ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Երկու շիշ գինի, մեկ շիշ գարեջուր… 20 հազար դրամի ապրանք ունեցող խանութը 400 հազարանոց պարտքի ցուցակ ունի



Շիրակի մարզի Բերդաշեն գյուղում գործող միակ խանութում եղած ապրանքը 15-20 հազար դրամի դժվար թե ձգի:

Վրաստան մեկնող սեդան ավտոմեքենան արգելակեց, եւ վրացի վարորդը հարցրեց. «Здесь магазин»? Չիմացա ինչ պատասխանեմ: Չպատասխանեցի: Թող անձամբ տեսնի ու ինքն էլ որոշի՝ խանութ է, թե խանութ չէ: Խանութի սեփականատերը՝ Միշա Չափանյանը վրա բերեց. «Смотря вам что надо»:

Երկու շիշ գինի, մեկ շիշ գարեջուր, երկու կիլոգրամ թխվածքաբլիթ, երկու տուփ ծամոն, 1500 դրամ օրական եկամուտ…

Բերդաշենի միակ խանութը բացվել է 2008 թվականին: Միշա Չափանյանը Բերդաշեն է տեղափոխվել Ջավախքի Փոկա գյուղերից: «Հետք»-ի հետ զրույցում ասում է, որ եկել է՝ հայրենասիրությունից մղված: Նկատի ունենալով, որ Բերդաշենը ԽՍՀՄ տարիներին, մինչեւ 1991 թվականը մեծամասամբ բնակեցված է եղել ադրբեջանցիներով, ասում է. «Թուրքերը հեռացան, գյուղը դատարկվեց, ես հելա եկա էստեղ, որ դատարկ չլինի»:

«Օրվա եկամուտս միջինը գալիս ա 1500 դրամ: Էդ մի բան չի: Ուղղակի կնոջիցս վախենում եմ, փախնում-գալիս եմ խանութ»,-կատակում է Բերդաշենի միակ խանութպանը, պատասխանելով հարցիս, թե ինչ իմաստ ունի պահել չնչին շահույթ ապահովող խանութը:

Օրվա մեջ 3-4 հազար դրամի առեւտուր է անում: Օրինակ գինին սիմվոլիկ է պահում խանութում: Վաղուց գինի չի վաճառվել: Ապրանքը բերում են արտադրող ընկերությունների առաքիչները, բացառությամբ սիգարետի: Ու քանի որ սիգարետը անձամբ պիտի բերի Գյումրուց, ինչը ձեռնտու չէ, Միշան հրաժարվել է սիգարետի վաճառքից:

Մեր զրույցի պահին Չափանյանը սպասում էր պաղպաղակի առաքմանը: Որոշել էր 50 հազար դրամի պաղպաղակ վերցներ: Իմ զարմանքին պատասխանեց, որ էդպես է անում, որպեսզի սառնարանը իզուր չաշխատի: «Մեկ ա սա գիշեր-ցերեկ աշխատում ա, ամսվա մեջ մի քանի հազար դրամ լույսի փող եմ տալիս: Ավելի լավ ա դատարկ չաշխատի: Ամառն ա, մառոժնին չի մնա»,-ասում է:

Միշա Չափանյանի խանութի պարտքերի ցուցակում 300-400 հազար դրամի պարտք է գրանցած, որ կուտակվել է մի քանի տարիների ընթացքում: Մարդ կա, որ 6 տարի պարտքը չի վճարել: Գուրգեն Ավետիսյանը մեկնել է Ռուսաստան, անունը թողնելով «նիսյայի» ցուցակում: Միշա Չափանյանը Գուրգենի անունը նշեց, հույսով, որ համագյուղացին գոնե հոդվածի հրապարակումից հետո ամոթից 47 հազար 320 դրամ պարտքը Ռուսաստանից կուղարկի Բերդաշեն:

«Մեր գյուղացիք փող չունեն: Հիմա չգիտեմ, բայց էն ժամանակ Գուրգենենք էլ, բոլորի նման դժվարություններ ունեին: Ես բոլորի դրության մեջ էլ մտնում եմ»,-ասում է բերդաշենցի խանութպանը:

 

Սա ապրելու տեղ չի...

Բերդաշենցիներն իրենց գյուղի խանութից շատ քիչ են գնումներ կատարում: «Տեսականի չկա»,-ասում է Գայանե Արազյանը, որը չորս տարի առաջ ամուսնու հետ Բերդաշեն է տեղափոխվել, երբ որդին ամուսնացել եւ բնակություն է հաստատել Շիրակի այս հեռավոր գյուղում: Տիկինը պատմում է, որ շաբաթվա մեջ մի անգամ բեռնատար Գազել է գալիս գյուղ, ապրանք է բերում: Փողով են գնում, պանրով փոխանակում, անգամ պարտքով են ապրանք վերցնում:

Գայանե Արազյանը 4 տարվա ընթացքում Բերդաշենի բոլոր պայմաններից արդեն հիասթափվել է: «Էստեղ ոչ դպրոց կա, ոչ մանկապարտեզ կա, ոչ մսուր կա: Էստեղ ապրելու տեղ չի»,-ասում է տիկինը:

Մեր զրուցակիցը նաեւ դժգոհում է, որ միակ ապրուստի միջոցը՝ վաճառված կաթի դիմաց ստացվող գումարը, վերամշակողները վճարում են ոչ կայուն գրաֆիկով: «Մենք ունենք շատ կովեր, կաթ ենք վաճառում ընկերություններին ու դիմացը ստանում չնչին կոպեկներ՝ 1 լիտրի հաշվով 120 դրամով: Դա քիչ ա: Տնամերձ հողամասում կանաչի եմ ցանել, ուզում եմ շուկա տանել, բայց էս գյուղում տրանսպորտ չի աշխատում: Էստեղ ապրելը շատ դժվար է, մի խոսքով»,-նշում է Գայանե Արազյանը:

Բերդաշենի գյուղապետ Համբարձում Ախցխեցյաննն էլ հավելում է. «Մեզ ամենամոտ շուկան Գյումրիում է, բայց էնտեղ ո՞վ է մեզ տեղ տալիս: Բոլոր տեղերն իրենց տերերն ունեն»:

 

Բերդաշենի ֆիրմեննի

Գյուղապետն ակնկալում է, որ գոնե կաթի մթերման խնդիրը կարող է լուծում ստանալ, եթե իր հնարավորությունները զարգացնի գյուղում վերջերս հիմնված պանրի «Արեւաշող» արտադրամասը: Հիմնադիրը Բերդաշենի բնակիչ Սլավիկ Չապանյանն է: 

Ձեռներեցը պանրի արտադրության մեջ օգտագործվող կաթի 10 տոկոսը համագյուղացիներից է գնում, իսկ 90 տոկոսը սեփական կովերինն է: Նա ասում է, որ եթե արտադրությունը մեծանա, ֆինանսական միջոցները շատանան, ապա համագյուղացիներից էլ կաթ կմթերի, անգամ յուրաքանչյուր օր՝ 7-8 տոննայի չափով: Սա ավելին է, քան ամբողջ Բերդաշենում մեկ օրվա կտրվածքով արտադրվող կաթի ծավալը:

Կաթը մթերում է 130 դրամով, քանի որ մթերումն իրականացվում է հենց արտադրամասում:

Արտադրամասում ներդրումների մոտ 30 տոկոսը եղել է Գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի դրամաշնորհային ծրագրերից մեկի աջակցությամբ: Չապանյանը դրամաշնորհի մրցույթում շահել է, ստացել սարքավորումներ, իսկ իր միջոցներով կիսակառույց, հին շենքը վերանորոգել ու դարձրել պանրի արտադրամաս, գնել եւս մի քանի սարքավորումներ:

Ձեռներեցը պատմում է, որ հեռավոր գյուղում շինություն կառուցելը կամ վերանորոգելը թանկ է նստում, քան քաղաքում: «Եթե քաղաքում ապրողն է արտադրամաս հիմնում, ապա դա այլ ծախս է, իսկ եթե հեռավոր գյուղի բնակիչը՝ այլ: Եթե մենք մի 1000 դրամի դետալ կամ շինանյութ ենք ուզում գնել, պետք է 4000 դրամ ծախսենք, որ Գյումրիից հասցնենք էստեղ: Ցեմենտի յուրաքանչյուր պարկը ես 200 դրամ թանկ եմ գնում, քան Գյումրիում»,-ասում է Սլավիկ Չապանյանը:

Չապանյանը նախատեսել էր, որ շինարարությունն ավելի շուտ կավարտեր, ծավալն ավելի մեծ կլիներ, բայց ֆինանսական խնդիրները լուծել չի հաջողվում:

«Ես որպեսզի կարողանամ ծավալներըը մեծացնել, պետք է կարողանամ մի 10 միլիոն դրամի չափով վարկ վերցնել: Բայց 10 միլիոն դրամի վարկը դա Հայաստանի պայմաններում մեծ թիվ է: Ես էդ գումարը չունեմ եւ չեմ էլ կարող ինձ թույլ տալ վերցնել»,-ասում է բերդաշենցի ձեռներեցը:

Իսկ առայժմ մնում է արտադրված պանիրը արտահանել Երեւան եւ Գյումրի: Առայժմ վաճառքը քիչ է, բայց Չապանյանը հույս ունի, որ ձմռանն ավելի լավ կլինի: 

Լուսանկարները՝ հեղինակի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ