HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրկին արտադրական վթար՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանում. երկու աշխատակից տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 22-ի երեկոյան Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասում կրկին արտադրական վթար է տեղի ունեցել: Վթարը ուղեկցվել է ուժեղ պայթյունով:

Ալավերդիում շրջանառվող լուրերի համաձայն, վթարը տեղի է ունեցել հուլիսի 15-ին գործարանի մետալուրգիական արտադրամասում տեղի ունեցած արտադրական վթարի հետո քանդված ձոլող վառարանը վերագործարկելիս:

Ուժեղ պայթյունն Ալավերդու Ս/Սարահարթ թաղամասի բնակչությանը վախ և խուճապ է պատճառել:

«ժամը 18:30 սահմաններում ահազանգ ենք ստացել, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանում վթար է տեղի ունեցել: Բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու տուժածեր: Տուժածներից մեկի մոտ եղել է թեթև այրվածքներ, որի համար նա ստացել է ամբուլատոր օգնություն և տուն է գնացել: Մյուս տուժածի՝ Արթուր Հոբոսյանի մոտ առկա է սրունքի, ազդրի և կոնքի կոտրվածքներ: Տուժողը հոսպիտալացվել է: Ներկա պահին վթարից տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- այսօր «Հետքին» հայտնեց «Ալավերդի բժշկական կենտրոն»-ի ՓԲԸ-ի վիրաբույժ Ռազմիկ Մուրադյանը:

Բաժանմունքում այցելեցինք նաև արտադրական վթարից տուժած Արթուր Հոբոսյանին: Վերջինս պատմեց, որ երկու երեխաների հայր է: Արդեն 5 տարի է՝ աշխատում է գործարանում: Արթուրը իր 4 անձից բաղկացած ընտանիքի միակ կերակրողն է:

«Ես մետալուրգիական արտադրամասի վառարանին բարձող բանվոր եմ աշխատում: Ճիշտն ասած՝ ուժեղ տրաքոց եմ լսել, որից հետո գիտակցությունս կորցրել եմ, էլ ոչինչ չեմ հիշել: Աշխատանքային ընկերոջս՝ Արթուրին ոչինչ չի եղել: Պայթյունից արտադրամասում բարձրացած թոզից է նրա աչքերը վնասվել: Հիմա վիճակս, դե ոչինչ: Բժիշկները անհրաժեշտ ամեն ինչ արել են: Մի երկու օրից ինձ վիրահատության կենթարկեն»,- ասաց Արթուր Հոբոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած արտադրական վթարը վերջին 8 օրերին թվով 2-րդն է: Հուլիսի 15-ին՝ ժամը 04:20–ի սահմաններում տեղի ունեցած արտադրական վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ (այրվածքներ) են ստացել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության 5- րդ կարգի հալող բանվոր Սերգեյ Բադալյանը և 4-րդ կարգի բովախառնուրդ բեռնող Աշոտ Հովհաննիսյանը:

«Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Սերգեյ Բադալյանը ստացել է առաջին և երկրորդ կարգի այրվածքներ, որոնք ընդգրկում են մարմնի մակերեսի մինչև քսան տոկոսը: Նա հոսպիտալացվել է: Ներկայումս նա նույնպես բուժում է ստանում «Ալավերդի բժշկական կենտրոն»-ի վիրաբուժական բաժանմունքում: Արտադրական կրկնվող վթարների մասին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը ոչ միայն պաշտոնական տեղեկատվություն չի տարածում, այլև պաշտոնապես թաքցնում է վթարների պատճառները: «Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը «Հետքի» բանավոր հարցերին հրաժարվեց պատասխանել և ասաց հարցերը գրավոր ուղղենք: Հարցրեը գրավոր տարբերակով արդեն իսկ ուղարկել ենք, պատասխանն ստանալուն պես կհրապարակենք:  

Ավելացված 

«Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանի պատասխանը. «2016թ. հուլիսի 22-ին, ժամը 18:50-ի սահմաններում, կարճատև դադարից հետո Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի վերագործարկման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել գործարանի երկու աշխատողներ: Տուժածներից մեկը ոտքի կոտրվածքով հոսպիտալացվել է, մյուսը՝ ամբուլատոր բուժօգնությունից հետո դուրս է գրվել:

Ներկայում իրականացվում է ուսումնասիրություն (քննություն) պայթյունի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: Ուսումնասիրության արդյունքներով կարվեն համապատասխան հետևություններ այդպիսի վթարներն ապագայում բացառելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter