HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Մասիսցիները արժանապատվություն չունեն

«Ես 40 տարվա մանկավարժ եմ, իմ նախկին աշակերտներից մեկը երկու օր առաջ եկել է մեր տուն եւ ինձ տասնհինգ հազար դրամ է առաջարկել, որ ձայնս տամ ինչ-որ գործարարի: Ես ամաչում եմ, որ այդպիսի աշակերտ եմ ունեցել: Այս քաղաքում ոչ ոք արդեն արժանապատվություն չունի»,- հուզված պատմում է 65 ամյա թոշակառու Մ. Ս.-ն: Անունը հասկանալի պատճառներով չենք նշում: Հայաստանի որեւէ քաղաքում նման իրավիճակ հաստատ չի ստեղծվել: Ողջ բնակչությունը առուծախի մեջ է: Ամեն ինչ բացահայտ է` իրավապաների, պետական ծառայողների, գողական աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ո՞վ է պատասխան տալու ժողովրդին այսպես փչացնելու համար»,- ինձ է հարցնում թոշակառու կնոջ, նորից մանկավարժ, հարսը:

Թիվ 21 ընտրատարածքը ընդգրկում է Մասիսի քաղաքը եւ հարակից 20 գյուղեր: Ամբողջ ընտրատարածքում ընտրողների թիվը 34 հազար է: Մասիս քաղաքում 13 հազար ընտրող կա: Ընտրատարածքում գրանցված են պատգամավորության 7 թեկնածուներ: Հիմնական պայքարը ընթանում է երեք թեկնածուների միջեւ: ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն է, նրան սատարում է հանրապետական կուսակցությունը, «Մասիս տոբակո» գործարանի տնօրեն Սամվել Սահակյանը, սատարում է Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը: Թեկնածուներից մեկը, որ հրաժարվել էր պայքարից Մասիսի քաղաքապետի եղբայրն էր` Միշա Հակոբյանը: Վերջինս հրաժարվել է եղբոր` Սաշա Հակոբյանի վրա ճնշումների պատճառով:

Մայիսի 13-ին Մասիսի քաղաքապետարան են հրավիրվել 20 գյուղերի գյուղապետեր: Հանդիպմանը մասնակցում էին պատգամավորության թեկնածու Գուրգեն Արսենյանը եւ Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Գյուղապետերը ստացել են համապատասխան հրահանգներ:

Մասիսի իր նախընտրական շտաբում թեկնածուներից մեկը, որ համոզված է իր հաղթանակի մեջ ասել է. «Գյուղացիներն իրենց գառնեը վաճառում են 20 հազար դրամով: Անցած ընտրություններին ես նրանց ձայները գնեցի 5 հազար դրամով: Այս տարի գինը մի քիչ բարձրացել է` կգնեմ 15 հազարով»: Թիվ 21 ընտրատարածքում ընտրակաշառքների չափերը սակայն հնարավոր է կտրուկ բարձրանան: Մեր տեղեկություններով, երեք գյուղերում նախատեսվել է ձայները գնել 20 հազար դրամով:

«Ես համոզված եմ Աստված այս ամենի համար մեզ պատժելու է»,- հարժեշտի ժամանակ ասաց 40 տարի երեխաների դաստիարակությամբ զբաղված թոշակառու մանկավարժը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter