HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապակյա առաստաղները կոտրելու և սեփական ուժերին հավատալու ժամանակը

Արմինե Ղուկասյան

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակչուհի Սիրամարգ Ղազարյանի` ընտանիք-աշխատանքով շրջանակված հոգսաշատ առօրյայի սահմաններն ընդլայնվեցին 2002 թ.-ին:

«Դեռեւս 2002թ. անցկացված ՏԻՄ ընտրություններում առաջադրեցի համայնքի ղեկավարի իմ թեկնածությունը: Մրցակիցներս տղամարդիկ էին: Իհարկե, գիտակցում էի, որ ոչ միայն դժվար, այլ գրեթե անհնարին է լինելու մրցակցությունից հաղթող դուրս գալը: Հավաքեցի 101 ձայն: Պարտությունս էլ ընդունեցի արժանապատվորեն: 2005 թ. կրկին փորձեցի անցնել նույն ճանապարհը եւ չընտրվեցի, սակայն նույն տարում մասնակցեցի համայնքի ավագանու ընտրություններին` հավաքելով 275 ձայն: Երկու ընտրաշրջան դարձել եմ ավագանի, եւ գնալով ինձ տրված ձայների թիվն ավելացել է, որը համարում եմ իմ հաջողություններից մեկը: Ասեմ, որ գյուղական համայնքում որոշիչը բնակչության ձայն է, դրսի միջամտությունը դեր չի խաղում»,- ասում է Սիրամարգ Ղազարյանը:

Սիրամարգը մեկն է այն կանանցից, ովքեր հունիս ամսին մասնակցում էին «Կանանց քաղաքական մասնակցության առաջմղումը տեղական ինքնակառավարման համակարգում» երկօրյա սեմինարին: Սեմինարը միավորել էր Սեւանի եւ ճամբարակի տարածաշրջանների մեկտասնյակից ավելի համայնքների կանանց ու աղջիկներին, որոնցից մի մասի համար սա փորձի փոխանակման լավագույն հարթակ էր, մյուս մասի համար` ՏԻՄ ոլորտ մուտք գործելու նախաշեմ, իսկ բոլորին համախմբողը համայնքներում ինչ-որ բան փոխելու ցանկությունն էր, ոլորտի վերաբերյալ նոր գիտելիքներ ստանալու պահանջը:

Սեւան համայնքը եւ տարածաշրջանի 10 գյուղական համայնքներն այսօր ներկայանում են ավագանու` 5 կանացի դեմքով:

2015թ. տվյալներով Գեղարքունիքի մարզում 87 գյուղական համայնքներից միայն 3-ն են ղեկավարում կանայք, 545 ավագանու անդամներից 42-ն են կին:

Վիճակագրությունը հուսադրող չէ նաեւ ազգային մակարդակում: Համաձայն ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության 2015 թ. տեղեկատվության` 49 քաղաքապետերի շարքում երբեւէ կին չի եղել, 866 գյուղական համայնքներից միայն 17-ի ղեկավարներն են կին: Քաղաքային համայնքների ավագանիների 556 անդամներից ընդամենը 30-ն են  կին, 866 գյուղական համայնքների 5206 ավագանու անդամներից 515-ն է կին:

Դդմաշեն համայնքի ավագանու անդամ, հասարակագիտության ուսուցչուհի Ժաննա Սարգսյանը, ով 2015թ. դեկտեմբերի 6-ի ընտրություններում հավաքել է ամենաշատ ձայները` 205 ձայն, առաջ անցնելով մրցակից տղամարդկանցից, վստահեցնում է, որ պետք է հավատալ սեփական ուժերին եւ չհիմնավորված վախերն ու բարդույթները հաղթահարել հենց ընտրություններին մասնակցելով:

«Ինձ համար վճռորոշ դարձավ 2015 թ. աշնանը Դդմաշենում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում անցկացված «Կանանց մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում» դասընթացը: Մասնակցեցի պարզապես մասնակցության համար, սակայն դուրս եկա հաստատ որոշմամբ` առաջիկա ընտրություններում դնելու եմ թեկնածությունս: Ակտիվ քարոզարշավ չեմ անցկացրել, ավելի շուտ նախկին աշակերտներիս միջոցով փորձել եմ համայնքի տրամադրությունը շոշափել, ու պարզ դարձավ, որ ունեմ բոլոր հնարավորությունները ոչ միայն առաջադրվելու, այլեւ` մրցակցությանը դիմակայելու: Ես վստահ եմ` կինը կարող է շատ բան փոխել համայնքի կառավարման գործընթացում»,- այս եզրակացության է եկել Ժաննա Սարգսյանը:

Ժաննան ընդամենը 7-ամսյա ճանապարհ է անցել, դեռ շատ բաներ փորձում է իր համար բացահայտել:

Նրա կողքին Ճամբարակի տարածաշրջանի Աղբերք համայնքի  ավագանու` 20-ամյա փորձառություն ունեցող Անահիտ Առաքելյանն է: 50 տարվա աշխատանքային կենսագրություն ունեցող Անահիտը մի քանի մասնագիտություն ունի` մանկավարժ, գորգագործ, դերձակ:

Փախստականներով բնակեցված Աղբերքում դեռեւս 1996 թ. Անահիտին առաջարկել են դնել թեկնածությունը ավագանու ընտրություններում: Մարդկանց հետ ունեցած ամենօրյա շփումը, գործունյա եւ ակտիվ խառնվածքն էլ օգնել են, որպեսզի տիկին Անահիտը չհանդիպի որեւէ դիմադրության, եւ այդպես մի քանի ընտրաշրջան: Ներկայումս 80 տնտեսություն ունեցող գյուղում, տիկին Անահիտի բնորոշմամբ, ապրում են «քամու բերանն ընկած, որտեղ հոգսն ու խնդիրները ծայր չունեն»:

«Ալիքը շպրտել է այստեղ, ու մարդիկ փորձում են ինչ-որ բան ստեղծել. գյուղը գազիֆիկացված չէ, դեռեւս լուծված չէ ջրի խնդիրը, ու էլի շատ ու շատ խնդիրներ»,- թվարկում է ավագանու անդամը:

Այժմ, երբ տիկին Առաքելյանը վերլուծում է իր անցած ուղին, վստահորեն ասում է` լավ է, որ ավագանի եմ: «Անցած տարիների ընթացքում ձեռք եմ բերել շատ հմտություններ եւ գիտելիքներ, որոնք, ճիշտ է, հաճախ մնացել են իմացության մակարդակում, կյանքի չեն կոչվել: Համայնքի ղեկավարներն արել են այն, ինչ ցանկացել են: Դրա պատճառն էլ այն է, որ ավագանու դերը կամ չեն հասկացել, կամ չեն կարեւորել»,- իր մտորումներն է կիսում բազմափորձ ավագանին, ով, այնուամենայնիվ, հավատում է, որ թունելի վերջում լույս է լինելու: Մինչ Անահիտ Առաքելյանն ավագանու` իր 20-ամյա փորձն է վերհանում` նշելով ձեւական եւ չաշխատող կողմերը, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի թիվ 351 հանձնարարականն անդրադառնում է մի քանի մտահոգիչ կետերի, մասնավորապես` «համայնքի ավագանիների` իրենց իրավասություններին առնչվող բոլոր հարցերի մասով նախաձեռնությունների իրականացման թույլ կարողությունը»:

Շատ կանայք նախաձեռնությունների իրականացման մասով խնդիրներ չունեն, ավելին` տղամարդկանցից առավել նախաձեռնող են եւ հետամուտ, սակայն ոչ միշտ են ընդունվում, եւ արդեն ձեւավորված կարծրատիպերի պատճառով հաճախ են հայտնվում խաղից դուրս վիճակում:

Սիրամարգ Ղազարյանը ցավով նկատում է, որ իր շրջապատում հաճախ է լսում հետեւյալ արտահայտությունը` «Հավն աքլորից առաջ չի ընկնի», այնինչ, «այդ նույն հավը հաճախ արժի 1000 աքլոր»: Ի դեպ, Սիրամարգը Արցախում տեղի ունեցած ապրիլյան պատերազմական գործողությունների օրերին եւ մինչ այժմ էլ շարունակաբար մասնակցում է սահմանների պաշտպանությանը եւ զինավարժություններին:

Կանայք փորձում են կոտրել ապակյա առաստաղներն իրենց աշխատանքով, հաճախ էլ համառությամբ եւ ընդդիմադիր կեցվածքով:

Նրանց` ընտրական գործընթացներին մասնակցության խրախուսումը արձանագրված է նաեւ Ընտրություններին կանանց մասնակցության մասին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1676 հանձնարարականում. «Նպատակ դնել 2020 թ. կանանց ներկայացուցչությունը խորհրդարանում եւ ուրիշ ընտրական մարմիններում հասցնել առնվազն 40%-ի»:

Շորժա համայնքի ակտիվ երիտասարդներից Լենա Առաքելյանը, որը նախակրթարանի աշխատակից է, «Վորլդ Վիժն» կազմակերպության համայնքային կազմակերպիչ, արդեն հասցրել է փորձ կուտակել նաեւ ավագանու անցած ընտրություններում: Ընդամենը 5 ձայն չի բավականացրել անցողիկ շեմը հաղթահարելու համար:

Լենայի համար թվացյալ  անհաջողությունը դարձել է առաջ շարժվելու ազդակ:

«Որոշել եմ առաջիկա ընտրություններում դնել թեկնածությունս. ուղղակի դնելու համար չէ, հասունացել է պահը, եւ իմ փորձը, վստահությունն ուժերիս հանդեպ ինձ առաջ են մղում գյուղում փոխելու ինչ-որ բան` դառնալով ավագանու անդամ»,- ասում է Լենան: Նա արդեն իսկ հասցրել է հանդես գալ նախաձեռնությամբ: Գյուղի դպրոցի բակում խաղահրապարակ կառուցելու համար ծնողների միջոցով հավաքել են որոշակի գումար, ակնկալում են նաեւ համայնքի ղեկավարի աջակցությունը:

«Երեխաները պիտի ունենան իրենց ազատ ժամանցը կազմակերպելու վայր, եւ այն լինելու է»,- վստահեցնում է Լենան:

Դդմաշեն համայնքի ավագանու անդամ Ժաննան էլ խոստովանում է, որ անցած մի քանի ամիսների ընթացքում շատ բան չի հասցրել անել, սակայն ձեռքերը ծալած էլ չի նստել  ու հավատում է, որ հասնելու է արդյունքի: Մանկավարժ ավագանու համար գլխավոր խնդիրը գյուղում մշակութային կյանքի աշխուժացումն է, դրան ուղղված ծրագրերի իրականացումը:

Ժաննա Սարգսյանն իր աշխատանքում առաջնորդվում է օգտակար գործեր անելու սկզբունքով եւ նշում է. «Պետք է օգնել համայնքի ղեկավարին, որպեսզի գյուղաբնակ երիտասարդների համար ստեղծվի ազատ ժամանցը կազմակերպելու սպասված անկյուն, միաժամանակ կանանց համար բացվեն աշխատատեղեր»:    

Աղբերքցի Անահիտ Առաքելյանն էլ, չնայած մեծ հաջողությունների մասին դեռ չի կարող խոսել, սակայն դժվարությունները նրան չեն ընկճել, ավելին` չի հոգնել: «Առաջիկայում էլ դնելու եմ թեկնածությունս. դեռ հավատում եմ, որ ինչ-որ բան փոխվելու է: Նոր գյուղապետը ձգտում ունի, փորձում է իր համայնքի համար ինչ-որ բան անել, պետք է օգնել նրան»,- ասում է Անահիտը:

Տիկին Առաքելյանը ոչ միայն առաջիկա ընտրություններում կդնի իր թեկնածությունը, այլեւ համոզված է, որ կրկին ընտրվելու է համայնքի ավագանի:

Նրա պես լավատես չէ ծովագյուղցի Սիրամարգ Ղազարյանը, սակայն բնավորությամբ ձգտող ու պայքարող կին է: «Առաջիկա ընտրություններում դնելու եմ թեկնածությունս` որպես համայնքի ղեկավար: Ունեցած անհաջող փորձերս ինձ չեն հուսահատեցնում: Չնայած չունեմ փող, սակայն ունեմ գիտելիք, ռեսուրս, պահանջկոտ եմ իմ անձի նկատմամբ եւ, ամենակարեւորը, ինչպես շատ կանայք, ես էլ ունեմ կայուն դիրքորոշում ու փորձելու եմ եղած կարծրատիպերը կոտրել կամ գոնե սասանել իմ մասնակցությամբ»,- համոզված է Սիրամարգը, ով ապավինում է նաեւ կանանց համերաշխություն ասվածին:

Տարբեր համայնքներ ներկայացնող եւ տարբեր փորձառությամբ կանանց ոչ միայն իրենց ուժերի նկատմամբ հավատ ներշնչելու, այլ, նախեւառաջ, իրազեկելու, գիտելիքներով զինելու երկօրյա սեմինարից հետո շատերը համոզված էին, որ ՏԻՄ առաջիկա ընտրություններին մասնակցելու են ոչ միայն որպես ընտրող:

Ընտրությունների շեմին ինչ կփոխվի` դժվար է ասել, սակայն անկախ դրանից` համայնքներն ունեն պատրաստված ու պատրաստակամ կանայք, որոնք պատրաստ են կոտրելու անտես, թվացյալ ու տեսանելի ապակյա առաստաղները:     

  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter