HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մի հաճախորդին՝ մոտ 12 մլն դրամ, մյուսին՝ 1 դրամ. Հաշտարարն ամփոփել է 2015-ը

2015 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունների կողմից հաճախորդներին հատուցվել է մոտ 198,4 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք Հաշտարարի տարեկան հաշվետվությունից, որը հրապարակվել է այսօր։

Նշված գումարի մեջ ներառված չեն այն գործերը, որոնց լուծման արդյունքում հաճախորդներին փաստացի գումար չի հատուցվել, այլ բավարարվել է նրանց այլ պահանջ։ Օրինակ' հօգուտ հաճախորդի փոփոխություն է իրականացվել վարկային պայմանագրում, ժամկետանց վարկի վերադասակարգում է տեղի ունեցել և այլն:

Ամենախոշոր հատուցումը եղել է 11 մլն 862,5 հազ. դրամ, իսկ ամենափոքր հատուցումը՝ 1 դրամ: Հաշտարարի գրասենյակից «Հետք»-ի հետ զրույցում նշեցին, որ 1 դրամը հենց հաճախորդի պահանջն է եղել, որի համար սկզբունքային է եղել ոչ թե գումարի չափը, այլ՝ իրավունքի վերականգնումը։

Տվյալները՝ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի

Քննության է ընդունվել 1448 պահանջ-դիմում

2015-ին Գրասենյակ ներկայացված 3263 բողոքներից քննության է ընդունվել 1448 պահանջ-դիմում, որը 2014-ի նույն ցուցանիշը գերազանցում է 13,5%-ով։

2015-ին գրավոր պահանջների մեծ մասն ուղղվել է ապահովագրական ընկերությունների (75,35%-ը) և բանկերի դեմ (22,58%)։ Ապահովագրական ընկերությունների դեմ բողոքները հիմնականում վերաբերել են ԱՊՊԱ-ին։ Հաճախորդների գերակշիռ մասը համաձայն չի եղել գնահատված վնասի չափի հետ, ինչպես նաև շատ են եղել բողոքները՝ կապված վնասի չհատուցման կամ հատուցման տրամադրման ձգձգումների հետ: Իսկ բանկերի դեմ մեծ մասը բողոքել է վարկերի հետ կապված հարցերով։

Տվյալները՝ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի

2015-ին քննված գործերի 77,79%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների, որի մեծ մասը (56,32%) լուծվել է կողմերի հաշտությամբ:

Գլխավոր լուսանկարում՝ Հաշտարար Փիրուզ Սարգսյանը, Ֆոտոլուր 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter