Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ոստիկանական ուսումնական հաստատություններ դիմողների թիվը նվազում է. կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել ԱԺ



ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջում առաջին ընդունելությունը կատարվել է 2011թ.-ին: Կառավարության ուսումնասիրության համաձայն՝  ընդամենը 4 տարում ակնհայտ նվազել է քոլեջի դիմորդների քանակը: Մասնավորապես՝ 2011թ. սահմանված էր ընդունելության 65 տեղ, դիմել էր 96 դիմորդ, որոնցից ընդունվել էր ընդամենը 64-ը: 2014թ. սահմանվել է 105 տեղ, սակայն դիմել է ընդամենը 70 դիմորդ, որոնցից ընդունվել է ընդամենը 32-ը: Հատկացված տեղերից քիչ դիմելու պատճառով մրցակցային սկզբունքը մղվել է երկրորդ պլան և առաջնայնություն է տրվել հատկացված տեղերի համալրման սկզբունքին:

Վերլուծությունը ցույց է տվել, որ կտրուկ նվազել է նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի դիմորդների քանակը: Եթե 2009թ. ոստիկանության ակադեմիա ընդունվելու համար դիմել են 718 դիմորդ, որոնցից ընդունվել է 188-ը, ապա 2014թ. դիմել է ընդամենը 81 դիմորդ, որոնցից ընդունվել է 36-ը: Ընդ որում, 2009թ.-ին սահմանված է եղել 190 տեղ, իսկ 2014թ-ին՝ 100:

Հենց այս պատճառով էլ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել օրենքի նախագիծ՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, որով ցանկանում է մեծացնել ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորելու ցանկություն ունեցող անձանց թիվը, բարձրացնել  ոստիկանական մասնագիտության հեղինակությունը և այլն:

Վերջին 5 տարիների միջին խմբի թափուր հաստիքների համալրման վերլուծությունից պարզվել է, որ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի առկա ուսուցման, ինչպես նաև կրտսեր խմբից հեռակա ուսուցմամբ սովորող շրջանավարտների թիվը կազմում է միջին խմբում նշանակվածների ընդհանուր թվի շուրջ 30%-ը: Իսկ վերջին 5 տարիների ընթացքում սպայական պաշտոններից ազատվածների թվաքանակը 10%-ով գերազանցում է ոստիկանության միջին խմբում նշանակվածների թվաքանակին, և 74%-ով` կրթահամալիրի շրջանավարտների թվաքանակին: Սա այն դեպքում, երբ շրջանավարտների թիվը վերջին 5 տարիների ընթացքում միջինը կազմել է շուրջ 150:

Կառավարությունն օրենքի այս նախագծով նախատեսում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացի ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիներից, հնարավորություն ընձեռել նշանակելու նաև համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին: Առաջարկվում է հանել ներկայումս գործող ավագ, գլխավոր և բարձրագույն խմբի համար նախատեսված ոստիկանական կրթության պահանջը: Տվյալ դեպքում հնարավոր կլինի ոստիկանության միջին խմբի պաշտոնները համալրել ոչ միայն ոստիկանության ուսումնական հաստատության շրջանավարտներով, այլև համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներով: Իսկ ոստիկանության ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանելու իրավասությունը կվերապահվի ՀՀ կառավարությանը:

Հաշվի առնելով, որ ոստիկանության համար կադրեր պատրաստող հիմնական բուհը ոստիկանության կրթահամալիրն է, ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակում կատարելու համար նախագծով սահմանվում է առաջնահերթություն, որի համաձայն պաշտոնի կարող են նշանակվել նախ` ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն կամ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները, հետո` ոստիկանության ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները: Այնուհետև կնշանակվեն կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները: Այս դեպքում ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակելուց հետո այդ անձանց համար, բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացած ծառայողների, կսահմանվի վեցամսյա փորձաշրջան: Նշված փոփոխությունով, որպես ոստիկանությունում ծառայությունից ազատելու և ոստիկանության կոչումից զրկելու հիմք են նախատեսվում սահմանված փորձաշրջանի արդյունքները:

Ըստ կառավարության հիմնավորումների՝ նախագծով ավագ և գլխավոր խմբի պաշտոններում նշանակում կատարելու համար անհրաժեշտ պայմանները համապատասխանեցվել են իրական կյանքում առաջացող և անհրաժեշտ չափանիշներին: Մասնավորապես՝ պրակտիկան ցույց է տվել, որ գլխավոր խմբում նշանակվելու համար գործող օրենքով նախատեսված 8 տարվա միջին խմբի ծառայության ստաժը միշտ չէ, որ երաշխավորում է բարձր պրոֆեսիոնալիզմ և անձնական հատկանիշներ ունեցող կադրերի հայտնաբերումը և առաջխաղացումը: Ուստի նախագծով նախատեսվել է պաշտոնի նշանակման` ընդհանուր կանոնից բացառություն կազմող այլ իրավակարգավորում` ծառայողական գերազանց ցուցանիշներ և անձնական բարձր որակներ, սակայն՝ մասնագիտական հանձնաժողովի երաշխավորությամբ:

Նախագծով ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում կրթություն ստացող սովորողների համար ուսման ողջ ժամանակահատվածում սահմանվում է վարձատրություն ստանալու իրավունք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

«Նշված կարգավորումները իրավական խթան կհանդիսանան ոստիկանության կրթահամալիրում սովորելու համար, միաժամանակ կվերացնեն սովորողների եւ պրակտիկ ոստիկանների սոցիալական կարգավիճակի նկատմամբ տարբերակված մոտեցումը», -նշված է կառավարության հիմնավորման մեջ:

Օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացության համաձայն առաջարկվում է ոստիկանության կրթահամալիրի քոլեջի շրջանավարտներին 1 տարվա ծառայության ստաժ ունենալու դեպքում հնարավորություն տալ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա դիմելու ընդունելության ընդհանուր մրցույթից դուրս: Այս դեպքում սահմանել ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում կրթություն ստացող սովորողների համար ուսման ողջ ժամանակահատվածում վարձատրություն ստանալու իրավունք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Ոստիկանության կողմից ներկայացված հաշվարկի համաձայն նշված նպատակով տարեկան անհրաժեշտ գումարը կազմում է 447.6 մլն դրամ, որի  համար ՀՀ 2016-2018թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2017-2018թթ.-ի համար միջոցներ նախատեսված չեն:

Այդպիով, եզրակացրել են, որ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կլինի բացասական, իսկ եկամուտների վրա` դրական, սակայն ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ նախատեսված ծախսերը ներկայացված չեն ըստ կոնկրետ հոդվածների:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ