3%», հայերեն մակնշման մեջ կարագի յուղայնությունն ավելանում է՝ դառնալով 12%: Բացի այդ, հայերեն մակնշման մեջ բացակայում է արտադրողի նշած «արմավենու յուղը»:

«Պահել զով, չոր տեղում»,- նշում է գերմանական արտադրողը: «Պահել զով տեղում, հերմետիկ տարայի մեջ»,- թարգմանում է ներկրողը:

Նույն բաժնի ապրանքներից է «Վենդա» ՍՊԸ-ի կողմից ներկրվող իսպանական gullon ընկերության «Chip Choco Diet» թխվածքաբլիթները։
Մեր ուսումնասիրած թխվածքաբլիթի նմուշում հայերեն մակնշումը դժվարընթեռնելի էր, մասամբ՝ ջնջված, ինչի պատճառով չէր երևում հիմնական բաղադրատարրերից մեկի՝ բուսական յուղի տոկոսը: Ավելին, այն թարգմանված էր ՝ որպես  «արևածաղկի ձեթ»։

 «Ցորենի ալյուր 42%» արտադրողի բաղադրատարրը հայերեն մակնշման մեջ 0.1 %-ով նվազել էր՝ դառնալով «ցորենի ալյուր 41.9%»:

Ապրանքի վրա բացակայում էր նաև սննդային արժեքը՝ սպիտակուցներով, ճարպերով և ածխաջրերով:

Դժվարընթեռնելի  մակնշում

«Մարսերալ» ՍՊԸ-ի կողմից ներկրվող նուշով և կակաոյի փաթիլով «Alpen Gold»-ի հայերեն մակնշումը թեև համապատասխանում է արտադրողի ներկայացրածին, սակայն այն տեղ-տեղ ջնջված է, ինչն անհասկանալի է դարձնում դրա ընթերցումը, և սպառողը չի ստանում անհրաժեշտ տեղեկությունը։

Սխալ մակնշումը ցածր ռիսկայնությամբ  խնդիր է ՍԱՊԾ –ն պարզաբանում է

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռազմավարության պլանավորման մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ իրենք ևս արձանագրում են խախտման դեպքեր, երբ ներմուծողները, հաշվի առնելով, որ սպառողները սննդային հավելումների քանակի կամ բաղադրատարրերի մասին լիարժեք պատկերացումներ չունեն, փորձում են տալ կիսատ ինֆորմացիա կամ աղավաղել այն, որը միայն «բիզնես շահեր է ենթադրում»։

Նրա խոսքով՝ մակնշումը ցածր ռիսկայնությամբ խնդիր է, այդ պատճառով ՍԱՊԾ-ն հատուկ ստուգումներ չի  իրականացնում, բայց եթե թեժ գծին ահազանգ են ստանում, կատարում են դիտարկումներ։

«Մենք ստուգումներ իրականացնում ենք համալիր խնդիրների բացահայտման համար և սովորաբար մակնշման համար ստուգման գործիքը չենք օգտագործում,- ասում է ԱՎարդանյանը։- Ամեն տարի հաստատվում  են ստուգման պլան, որտեղ ներառվում են բարձր, միջին և ցածր ռիսկային  խմբեր ։ Մակնշման տեղեկատվության բացակայությունը , որպես այդպիսին,  ցածր ռիսկ է»։

Ա․ Վարդանյանը համաձայնում է, որ ներկրողների մոտ  կա նաև տեխնիկական խնդիր․մակնշման ստիկերներն այնքան փոքր են, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չի լինում ամբողջ տեղեկատվությունը նշել։

«Այդ դեպքում նրանք փորձում են կամ կրճատ գրել կամ ինչ-որ մի մասը չեն գրում, բայց, չափի մասով, 3մմ պետք է ապահովեն»,-ասում է նա։

                                   Sandora բնական հյութի հայերեն մակնշումը փակցված է արտադրողի մակնշման վրա
Ներմուծող՝  «Ադամիում» ՍՊԸ


Կալորիականության փոփոխությունը
Ա․ Վարդանյանը միտումնավոր չի համարում․ «Միգուցե նրանք (ներկրողները, հեղ․) ուշադիր չեն լինում կամ այդ թվերը խառնում են։ Այսօր սպառողի համար ավելի կարևոր է բաղադրությունը, քան թե կալորիականությունը»,-նշում է վարչության պետը։

Ա․ Վարդանյանը  համաձայնվեց «Հետք»-ի այն դիտարկման հետ, որ եթե հայերեն մակնշումը «հիմնական բաղադրիչների մասով» տարբերվում է արտադրողի մակնշումից, ապա այդպիսի սննդամթերքը կարելի է  համարել կեղծված։

Վերջինիս խոսքերով ՝ ՍԱՊԾ-ի վերահսկման քաղաքականությունը վերջին 2-3 տարիների ընթացքում էականորեն փոխվել է ․ հաշվի է առնվում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև ՝ բիզնես սեկտորին անպատեհ չմիջամտելու՝ կառավարության որդեգրած քաղաքականությունը։

«Մենք սովորաբար փորձում ենք մարդավարի, խորհրդատվությամբ, բացատրական աշխատանքների սկզբունքով։ Դիտարկելիս մենք ավելի շատ անում ենք ոչ թե վերահսկողություն, այլ խորհրդատվություն և մարդկանց օգնություն»,-նշում   է Ա․ Վարդանյանը։

  Հ.Գ. Հոդվածում  ներկայացված սննդամթերքներն ընտրված  են պատահականության սկզբունքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter