HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն 3 պահանջ է ներկայացրել «Սասնա Ծռեր» խմբին

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մեկ իրավապահ եւ «Սասնա Ծռեր» խմբի երկու անդամ: Ստորեւ՝ հաղորդագրությունն ամբողջությամբ: 

«Հուլիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը թե բանավոր, և թե գրավոր ձևով բազմիցս պաշտոնապես նախազգուշացրել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը բռնազավթած խմբին անհապաղ դադարեցնել շարունակվող հանցավոր գործողությունները, մասնավորապես՝ չկրակել, ինչպես նաև զինված դուրս չգալ ՊՊԾ գնդի տարածքից: Միաժամանակ խմբին նախազգուշացվել էր, որ այս պահանջները չկատարելու դեպքում նրանց նկատմամբ, որպես ծայրահեղ միջոց, կիրառվելու է հրազեն:

Այդուհանդերձ, խմբի որոշ անդամներ անտեսել են նշված պահանջը և, առանց հանձնվելու մտադրության կամ այլ հիմնավոր անհրաժեշտության, զինված դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից, ինչին ի պատասխան նրանց վնասազերծելու նպատակով ձեռնարկվել են իրավիճակից թելադրվող գործողություններ: Սկսված հատուկ միջոցառման ընթացքում խմբի որոշ անդամներ իրավապահների ուղղությամբ արձակել են ինտենսիվ և համատարած կրակահերթեր, ինչի հետևանքով վիրավորվել է իրավապահ մարմնի ծառայող: Ձեռնարկված համարաժեք գործողությունների արդյունքում վնասազերծվել է խմբի չորս անդամ, որոնցից երկուսը վիրավորվել են, իսկ մյուս երկուսը՝ ստիպված են եղել հանձնվել:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է նաև, որ ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դատավարական և օպերատիվ-հետախուզական եղանակով ձեռք են բերվել հավաստի տվյալներ /այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստացված ձայնագրություններ/, ըստ որոնց՝ հուլիսի 17-ից ի վեր խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ: Ընդ որում, այդ անձինք մտավախություն են հայտնել, որ հանձվելու փորձի դեպքում կարող են խմբի այլ անդամների կողմից ենթարկվել հաշվեհարդարի: Ավելին, հուլիսի 27-ի առավոտյան խմբի որոշ անդամներ, չարաշահելով վիրավորներին բժշկական օգնություն ցույց տալու պետության պատրաստակամությունը, պատանդ են վերցրել չորս բուժաշխատողի:

ԱԱԾ-ն փաստում է, որ խմբի առավել ակտիվ անդամների ընդգծված ահաբեկչական գործողությունները ներկա պահին սպառնում են ոչ միայն պատանդների, այլև խմբի մյուս անդամների, հատկապես, վիրավորների կյանքին: Ստեղծված նոր իրավիճակում առկա է նշված անձանց կյանքը պաշտպանելու բացարձակ անհրաժեշտություն, ինչը ստիպում է իրավապահ մարմիններին դիմել ահաբեկչական գործողությունները կանխող և խափանող անհրաժեշտ և համաչափ միջոցների:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զինված խմբի անդամներից վճռականորեն պահանջում է.

1/ անհապաղ վերացնել վիրավորներին որակյալ բուժօգնություն տրամադրելու բոլոր խոչընդոտները,
2/ անմիջապես ազատ արձակել բոլոր պատանդներին,
3/ վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին:
Հնարավորություն դեռ կա, բայց ժամանակը սպառվում է»:

Միաժամանակ, հրապարակվել է ԱԱԾ թռուցիկի օրինակ, որում նշված է, որ կեսգիշերից հետո ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռեր» խմբի կամ վերջինիս որեւէ անդամի դուրս գալը կանխվելու է հրազենի կիրառմամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ խմբի անդամը տարածքից դուրս է գալիս հուլիսի 24-ին զինված խմբին տրամադրված հրահանգներին համապատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter