Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Թող Ժիրայր Սեֆիլյանին նշանակեն վարչապետ». երևանցիները՝ վերջին իրադարձությունների մասին



«Հետքը» զրուցել է Երեւանի մի քանի բնակիչների հետ՝ խնդրելով ներկայացնել Հայաստանում տեղի ունեցած վերջին գործողությունների վերաբերյալ իրենց կարծիքն ու դիրքորոշումը:

Կրթության ոլորտի մասնագետ Մելանյա Դավթյանը  արդարացված է համարում «Սասնա ծռեր» խմբի գործողությունները: Տեղի ունեցած ընդվզումը նրա համար ընդունելի է:

Սակայն նա մեծ հիասթափություն է ապրել, երբ հեռուստաէկրանին տեսել է խմբի անդամներից մեկին՝ Էդմոն Սողոմոնյանին, որի հաշմանդամ հայրը ՊՊԾ գնդի տարածք էր գնացել որդուն տուն վերադառնալու հորդորով: Հեռուստատեսությամբ պատմել են, որ Սողոմոնյանը բանակում ծառայած չէ, ինչը տիկնոջ մոտ փոխել է խմբի մասին պատկերացումները:

«Ես կարծում եմ, որ ամեն ինչ հասել է ժողովրդի կոկորդին, լուծում չկա, այդ պատճառով էլ խումբը դիմել է նման գործողությունների: Կառավարությունը ասես էս պետությունից չի, ինքը ուրիշ տեղ է, մենք՝ ուրիշ, անտեր-անտիրական: Հերիք չէ՝ չի կարողանում սոցիալական խնդիրները լուծել, ապահովել բանակի զինվածությունը, ինչում մենք համոզվեցինք ապրիլին, չի կարողանում նաեւ օրվա, նույնրոպեական խնդիրները լուծել: Բայց մյուս կողմից ինձ դուր չեկավ, որ «Սասնա ծռերի» մեջ կան մարդիկ, ովքեր ծառայած չեն: Ես տեսա, որ տղաներից մեկի ծնողը հաշմանդամի սայլակի վրա եկել էր այդ չեզոք գոտի եւ որդուն ասում էր, որ նա բանակում չի ծառայել: Երիտասարդը գնացել էր նման կարեւոր գործի, բայց պրիմիտիվ էր, կերած-խմած: Մինչ այդ ես գիտեի, որ բոլորը ծառայած են, փորձառու, հասկանում են, թե ինչի են գնում, տրամաբանված են: Բայց ինձ մոտ տպավորություն է, որ նա չէր էլ կարողանում ձեւակերպել իր նպատակները»,-«Հետքի» հետ զրույցում ասում է Մելանյա Դավթյանը: 

Նա ազնիվ դատավարություն է պահանջում, այնպիսին, որտեղ կպարզվի, որ մարդիկ զինված գործողությունների են գնում ոչ հենց այնպես: «Հասկանալի է, որ եթե Սերժի գլուխն էլ կտրես, հրաժարական չի տա: Բայց խնդիրն էն է, որ ես կուզեի բաց դատավարություն լիներ, ազնիվ դատավարություն, որտեղ լինեին ժողովրդի շահերի պաշտպաններ, եւ քննարկվեր ու բացահայտվեր, որ մարդիկ վատ կյանքից են նման քայլին դիմում: Իսկական դեմոկրատական երկրում մի ցուցանակ են վերցնում եւ գնում բողոքի, իմանալով, որ իրենց կլսեն: Հայաստանում նման ձեւով հարցեր չես կարող լուծել»,-նշում է Դավթյանը:

Բուժքույր Քրիստինե Զաքարյանը նույնպես ընդունում է «Սասնա ծռեր» խմբի գործողությունների դրդապատճառները: «Իրենք ծայրահեղ քայլի են դիմել, որովհետեւ համբերության բաժակը լցվել է, այլ ճար չկա: Այլընտրանք էս պետության մեջ չկա: Միանշանակ: Մարդկանց մնացել է ծայրահեղ քայլի դիմելը: Եթե մեր երկրի բնակչության 50 տոկոսը էս մարդկանց նման լիներ, էսօրվա իրավիճակը չէինք ունենա: Մենք թույլ տվեցինք, որ մեր երկիրը կեղեքեն»,- ասում է Քրիստինե Զաքարյանը:

Նա ակնկալում է, որ կառավարության կողմից փոխզիջում լինի: Ասում է. «Մինչեւ հիմա ժողովուրդն է զիջել, հասկանալով, որ ունենք արտաքին թշնամիներ: Ոչ ոք չի ցանկացել ներքին պայքար սկսել՝ հասկանալով դրսի վտանգները: Ժողովուրդը հանդուրժել է, հանդուրժել է, բայց էլ չի կարող: Հիմա էլ թող իշխանությունները զիջումներ անեն: Վատ չի լինի, որ արտահերթ ընտրություններ անցկացնեն»:

«Ես դատավոր չեմ, որ որեւէ մեկին մեղադրեմ: Բայց արդարացված չեմ համարում զինված գործողություններ սկսելը: Կարելի էր այլ ճանապարհով գնալ»,-ասում է ինժեներ-էլեկտրոնիկ, այժմ թոշակառու Էդվին Գրիգորյանը: Գրիգորյանը հեռուստատեսությամբ տեղեկացել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստակամ է հանդիպել Ժիրայր Սեֆիլյանին: Թոշակառուն դա գնահատում է դրական:

Էդվին Գրիգորյանը կարծում է, որ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության գործողությունները, բռնությունները «մարդկային տեսանկյունից» այնքան էլ սխալ չեն: «Եթե մարդու իրավունքների եւ միջազգային կոնվենցիաների տեսանկյունից նայենք, հա, ճիշտ չէր: Եթե մարդկային տեսանկյունից նայենք, ապա՝ շատ հնարավոր է մեզնից մեկը շատ համը հանում է, մի հատ մեծը չափալախ է տալիս: Այ էդ մակարդակի միջադեպեր էին դրանք»,-ասում է նա:  

Թոշակառուն լարվածությունը թուլացնելու օրիգինալ առաջարկ ունի. Ժիրայր Սեֆիլյանը նշանակվի վարչապետ: «Նախագահի պաշտոնը մի քիչ շատ կլինի: Բայց թող նշանակեն վարչապետ, տեսնենք ինչ կլինի: Չնայած կասկածում եմ, որ մեծ փոփոխություններ կլինեն»,-նշում է Գրիգորյանը:

Ճարտարապետ Խաչատուր Մուրադյանին չի գոհացնում առկա տեղեկատվության ծավալը: Ճարտարապետը մեկ շաբաթվա ընթացքում այդպես էլ չի կարողացել վերլուծել՝ ինչ է տեղի ունենում հանրապետությունում. «Առաջին հայացքից թվում է, որ ինֆորմացիան շատ է, բայց իրականում դա բավարար չէ, որպեսզի հասկանանք՝ ով ով է, ինչ է տեղի ունենում: Կարծիք կազմելու համար մաքուր եւ ամբողջական լրատվություն չկա»:

Երեւանի մեկ այլ բնակիչ, չցանկանալով հայտնել իր անունը, ասաց, որ զինված գործողությունները արդարացնել չի կարող: Մյուս կողմից, ըստ քաղաքացու, տեղի ունեցածը բխել է Հայաստանում տիրող իրավիճակից: «Ամեն ինչ վատ է: Էն, ինչ տեղի է ունենում, երկրի վիճակից է: Էդ տղաների գործողությունները իրավիճակից են բխում, բայց ես դա դատապարտում եմ: Դա ձեւ չի: Երկրում փոփոխությունների համար կարելի է բարձրացնել քաղաքացիական ակտիվությունը: Պետք չէ բռնություններ կիրառել: Պետք է փորձել ընտրությունների միջոցով քվե ստանալ, տեր լինել ձայներին, բայց ոչ՝ զինված գործողությունների դիմել»,-ասում է քաղաքացին:

Նա հույս հայտնեց, որ իրավիճակի կհանգուցալուծվի առանց արյունահեղության:

Մեր բոլոր զրուցակիցներից միայն մեկը համաձայնեց լուսանկարվել: Մյուսները կտրականապես հրաժարվում էին:

Լուսանկարում՝ Էդվին Գրիգորյանը


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ