HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի ընտանիքի անդամներին ահաբեկում են

Հուլիսի 26-ին՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, ոստիկանների եւ «Սասնա ծռեր»-ի միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել «Սասնա ծռեր» խմբի անդամ, նկարիչ Աշոտ Պետրոսյանը։ Նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետ՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

Դեռ երեկ, ընտանիքի անդամներին և Պետրոսյանի փաստաբանին արգելել են տեսակցել վիրավորին։ Այս պահին Տաթև Պետրոսյանը լուր չունի հոր առողջական վիճակի մասին։

Երեկվանից  անորոշություն կա հանրային պաշտպան Մերի Ալավերդյանի հետ կապված։ Ընտանիքը արդեն իսկ փաստաբան է ունեցել այն ժամանակ, երբ Պետրոսյանին հանրային պաշտպան են տրամադրել, արդյունքում՝ ընտանիքի ներկայացրած փաստաբան Արայիկ Պապիկյանին երեկ արգելել են մուտք գործել բժշկական կենտրոն։

Մինչ զինված փոխհրաձգությունը Տաթևը հոր հետ գրեթե ամեն օր զրուցել է և վերջին հեռախոսազրույցն էլ դեպքից երկու օր առաջ է եղել։ Հեռախոսազրույցների ժամանակ հայրը Տաթևին հայտնել է՝ այս ամենից միակ ելքը ժողովրդի՝ Խորենացի փողոց գնալն է, և որ կարևոր չէ՝ այնտեղ առաջնորդ կա, թե ոչ․ ինչ անում է, պետք է ժողովուրդն անի։ Ընտանիքը տեղյակ չի եղել «Սասնա ծռեր»-ի նախագծած գործողությաններից, անգամ տանն այդ մասին «շշուկներ էլ չեն պտտվել»։

Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձություններին Տաթևն ու ընտանիքի անդամները չեն կարողանում մասնակցել, քանի որ նկատել են՝ իրենց հետապնդում են։ Տաթևը որքան էլ մեծ ցանկություն ունի միանալ հավաքվածներին, բայց և խուսափում է, քանի որ համոզված է՝ ցանկացած գործողության կարող են դիմել՝ իրենց բերման ենթարկելու նպատակով։ Սակայն ընդգծում է՝ եթե նկատենք ժամանակն է, մենք առաջին շարքում ենք լինելու։

«Մեզ ահաբեկում էին, նկատում էինք, որ նույն մեքենաները, մարդիկ հետապնդում էին։ Եղբորս՝ քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանի որդուն օրեր առաջ տատիկի տնից բերման են ենթարկել ԱԱԾ՝ ասելով, որ իրենք ամեն ինչ գիտեն, «հեռու մնացեք էս ամեն ինչից», «մենք ձեր հեռախոսազանգերը լսում, հետևում ենք»։ Մոտ չորս օր առաջ էլ ոստիկաններն էին եկել մեր բնակարան, ցանկանում էին հանդիպել, ասում էին՝ խոսելու բան ու առաջարկ ունենք, բայց թույլ չտվեցի, որ մտնեն բնակարան, քանի որ ծանուցագիր չունեին: Ասացի՝  որևէ բանի հետ համաձայն չեմ և առաջարկներ էլ չեմ ընդունում։ Օրեր առաջ էլ փողոցում անծանոթ մարդիկ են մոտեցել հորեղբորս կնոջը՝ ասելով, թե մենք ձեր հեռախոսազանգերը լսում ենք, գիտենք՝ ձեր աղջիկները որտեղ են»,-նշում է Տաթևը։

Աշոտի դուստրը համոզված է՝ հայրը այս պահին խաղաղ է և սպասում է, որ այժմ ժողովուրդը ոտքի կկանգնի և փոփոխություններ կբերի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter