HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կալանավորել են Միայնակ Գայլի եղբորը՝ Արարատ Խանդոյանին

Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ի սահմանում, Ազատության հրապարակին հարակից սրճարաններից մեկից բերման են ենթարկել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) եղբորը՝ Արարատ Խանդոյանին։ Արարատի կինը՝ Սոնա Թամարյանը պատմում է, որ ամուսինը բախումներին ներկա է եղել, սակայն նրանց չի մասնակցել, միայն հանդարտության կոչեր է արել։ Դեպքի ժամանակ Արարատը եղել է համագյուղացու՝ Աշոտ Հակոբյանի հետ, սակայն Աշոտին նույն օրը ազատ են արձակել, իսկ Արարատին ասել են՝ երեք օրվա ընթացքում ազատ կարձակեն։ Քիչ առաջ Սոնա Թամարյանը զրուցել է քննիչի հետ, ով հաղորդել է, որ Արարատի նկատմամբն երկամսյա կալանք է կիրառվել: Քննիչի հետ զրույցից Սոնա Թամարյանը հասկացել է, որ կալանքն այդքան չի տևի, քանի որ սպասում են ներսի լարված վիճակը հանդարտացմանը, որից հետո նոր ազատ կարձակեն ամուսնուն։

«Արարատին կալանքի տակ որպես պատանդ են պահում, ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել։ Մինչև Արայիկը չհանձնվի, Արարատին ազատ չեն արձակի։ Իրան կալանքի տակ են պահում, որ չխառնվի էս գործերին։ Ես գիտեմ՝ իմ տեգրը չի հանձնվելու, բացառվում է, էնի, սկի թուրքի դեմը զենք չի դրել, իրանք ով են, որ իրանց դեմը զենք դնի։ Իրանք իրանց ուզածին հասնելու են։ Բայց Արարատին թող ազատ արձակեն, թեկուզ իրա եղբոր երեխեքին, որ ամենքը մի տեղն են, տուն հավաքի, մի կտոր հաց տա։ Ինքը ոչ մի վատ բան չի արել։ Ասում են՝ իրավիճակը հանգստանա, կթողնենք, ինքը լավ տղա ա, բան չի արել։ Ինչ-որ սկզբից ձեռքին քար է եղել, բայց բախումները սկսվելուց, սկսել է բաժանել, հանգստության կոչեր անել։ Արարատը եղբոր համար էր էնտեղ գնացել․ ու՞մ աղբերը էնտեղ լիներ, ինքը չգնար։ Ուղղակի, ինքը էնտեղ էր, որ շենքին մոտիկ չգնան, եղբորը վատ բան չպատահի, դրա համար գիշեր-ցերեկ էնտեղ էր մնում»,-պատմեց Սոնա Թամարյանը:

Բերման ենթարկելիս Արարատի հետ եղած ընկերը ոստիկաններին խնդրել է՝ Արարատին «մատով չկպնել», քանի որ նա վատառողջ է և պատերազմական տարիներին ծանր վիրավորում է ստացել։ Բախումների ժամանակ էլ այրվել էր Արարատի տաբատի ետնամասը և վնասվել էին աչքերը։ Բերման ենթարկելիս էլ աչքերն ամբողջովին կարմիր են եղել։

Կինը պատմում է, որ Արարատին անգամ թույլ չեն տվել զանգահարել ընտանիքին և հայտնել, թե որտեղ է գտնվում, միայն ոստիկանության բաժանմունքում պահելուց մեկ օր անց տեղեկացրել են նրա գտնվելու վայրի և կալանավորման մասին։ Երեկ Արարատի մայրը՝ տկն Ռիման (տկն Ռիմայի հինգ տղաներից չորսը մասնակցել են Արցախյան պատերազմին, նրանցից մեկը զոհվել է, երեքն էլ ծանր վիրավորումներ ստացած հետ են վերադարձել) գնացել է Ծաղկահովիտ գյուղի ոստիկանական բաժանմունք՝ որդուց լուր ստանալու նպատակով: Տեղի ոստիկանը հանգստացրել է մորը և վստահեցրել, որ երկու օրից կգնա որդուն հետ կբերի, այնինչ Արարատի նկատմամբ կալանք է կիրառվել: Արարատի ընտանիքը հստակ չգիտի նրա գտնվելու վայրը՝ ոստիկանության Էրեբունու բաժանմունքում է, թե տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:  

Տկն Սոնան զրույցի վերջում ասում է՝ եթե մինչ երկուշաբթի ազատ չարձակեն Արարատին, ամուսնու բոլոր պարգևները հետ է հանձնելու․ «Եթե իրան պետք ա անմեղ տեղը տանեն նստացնեն, խոստանում եմ՝ նախագահի, ՊՆ նախարարի կողմից ստացած բոլոր պատվոգրերն ու մեդալները հետ հանձնել։ Նենց պարգևներ չեն, որ ասեն՝ դրանք մեզ պետք չեն։ Ես իրա կինն եմ ու իրավունք ունեմ հրաժարվելու էդ պարգևներից։ Արարատը թեկուզ մեկ ժամ կալանքի տակ պահվելու առողջություն չունի»։

Լուսանկարը՝ Արարատ Խանդոյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter