HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Պատանդները պետք է ազատ արձակվեն, զինված խումբը պետք է վայր դնի զենքը»

Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի գրասենյակում տեղի է ունեցել խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Նրան ներկայացվել է 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև իրականացվող միջոցառումների արդյունքները:

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սերժ Սարգսյանին զեկուցվել է նաև, որ պահակապարեկային գնդի տարածքում պահվող պատանդներին ազատ արձակելու, զինված խմբի անդամների կողմից զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու նպատակով շարունակաբար վարվում են ակտիվ բանակցություններ, ձեռնարկվում են իրավիճակից թելադրվող այլ անհրաժեշտ գործողություններ:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար պետք է ձեռնարկվեն հնարավոր բոլոր միջոցները, կարևորել է ենթադրյալ բոլոր իրավախախտումների համակողմանի և անաչառ քննությունը, ինչպես նաև մեղավորների համար պատժի անխուսափելիության ապահովումը: Խորհրդակցության արդյունքներով իրավապահ մարմինների ղեկավարներին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ:

«Մինչ մեր հերթական խորհրդակցությունը սկսելը մեկ անգամ ևս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին և պատասխանատու օրեր: Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք:

Մեկ անգամ ևս ցավակցում եմ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին և հարազատներին: Բոլորս պարտք ունենք նրա առաջ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս բարդ իրավիճակը կարգավորվի և նման ողբերգություն այլևս չկրկնվի:

Այս վիճակի ակունքում է մեր իրողության մեջ ամենավտանգավոր մտայնությունը՝ հարցերը լուծել բռնությամբ և ուժի կիրառմամբ: Այս մտայնության հետագա զարգացումը հղի է շատ վտանգավոր հետևանքներով հենց մեր երկրի և պետականության համար:

Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն:

Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը:

Պատանդները պետք է ազատ արձակվեն:

Զինված խումբը պետք է վայր դնի զենքը:

Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ:

Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով:

Այո՛, Հայաստանում դժգոհներ շատ կան: Սակայն թող ոչ ոք չսխալվի և չմտածի, որ կարող է որևէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար:

Հորդորում եմ մեր հանրության բոլոր ներկայացուցիչներին իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքները իրացնել բացառապես խաղաղ և օրենքի շրջանակներում: Հորդորում եմ նաև, որ տուրք չտան ծայրահեղ քայլեր և սադրանքներ հրահրող անձանց առաջարկներին և գաղափարներին: Դա հղի է նոր մարդկային կորուստների լուրջ վտանգով:

Հորդորում եմ, որ յուրաքանչյուր ոք գիտակցի այդ սադրանքներից և ծայրահեղ քայլերից բխող իրական վտանգները:

Հանձնարարում եմ ձեզ՝ իրավապահ մարմինների ղեկավարներիդ, որպեսզի ձեր գործունեությունը շարունակեք իրականացնել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում:

Մենք շարունակում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար:

Կրկին կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը:

Մենք գործում ենք և գործելու ենք համբերատար: Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և առողջությունը թանկ է մեզ համար:

Մենք չենք գնացել այսպիսի իրավիճակներում դասական համարվող ճանապարհով: Սրանով մենք հնարավորություն ենք տվել զինված խմբին հետքայլ կատարելու համար: Հուսով եմ, որ նրանք կսթափվեն:

Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունն այս լարվածության պատանդը դառնա:

Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ: Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին:
Մեկ անգամ ևս բոլորիս զգոնության և զսպվածության կոչ եմ անում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի ապագայի»,-ասել է Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ:

Մեկնաբանություններ (4)

թոշակառու
Հայկական առածն ասում է ,,հացը թող հացթուխը թխի:,, Սա բոլորը հասկանում ու ընդունում են, բայց զարմանալիորեն ոչ ամենակարեւոր դեպքում: Բավական է մտածել թե ով էր Լեւոնը իր մասնագիտությամբ կամ աշխատանքային փորձով? Կամ Քոչն ու Սերժն ինչ ,,արհեստաշարժական բագաժ,, ունեին պրիզիդենտ լինելու համար, բացի գեղջկական խորամանկությունից: Ամեն ինչը մի կողմ թողած, ամաչում ես սրանց անճարակությունից: Դրա համար էլ փորձառու գայլերը ձեռ են առնում ու ամեն մեկը իր ուզած կողմ է հրում:
Մերուժան
մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին և պատասխանատու օրեր-հիմնականում քո պատճառով:Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու-դու էս հասցրել դրան:Զինված խումբը պետք է վայր դնի զենքը-որ հետո վերացնեք նրանց:օրենքների խստիվ պահպանմամբ-միայն Ձեր դեմ մարդկանց:պետականության հիմքերը քայքայելու համար-դու էս քայքայել:Մենք շարունակում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար-չի երևում,անմեղ մարդկանց եք ծեծում:Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և առողջությունը թանկ է մեզ համար-դրա համար էք զրկում կյանքից և առողջությունից:Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունն այս լարվածության պատանդը դառնա-դե ուրեմն կես քայլ արա:Բառեր,Բառեր:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կամ էլ դու՛ պիտի վայր դնես զենքդ,որպեսզի հայը ապահով ապրի իր երկրում: Օրենքից խոսողը նախ ի՛նքն այդ նույն օրենքը պիտի հարգի:
Patricia
The government is corrupt. The people are suffering. They are not allowed to freely assemble and express their beliefs. The root of all of these issues is corruption in the government and outside. There is little opportunity for entrepreneurs unless they payoff the crooks. Young people are well educated but without hope for jobs and careers. Change is needed for a real democracy. Change is needed for the people. Change is needed for hope.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter