HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրությունների «դասերը»

Գայանե Հովսեփյան

Վանաձորում այն ընտրազանգվածը, որը մեծապես հիասթափված է նախագահական ընտրությունների արդյունքներից, մտադրություն չունի ԱԺ ընտրություններին մասնակցելու, քանի որ խորապես համոզված է, որ՝ «միեւնույն է, մեր ձայները կորչելու են»: Սրան հակառակ, այն խավը, որի համար միեւնույն է, թե ովքեր են ընտրվելու, քանի որ՝ «ով էլ գնաց՝ մեկ է, մեր վիճակը չի փոխվելու», կամ՝ «Էսքան ժամանակ ի՞նչ օգուտ տեսանք էդ Ազգային ժողովից», նախընտրում է օգտագործել հարմար առիթը եւ գոնե մինիմում օգուտներ ստանալ: Որոշ ընտրողներ նույնիսկ իրենք են սեփական նախաձեռնությամբ բանակցությունների մեջ մտնում թեկնածուների հետ՝ իրենց ձայներին համապատասխան գին նշանակելով: Ոմանք հետաքրքրվում են, թե ո՞ր շտաբերում են անձնագրեր հավաքում, ովքե՞ր են ջրաչափ տեղադրում, ո՞վ է ջրի վարձեր փակում...

Կարծում ենք, սակայն, որ իշխանությունները նախագահական ընտրությունների համար ահռելի գումարներ է ծախսել, այս անգամ շատ առատաձեռն չի գտնվի, քանի որ նախագահական ընտրություններն ապացուցեցին, որ արդյունքներ կեղծելը կամ «նկարելը» բավականին արդարացրեց իրեն, իսկ լավագույնս ահաբեկված ժողովուրդը, աչքի առաջ ունենալով բազմաթիվ ապօրինի ձերբակալություններ, հազիվ թե ակտիվություն ցուցաբերի ԱԺ ընտրությունների ժամանակ՝ ընտրախախտումների դեմ պայքարելու համար: Այդուհանդերձ, իշխանությունների համար նույն արժեքն ունեցող թեկնածուները, որոնց մրցակցությունը հիշեցնում է Պանիկովսկու եւ Շուրայի կռիվը՝ Բենդերի հաճոյությանն ու վստահությանն արժանանալու համար, ստիպված կլինեն զգալի ջանքեր ներդնել՝ իրենց առավելությունն ընտրողների մոտ ապացուցելու համար:

Ի դեպ՝ ընտրազանգվածի տրամադրությունները պարզելու բավականին «հետաքրքիր» ձեւ է որդեգրվել առանձին թեկնածուների «մարդկանց» կողմից: Վերջիններս փորձում են ներկայանալ որպես «հարցումներ անցկացնողներ» (առանց որեւէ փաստաթուղթ ներկայացնելու), եւ երբ ընտրազանգվածի առավել գիտակից մասը պահանջում է նրանց ներկայանալ, վերջիններիս շփոթմունքը եւ անկապ պատասխանները մատնում են իրենց:

Իշխանությունների դերը նախընտրական գործընթացներում

Նախագահական ընտրությունների նախօրյակին կրթության եւ գիտության նախարարն էր քարոզչություն իրականացնում Վանաձորում՝ ՀՀ նախագահի օգտին, խորհրդարանական ընտրությունների նախօրյակին՝ ՊՆ նախարարն էր քարոզչությւն իրականացնում՝ ՀՀԿ-ի օգտին: Ի դեպ, երբ ՊՆ նախարարը Վանաձորում «ակտիվի» հետ հանդիպման ժամանակ հայտարարեց այն երեք թեկնածուների անունները, ում սատարում են իշխանությունները, տարբեր թեկնածուներ, անիմաստ համարելով հետագա պայքարը, ինքնաբացարկ հայատարարեցին: Հատկանշական է, որ Վանաձորի քաղաքական կուսակցություններից առայժմ միայն «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Սպարտակ Եսայանը Վանաձորի «Ինտերկապ» հեռուստատեսությամբ նախընտրական բանավեճի ժամանակ դատապարտեց ոչ միայն ՊՆ նախարարի, այլեւ Լոռու մարզպետի խառնվելը նախընտրական գործընթացներում: Ի՞նչ իմաստ ուներ ՀՀ նախագահի՝ ընտրություններից առաջ տված այն հավաստիացումները, թե մարզպետարանները չպետք է խառնվեն ընտրական գործընթացին: Ինչպե՞ս կարող են մարզպետարանները «չխառնվել», եթե վերջիններիս, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ընտրությունների ընթացքում իրենց հիմնական աշխատանքային պարտականությունները թողած՝ ներգրավվում են ընտրատարածքային հնաձնաժողովների աշխատանքներում: Փաստորեն, նախագահը «ճնշում» է մարզպետին, մարզպետը՝ գյուղապետին, գյուղապետն՝ ընտրողներին: Եւ այդպես «ճնշված» էլ գնում ենք դեպի հերթական «ազատ» եւ «արդար» ընտրություններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter