HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմ եւ բիզնես կարգի տոմսեր. ի՞նչ են նախընտրում պաշտոնյաները

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

«Հետք»-ը ուսումնասիրել է նախարարությունների արտասահմանյան գործուղումները: Պարզել ենք, որ հատկապես նախարարները հետաքրքիր ճամփորդություններ են ունեցել, որոնք թանկ են արժեցել պետական բյուջեի համար: Այսօր ներկայացնում ենք Կրթության եւ գիտության, Սփյուռքի, Ֆինանսների նախարարությունների գործուղումները: Մյուս նախարարությունների մասին՝ հաջորդիվ:

Աշոտյանը՝ միայն բիզնես կարգով

Կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցների արտասահամանյան գործուղումների համար 2015 թվականին պետբյուջեից հատկացվել է 12 միլիոն 631 հազար 724 դրամ:

Նախկին նախարար Արմեն Աշոտյանն իր պաշտոնավարման տարիներին, օգտվելով նախարարի իր կարգավիճակից, բիզնես կարգով երթեւեկելու հնարավորությունները բաց չի թողել: Նախարարության ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ Արմեն Աշոտյանը 2015թ. փետրվարի 20-ին Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի գործունեությանը եւ Հայաստանում Ռուս-հայկական գիմնազիայի բացման գործընթացին առնչվող հարցերը քննարկելու նպատակով Մոսկվա է գործուղվել բիզնես կարգի ավիատոմսով, որի գինը հետադարձով արժեցել է 925 հազար դրամ: Այնինչ, Աշոտյանի հետ Մոսկվա մեկնած ԿԳՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանի եւ նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի էկոնոմ կարգի ավիատոմսերն արժեցել են համապատասխանաբար 142 հազար եւ 130 հազար դրամ:

Ավիատոմսերը գնվել են «Իմպերիա Թրավել» եւ «Արմենիա Թրավել+Մ» ընկերություններից: Վերջին ընկերության համահիմնադիրներից է Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Մարինե Կպրյանը: Հանրապետության մի շարք գերատեսչություններ օգտվում են այս գործակալությունների ծառայություններից:

Արմեն Աշոտյանի մասնակցությամբ մեկ այլ գործուղում իրականացվել է դեպի Լոնդոն, որտեղ տեղի է ունեցել կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովը: Գործուղումը պետբյուջեի վրա արժեցել է 1 միլիոն 195 հազար 134 դրամ: Արմեն Աշոտյանի դեպի Փարիզ գործուղումն արժեցել է 1 միլիոն 189 հազար 600 դրամ: Համեմատության համար նշենք, որ 2015թ. դեպի Մադրիդ նախարարության շարքային աշխատակցի մեկ այլ գործուղում արժեցել է ընդամենը 251 հազար 319 դրամ:

Սփյուռքի նախարարությունը միշտ ներկա է

2014թ. արտասահման է գործուղվել Սփյուռքի նախարարության 15 աշխատակից, իսկ 2015-ին՝ 19: Այս մասին նշված է նախարարության տրամադրած տեղեկանքում:

2015թ. Սփյուռքի նախարարության աշխատակիցների գործուղումների համար ծախսվել է 15 միլիոն 984 հազար 260 դրամ: Մի փոքր ավելի, քան կրթության նախարարությունն էր ծախսել:

Ըստ Սփյուռքի նախարարության ներկայացրած տեղեկատվության՝ արտասահմանյան գործուղումների համար նախատեսված ծախսը 2015 թվականին կազմել է նույն տողով ամբողջ տարվա համար հատկացված գումարի 44.24 տոկոսը: Արդյունքում տնտեսվել է 20 միլիոն 142 հազար 540 դրամ, որն, ինչպես նախարարությունից են հավաստում, վերադարձվել է պետբյուջե:

Դատելով գործուղումների ուղղություններից եւ միջոցառումների բնույթից՝ թվում է, թե Սփյուռքի նախարարության աշխատակիցները առիթը բաց չեն թողել արտասահամանյան բոլոր հնարավոր միջոցառումներին մասնակցելու համար:

Այսպես, Վրաստանի ԿԳՆ-ի հետ տեղի հայկական դպրոցների համար նախատեսված դասագրքերի առաքման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով նախորդ տարվա մարտ ամսին հարեւան երկիր են գործուղվել սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը եւ Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը: Այս երկու պաշտոնյայի գործուղումները կազմել են 233 հազարական դրամ:

Տարոն Շագոյանը հունիս ամսին կրկին գործուղվել է Վրաստան՝ 2015թ. բնական աղետից տուժած հայ համայնքի խնդիրներին ծանոթանալու եւ զոհվածների հուղարկավորությանը մասնակցելու նպատակով:

Մեկ ամիս անց էլ՝ հուլիսին, նա գործուղվել է Վրաստանի Ախալքալաք եւ Նինոծմինդա քաղաքներ՝ Ախալքալաքի Կարզախ գյուղում Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրման արարողությանը, «Ջիվանիական օր» հանդիսությանը, Ախալքալաքում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչության հանդիսավոր բացմանը եւ Գանձա գյուղում «Տերյանական օր» հանդիսությանը մասնակցելու նպատակով:

Իրանի Իսլամական Հանրապետության Սուրբ Թադեի վանք ուխտագնացությանը մասնակցելու նպատակով նախարարության 9 հոգուց բաղկացած խմբում ներառվել են նաեւ համակարգչային ցանցերի ճարտարագետը, ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ-գլխավոր հաշվապահն ու հեռահաղորդակցության կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետը:

Գագիկ Խաչատրյանի 14 հազար դոլարանոց գործուղումը

2015 թվականին Ֆինանսների նախարարության աշխատակիցներին արտասահմանյան գործուղումների ուղարկելու համար պետբյուջեից ծախսվել է 195 միլիոն 823 հազար 600 դրամ:

Ֆինանսների նախարարությունը նախորդ տարի 15 անգամ ավելի շատ գումար է ծախսել արտասահմանյան գործուղումների վրա, քան կրթության նախարարությունը: Գործուղումները եղել են ավելի շատ եւ ավելի թանկարժեք:

Ֆինանսների նախարարությունը 2015-ին ունեցել է 72 արտասահմանյան գործուղում, որից 26-ը, այսինքն՝ մեկ երրորդը, միայն դեպի Մոսկվա գործուղումներն են, հիմնականում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ԵՄ նիստերին մասնակցելու նպատակով: Կոլեկտիվ գործողումներն էլ քիչ չեն:

«Նուքթեք» ընկերության կազմակերպած, սարքավորումների սպասարկմանը նվիրված դասընթացներին մասնակցելու նպատակով դեպի Պեկին 6 հոգուց բաղկացած խմբի գործուղման ընդհանուր ծախսը կազմել է 6 միլիոն 422 հազար 800 դրամ:

Նախարարությունը նախորդ տարի ութ հոգուց բաղկացած մի խումբ էլ գործուղել է Մոսկվա՝ «Էքսպոցենտր» ՓԲԸ-ի տարածքում կայանալիք «Մաքսային ծառայություն 2015» միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: Այս գործուղման ընդհանուր ծախսը կազմել է 7 միլիոն 878 հազար 600 դրամ:

Ըստ նախարարությունից մեզ փոխանցած տվյալների՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գործուղումներն ամենից թանկն են արժեցել: Նախարարի դեպի Լիմա մեկ գործուղումն արժեցել է 6 միլիոն 746 հազար դրամ: Իսկ դեպի Վաշինգտոն կատարված գործուղման համար ծախսվել է 2 միլիոն 511 հազար դրամ: Նախարարից ետ չի մնացել իր օգնականը՝ Էդվարդ Ստեփանյանը, որի Լիմա կատարած այցն արժեցել է 4 միլիոն 295 հազար դրամ: Նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանի եւ Միջազգային հարկային հարաբերությունների բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանի գործուղումները դեպի Բարբադոս արժեցել են 2 միլիոն 268 հազարական դրամ:

Նախարարության Ֆինանսաբյուջետային վերահսկողության 4-րդ բաժնի պետ Դավիթ Էլոյանի եւ Բյուջետային վարկերի, ենթավարկերի եւ երաշխիքների բաժնի պետ Արմեն Մանուկյանի գործուղումները Մոսկվա արժեցել են 2 միլիոն 500 հազարական դրամ:

Մեկ այլ գործուղում դեպի Մոսկվա, այս անգամ նախարարության գլխավոր մասնագետ Արիստակ Տոնոյանի մասնակցությամբ` արժեցել է 2 միլիոն 834 հազար 700 դրամ:

5,1 միլիոն դրամից ավելի գումար էլ ծախսվել է ՖՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ Արթուր Հովսեփյանին եւ բաժնի պետ Լիլիթ Մովսիսյանին Մոսկվա գործուղելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter