HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրատվամիջոցների ազատությունը Հայաստանում 2016-ին. ֆիզիկական բռնություններ և սպառնալիքներ

Արա Ղազարյան 

սկիզբը

2015թ. դեկտեմբերի 6-ի բռնությունները լրագրողների նկատմամբ

2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը տեղի են ունեցել բռնություններ հանրաքվեն լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ։ Բռնության դեպքերն այն աստիճան ծավալուն են եղել, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և լրագրողական մի շարք կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հրապարակային հայտարարությամբ՝ պահանջելով իշխանություններից հարուցել քրեական գործ ու կատարել մանրամասն ու անաչառ քննություն։ Բռնությունների փաստի առթիվ հրապարակայնորեն իր մտահոգությունն է հայտնել նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը՝ հայարարելով, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների անպատժելիությունը չի կարելի հանդուրժել։

Բռնությունների փաստերը մանրամասնորեն հավաքագրվել ու վերլուծվել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից։ Դրանք հրապարակված են կոմիտեի կայքում, լուսաբանվել «Հետք» պարբերականի կողմից։ Ընդհանրացված կերպով նշենք, որ բռնությունները տեղի են ունեցել լրագրողներին քաշքշելու, հարվածելու, տեսախցիկները և տեխնիկական այլ միջոցնեը խլելու, առգրավելու, լրատվական նյութերը ոչնչացնելու, սպառնալիքների, լրագրողների մուտքը ընտրական տեղամաս արգելելու կամ խոչընդոտելու եղանակով։ Բոլոր նման դեպքերի մասին հաղորդումներ են ներկայացվել ոստիկանությանը։ Որոշ դեպքերով հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) կամ 149-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)։ Այդուհանդերձ, ինչպես նախկինում տեղի ունեցած նմանատիպ դեպքերում, այս խախտումների դեպքում ևս որևէ քրեական գործ չի հարուցվել 164-րդ հոդվածի հիմքով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը)։ Նշվածը բարձրացնում է համակարգային խնդրի առկայության մասին հարց, որի մասին մանրամասնորեն նշված է ստորև։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետազոտությունը Քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառության պրակտիկայի մասին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տարիներ շարունակ փաստագրել է լրագրողների նկատմամբ ճնշումների և բռնության դեպքերը։ 2015թ. դեկտեմբերին Կոմիտեն կատարեց մի հետազոտություն, որի նպատակն էր պարզել, թե որքան հաճախ են հարուցվել քրեական գործեր Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հիմքով, որը լրագրողների պաշտպանության հատուկ նորմ է Քրեական օրենսգրքում։ Հետազոտությունը վերաբերում էր 2008-2015թթ.։ ՀՀ Դատական դեպարտամենտի տարեկան հաշվետվությունների համադրության ու վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հիմքով 2008 թվականից ի վեր դատարան մուտք է եղել ընդամենը մեկ գործ 2013 թվականին։ Մինչդեռ, նույն ժամանակաշրջանում արձանագրվել են լրագրողների նկատմամբ բռնությունների ու սպառնալիքների հարյուրավոր դեպքեր, որոնք բավարար չափով ամրագրված են (այսինքն՝ առկա են տուժողների, վկաների, պաշտոնատար անձանց հայտարարություններ, տեսաձայնագրություններ, արձանագրություններ, փորձագիտական եզրակացություններ, իրավապաշտպան կառույցների (տեղական և միջազգային) զեկույցներ)։ Երբ մի կողմից առկա են բազմաթիվ փաստեր բռնությունների վերաբերյալ, իսկ մյուս կողմից բացակայում է դրանց իրավական հետևանքը՝ քրեական հետապնդում իրականացնելու, մեղավորներին հայտնաբերելու և պատժի ենթարկելու վերաբերյալ փաստերը, նման իրավիճակն առաջադրում է համակարգային խնդրի մասին հարց. բռնության փաստերը համարժեք արձագանք չեն ստանում իշխանությունների կողմից, որի պատճառով Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը նախաքննական մարմինների և/կամ դատարանների կողմից գրեթե չի կիրառվում։

Նշված պրակտիկան կարող է ունենալ մի քանի պատճառ. Առաջինը ստորադաս դատական ատյանների, այդ թվում` նախաքննական մարմինների կողմից 164-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայով տրված մեկնաբանությունն է, համաձայն որի՝ սույն հոդվածով սահմանված հանցագործության օբյեկտիվ հատկանիշ է արարքի դիտավորությամբ կատարած լինելու հատկանիշը, որը, ըստ նույն մեկնաբանության, արտահայտվում է նրանում, թե արդյոք մինչև միջամտող բնույթի գործողության կատարելը իրավախախտը տեղյակ եղել է  դիմացինի լրագրող լինելու մասին։

Նման մեկնաբանությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածին հաղորդել է այնպիսի բովանդակություն, որը չի համապատասխանում այդ հոդվածի առարկային ու նպատակին։ 164-րդ հոդվածը սահմանված է Քրեական օրենսգրքի՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների բաժնում, և այս համատեքստում պաշտպանված իրավունքը քաղաքացիների և հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքն է լրագրողական գործունեության միջոցով՝ հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ։ Տեղեկատվություն ստանալու իրավունքը ժողովրդավարության առանցքային պայմաններից է, հիմնաքարը, և դա է պատճառը, որ օրենսդիրը լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու իրավախախտումը սահմանել է հենց այդ բաժնում՝ նպատակ ունենալով այս հոդվածով իրավունքին տալ առավել մեծ պաշտպանություն։ Մինչդեռ, նշված մեկնաբանության ուժով ձևավորվում է իրավակիրառ պրակտիկա, որի արդյունքում հոդվածի դիսպոզիցիան, կիրառության շրջանակները նկատելիորեն նեղանում են. արդյունքում լրջորեն տուժում է լրագրողական ազատությունը, որն էլ բարձրացնում է հանրային իրավահարաբերությունների մասին հարց։ Փաստորեն, եթե յուրաքանչյուր դեպքում իրավակիրառողը նշված հոդվածի կիրառության համար նախապայման համարի, թե արդյոք ենթադրյալ իրավախախտը մինչև լրագրողի գործունեությանը միջամտելը տեղյակ է եղել, թե ոչ վերջինիս լրագրող լինելու մասին, իրավախախտումների մեծ մասը պետք է մնա առանց իրավական պաշտպանության միջոցի, որը բարձրացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի խնդիր։

Երկրորդ պատճառը կարելի է փնտրել խտրականության մեջ, ըստ որի՝ քրեական գործեր չեն հարուցվում միտումնավոր կերպով, որը խոսում է իշխանությունների կողմից լրագրողական ազատության նկատմամբ կանխակալ մոտեցման մասին։ Ընդ որում, փաստերն այնքան առատ են, որ խտրականության առկայությունը կարելի է հաստատված համարել՝ փաստերի առատությունից բխեցնելով փաստի կանխավարկած, որը խախտում արձանագրելու միանգամայն ընդունելի եղանակ է մարդու իրավունքների միջազգային իրավական համակարգում։ 

2015թ. հունիսի 23-ի բռնությունների քննությունը

2015թ. հունիսի 23-ի դեպքերի ժամանակ ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության էր ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր։ Բոլոր գործերը միավորվել են մեկ միասնական՝ թիվ 62217915 քրեական գործի շրջանակներում։ Քսան լրագրող ճանաչվել է տուժող և ներգրավվել որպես վարույթի մասնակից։

Հարուցված գործով նախաքննությունը շարունակվում է, սակայն էական քննչական և դատավարական գործողություններ չեն կատարվում։ Քննությունը աչքի է ընկնում էական ձգձգումներով։ Մեկ տարի անց դեռ ոչ մի անձի մեղադրանք չի առաջադրվել, ոչ էլ որևէ մեկը ներգրավվել է որպես կասկածյալ, թեև առկա են մեծ թվով տեսաձայնագրություններ առերևույթ խախտումների մասին, որի պայմաններում պետք է որ քննության համար խնդիրներ չառաջանային մեղավորներին հայտնաբերելու և քրեական հետապնդման ենթարկելու համար։

Մշտադիտարկում իրականացնող ԽԱՊԿ-ի եւ «Հետքի» հարցումներին վարույթն իրականացնող մարմինը տալիս է նույնանման պատասխաններ այն մասին, որ գործով քննությունն ընթացքի մեջ է և կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։

Նշված հանգամանքն առաջադրում է Սահմանադրության 42-րդ հոդվածով սահմանված իրավունքի խախտման մասին հարց՝ թե՛ այդ իրավունքի նյութաիրավական բաղադրիչի հիմքով (տեղեկություններ տարածելու լրագրողական ազատություն), թե՛ վարույթային հիմքով (արդյունավետ քննության բացակայություն), ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված իրավունքի խախտման մասին հարց (իրավական պաշտպանության միջոցի բացակայություն)։ Ինչպես վերևում նշված դեպքերում, այս միասնական գործով լրագրողների նկատմամբ բռնությունները քննվում են որպես ֆիզիկական բռնության սովորական քրեական գործեր՝ առանց հաշվի առնելու, որ տվյալ դեպքում միջամտությունը տեղի է ունեցել լրագրողի հանրային նշանակության գործունեության նկատմամբ, որի փաստը պետք է էապես փոխի վարույթի իրականացման եղանակը (օրինակ՝ արագությունը), այդ թվում նաև դրա շրջանակներում կատարված քրեաիրավական որակումները (օրինակ՝ բոլոր գործերով քրեական գործի հարուցման հիմք դրվի Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը)։

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter