HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գառնիի համայնքապետը ծեծել է համագյուղացիներին, հայտնվել հիվանդանոցում

Երկու օր առաջ Երեւանի հիվանդանոցներից մեկից ոստիկանությանը տեղեկացրել են, որ գլխի վնասվածքներով իրենց է դիմել Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը: Գառնիում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ օրը համայնքապետն իր հարազատների հետ միասին ծեծել է գյուղի երիտասարդներից մեկին՝ Գառնի համայնքի ավագանու անդամ Ներսես Վարդանյանին: Գյուղամիջում տեղի ունեցած ծեծկռտուքը Ա. Վարդանյանն ու իր հարազատները շարունակել են կեսգիշերին՝ արդեն Ներսես Վարդանյանի տանը, որի արդյունքում համայնքապետը նույնպես գլխի վնասվածք է ստացել: 

Համայնքապետ Աշոտ Վարդանյանը դրանից երկու օր առաջ՝ հուլիսի 18-ին, ծեծել էր գառնեցի մեկ ուրիշ երիտասարդի՝ Ժորա Մարտիրոսյանին: Դեպքը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում, Գառնիի մշակույթի տանը, գյուղատնտեսության նախարարության, «Ջրային տնտեսություն» ԾԻԳ ՊՀ-ի եւ Գառնի համայնքապետարանի ու նրա ենթակայության հիմնարկների աշխատակիցների ներկայությամբ: Պատճառն այն է եղել, որ մշակույթի տան աշխատակից Ժորա Մարտիրոսյանը «Ջրային տնտեսություն» ԾԻԳ-ի աշխատակիցներին հարցրել է, թե ինչո՞ւ նախապես հանրությունը չի տեղեկացվել քննարկման օրվա եւ քննարկման ներկայացված թեմայի մասին: Հարցը դուր չի եկել համայնքապետին, եւ նա հարձակվել է երիտասարդի վրա, հարվածել նրան, հայհոյել, կոտրել հեռախոսը: Այդ պահին դահլիճ է մտել գյուղի բնակիչներից Արուսյակ Այվազյանը եւ փորձել է օգնել երիտասարդին: Սակայն, համայնքապետը հրել է նաեւ Ա. Այվազյանին ու վնասել նրա թեւը, հանրության ներկայությամբ վիրավորել ու զրպարտել է նրան:

Այդ օրը «Ջրային տնտեսություն» ԾԻԳ-ը հանրային քննարկման էր ներկայացրել Գառնիի մայր ջրանցքի եւ համայնքների ներտնտեսային ցանցի վերականգնման նախագծի բնապահպանական եւ սոցիալական կառավարման պլանը: Սակայն, այդ մասին համայնքի բնակիչներն իրազեկված չեն եղել: «Ջրային տնտեսություն» ԾԻԳ ՊՀ-ից հայտնում են, որ հունիսի 28-ին նամակով դիմել են Գառնիի համայնքապետին, որպեսզի հայտարարությունը փակցնեն, մարդկանց տրամադրեն նյութերը, նաեւ՝ դահլիճ տրամադրեն քննարկման համար: Մինչդեռ, համայնքապետը նրանց գալուց առաջ այդ մասին տեղյակ է պահել միայն համայնքապետարանի, մշակույթի տան եւ մանկապարտեզի աշխատակիցներին:

Համագյուղացիների եւ այլոց նկատմամբ Ա. Վարդանյանի ագրեսիվ պահվածքը, որը նա դրսեւորել է նախորդ հանրային քննարկումների ժամանակ, այս տարվա ընթացքում մի քանի անգամ արձանագրել են լրագրողների, նաեւ՝ «Հետքի» տեսախցիկներն ու ֆոտոխցիկները

Իսկ առհասարակ, Աշոտ Վարդանյանի կենսագրությունն ամեն տարի լրացվում է նմանօրինակ քրեական պատմություններով: Արդեն Աբովյան քաղաքի դատարանի վարույթում է նրա մասնակցությամբ տեղի ունեցած մեկ այլ քրեական գործ: Քննչական կոմիտեի տարածած հայտարարության համաձայն՝ մեկ տարի առաջ, 2015թ. հուլիսի 9-ի երեկոյան Մարզպետ Վարդանյանի (համայնքապետի որդին է), նրա երկու ազգականների եւ համագյուղացի Ռուբիկ Հակոբյանի միջեւ Գառնի գյուղի տարածքում վիճաբանություն է ծագել ավտոմեքենաներով ճանապարհը միմյանց չզիջելու պատճառով ։ Այն շարունակվել է գազալցակայանի շրջակայքում, ապա վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում, քննության տվյալներով, Ռ. Հակոբյանն ինքնաձիգով կրակահերթ է արձակել։ Պարզվել է նաեւ, որ վիճաբանությանը միջամտել են համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը, Ռուբեն Հակոբյանի մտերիմները:

«168 ժամի» հրապարակման համաձայն՝ «··· Կոտայքի մարզի Գառնի գյուղի գյուղապետարան են այցելել ՀՀ դատախազության մեծ թվով աշխատակիցներ եւ պաշտոնատար այլ անձինք: Պատճառն, ըստ մեր աղբյուրների, Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի ապօրինի գործարքներն են, որոնց կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Ըստ հավաստի տեղեկությունների` Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը փաստաթղթեր կեղծելով, մասնավորապես՝ Գառնիի Ալիբուլաղ թաղամասում, հսկայական հողատարածք է վաճառել պարսիկներին: Գառնիի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վաճառված հողատարածքն իրականում պատկանել է գառնեցի Արտավազդ Սահակյանի գերդաստանին, որի որդուն` Սերյոժա Սահակյանին, վերջերս գյուղապետը ծեծել է, քանի որ վերջինս բողոքել է հողատարածքը յուրացնելու համար: Սերյոժա Սահակյանի հողատարածքը պարսիկներին գաղտնի կերպով վաճառելու քայլը գյուղապետ Աշոտ Վարդանյանը պատճառաբանել է հետեւյալ կերպ. «Չեք մշակում, դրա համար էլ ծախել եմ»···· »:

Հողերի անօրինական վաճառք կատարելու, նաեւ համագյուղացիներից մեկ ուրիշի՝ Արամայիս Եղիազարյանի վերաբերյալ տարածքային կադաստրի ստորաբաժանմանը տրված կեղծ տեղեկությունների համար, որի արդյունքում նրան զրկել է հայրական տան եւ տնամերձ հողամասի սեփականության իրավունքից, Աշոտ Վարդանյանը 2009թ. մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, նրա նկատմամբ կիրառվել է համաներում եւ ազատվել է պատիժը կրելուց:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09-12-2009թ. դատավճռից· «··· իր պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանց համապատասխան ձեւակերպման, խախտելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75 հոդվածի պահանջները, 2009թ. ապրիլ ամսին Իրանի քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում հատուկ կարգավիճակով բնակվող Յուսեֆ Քյարիմի Ղուկասյանին անհատույց օգտագործման համար տրամադրել է Գառնի գյուղի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնետսական նշանակություն, արոտավայրի կարգավիճակով «Կոնեի աղբյուրներ» կոչվող տեղամասից որոշակի հատված, որտեղ վերջինիս թույլատրել է ապօրինի կարգով կառուցել 6*12, 6*11 չափերի երկու կապիտալ շինություններ, բացի այդ՝ նա բանավոր կարգով թույլատրել է նաեւ Յ. Ղուկասյանին կառուցել 260 գծամետր քարե պարիսպ, ինչպես վերջինիս սեփականություն հանդիսացող, այնպես էլ համայնքային հողակտորի սահմանաեզրին, որոնցով էական վնաս է պատճառել Գառնի գյուղի համայնքի շահերին»:

Գլխավոր դատախազությունը 2014թ. նոյեմբերի 27-ին Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օերնսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 315.2-րդ հոդվածով եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով: Ըստ գլխավոր դատախազության կայքէջի` Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղական տուրքերը եւ վճարները հաշվարկելու եւ գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնելու լիազորությունը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսեւորելով անգործություն, միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող` իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա եւ բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս:

Աշոտ Վարդանյանին առաջադրված մեղադրանքների շարքը ներկայացրածով չի սահմանափակվում, բայց նա շարունակում է պաշտոնավարել արդեն 20 տարի:

Մեկնաբանություններ (1)

ՍԵԴՐԱԿ ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆ
Հիմա սրա տղուն ո՞նց են դիմում, Մարզպետ Աշոտովիչ,,թ՞ե Մարզպետ համայնքապետովիչ:Հնարավո՞ր է,որ Մարզպետն իր որդու անունը Նահանգապետ դնի :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter