HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արժեզրկված ռուսական ռուբլին, «Պուտինկա» թաղամասը եւ Լիճքը

Արփինե Մինասյան

Վարդենիսից Լիճք գյուղ հարս եկած Աննա Սահակյանը օգոստոսին կունենա իր 3-րդ փոքրիկին: Խոտհնձի սեզոնին Աննան էլ գյուղի մյուս կանանց պես սկեսուրի հետ նոր քաղած խոտն է շրջում, չորացնում, որ հետո տուկ անեն:

«Դժվար ա էս վիճակում, բայց մեր եկամուտն ա, ո՞վ պիտի անի: Անցած տարի 3, 4 կով էինք պահում, էս տարի 2-ն են: Չենք կարող սարերի խոտը քաղել, դրա համար քչացրել ենք»:

Աննայի ամուսինը 3 ամիս առաջ Մոսկվա արտագնա աշխատանքի է մեկնել: Կնոջ խոսքով՝ մինչեւ հիմա գումար չի ուղարկել:

«Տղեն գնացե, հլը մե լումա չէ ճամպե: Իմ աղջկա ցեպն ա դրե տոկոսի տակ, գնացե»,-ասում է Աննայի սկեսուրը՝ 55-ամյա Ռիմա Կորոյանը:

Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանի խոսքով՝ գյուղում տուն չկա, որ խոպան գնացած 1, 2, 3 տղամարդ չլինի: Լիճքեցի տղամարդիկ խոպան են գնում գարնանը, վերադառնում՝ Նոր տարվա շեմին կամ ավելի վաղ: Հիմնականում գնում են 18-65 տարեկանները: Հիմնական ուղղություններն են՝ Մոսկվա, Սիբիր, Ուկրաինա, ներգրավվում են շինարարության եւ ասֆալտապատման աշխատանքներում:

Աննան ասում է, որ ամուսնու գործերը ոչ միշտ են հաջող եղել: Տարի է եղել, որ չեն էլ վճարել: Տանը ինքն է, սկեսուրը, երկու երեխաները՝ 6-ամյա Ռիման եւ 4-ամյա Բորիսը: Ամուսնու եղբայրն էլ զինծառայող է:

«Որ ընտանիքում տղամարդ չկա, կանայք են գնում խոտհավաք: Անցյալ տարի իմ տալոջ հետ հավաքեցինք, բարձեցինք մեքենան: Գյուղի կանայք բոլորն էլ աշխատում են»,- պատմում է 30-ամյա Աննան:

50-ամյա Վերժինե Հայրապետյանի (անձնագրով՝ Կիմա) 2 որդիները նույնպես արտագնա աշխատանքի են մեկնում: Տանը ինքն է, սկեսուրը, 2 հարսները եւ 4 թոռները: Մեծ հարսը՝ Անին, Արտաշատից Լիճք է եկել 10 տարի առաջ, 3 անչափահաս երեխա ունի: Ասում է, որ ամուսինը դեռ 8-րդ դասարանից է խոպան գնացել: Միայն մեծ որդու ծնվելիս է Հայաստանում եղել, 3-րդ երեխային՝ 9-ամսյա Վերժինեին 3 ամսականը լրանալուց հետո է տեսել:

Վերժինե Հայրապետյանի ընտանիքը

«Երեխաների մեծանալը հայրերը չեն տեսնում: Ամբողջ հոգսը կնոջ վրա է: Գալիս են,  զարմանում են, թե երեխաները ինչքան են մեծացել, փոխվել: Կնոջ համար էլ, տղամարդու համար էլ հոգեպես շատ դժվար է: Ապրում ենք, սովորել ենք, յոլա ենք գնում: Հենց հիմա ամուսինս հիվանդ է՝ եւ՛ մտածմունքներից, եւ՛ կարոտից: Ոտքերը ցավում են»,- պատմում է 29-ամյա Անի Մանուկյանը, ում խոսքով՝ իր եւ սկեսուրի անուններով բանկերում 1 մլն դրամից ավել վարկեր ունեն: Ռուսաստանից ուղարկված գումարներըը միայն տոկոսները վճարելուն է բավականացնում: Հող չեն մշակում, դաշտերը հեռու են, տնամերձն էլ փոքր է:

«Մենք էս երկու տարի համարյա 3 հազար դոլարից ավել տուժել ենք էդ տոկոսներից, իրանք աշխատում, ուղարկում են, գումարը չի հերիքում, որ ոսկիները հանենք:  Իրանք ասֆալտ են անում, բորդյուր են շարում…Հոգնած, քրտնած գնում են տուն, ճաշ չկա եփած»,-ասում է Անին: Եթե համոզված լինի, որ ինքն ու երեխաները Ռուսաստանում ապահովված կլինեն, կմեկնի ամուսնու մոտ, բայց համոզված չէ:

Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը հաստատում է, որ բնակիչները հողի մշակությամբ չեն կարողանում ընտանիք պահել: Ճանապարհածախսի համար շատերը բանկերից տոկոսներ, վարկեր են վերցրել: Վերջինիս խոսքով՝ այս պահին մոտ 1000-ից ավել մարդ է դրսում: Գյուղում փակ դռներ կան, գյուղապետը դժվարանում է թիվ նշել. ընտանիքներ կան, որ գնում, վերադառնում են: Լիճքի բնակչության թիվը 5600-ից դարձել է 5300:

«Միգրացիոն հոսքերը կպակասեն միայն այն դեպում, երբ գյուղում արդյունաբերությունը զարգանա: Հարկերի 32-%-ն ենք հավաքել, քանի որ ժողովուրդը գումար չունի: Էս տարի ահավոր ա: Ռուբլու արժեզրկումը մեծ ազդեցություն թողեց: Նախկինում 10.000 ռուբլիով մեկ պարկ ալյուր կարողանում էին գնել, էսօր պիտի 20.000 ռուբլի բերեն, որ մի պարկ ալյուր գնեն»,-ասում է համայնքապետը: Նրա խոսքով՝ եթե ամսական 100 հազար դրամ աշխատավարձ ստանան, միեւնույնն է՝ ընտանիք չեն կարողա պահել: Լիճքում ընտանիքները բազմանդամ են՝ 5-12 շունչ:  

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի համաձայն՝ Լիճքում 1968-ից գործել է «Լիճք» հանքային ջրերի գործարանը, իսկ 1970-ին` ձկնաբուծարանը: Գնել Գրիգորյանը նշում է, որ այն ժամանակ էլ մարդիկ խոպան էին գնում եւ վերադառնում: Վերջինիս խոսքով՝ գյուղում կոոպերատիվ են ստեղծել, բայց մեխանիզմներից գլուխ հանող չկա: Իտալական արտադրության տեխնիկան ստիպված վստահել են գյուղի ջահելներին:    

«Հնձի, վարի, ցանքսի համար էժան գներ ենք սահմանել, մեր լեզվով ասած՝ յոլա ենք տանում ժողովրդին: 17-18 տարեկաններին ենք բերել, աշխատավարձը տալիս ենք, բայց չեն հասկանում էդ տեխնիկայից: Էս պահին 5 հատ ձեռքի խոտհնձիչ ունենք, 5-ն էլ շարքից դուրս են եկել: 3-ը հավաքել են, էսօր նոր դուրս են եկել դաշտ: Մեր պայմաններն էլ քարքարոտ են»,-ասում է գյուղապետ Գրիգորյանը:  

Աստղաձորի բնակիչ 37-ամյա Աղասի Ասատրյանը, ինչպես ինքն է ասում, մանկուց է խոպանչի: Բայց ռուբլու արժեզրկումն այս տարի իրեն հայրենիքում պահեց: Վերցրեց 30 տարվա ձեռքի խոտհնձիչն ու սկսեց մարդկանց դաշտերը քաղել՝ 1 սոդխը (1քմ) 500 դրամով, իսկ սարերում ավելի էժան՝ 300 դրամով: Ասում է, որ ե՛ւ պարտքով է քաղում, ե՛ւ անվճար, ե՛ւ վճարովի: Խոտքաղի սեզոնը սկսվելուց հետո 300 հազար դրամի վարձատրություն ունի հավաքելու: Մեզ հետ զրույցի ընթացքում լիճքեցի Ռիմա Կորոյանի տնամերձն էր քաղում:  

«Մարդիկ կան, որ հաջորդ տարի են տալիս պարտքը: Եթե հիմնվեմ կասիլկայի վրա, չեմ կարա սրանով ընտանիք պահեմ: Ամեն օր գործ չեմ ունենում…Կարտոշկա ցանելով էլ չես ապրի: Ստեղ կարտոշկեն 80, 100, 150 դրամ են ծախում: Էս կարտոշկով ոչ մեկն էլ հալի չի հասել, ըտենց մեկին կարա ՞ք հարցնեք, որ կարտոշկա ծախի ու տուն շարի, բացառված է: Բոլորն էլ ցանում են, բայց ասա ծախեն, էնքան կան, որ տանում թափում են»,-ասում է 4 երեխաների հայր Աղասին:   

Լիճքում զգացվում է ռուսական դրամի շունչը: Գյուղ մտնելուն պես աչքի են ընկնում վերջին տարիներին կառուցված, ցանկապատված սեփական առանձնատները: «Պուտինկա» թաղամասն է. 1990-ական թթ. գյուղի խոպանչի հարուստներն են կառուցել: Լիճքեցի հարուստ խոպանչիների ֆինանսական միջոցներով գյուղապետարանի շենքից քիչ հեռու կառուցվել է եկեղեցի: Գյուղապետի խոսքով՝ եկեղեցու կառուցումն արժեցել է 350-360 հազար դոլար: Սա այն դեպքում, երբ Լիճքում մանկապարտեզի շենք չկա: Գյուղի երեխաները նախակրթարան են հաճախում:

«Ռուսական փողերով՝ մեր տղերքի տված գումարով գյուղում եկեղեցի ենք կառուցել: Ռուսաստանում 350 մարդ կա, մենք ունենք ցուցակ, բոլորն էլ ամեն մեկը իր չափով տվել է…Պետք է աշխատատեղ ստեղծվի, որ ժողովրդի սոցիալական կարիքները բավարարվեն: Պետությունը մենք ենք, մենք պետք է ստեղծենք: Պիտի մարդկանց համոզենք, որ մենակ եկեղեցին չէ, ճանապարհ կարելի է սարքել, դպրոցներին աջակցել եւ հազար ու մի բան»,- ասում է 2008-ից գյուղը ղեկավարող Գնել Գրիգորյանը:

Լիճքեցի Աննա Սահակյանը երեխայի սեռը չգիտի, շուտով կծննդաբերի:  Հոկտեմբերի 20-ին Անի Մանուկյանի փոքր դուստրը կդառնա 1 տարեկան: Այս երկու կարեւոր իրադարձություններին էլ երեխաների հայրերը հավանաբար Հայաստանում չեն լինի: 

Գլխավոր լուսանկարում՝ Ռիմա Կորոյանի ընտանիքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter