HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Փաստերն ավելի խոսուն եմ, քան բառերը

Հարցազրույց ՀՀ ԱԺ ընտրություններում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բերրիի հետ

 - Պարոն Բերրի, նախ եկեք հասարակությանը տեղեկացնենք ձեր առաքելության մասին:

 - Մենք այստեղ ենք գտնվում Հայաստանի կառավարության հրավերով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին հետեւելու նպատակով: Դա ենթադրում է, որ մենք դիտորդական առաքելություն ենք իրականացնում ոչ միայն ընտրության օրը, այլեւ սկսած ընտրական պրոցեսի սկզբից, թեկնածուների գրանցումից, քվեարկությունից մինչեւ բողոքարկումները: Նման առաքելություն մենք իրականացրել ենք նախագահական վերջին ընտրություններին եւ ընդհանրապես 1996 թվականից սկսած՝ Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունների ընթացքում:

- Արեւմտյան կառույցները Հայաստանին հորդորում են ընտրություններն անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան. որո՞նք են այդ չափանիշների հիմքում ընկած սկզբունքները:

- Մենք ձեզ կտրամադրենք Հայաստանի ընդունած միջազգային չափանիշները ներկայացնող փաստաթղթերի պատճենը: Դրանք սկիզբ են առնում Կոպենհագենյան փաստաթղթից, որին հավատարիմ են ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունները: Այսպիսով, երբ Հայաստանը անդամագրվեց ԵԱՀԿ-ին, մեխանիկորեն ընդունեց այդ չափանիշները, եւ դիտորդական առաքելության կոդեքսի հիմքում ընկած են այդ չափանիշները: Սակայն, բացի միջազգային չափանիշներից, մենք հաշվի ենք առնում նաեւ Հայստանի Սահմանադրությունը եւ Ընտրական օրենսգիրքը:

- Մեր իշխանությունների տարբեր շերտեր, փաստորեն, ընդդիմացան, այսինքն՝ հայտարարեցին, որ չեն ընդունում այդ միջազգային չափանիշները: Ուրեմն, ո՞րն է առաքելության անելիքը:

 - Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել՝ մեր սեփական դիտարկումների արձանագրումն է, եւ դրանց հիման վրա ամեն մեկը թող իր եզրակացությունն անի: Ըստ էության, ես հանդիպումներ եմ ունեցել հայաստանյան շատ կուսակցությունների հետ, եւ ոչ ոք ինձ չի ասել, թե չի ընդունում այդ չափանիշները: Եւ, իհարկե, նրանք պարտավոր են ընդունել Հայաստանի ընտրական օրենսգիրքը, հակառակ դեպքում չեն կարող մասնակցել ընտրություններին:

- Թույ տվեք ավելի հստակ արտահայտվել. նրանք չեն ընդունում դիտորդական առաքելության կողմից նախագահական վերջին ընտրություններում արձանագրած խախտումները:

 - Բոլորը, ում ես հանդիպել եմ այստեղ՝ քաղաքական գործիչներ, կառավարության պաշտոնյաներ, ընդունում էին, որ նախագահական ընտրությունների ընթացքում իրականացվել են մեծ քանակությամբ խախտումներ: Հիմա, իհարկե, բոլորն ասում են՝ եղել են շատ խախտումներ, բայց իրենք անձամբ ոչ մի խախտում չեն արել: Սակայն մեր դիտորդները հստակ տեսել են այդպիսի շատ դեպքեր, եւ մենք դրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրել ենք վերջնական հաշվետվությունում ներառելուց առաջ: Եւ Սահմանադրական դատարանը, դիտորդների հաշվետվությունների վրա հիմնվելով, մեր վերջնական հաշվետվությունում արձանագրված խախտումների շարքը համարեց փաստացիորեն ճշգրիտ, թեեւ նրանք հնարավորություն չունեին ճշտելու, քանի որ լիազորված չեն փաստերն ու խնդիրներն անձամբ ուսումնասիրելու: Եւ իմ կարծիքով, ընդհանուր առմամբ, հասարակությունն ընդունում է այն փաստը, որ շատ մեծ քանակությամբ խախտումներ են իրականացվել:

- Ձեր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Դուք լավատեսություն ցուցաբերեցիք՝ ասելով, որ մենք կունենանք նորմալ խորհրդարանական ընտրություններ՝ առանց խախտումների: Սակայն մենք արդեն արձանագրել ենք տարբեր տեսակի խախտումներ. օրինակ՝ թեկնածուներին գրանցելու գործընթացում, կամ՝ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու ձեւով:

- Նախ, որոշ մարդիկ սխալ են մեկնաբանում մամուլի ասուլիսում ասված իմ մտքերը: Ես չեմ ասել, թե հավատում եմ, որ այս ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, ասել եմ, որ հույս ունեմ՝ կհամապատասխանեն: Այս երկու ձեւակերպումների միջեւ մեծ տարբերություն կա: Մենք միշտ հույս ենք ունենում, որ այն ընտրությունները, որոնց հետեւում ենք, կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, քանի որ հենց դա է դիտորդական առաքելության նպատակը: Այն ժամանակահատվածում, որ մենք այստեղ էինք, ակնհայտորեն եղան որոշ խախտումներ: ԿԸՀ նախագահը եւս դա ընդունեց: Սակայն ոչ բոլոր արձանագրված խախտումներն են, որ մենք կարող ենք ցանկացած ձեւով ստուգել: Օրինակ, ընտրակաշառքների մասին սովորաբար շատ ընդհանրացված է խոսվում: Որպեսզի տվյալ խախտումը ընդգրկենք հաշվետվության մեջ, մենք պետք է որոշակի մանրամասների տիրապետենք, եւ եթե դրանք իրավական խախտումներ են, ապա դրանց մասին պետք է տեղեկացվեն իրավապահ մարմինները: Իհարկե, ոչ կաշառք տվողը եւ ոչ էլ կաշառք վերցնողը չեն խոստովանի իրենց արարքը եւ չեն հայտնի իրավապահ մարմիններին: Դա ավելի շատ մամուլի գործն է եւ, որոշ չափով էլ, այնպիսի առաքելությունների, ինչպիսին մերն է:

- Ցավոք, Հայաստանում ոչ ոք ուշադրություն չի դարձնում մամուլում տպագրվածի վրա: Եթե նախագահական ընտրությունների ընթացքում խախտումներ իրականացնողներին կառավարությունը պատժեր, մենք կարող էինք համոզված լինել, որ խորհրդարանական ընտրություններում խախտումներ չեն լինի:

- Դա մեր նախորդ առաքելության ամենակարեւոր հորդորն էր ՀՀ իշխանություններին, եւ հենց դա ենք մենք կոչ անում այստեղ բոլորին, ներառյալ՝ նախագահին:

- Ես կկրկնեի Գյումրիի ընտրողներից մեկի բառերը. «Դիտորդական առաքելությունը եկավ եւ արձանագրեց խախտումները, մենք շարունակում ենք կասկածներ ունենալ ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ոչ մի բան չարվեց մարդկանց օգնելու համար»: Մարդիկ ավելին են սպասում առաքելությունից:

- Ես հասկանում են դա: Սակայն մենք մեր մանդատով ավելին անելու լիազորություններ չունենք եւ լիազորված չենք որեւէ կերպ միջամտել ընտրական գործընթացին: Մենք կարող ենք միայն հետեւել դրան:

- Հայաստանի համար ի՞նչ հետեւանքներ կունենա նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների կրկնությունը խորհրդարանականում:

- Առաջին հերթին, մարդիկ կկորցնեն իրենց վստահությունը իշխանության նկատմամբ: Դա նաեւ վատ կանդրադառնա երկրի տնտեսության, նաեւ քաղաքականության վրա: Ներդրողներն այլեւս ներդրումներ չեն անի: Դրա արդյունքում կընկնի կառավարության հեղինակությունը եւ կդանդաղի միջազգային ինտեգրացիայի գործընթացը, մասնավորապես՝ եվրոպական կառույցներին ինտեգրման:

- Ես տեղյակ եմ, որ նախագահական ընտրություններից հետո որոշ միջազգային կազմակերպություններ կրճատել են Հայաստանին տրվող օգնությունը: Մասնավորապես, USAID-ը, որը տեխնիկական աջակցություն էր տրամադրում ԿԸՀ-ին՝ դադարեցրել է այդ ծրագիրը: Հնարավոր է, որ այս կարգի երեւույթները շարունակվեն: Արդյոք, սա ճնշման մի ձեւ չէ՞:

 - Ես չեմ ներկայացնում ամերիկյան կառավարությունը, ներկայացնում եմ ԵԱՀԿ-ն, այդ պատճառով չեմ ուզում խոսել այն մասին, թե ԱՄՆ կառավարությունն ինչ կանի եւ ինչ չի անի: Սակայն, որքան հասկանում եմ USAID-ի դիրքորոշումից, կարծում եմ, չեք սխալվում ձեր ասածներում:

- Հավանակա՞ն է, արդյոք, որ խորհրդարանական ընտրություններից հետո այդ տենդենցը աճի: Այդ դեպքում մենք կհայտնվենք մի վիճակում, երբ մարդիկ կընկնեն կրկնակի հարվածի տակ: Դրանից նաեւ հասարակ մարդիկ են տուժում:

- Կարծում եմ, դա ճշմարիտ է ցանկացած երկրի համար, որտեղ տապալվում է ժողովրդավարության հաստատման գործընթացը:

- Ձեր դիտորդական առաքելությունների ժամանակ եղե՞լ եք, արդյոք, մի երկրում, որտեղ մեծ քանակությամբ ընտրախախտումների հետեւանքով ընտրությունների արդյունքները հայտարարվել են անվավեր:

- Մենք շատ հետեւողական ենք, որպեսզի տարբեր երկրներում անցկացված ընտրությունները չհամեմատենք: Մենք միայն համեմատում ենք ընտրությունը միջազգային չափանիշների եւ օրենքի հետ: Մենք չենք համեմատում, օրինակ, Վրաստանում, Ադրբեջանում կամ Ֆրանսիայում անցկացված ընտրությունները: Տվյալ երկրի սահմանադրական կառույցներին փոխարինելը ԵԱՀԿ-ի կամ որեւէ ուրիշ միջազգային կազմակերպության գործը չէ: Պատմության ընթացքում եղել են շատ ընտրություններ, որոնց ընթացքում շատ անհարթություններ են եղել, սակայն դրանք անվավեր չեն ճանաչվել: Ես կարող եմ բերել Բելոռուսի օրինակը: Մենք այդ ընտրություններին մեր առաքելությամբ չմասնակցեցինք, քանի որ ընտրական մեխանիզմներն ու օրենքն այնքան վատն էին, որ անիմաստ համարեցինք այնտեղ գտնվել: Սակայն ինքնիշխանության ասպեկտներից մեկն էլ հենց այն է, որ տվյալ երկիրն ինքն է որոշում՝ ճանաչե՞լ ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ: Հայաստանի դեպքում Սահմանադրական դատարանն իր որոշումը կայացրեց, եւ այդ որոշումը կասկածի տակ չի դնում նախագահական ընտրությունները, քանի որ հակասությունները բավարար չէին արդյունքը փոխելու համար: Եւ Սահմանադրական դատարանը մի մարմին է, որին իշխանություն էր տրված Սահմանադրությամբ:

- Դուք շատ պաշտոնյաների եք հանդիպել: Նրանք երաշխավորո՞ւմ են, որ խորհրդարանական ընտրությունները կընթանան առանց խախտումների:

- Երաշխիքներ չկան: Որեւէ մեկի կողմից անխելքություն կլինի փորձել բոլորի անունից երաշխավորել, որ խախտումներ չեն լինի: Խախտումների երկու հիմնական տիպ գոյություն ունի. խախտումներ, որոնք տեղի են ունենում ղեկավարության հրահանգով, եւ խախտումներ, որոնք իրականացվում են ենթակաների նախաձեռնությամբ, այսինքն՝ ներքեւից: Օրինակ, մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցողները կուսակցությունների հետ կապ չունեն: Այս առումով, քաղաքական գործիչները միայն ասել են, որ իրենք հնարավոր ամեն ինչ կանեն՝ ապահովելու համար այս ընտրությունների միջազգային չափանիշներով անցկացումը: Բայց երբ ԵԽ խորհրդարանական վեհաժողովը մի քանի շաբաթ առաջ գտնվում էր Հայաստանում, Վեհաժողովի նախագահը մի միտք արտահայտեց, որը չգիտեմ, թե հայերեն ինչպես կթարգմանվի. «Չես իմանա՝ ինչ համ ունի պուդինգը, քանի դեռ չես համտեսել այն», այլ խոսքերով՝ փաստերն ավելի խոսուն են, քան բառերը:

- Հուսանք, որ մենք առանց խախտումների ընտրություններ կանցկացնենք:

- Իմ կարծիքով, դուք չափազանց մեծ հույսեր ունեք: Այն, ինչ ես սպասում են այս ընտրություններից՝ միջազգային չափանիշներին համապատասխանելն է: Ես չգիտեմ մի պետություն, որտեղ ընտրություններն ընթանում են առանց որեւէ խախտումի: Եկեք հուսանք, որ դրանք մինիմալ կլինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter