HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ռեժիսոր Արամ Շահբազյանը բողոք է ներկայացրել ՊՊԾ ոստիկանների դեմ

Երեկ երեկոյան՝ 19:00-ի սահմաններում, կինոռեժիսոր Արամ Շահբազյանը ցանկացել է հանդիպել Էրեբունու ոստիկանության շենքի դիմաց գտնվող ընկերոջը, սակայն Սասունցի Դավիթ-Ձերժինսկի փողոցների խաչմերուկի մոտ կանգնած ՊՊԾ-ի ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել` կոտրվել է ձեռքը:

«Մեքենաս կայանեցի, իջա, ՊՊԾ ներկայացուցիչներին հարցրեցի` կարո՞ղ եմ ոտքով բարձրանալ ոստիկանական շենքի մոտ: Սպիտակ վերնաշապիկով ոստիկանը եկավ ու սկսեց կոպիտ կերպով հարցնել` ի՞նչ կա, ի՞նչ ես ուզում: Գնացի, այլ ոստիկանի հարցրեցի`կարո՞ղ եմ բարձրանալ վերև, այդ ոստիկանը հանգսիտ կերպով պատասխանեց, որ չեմ կարող: Հարցրեցի`իսկ եթե լրագրող լինեի, էն սպիտակ վերնաշապիկովը գոռալով ասաց` ավելի վատ քո համար, արա: Փորձեցի նրա կողմ էլ  ուշադրություն չդարձնել: Ոստիկանին բացատրում եմ` գիտես, ընկերս ստիկանության շենքի դիմաց կանգնած է ու իրենք որևէ կերպ հասել են էնտեղ, չէ՞, էդ դեպքում, եթե էսպես հնարավոր չի, միգուցե կողքի հարևանի բակով հնարավոր է մոտենամ ընկերոջս: Էդ ոստիկանը պատասխանեց`ապեր, ես սկի էդ թաղերից չեմ, չեմ էլ պատկերացնում՝ ոնց կարաս հասնես: Սենց հանգիստ խոսում էինք: Մեկ էլ մեկը կողքից գոռաց՝ արա, դու հլը ստեղ ես, գնա ստուց, հլը: Պատասխանեցի`արան դու ես, հետս կամ նորմալ խոսա, կամ հեռու գնա, տեսնում ես` հետդ ես չեմ էլ խոսում: Էդ պահին զանգեցի ընկերոջս`ասելով, որ ոչ մի կերպ չեմ կարող հասնել էդտեղ, եթե հարմար է, դու արի էստեղ, եթե չէ, ես գնամ, հետո կտեսնվենք: Ընկերոջս հետ խոսելու ընթացքում էլի էն սպիտակ վերնաշապիկով ոստիկանը եկավ, թե՝ լսի, արա.. : Ասացի` ես ի՞նչ արա, ես էն տարիքի եմ, որ կարող եմ հորեղբայր լինել քեզ համար: Մեկ էլ էն մի ոստիկանը ասաց` արա, հլը բռնեք դրան: էդ երկու ոստիկանները ինձ բռնեցին, հանեցին օդ, թևս ոլորեցին, տարան տվեցին գետնին: Էդ ցավից շատ ուժեղ գոռացի, փողոցից անցնող կանայք սկսեցին ամոթանք տալ ոստիկաններին, որ ինձ բաց թողնեն: Մեկ էլ, երևում էր ավելի պաշտոնավոր ինչ որ ոստիկան, ՊՊԾ փոքր ջիպով եկավ, էդ ճաղերը անցավ, տեսավ, որ ես գետնին եմ ու ձեռքերս ոստիկանները բռնել են, հրահանգեց ինձ բաց թողնել: Հետո ոստիկաններից մեկը ինձ դիմեց, թե ակնոցդ վերցրու, ու ակնոցներս էլ էն կողմ ջարդած գցած էին, վերցրեցի ու իրեն ասացի` էս ամեն ինչը դուք չեք մարսելու: Էս խոսքիցս հետո այլ ոստիկան էլի սկսեց, թե՝ հելար ստուց, արա: Գնում էի դեպի մեքենաս, երբ ՊՊԾ այլ ոստիկան մոտեցավ, թե`ապեր, ոչինչ, մի տենց նյարդայնացի, մի հատ հասկանամ` սրանք ովքեր են, կպատժեմ: Եկավ, հետս նստեց մեքենաս, ասացի` մեքենայիցս իջի, հաստատ էս ամեն ինչը կուլ չեմ տալու»,- պատմեց Ա. Շահբազյանը:

Դեպքից հետո Շահբազյանին է մոտեցել ընկերը, հորդորել հիվանդանոց գնալ, սակայն ռեժիսորն այդ պահին ցավ չի ունեցել և հրաժարվել է հիվանդանոցային ստուգումներից: Սակայն ընկերոջ տուն գնալուց հետո ձեռքի հատվածում տեղային սուր ցավ է զգացել և գնացել «էրեբունի» բժկական կենտրոն, որտեղ էլ հաստատել են` ռեժիսորը ոսկրային կոտրվածք ունի:

Ստուգումներն ավարտելուց հետո Շահբազյանը ՊՊԾ աշխատակիցների դեմ բողոք ներկայացնելու նպատակով գնացել է  Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, սակայն այնտեղ հրաժարվել են բողոքը ընդունել` մեկնաբանելով, թե պատահարը տեղի է ունեցել Էրեբունի համայնքում, ուստի բողոքը այնտեղի ոստիկանական բաժանմունքում պետք է ներկայացվի: Ռեժիսորը ոստիկանության ներկայացուցչին բացատրել է, որ եթե այնտեղ քիչ առաջ ջարդել են մի ձեռքը, ապա չի բացառվում, որ երկրորդն էլ կկոտրեն:

Ոստիկանը Շահբազյանին խորհուրդ է տվել գնալ Էրեբունու ոստիկանական բաժանմունք և, եթե հսկող ոստիկանները թույլ չտան մուտք գործել ոստիկանության շենք, զանգահարի 45-02-02 կամ 47-02-02 հեռախոսահամարներով:

«Գնացի Էրեբունու ոստիկանական բաժանմունք, նորից այդ ոստիկաններն էին, ընկերս մոտեցավ, ասաց, որ եկել ենք հաղորդում տալու, ոստիկաններից մեկը մի տեղ զանգեց, եկավ պատասխանեց` այս ժամին չեք կարող ոստիկանության շենք մտնել, հետաքրքրվեցի` այդ դեպքում ո՞ր ժամին կարող ենք գալ, կրկին մեկին զանգահարեց, պատասխանեց`ոչ մի ժամի էլ չեք կարող հաղորդում տալ: Լսում էի`իրար մեջ քչփչում էին` ապեր, էսի էն տղեն ա: Էդ ընթացքում զանգում էի ոստիկանի տված համարներով, բայց ոչ ոք չէր պատասխանում»:

Ելք չգտնելով` Շահբազյանը զանգահարում է 1-02 և զանգեր ընդունող ոստիկանին բացատրում եղելությունը, նա էլ տեղեկացնում է, որ այս պահին կտեղեկացնի ղեկավարությանը և անձամբ հետևողական կլինի ահազանգի ընթացքին: Գիշերը`01:56 րոպեին, ռեժիսորի գրասենյակ են ժամանում ոստիկանները և արձանագրում նրա բողոքը:

Ռեժիսորն այսօր քննիչների հետ պետք է գնա դեպքի վայր, կրկին մանրամասնի պատահարը`բողոք ներկայացնելով ՊՊԾ չորս ոստիկանների դեմ` այն ոստիկանի, ով հրահանգել է իրեն ծեծել, երկու ոստիկանների, ովքեր բռնի ուժ են գործադրել` կոտրելով ձեռքը և այն ոստիկանի, ով ռեժիսորին հատակին գցելուց հետո ասել է` սիկտիր եղի, հելար ստուց, արա:

Շահբազյանին հայտնի չեն ոստիկանների անունները, սակայն ասում է` հազար հոգու միջից էլ կմատնանշի իրեն ծեծող և վիրավորող ոստիկաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter