HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ են խոսում պատերը

Ընտրություններին նախորդող շրջանում քաղաքական անհատը կամ կազմակերպությունն առաջ է մղվում՝ գրավելու պատգամավորական տեղ կամ տեղերի որոշակի քանակ (ցանկալի է՝ առավելագույն) եւ դրա համար ուզում է գրավիչ լինել։ Գրավչություն ապահովելու կարեւոր միջոցներից են ցուցապաստառներն ու կարգախոսները։ Սա, թեեւ պասսիվ միջոց է, բայց տեւականորեն աչքի առաջ լինելով, ենթագիտակցական կողմնորոշիչի դեր է խաղում։ Քաղաքակիրթ ժողովրդավարական երկրներում ցուցապաստառների տեսքը եւ կարգախոսի բովանդակությունը որոշում են մասնագետները կամ համապատասխան հաստատությունները։ Մեզ մոտ, ցավոք, ոչ մասնագետներ կան, ոչ էլ նման հաստատություններ, եւ ժողովրդի հետ խոսելու ծանր բեռն ընկնում է թեկնածու անհատների, կուսակցությունների եւ նրանց մերձավորների ուսերին։

Ի՞նչ են խոսում այսօր մեր քաղաքի պատերը, ի՞նչ խոստումներ ու պատգամներ են տալիս։

«Արդարություն» դաշինքը հանդես է գալիս «Այլ ճանապարհ չկա» կարգախոսով։ Սա վկայում է, որ դաշինքի համար նախագահական եւ ԱԺ ընտրությունները չեն տարբերակվում, երկրորդն առաջինի օրգանական շարունակությունն է։ Խոստումը կարճաժամկետ է, «Այլ ճանապարհ չկա»-ն՝ գործողությունների որոշակի պլան։ Եթե դաշինքը ԱԺ-ում մեծամասնություն ունենա, կդնի գործող նախագահի պաշտոնանկության հարցը եւ հնարավոր կդարձնի նոր ընտրությունների կազմակերպումը։ Եթե դաշինքը մեծամասնություն չունենա, այս կարգախոսն այլեւս ոչինչ չի նշանակի։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է պաշտպանության նախարարը, իսկ առաջինը՝ վարչապետը, ընտրել է «Ապավինենք մեր մտքին ու բազկին» կարգախոսը։ Գիտակցված թե չգիտակցված, այն «Միասնություն» դաշինքի 1999 թվականի քարոզարշավի «Կառուցենք եւ պաշտպանենք» կարգախոսի անհաջող կրկնօրինակումն է։ Այսինքն՝ կառուցելու համար պետք է միտք, իսկ պաշտպանելու համար՝ բազուկ։ Սա, եթե գիտակցված է, ուրեմն ժառանգականության պատրանք ստեղծելու միտում ունի, բայց միամիտ միտում։ «Միասնություն» դաշինքի մասնատումից հետո ընտրողը ՀՀԿ-ին դժվար թե ժառանգորդ համարի, հատկապես որ ցուցակի առաջին անունը չի մարմնավորում կառուցելու գաղափարը, իսկ երկրորդը՝ մարմնավորում է պաշտպանելու գաղափարն՝ ի պաշտոնե։

Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը ներկայանում է «Հանուն ժողովրդի, հանուն Հայրենիքի» պարզունակ կարգախոսով։ Պարզունակ է, քանզի «հանուն» նշանակում է «անունով», «անվամբ», այսինքն «Ժողովրդի անունով, Հայրենիքի անվամբ»։ Եթե մեկ առանձին կուսակցություն հավակնություն ունի «Ժողովրդի անունով, Հայրենիքի անվամբ» ընտրություններին մասնակցելու, ուրեմն արժանի է Ազգային Ժողովի բոլոր 131 տեղերին։ Նույն կուսակցության մեկ այլ ցուցապաստառի վրա կարդում ենք՝ «Վստահիր» հրամայականը, որն անմիջապես անվստահություն է առաջ բերում։

Բարտերային «Փոխենք մեր կյանքը» կարգախոսով է հանդես գալիս Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Սա եւս պարզունակ է, որովհետեւ ժողովրդավարական հասարակություններում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ընտրությունները հենց այդ նպատակն ունեն։ Սա նույնն է, թե՝ «Մասնակցենք ընտրություններին»։ Կարգախոսը չի ասում, թե ո՞ւմ կյանքն ենք փոխելու՝ կուսակցության, թե՝ ժողովրդի, չի ասում նաեւ ինչի՞ հետ փոխենք։

Պարզունակ եւ անխոստում են նաեւ Օրինաց երկրի «Քո օրենքը քո երկրում», արդյունաբերողների եւ կանանց միության «Ինքներս ստեղծենք մեր ապագան» կարգախոսները։ Երկուսն էլ, լավագույն դեպքում, կարող էին օգտագործվել 1991 թվականի անկախության հանրաքվեի առիթով, բայց արդեն 12 տարեկան անկախ պետության պայմաններում տարակուսանք են առաջացնում՝ իսկ ո՞ւմ օրենքները պետք է լինեն մեր երկրում կամ ո՞վ պետք է ստեղծի մեր ապագան։ Արդյունաբերողների եւ կանանց միությունը մի կարգախոս էլ ունի՝ «Նոր ուժեր, մաքուր քաղաքականություն»։ Ժողովուրդը հավատում է նոր ուժերին, երբ նրանց ինքն է ծնում։ Ժողովրդի համար նոր ուժ էր ՀՀՇ-ն 1990 թվականին, քանի որ այն համաժողովրդական շարժման շարունակությունն էր։ Մյուս բոլոր դեպքերում «նոր ուժեր» ասվածը հավակնոտ է եւ դեկլարատիվ, ինչին ընտրողը լուրջ չի վերաբերվում։ (Հիշենք Հրանտ Խաչատրյանի «Մաքուր ձեռքերը» եւ նրա ստացած ձայները 1998-ի նախագահական ընտրություններում։)

Հայաստանի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը ներկայանում է մի երկարաբան կարգախոսով, որը կարդալն ու հասկանալը բավական ժամանակ է պահանջում։ «Հայաստանը անցյալ չէ, Հայաստանը ներկա է, հղի վառ ապագայով, որը պետք է տեսնել այսօր»։ Ոչ ոք չի ասել, թե Հայաստանը անցյալ է ու ներկա չէ, ինչո՞ւ է կուսակցությունն արծարծում այս հարցը։ Հետո՝ գինեկոլոգիական ի՞նչ հնարքով է ՀՔԴԿ-ն պարզել, որ հղի Հայաստանի որովայնում վառ ապագա կա։ Հետո, ընտրողն ինչպե՞ս գուշակի, որ հղի Հայաստանը ծննդաբերելու է հենց վառ ապագա։ Եւ ամենավերջում կարող է հարց առաջանալ, թե ո՞ւմից է հղիացել Հայաստանը։ Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, սա թերեւս ամենակարեւոր հարցն է։

Ազգային միաբանության կարգախոսը՝ «Միասին փրկենք Հայրենիքը», մնացել է նախագահական ընտրություններից։ Փետրվարին այն չաշխատեց, չի աշխատում նաեւ հիմա։ Ինչո՞ւ։ Փրկել բառը ենթադրում է արտակարգ, ծայրահեղ, աղետալի իրավիճակ, երբ բոլորը գիտակցում են փրկվելու անհրաժեշտությունը եւ պատրաստ են փրկարար գործողությունների։ Ո՛չ փետրվարին, ո՛չ էլ հիմա, չնայած առկա բոլոր դժվարություններին, չկա արտակարգ, ծայրահեղ, աղետալի իրավիճակին համարժեք գնահատական, ինչն էլ պիտի տաներ համարժեք գործողության։ Այս դեպքում «Միասին փրկենք Հայրենիքը» կոչն ավելորդ խուճապ է պարունակում, իսկ կոչ անողն ընկալվում է որպես ինքնահռչակ մեսիա։

Հզոր Հայրենիքի «Ուղիները շատ են, ճանապարհը՝ մեկը» առաջարկը հերթական գլուխկոտրուկն է։ Ուղի եւ ճանապարհ բառերը հոմանիշներ են։ Եթե ուղիները շատ են, ինչո՞ւ է ճանապարհը մեկը։ («Ուղիները շատ են, ուղին՝ մեկը» կամ «Ճանապարհները շատ են, ճանապարհը՝ մեկը») Եթե ասեին՝ «Խնդիրները շատ են, լուծումը՝ մեկը», այդ դեպքում թերեւս հասկանալի լիներ։ Ուղի եւ ճանապարհ հոմանիշների դեպքում, ճանապարհի միակությունը կամ գերակա առանձնահատկությունը չի ընդգծվում։ Պարզապես կարող էր լինել՝ «Ճանապարհը մեկն է», բայց ցանկալի է խուսափել հաստատական, անքննարկելի հայտարարություններից ու պատրաստի լուծումներից։

Եւ այս եւ «Արդարություն» դաշինքի «Այլ ճանապարհ չկա» կարգախոսի դեպքում հաշվի չի առնված մի կարեւոր հանգամանք։ Առայժմ, ցավոք, ժողովրդի համար կյանքի ու կենցաղի բարելավման միակ ճանապարհն անցնում է օտար երկրների հյուպատոսական ծառայություններով։

Հայաստանի ժողովրդավարական-ազատական միությունը հանդես է գալիս «Ձեւավորենք միջին խավ» կարգախոսով։ Սա միակն է, որ օրինաստեղծ աշխատանքի խոստում ունի։ Այսինքն՝ որոշակի հաջորդականությամբ որոշակի օրենքներ ընդունելու դեպքում գուցե հնարավոր լինի ձեւավորել միջին խավ, բայց քանի որ այդ խավը լցնելու է ֆինանսատնտեսական էլիտայի եւ ծայրահեղ աղքատների միջեւ եղած դատարկ տարածությունը, աղքատ ընտրազանգվածը կարող է զգուշանալ՝ մտածելով, որ ՀԺԱՄ-ի կարգախոսի իրականացման դեպքում Հայաստանում երկուսի փոխարեն կլինի երեք խավ եւ ուրիշ ոչինչ։

Հիմնականում այս կուսակցությունների ու դաշինքների ցուցապաստառներն են փակցված քաղաքի փողոցներում, եւ դրանց բովանդակության վերլուծությունը բերում է մի եզրակացության։ Մրցասպարեզ դուրս եկած ուժերը չունեն ընտրազանգվածի հետ խոսելու ունակություն, չեն գիտակցում խոսքի արժեքն ու կշիռը, տուրք են տալիս ճոռոմաբանությանն ու դատարկ պաթետիկային։ Խոսքը պետք է կողմնորոշիչ լինի, իսկ այդպիսին լինելու համար պետք է ներուժ ունենա՝ հագեցած ընտրազանգվածի սոցիալ-հոգեբանական վիճակի ճանաչողությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter