HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական խեցգետնի անհաջողությունները

Հայաստանից արտահանվող խեցգետինը 2015 թվականին զգալի էժանացել է։ Եթե 2014-ին, ՀՀ մաքսային ծառայության տվյալների հաշվարկով, արտահանված 1 տոննա խեցգետնի գինը միջինում կազմել է մոտ 3,1  հազ. դոլար, ապա նախորդ տարի՝ ընդամենը մոտ 1 հազ. դոլար։  Այսինքն՝ մեկ տոննայի միջինը գինը երեք անգամ նվազել է։ 

Թեև խեցգետինը երբեք էլ Հայաստանի արտահանման կազմում մեծ տեղ ու նշանակություն չի ունեցել, սակայն 2013 թվականից սկսած` դրա արտահանման ծավալները քիչ թե շատ նշանակալի են դարձել։ Բայց նախորդ տարվանից նվազման միտումը շարունակվում է։

2015-ին Հայաստանից խեցգետնի արտահանման ֆիզիկական ծավալները 2014-ի համեմատ նվազել են ավելի քան 760 տոննայով կամ 17,8%-ով։ Մինչդեռ գնանկման հետևանքով դրա դիմաց ստացվող գումարը՝ մաքսային արժեքը,  շատ ավելի մեծ տեմպերով է նվազել՝ մոտ 9,8 մլն դոլարով կամ 3,8  անգամ։

ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայությունից (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) «Հետքը» տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է շուրջ 1,23 հազ. տոննա խեցգետին, որը ավելի քան 0,5 տոննայով պակաս է 2015-ի նույն ժամանակահատվածի արտահանման ցուցանիշից։ Իսկ մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն ՍԱՊԾ-ն չի տրամադրել՝ նշելով որ չի տիրապետում դրան։ Իսկ Մաքսային ծառայությունը տարվա առաջին եռամսյակի տվյալները դեռևս չի հրապարակել, ուստի դեռևս չենք կարող այս տարվա համար գնային համեմատություն անցկացնել։ Փոխարենը մի քանի արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցից պարզ է դառնում, որ նախորդ տարվա համեմատ գնային առանձնակի տարբերություններ չկան։

Տվյալները՝ ՀՀ մաքսային ծառայության

Արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է

Ներկայում հայկական խեցգետնի խոշորագույն գնորդը Ռուսաստանն է։ Ոչ մեծ ծավալներով արտահանվում է նաև Բելգիա և չինչին ծավալներով՝ այլ երկրներ։ 2015-ի տարեկան տվյալներով՝ ամբողջ արտահանման մոտ 88%-ի գնորդն, ըստ մաքսային արժեքի, Ռուսաստանն է, մոտ  11%-ինը՝ Բելգիան։ Փոքր ծավալներով առաքվել է նաև Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Իտալիա, Ավստրիա, Լյուսեմբուրգ և ԱՄՆ։

Գնանկման պատճառը Ռուսաստանում սպառման ծավալների կրճատումն է ու պահանջարկի անկումը

Հայաստանից 2013 թվականից խեցգետնի արտահանման ծավալների քիչ թե շատ նշանակալի դառնալը պայմանավորված էր Ռուսաստանում ոչ միայն հայկական, այլև՝ այլ երկրներից ներմուծված խեցգետնի պահանջարկի աճով, իսկ եվրոպական երկրների պահանջարկը հայկական խեցգետնի նակտմամբ այդ ժամանակ էլ փոքր էր ու ուներ նվազման միտում։  

2012-ին Հայաստանից այս երկիր արտահանվել է 1,2 հազ. տոննա խեցգետին՝ 3,9 մլն դոլարով, իսկ 2013-ին ցուցանիշները կտրուկ բարձրացել են՝ մոտ 3,9 հազ. տոննա, ավելի քան 12,5 մլն դոլար։ Ռուսական շուկայից ունեցած կախվածությունը, սակայն, երկար սպասեցնել չտվեց։

2015-ին դեպի Ռուսաստան արտահանված հայկական խեցգետնի քանակը, նախորդող տարվա համեմատ, նվազել է 620 տոննայով, իսկ արժեքը՝ 8,6 մլն դոլարով կամ 3,8 անգամ (2014- ին՝ 4 հազ. տոննա, 11,65 մլն դոլար)։ Շուկայի հետ առնչվող և դրան ծանոթ մարդիկ հիմնականում գնանկման երկու պատճառ են նշում։ Առաջինը՝ Ռուսաստանի տնտեսության թուլացումն է, որն էլ հանգեցրել է բնակչության գնողունակության անկմանը: Դրա հետևանքով մի շարք ապրանքատեսակների, այդ թվում՝ խեցգետնի, սպառման ծավալները կրճատվել են։

Բացի այդ, որոշ արտահանողներ նկատում են, որ երկու տարվա աճից հետո հայկական խեցգետնի նկատմամբ ռուսների հետաքրքրությունը, այլ կերպ ասած՝ պահանջարկը, նվազել է։ Ոմանք դա պայմանավորում են հայկական կողմի սխալ մարքեթինգով։ Այս երկու հանգամանքները ստիպել են հայ արտահանողներին ցածր գին առաջարկել խեցգետնի համար։ Այսինքն՝ Ռուսաստանում հայկական խեցգետնի պահանջարկը, որը 2013-ից զգալի ավելացել էր, նախորդ տարի նորից նվազել է, ու դա հանգեցրել է դրա գնանկմանը։

Միևնույն ժամանակ, Բելգիա արտահանվող հայկական խեցգետնի արժեքը ևս նվազել է։ Բայց քանի որ դեպի այս երկիր արտահանման ցուցանիշները մեծ չեն, դրա գնանկումը զգալի ազդեցություն չի ունեցել ընդհանուր ցուցանիշի վրա։ Այսպես, եթե 2014-ին այս երկիր 127,5  տոննա խեցգետինն արտահանվել է մոտ 692 հազ. դոլարով, ապա՝  2015-ին 103 տոննան արտահանվել է  367,1 հազ. դոլարով։

Տարիներ առաջ հայկական խեցգետինը եվրոպական որոշ երկրներում պահանջարկ ունեցել է, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, որի պահանջարկը ինչ-որ չափով պահպանվել է, 2-3  տարի՝ Լյուքսեմբուրգում և այլն։ Օրինակ՝ 5-6 տարի առաջ Հայաստանից, ինչպես վկայում են Մաքսային ծառայության տվյալները, մինչև 80 տոննա հայկական խեցգետին է արտահանվել Գերմանիա, մինչդեռ 2014-ին՝ ընդամենը 6 տոննա, իսկ նախորդ տարի ընդհանրապես չի արտահանվել։ Վերջին երկու տարում դեպի Ֆրանսիա ևս չի արտահանվում։ Հայկական խեցգտենի նկատմամբ պահանջարկը կորցրել է նաև Լյուքսեմբուրգը։

Թեև նախկինում այս երկիր հայկական խեցգետին գրեթե չի արտահանվել, սակայն 2013 և 2014 թվականներին տարեկան  50-70  տոննա արտահանվել է։ Իսկ նախորդ տարի՝ ընդամենը 1 տոննա։

Հայաստանն, ըստ էության, կորցրել է նաև ուկրաինական շուկան։ Եթե 2013-ին այս երկիր է արտահանվել  185 տոննա հայկական խեցգետին, դրանց առաջ էլ՝ մինչև  240 տոննա,  2014-ին՝ մոտ 50 տոննա, ապա նախորդ տարի՝ ընդամենը 2 տոննա։ Հայաստանը նաև ոչ մեծ ծավալի խեցգետին է ներմուծում։ Օրինակ՝ 2015-ին ներմուծվել է 65 տոննա՝ 290 հազ. դոլարով։ Ըստ Մաքսային ծառայության՝ մեծ մասը ներմուծվել է Իրանից ու Վրաստանից։

Խեցգետին արտահանել է թվով 15 ընկերություն, բայց մեծ մասը՝ 2-4 ընկերություն

Ըստ ՍԱՊԾ-ի և նախորդ տարվա առաջին կիսամյակի և այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանից խեցգետին է արտահանել թվով 15  ընկերություն։ Նրանց շարքում առնվազն երկուսը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ փոխկապակցված ընկերություններն են՝ «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ն և «Մերի ֆիշ» ՍՊԸ-ն։ Թեև ՍԱՊԾ-ն չի տրամադրում տվյալներ, թե որ ընկերությունն ինչ ծավալի արտահանում է իրականացրել,  սակայն, մեր տեղեկություններով, արտահանման առյուծի բաժինը զբաղեցնում են միայն 2-3 ընկերություն, այդ թվում՝ վերը նշված երկու ընկերությունները։

Ի տարբերություն խեցգետնի, ձկան արտահանումը վերջին տարիներին սկսել է դասվել Հայաստանից արտահանվող ամենաբարձր մասքային արժեք ունեցող ապրանքների ցանկում։ Այստեղ խնդիրներն ավելի մեծ մասշատբաներ ունեն։ Եվ ոչ միայն արտահանման մասով, այլև՝ երկրում ձկան պաշարների ու ընդհանրապես այս ոլորտի կառավարման, ինչին կանդրադառնանք առաջիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter