HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համերգ տվողները հանրապետականներն էին

Լուսինե Բուդաղյան

Մայիսի 16–19–ը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու նրան ուղեկցողների երկար շարասյունը այցելեց Լոռու եւ Տավուշի մարզեր։ Իհարկե, այս մարզերում էլ տեղական ինքնակառավարման մարմինները հրահանգավորված էին հանրապետականներին այնպես դիմավորել, որ տպավորությունը լինի չափազանց ջերմ եւ մարդաշատ։ Մի քանի տասնյակի հասնող բնակավայրերում անպակաս էր աղուհացը, ճոխ հյուրասիրությունները։ Այդ կերպ մարզային իշխանություններն ուզում էին ՀՀԿ առաջնորդների աչքը մտնել, որպես իրենց նվիրվածության ապացույց։ Այս մարզերում եւս առկա էին բազմաթիվ սոցիալ–տնտեսական խնդիրներ, այդ մասին վկայում էին մարդիկ, ովքեր կուսակցության լիդերների հետ անմիջական շփման ժամանակ համարյա իրար էին տրորում յուրաքանչյուրն իր հարցը բարձրացնելու ակնկալիքով։

Այդ էին վկայում նաեւ ՀՀ վարչապետին եւ պաշտպանության նախարարին հղված հարյուրավոր նամակները։ Բնակավայերերում, որտեղ մենք եղանք՝ Օձուն, Տաշիր, Մեծավան, Մարգահովիտ, Նոյեմբերյան, Գուգարք, ժողովրդի մեջ վախի ու անվստահության մթնոլորտ էր ձեւավորվել։ Շատ բնակիչներ վախենում էին ընտրությունների հետ կապված իրենց կարծիքներն ու դժգոհությունները հայտնելուց հետո ներկայանալ. «Այս անարդար աշխարհում ինչ արդար ընտրությունների մասին կարող է խոսք լինել։ Նախագահական ընտրությոuններն էլ խարդախություններով ընթացան՝ հօգուտ գործող նախագահի։

Կարծում եմ, նույնը կկրկնվի նաեւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Իսկ ժողովուրդն էլի սոված է մնում։ Անընդհատ հողի հետ կռիվ է տալիս, տանջվում է, որ մի կտոր հաց վաստակի։ æուր չունենք, ճանապարհներն անսարք են։ Մեկ հեկտար հնձելու համար 8 հազար դրամ փող են վերցնում, այնինչ իմ թոշակն ընդամենը 5 հազար դրամ է»,– բողոքում էր Տաշիրի մի բնակիչ։ Ալավերդի քաղաքում բազմությունը պասիվ էր ու ակնհայտորեն եկել էր պարզապես ներկա ստանալու համար։

Ի դեպ, ալավերդցի Լուիզա Ռեսթեւանյանը նշեց, որ նախքան միտինգը ժողովրդին տեղեկացրել են, թե իբր երգիչ Հայկոն համերգ է տալու, որպեսզի ժողովրդի ներկայություն ապահովեն։ Բայց պարզվեց, որ համերգ տվողները վարչապետն ու պաշտպանության նախարարն են։ Այս ընտրությւոններն էլ կեղծիքներով կանցնեն, շուրջբոլորը ընտրակաշառք են բաժանում։ Այս հրապարակում հավաքվածները դպրոցի աշակերտներ են, ուսուցիչներ, հիվանդանոցի աշխատողներ։

Նախագահական ընտրությունները նույնպես խախտումներով տեղի ունեցան, բայց, ի տարբերություն այլ բնակավայերերի, մեզ մոտ լցոնման դեպքեր քիչ եղան։ Փոխարենը, ընտրակաշառք բաժանելով օգտվեցին կյանքի ճահիճում լողացող մարդկանց վիճակից»։ Լ. Ռեսթեւանյանի կարծիքով, կուսակցությունների ծրագրերի միջեւ գրեթե տարբերություն չկա. «Յուրաքանչյուր կուսակցություն, իր բնորոշմամբ, կոչված է ժողովրդին այս տաղտուկ վիճակից դուրս հանելու համար»։ Այս կինը հավատը կորցրել էր նաեւ իր համակրած «Օրինաց երկիր» կուսակցության նկատմամբ։ «Նախագահական ընտրություններին «Օրինաց երկիրն» ասում էր, որ Ռ. Քոչարյանը միակ նախագահն է ընտրության արժանի եւ կույր պետք է լինել, որ վերջինիս արած գործերը չտեսնել։ Իսկ այսօր քարոզարշավի ժամանակ ասում են. «Ժողովուրդ, մի հավատացեք, իրենք հարստացել են ձեր հաշվին։ Ինչպե՞ս հավատանք այդպիսի կուսակցությանը կամ հանրապետականներին, որին այսօր մեր քաղաքի ժողովուրդը ձեռք առնելով է անվանում միութենական կուսակցություն»։

Իսկ Ալավերդու թիվ 2 դպրոցի տնօրեն Սուրեն Իսրայելյանին խիստ մտահոգում էր ընտրվելուց հետո պատգամավորների անկարգապահությունը. «Այսպես հախուռն կերպով որ գալիս են իրենց առաջարկում, թող նաեւ գիտենան, որ ընտրվելուց հետո էլ պետք է կատարեն պատգամավորի իրենց պարտականությունները։ Ամբողջ 2003թ. նիստերը ձախողվեցին վերջիններիս ներկա չգտնվելու պատճառով։ Այդ անպարտաճանաչությունը ընդօրինակում են մեր աշակերտները եւ խուսափում են դասերից։ Ա. Իսրայելյանի կարծիքով, ԱԺ ընտրություններն էլ կեղծիքներով կընթանան։ Իսկ դրանում Ալավերդու բնակիչը համոզվել էր աչքի տակ ունենալով նախորդ ընտրությունների փորձը։ Այլ էր պատկերը Լոռու Վանաձոր, Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում։ Դատելով լոռեցիների բուռն արձագանքներից, այս քաղաքներում հանրապետականների ծրագրերը հավատ էին ներշնչում։ Ստեփանավանցի մանկավարժ Վալենտինա æաղինյանի ներկայացմամբ, Լոռիում բոլոր տեսակ ընտրությունները միշտ էլ արդար են ընթանում, քանի որ «լոռեցիները հարցին գիտակցաբար մոտեցում են ցուցաբերում»։

Ի տարբերություն Նոյեմբերյանի շատ բնակիչների, Յուրա Խաչիկյանը հավատում էր ընտրությունների անաչառ ընթացքին. «Մեր ղեկավարներն այսօր ճիշտ ուղով են գնում, իսկ մեր ժողովրդին մնում է, որ միահամուռ կերպով ձայնը տան նախագահին սատարող կուսակցություններին, մասնավորապես ՀՀԿ–ին, որպեսզի մեր հայրենիքն էլ ավելի հզոր լինի»։ Իսկ թե Յ. Խաչիկյանին հանրապետականների ծրագրային դրույթներից հատկապես որ կետն էր հավատ ներշնչել, այդպես էլ պատասխան չստացանք։ Բայց ՀՀԿ–ի գովքն անող բնակիչը մի բան հաստատ գիտեր, որ «ժողովրդի մասին շատ են մտածում»։

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում էլ հանրապետականները ժողովրդի հետ շփումներ ունեցան։ Սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներին անհանգստացնում էր գյուղից մեծ չափ հասնող արտագաղթը։ Մարդիկ ցավով էին նկատում, որ նույնիսկ կռվի թեժ տարիներին ոսկեպարցիները չեն լքել հայրենի գյուղը։ Իսկ այսօր խաղաղ պայմաններում ստիպված են «բախտ որոնել» օտար երկրներում։ Գյուղի բնակիչ Արմիկ Գրիգորյանը պատմեց, որ սահմանամերձ հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելը ռիսկի գործ է, քանի որ «պարբերաբար կրակոցներ են լինում»։

Ոսկեպարի մեկ այլ բնակիչ՝ Ալվարդ Եղսուդյանը հանրապետականների ելույթների ժամանակ ընդվզում էր եւ սեփական կարծիքն արտահայտում. «Նախագահական ընտրությւոնների նման այս ընտրությունները եւս ազնիվ չեն լինելու։ Ես գյուղում փոքրիկ խանութ ունեմ։ Մինչ ընտրությւոնները հարկայինից տասն անգամ եկան եւ ճնշում գործադրեցին, որ այսինչ մարդուն ընտրեմ։ Բա դա արդա՞ր է»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter