HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թրեյսի Չեփմեն. «Fast Car» …երբ կյանքը սխալ կետից է սկսվում

Նաիրա Հայրապետյան

«Իմ մանկությունն անցել է Քլիվլենդում` Օհայոյում, ծնվել եմ աշխատավորի ընտանիքում:-  BBC-ի հետ ունեցած հարցազրույցներից մեկում ասել է ամերիկացի երգիչ, երգահան Թրեյսի Չեփմենը,- Մայրս ինձ միայնակ է մեծացրել: Ես ապրում էի մարդկանց հետ, ովքեր առավոտից իրիկուն պայքարի մեջ էին: Ես մի մասնիկն էի այդ համայնքի, որտեղ յուրաքանչյուր ոք չարքաշ աշխատում էր և, միևնույն ժամանակ, հույս ուներ, որ ամեն ինչ դեպի լավն է փոխվելու »:

Լեգենդար անուններին նվիրված հոդվածներում հաճախ ենք խոստովանում, որ կան ճակատագրական երգեր: Գրեթե բոլոր երաժիշտների կյանքում էլ կան ստեղծագործություններ, որոնցով և որոնց հետ սկսվում է տվյալ արտիստի կենսագրությունը հզոր ու վայրիվերումներով լի այդ բնագավառում: Շատերի հետագա գործունեությունն անգամ սկսվում ու շարունակվում է միմիայն դրանցով: Այդպես է երբեմն լինում նույնիսկ այն դեպքում, եթե հաջորդել են լավագույն և առավել արժանահիշատակ աշխատանքներ: Բայց այն մեկը՝ ճակատագրականը, անվան նման կնքվում ու զուգահեռ քայլում է նրանց հետ ողջ կյանքի ընթացքում: Շատերն էլ սկսում ու ավարտում են իրենց  ստեղծագործական կյանքը հենց այդ կետում, ամենաուղիղ իմաստով:

Ամերիկացի հեղինակային երգիչ, երգահան Թրեյսի Չեփմենի գործունեությունը, ինչ խոսք, կապ չունի վերջին տարբերակի հետ, սակայն նրա կյանքում ևս կան նման երգեր: Դրանք մի քանիսն են, որոնցից մեկը՝ ամենահարմարը այդ բնորոշումներին, «Fast Car»-ն է:

Մարդու իրավունքների` աշխարհում ամենահայտնի պաշտպան և այս պայքարում ամենաակտիվ ու ճանաչված անունն է Նելսոն Մանդելան: Նրա կամքը, համարձակությունն ու նպատակասլացությունը ոգեշնչել, հույս են փոխանցել ոչ միայն հասարակ ժողովրդին: Աշխարհի հայտնի ու անհայտ արվեստագետներ, երաժիշտներ և գրողներ ներշնչվել ու գլուխ են խոնարհել նրա գաղափարների և համարձակ պայքարի առջև: 1988թ. Լոնդոնում տեղի ունեցավ Մանդելայի ծննդյան 70-ամյակին նվիրված մեծ համերգ, որին մասնակցելու համար աշխարհի տարբեր երկրներից այստեղ էին ժամանել անվանի երաժիշտներ: Նրանք աշխարհի մեծագույն մարդկանցից մեկին շնորհավորում և բեմից մեծարում էին ազատության, սիրո և հույսի մասին երգերով: Մանդելային նվիրված համերգը սփռվեց ավելի քան 60 երկրում` միլիոնավոր մարդկանց մեջ տարածելով ապրելու, հուսալու, պայքարելու և խաղաղության հասնելու հավատը: Բազմաթիվ երաժիշտների հետ «աշխարհի մարդուն» շնորհավորելու էր եկել նաև ոչ այնքան հայտնի, բայց արդեն հստակ ասելիքով առանձնացող Թրեյսի Չեփմենը:

«Fast Car». ահա այն երգերից մեկը, որով այդ երեկո հանդես եկավ Չեփմենը` սկիզբ դնելով իր երգի համաշխարհային ուղուն:

Թ. Չեփմենի այս ելույթից հետո «Fast Car»-ի առջև միանգամից ճանապարհը բացվեց: Երգն արագորեն սլացավ դեպի երաժշտական փոքր ու մեծ հորիզոնականները: Միացյալ Թագավորությունում այն բարձրացավ մինչև 4-րդ հորիզոնականը, իսկ ամերիկյան ունկնդիրը «Բիլբըրդի» թեժ 100-յակում «Fast Car»-ը հասցրեց 10-րդին: Եվրոպական բազմաթիվ երկրներ, Ավստրալիա, Նոր Զելանդիա… երգն արդեն հիթ էր` համաշխարհային լսարանում: Շատ ու շատ երաժիշտներ, ունկնդիրներ հավանաբար այսօր էլ կխոստովանեն, որ «Fast Car»-ը նրանց հնարավորություն է տվել բացահայտելու Թրեյսի Չեփմեն-երաժշտին: Չնայած երգին հաջորդած նոր ու հաջողված հիթերին` շատերն, այնուամենայնիվ, նրա երկացանկում լավագույնն ու անփոխարինելին համարում են «Fast Car»-ը:

Այն թողարկվեց 1988թ. որպես դեբյուտային`  «Tracy Chapman» խորագրով ալբոմի գլխավոր սինգլը:

Երգչուհու դեբյուտը երաժշտական ասպարեզում այս ալբոմով շռնդալից եղավ: «Tracy Chapman» -ը քննադատների կողմից ամենաշատ ուշադրության արժամացած աշխատանքներից է ոչ մայն Չեփմենի ստեղծագործական կյանքում, այլև այդ ժամանակաշրջանի համար: Այցեքարտային այս ալբոմը նրան «Գրեմի»-ի միանգամից վեց անվանակարգերի  թեկնածու դարձրեց: 1989թ. մրցանակաբաշխությանը երգչուհին ստացավ ` «Տարվա ալբոմ», «Տարվա հայտնություն» և «Կանացի լավագույն վոկալ կատարում» մրցանակները. վերջինիս համար Թրեյսին լավագույնը ճանաչվեց «Fast Car» –ի շնորհիվ:  «Tracy Chapman» ալբոմը մուլտի պլատինե կարգավիճակ ունեցավ` վաճառքի, հաջողության և համաշխարհային ճանաչման լայնամասշտաբ ու սրըթաց սլացքի արդյունքում:

Տարբեր առիթներով Չեփմենը մեկնաբանում է, որ երգն ամենևին էլ ինքնակենսագրական չի համարում, թեև որոշ համընկնումներ կան, քանի որ յուրաքնչյուր ստեղծագործող, բնականաբար, իրենից մի բան իր գրչի կամ հնչյունի մեջ դնում է: «Ես երբեք արագասլաց ավտոմեքենա չեմ ունեցել, - ասում էր նա,- իսկ սա ոչ թե մեքենայի, այլ պարզապես մի զույգի պատմություն էր, ովքեր փորձում էին համատեղ կյանք կառուցել և արդյունքում դեմ-հանդիման կանգնեցին դժվարությանը. այդպես է լինում, երբ նրանք սխալ կետից են սկսում»:

Նա նաև գտնում է, որը երգը նման հաջողություն ունեցավ, քանի որ ամերիկյան ռադիոկայաններն այն մշտապես հնչեցնում էին եթերում, ավելին, քան «Talkin’Bout A Revolution»-ը: Այդ պատճառով էլ «Fast Car»-ը սովորական պատմությունից վերածվեց ստորագրություն-երգի, որով էլ ինքը ընդունվեց որպես երգիչ-երաժիշտ և երգահան: Տարիներ անց, սակայն, կրկին չհերքելով երգի հաջողության գաղտնիքը, Թրեյսին այնուամենայնիվ խոստովանում է, որ երգն իր ընտանիքի պատմությունն էր:

«Ես համոզված եմ, որ երբ տարիներ առաջ` 1986թ. ես գրում էի «Fast Car»-ը, այդ ժամանակ բացարձակ չէի մտածում, չգիտեի, թե ում մասին է այն կամ ում նկատի ունեմ: Ավելի ուշ, սակայն, պարզեցի… և այս երգի օրինակով հասկացա, որ գրեթե նույն մոտեցումն եմ ունեցել իմ շատ այլ երգերի հանդեպ ևս: Կարծում եմ, որ «Fast Car»-ը իմ ծնողների մասին էր: Այն մասին, թե ինչպես նրանք հանդիպել էին միմյանց,  ու որոշել միասին նոր կյանք սկսել: Նրանք շատ երիտասարդ էին … Իմ ծնողները ամուսնացան և աշխարհ մտան՝ փորձելով սեփական ուժերով իրենց անկյունն այնտեղ ստեղծել. դա, ինչ խոսք, չափազանց դժվար ճանապարհ էր»:

Չնայած նոր հիթերին և Չեփմենի հանդեպ ունկնդիրների մեծ ու ջերմ գնահատանքին՝ «Fast Car»-ը մինչ օրս մնում է նրա ամենասիրված կատարումը: Այն ունեցել է այլ մեկնաբանություններ, ընդ որում՝ բավականին հաջողված ու ընդունված քավըր-կատարումներ, բայց երգը դեռևս շարունակում է մարդկանց մոտ իբրև երաժշտական պատկեր երևալ միայն Թրեյսի Չեփմենի տեսքով: Նրա շարունական կյանքը ապահովում է չափից դուրս իրական ու զգացմունքային էությունը. այն, որ երգչուհու ունկնդիրներից ամեն մեկն այնտեղ իրեն է տեսնում, իր մասնիկը, իր զգացմունքներն ու մտահոգությունը: Հնչել ու հասնել իր հանդիսատեսին. սա է ճշմարիտ երկխոսությունը երգի և ունկնդրի միջև:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter