HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնի. դրախտ դառնալու պոտենցիալ և քարուքանդ ճանապարհներ ունեցող գյուղը

Գառնի համայնքի զարգացման քառամյա ծրագրում նշված է համայնքի ուժեղ կողմը. «Համայնքը գտնվում է գեղատեսիլ մի վայրում, ուր կան պատմամշակութային շատ արժեքներ, որը հնարավորություն է տալիս ստեղծել տուրիստական մի շրջան, ուր կարելի է ստեղծել փոքր և միջին բիզնեսի կետեր, հանգստյան տներ»:

Երևանին ամենամոտ գտնվող զբոսաշրջային վայրերից մեկը Գառնու հեթանոսական տաճարն է: Մայրաքաղաքից ընդամենը 25 կմ է հեռու: Գառնի համայնքից ճանապարհը տանում է դեպի ձոր, որտեղ ևս երկու բնապատմական արժեք ներկայացնող հուշարձան կա՝ Քարերի սիմֆոնիան և Ջութակասարը:

Գառնու տաճար տանող ճանապարհը համեմատաբար բարվոք է՝ չհաշված Ողջաբերդի սողանքային հատվածը: Տաճար տանող Գառնի համայնքի կենտրոնական փողոցը քիչ թե շատ վերանորոգված է, կարկատված: Սակայն բավական է զբոսաշրջիկը շեղվի այդ ճանապարհից գոնե մեկ զուգահեռ փողոցով, կհայտնվի փոսաջրերով առատ ու քարուքանդ գրունտային փողոցներում: Անմխիթար են նաև Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհները:

Գառնիի քառամյա զարգացման ծրագրում համայնքի թույլ կողմերի ցանկը գլխավորում է հենց «ներքին ճանապարհների անմխիթար վիճակը»: Քառամյա ծրագրի հիմնական նպատակներից մեկն էլ ներհամայնքային ճանապարհների ու փողոցների բարեկարգումն է: Ըստ այդմ՝ համայնքը խնդիր է դրել մինչև 2016թ. համայնքի բյուջեի և դոնոր կազմակերպության համատեղ միջոցներով իրականացնել 10 000 քմ մակերեսով ներհամայնքային ճանապարհների վերանորոգում:

2016 թվականին մնացել են հաշված ամիսներ, քառամյա ծրագրում արձանագրված ներհամայնքային ճանապարհների վերանորոգումն այդպես էլ մնացել է թղթի վրա:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Գյուղի կենտրոնից սկսվում է Կամոյի փողոցը, որը ձգվում է մինչև Գառնու ձորը: Այդ ճանապարհով առաջանում ենք, և մեր առջև գրունտային ու որոշ տեղերում ջրափոսերով լի ճանապարհ է բացվում:

«Ես ինչ ծնվել եմ՝ էս ճանապարհն էս վիճակում է: Հարթվել է մի քանի անգամ, բայց անձրևները եկել են, նորից տարել են»,-ասում է Կամոյի փողոցում մեզ հանդիպած գառնեցի Գագիկ Գեղամյանը:

Գառնեցի Լևոն Ավետիսյանն էլ հիշում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի զոքանչի մահվան ժամանակ գերեզման տանող ճանապարհներից մեկը փոքր-ինչ վերանորոգվել է, ավազով հարթեցվել:

Գառնի համայնքի ավտոլվացման կետում զրուցում եմ նույն գյուղում տաքսի մեքենա վարող անձանց հետ: Խնդրեցին իրենց անունները չհրապարակել: «Օպել»-ի սեփականատերը ցույց է տալիս մեքենայի դիմացի վնասված հատվածը՝ «շիթը» ու պատմում, որ վերջերս է այն վնասվել ճանապարհի փոսերից մեկին խփելով: Սա սովորական երևույթ է Գառնիում ապրող և մեքենա վարող անձանց համար:

Վարորդները նշում են, որ եթե Երևանում մեքենայի տերը տարին մեկ անգամ է այն վերանորոգում, ապա գառնեցիները՝ երեք: «Շառավոն, ծյագան, պրուժինները փչանում են,-ասում է երիտասարդ վարորդներից մեկը,- 20 տարվա մեջ երևի էս տարի է, որ էս մի 400 մետրը ասֆալտ են արել: Էսքան տեղն էլ մեր համագյուղացի բարերար է արել, էս բիսեդկեն էլ ինքն է սարքել: Տարին որ մի փողոց էլ ասֆալտեն, բորդյուրները սարքեն, որպես տուրիստական գոտի ահագին կբարելավվի»:

Այս օրերին ոռոգման խողովակաշարի վթարի պատճառով Գեղարդ տանող ճանապարհին նման ծորակ է առաջացել: Դրա հետևանքով հարակից փողոցն ամբողջությամբ ջրածածկվել ու դժվարանցանելի է դարձել: Ճանապարհի այս հատվածը մարզպետարանի ենթակայության տակ է, սակայն ոչ մարզպետարանի, ոչ Գառնիի համայնքապետարանի ուշադրությանը չի արժանացել: Զուրը շարունակում է հոսել ու քայքայել ասֆալտը: Առհասարակ, այս ճանապարհով ողջ տարին ջրեր են հոսում` ասֆալտը քանդելով ու լցվում հարակից փողոցները։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Համաձայն քառամյա ծրագրի՝ 4 տարվա ընթացքում ներհամայնքային ճանապարհների համար պետք է հատկացվեր 80 մլն դրամ, որից 30 մլն դրամը՝ համայնքի բյուջեից, 50 մլն դրամը՝ դոնոր կազմակերպություններից: Պետք է վերանորոգվեր 10 հազար քմ ճանապարհ:

«Ես տարին 60 հազար դրամ երկու մեքենայի գույքահարկ եմ վճարում, գումարած կտրոնը՝ 20 հազար դրամ, այսինքն՝ 80 հազար դրամ: Էդ գումարով պիտի ճանապարհները սարքեն, ինչո՞ւ չեն անում» ,- հարցնում է երիտասարդ վարորդը:

Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ծավալների և այդ նպատակով հատկացված գումարների մասին «Հետքի» գրավոր հարցմանը չի պատասխանել: Չնայած՝ օրենքով նախատեսված հնգօրյա, ինչպես նաև լրացուցիչ աշխատանք պահանջող մեկամսյա ժամկետը վաղուց լրացել է:

Համայնքապետ Աշոտ Վարդանյանը
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Գառնիի համայնքապետարան մեր այցի ժամանակ Աշոտ Վարդանյանը նստած զրուցում էր համայնքապետարանի աշխատակիցների հետ: «Ինչո՞ւ չեք պատասխանել մեր գրությանը»,- հարցրի համայնքապետին: Ասաց՝ ծանրաբեռնված են եղել: Համայանքապետ Վարդանյանը կոնկրետ տվյալներ չհիշեց, բայց ասաց՝ կփորձի մեր հարցերին որոշակիորեն պատասխանել:

Գառնու համայնքապետի ասելով՝ 55 կմ ներհամայնքային ճանապարհ ունեն, որ ենթակա է ասֆալտապատման: Աշոտ Վարդանյանը հաշվարկը կատարում է՝ ըստ ունեցած խմելաջրի խողովակների, որոնք անցնում են ներհամայնքային ճանապարհների տակով: «Խողովակաշարը ես գիտեմ, դրանով ես ճանապարհ եմ հաշվում: Հիմա ես կադաստրով պիտի հաշվեմ, թե քանի կմ է մեր ճանապարհը, ինչքանն է ասֆալտապատ և մետրը դնեմ չափեմ»,- ասաց համայնքապետը և խոստացավ «մեծ սիրով» այդ ամենը գրավոր մեզ փոխանցել:

Համայնքապետի խոսքերով՝ անցյալ տարի ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացրել համայնքում գումարների սղության պատճառով: Այս տարի ասֆալտապատել են Ստեփան Շահումյանի փողոցը՝ մոտ 1կմ-ի չափով՝ մինչև կամուրջ: Իսկ ընդհանրապես, այդ նույն ճանապարհը՝ մինչև Քարերի սիմֆոնիա հասնող հատվածը, խոստացել են պետական ծրագրով անել: «Երևի տուրիզմի գծով ինչ-որ կազմակերպություն կա, պետական ծրագրով անում են»,- ասում է Աշոտ Վարդանյանը իր համայնքի ճանապարհների վերանորոգման մասին: 12 մլն դոլար ՀՀ կառավարությունն է տալիս, իսկ 68 մլն՝ հիմնադրամը: Թե ո՞ր հիմնադրամն է՝ չգիտի: Այդ ծրագրում ներառված է ևս 5 համայնք, վերանորոգվելու է նաև Ողջաբերդից մինչև Գեղարդ ընկած ճանապարհը: Ըստ գյուղապետի՝ 1,4 մլն դոլարի ներդրումը պետք է արվի իրենց համայնքի ճանապարհահատվածի համար:  

«Նախատեսված շատ-շատ ունենք, բայց գումար չունենք,- ասում է համայնքապետը,- տարեկան 20-25 մլն դրամի աշխատանքներ եմ կատարում համայնքային բյուջեից, եթե գումար ունենում ենք»:

Համայնքի սեփական եկամուտները շուրջ 15 մլն դրամ են կազմում: 150 մլն դրամ էլ Գառնին պետական սուբսիդիա է ստանում: Մեծ մասը՝ 110 մլն դրամ, ըստ գյուղապետի, ծախսվում է համայնքաապետարանի, մշակույթի տան, արվեստի դպրոցի, երկու գրադարանների և այլ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի, ինչպես նաև մանկապարտեզի ծախսերի վճարման համար:

«Այն հատվածներում, որտեղով տուրիստն անցնում է, որոշ տարածքներում բարվոք վիճակ է, բայց պետք է ուշադրություն դարձնել Ողջաբերդին: Ողջաբերդի սողանքը նաև խանգարում է, որ մարդիկ գան Գառնի մշտական բնակության: 10-12 տարի է՝ դրսից Գառնի բնակվելու մարդ չի գալիս»,- ասում է համայնքապետը:

Գյուղը մոտ 8000 բնակիչ ունի: Հայաստանի մեծ գյուղական համայնքներից մեկն է: Ամեն տարի Գառնիից արտագնա աշխատանքի է մեկնում 1500-1700 երիտասարդ:

Համայնքպետը նշում է, որ երբ զբոսաշրջիկները գալիս են, իրենք մեքենաներ են տրամադրում, որպեսզի նրանք հասնեն Քարերի սիմֆոնիայի տարածք: Եթե այդ հատվածը բարեկարգեն, զբոսաշրջիկ-հաճախորդների թիվը կավելանա: Համայնքաապետը գիտակցում է, որ պետք է նորոգել ճանապարհները, բայց դրա համար քայլեր չի ձեռնարկում:

Մեր հարցին, թե փորձե՞լ են այլ միջոցներ ներգրավել ներհամայնքային ճանապարհների վերանորոգման համար, համայնքապետը պատասխանում է, որ փորձել է ծրագրեր գտնել խմելաջրի խողովակաշարերի համար, որպեսզի նախ խողովակաշարը փոխեն, ապա ճանապարհներն ասֆալտապատեն: «Ես փոխում եմ ճանապարհների տակի խողովակաշարը: Որ տարածքի տակը խողովակաշարը փոխում եմ, այդ տարածքը նախատեսում եմ գալիք տարվա ասֆալտապատման համար»,- հավաստիացնում է գյուղապետ Վարդանյանը: Խմելաջրի խողովակներն անցկացվել են մասամբ, բայց այդ փողոցներն այդպես էլ չեն ասֆալտապատվել:

Մեր դիտարկմանը, թե 20 տարի համայնքաղապետ եք, ինչո՞ւ կարգի չեն բերվել ներհամայնքային ճանապարհները, Աշոտ Վարդանյանը պատասխանում է. «Ո՞նց կարգի չենք բերել, ինչքա՜ն ասֆալտապատման գործ ենք արել, գիտե՞ք: Գերեզմանոց գնացող ճանապարհն արել եմ, փոսալցումն արել եմ (նկատում ենք, որ դա ինքը չի արել, այլ մահացողների հարազատները, հավելում է-հեղ),-իրենք արել են գերեզմանների տարածքում՝ ավազ է լցվել: Ներքևի գերեզմանների ասֆալտապատումն արել եմ համայնքի բյուջեից, վերևի գերեզմանների տերիտորիայում և մինչև գերեզմանոց հասնելն ասֆալտապատում արել ենք, դպրոց որ գնաք, մինչև ծնկները երեխաները ցեխի մեջ էին, ասֆալտապատման հարցը լուծել ենք, գնացել ենք մինչև Ստեփան Շահումյանի փողոցի ավարտը»:

«Քանի՞ կմ ներհամայնքային ճանապարհ է ասֆալտապատվել, և դեռ որքա՞նն է չասֆալտապատված մնացել» հարցին, այդուհանդերձ, համայանքաապետը չի կարողանում պատասխանել: «Ես չեմ կարող ասել թվերը, մինչև չչափեմ հանեմ: Նույնիսկ ես կարող եմ հաշվապահությունից հանել, թե որ տարում ինչքան ասֆալտ ենք արել, դա կարող եմ անել»,- նշում է համայնքապետը: Նա միայն մոտավոր թվեր գիտի՝ 55 կմ ջրագծի խողովակաշարով հաշվարկած փողոցներ, որից մոտավորապես 14-15 կմ-ը ասֆալտապատված է: Այն ներառում է նաև վերևում նշված՝ տաճար տանող կենտրոնական փողոցը:

Գառնին զբոսաշրջության համար նպաստավոր պայմաններ ունեցող համայնք է, սակայն գյուղի ներուժը, գյուղացիների կարծիքով, չի օգտագործվում:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մյասնիկ Աբելյանը  չորս տարի առաջ Գառնու համայնքի ավագանու անդամ էր: Կարծում է, որ իրենց գյուղի բյուջեի գոյացման հսկայական հնարավորություններ կան: «Ես համեմատում էի, ասում էի՝ մենք հիմա ավելի մեծ հնարավորություն ունենք բյուջե ստեղծելու, քան Աբովյան քաղաքը: Չորս տարի առաջ 110 մլն էլ դոտացիա էր գումարվում, պետական տուրք, խանութներ և այլն կա, բյուջեի կայացման համար բոլոր հնարավոր միջոցները կան»,- ասում է Աբելյանը: Նա ավագանու անդամ լինելով տեսել է, որ ամեն ինչ ճիշտ չի կազմակերպվում, սակայն միայնակ ոչինչ անել չի կարողացել և հրաժարվել է ավագանու անդամ լինել:

Ասում է՝ հավաքված հարկը նպատակային չի ծախսվում: Մինչդեռ գյուղը կարելի էր դրախտի վերածել՝ օգտագործելով նաև զբոսաշրջիկների ներուժը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter