HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը պատմում է իրեն բերման ենթարկելու մասին

Երեկ՝ 18։30-ի սահամաններում, Խորենացի փողոցից բերման են ենթարկել «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանին։ Մկրտչյանը Խորենացի փողոցում էր գտնվում Դավիթ Սանասարյանի, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի, երգիչ Եղիշե Պետրոսյանի և Անդրիաս Ղուկասյանի հետ, որոնց ևս այդ պահին բերման են ենթարկել։ Մկրտչյանին բերման ենթարկելիս որևէ օրինական պահանջ չի ներկայացվել, խնդրել է պարզաբանել՝ ինչու են ոստիկանական բաժանմունք տանում, սակայն ոստիկանների կողմից որևէ բացատրություն չի տրվել։

Մկրտչյանի փոխանցմամբ՝ սկզբում իրենց տարել են Երևանյան լճին հարակից զորամաս, որտեղ, իր մոտավոր հաշվարկներով, հարյուրից ավել քաղաքացիներ են գտնվել։ Այդ զորամասում ոստիկանները, սպայական բարձր անձնակազմը դիմակներով և ավտոմատներով են շրջել և զրուցել քաղաքացիների հետ՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել։

Ժամեր շարունակ Մկրտչյանին պահել են այդ զորամասում՝ նրա մոտ զենք հայտնաբերելու կասկածանքով, այնինչ որևէ զինատեսակ չեն հայտնաբարել և նրան ընկերների հետ տեղափոխել են քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեում Մկրտչյանին քննել են՝ որպես հուլիսի 20-ին տեղի ունեցած բախումների կամազակերպիչ՝ վերցնելով վկայի ցուցմունք:

«Հատուկ քննչական կոմիտեում ղեկավարները անընդհատ մտնում էին քննիչի մոտ, ժպիտով ասում՝ հլը ժամանակը չի, որ թողենք։ Ակնհայտ էր՝ սպասում էին ցույցն ավարտվեր կամ գոնե իրենց սրտով ընթացք ստանար, մեզ նոր ազատ թողնեին։ Իրականում հենց ցույցն ավարտվեց, մարդիկ ցրվեցին, մեզ նոր ազատ արձակեցին՝ մոտ 8 ժամ պահելով (ազատ են արձակել 02։30-հեղ․)։ Մեզ մեկուսացրել էին ու հարցաքննությունը անիմաստ ձգձգում էին»,- նշում է Մկրտչյանը։

Երկու օր առաջ էլ Մկրտչյանը հրավիրվել է ԱԱԾ, որտեղ «մեղմորեն» ակնարկել են՝ բախումներ պետք չեն, որին ի պատասխան Մկրտչյանը պարզաբանել է՝ Խորենացի  փողոցում գտնվելու իրենց նպատական էլ հենց արյունահեղությունն ու բախումները կանխարգելելն է։

ԱԱԾ-ում, Արմենի խոսքով, հետաքրքրվել են՝ հնարավո՞ր է Պավլիկ Մանուկյանը, գործողությունները սկսելուց հետո իրեն զանգահարել է։  Մկրտչյանը այս հանգամանքը ծիծաղելի է համարում, քանի որ նման հարց ճշտելը ոստիկանության համար որևէ դժվարություն չէ, այդ իսկ պատճառով կարծում է՝ բերման ենթարկելը վախ սերմանելու նպատակ ունի: 

Լուսանկարը` Արմեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter